HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի առանցքային մտքերը արտերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպմանը

«Մենք ստիպեցինք Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և ստիպելու ենք Հանրապետական մեծամասնությանը հրաժարական տալ ու իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել»,- այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա պնդել է, որ վարչապետի թեկնածուն չի կարող լինել ՀՀԿ-ից: Քննարկումներին ու բանակցություններին, ըստ Փաշինյանի, պիտի մասնակցեն վարչապետի պաշտոնակատարը, ԱԺ նախագահն ու խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, իսկ առանձին անհատների հետ բանակցություններն անիմաստ կլինեն: Ընդդիմադիր գործիչը շեշտել է, որ բանակցությունների միակ թեման լինելու է իշխանության խաղաղ և ամբողջական փոխանցումը:

Հարցին, թե հնարավոր է, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրվի վարչապետի պաշտոնում, Փաշինյանը հերքեց՝ նշելով, որ բազմիցս ասել է, որ թեկնածուն պետք է լինի ժողովրդի կողմից ընտրված: Իսկ դիտարկմանը, թե հնարավոր է, որ  Ռուսաստանը պաշտպանի Կարապետյանի թեկնածությունը, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանում կառավարության ձևավորումը Հայաստանի ներքին քաղաքական խնդիրն է, և հայ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի կառավարությունում: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի որոշումը:

Ընտրություններն, ըստ Ն. Փաշինյանի, անցկացվելու են ամենակարճ ժամկետներում, սակայն մինչ այդ պետք է բարեփոխվեն Ընտրական օրենսգիրքը, ընտրական համակարգը, որպեսզի երաշխիք լինի ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: 

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի արտահայտած առանցքային մտքերը:

Քաղաքական իրավիճակի մասին

Մենք պետք է հասկանանք, որ մեր շարժումն այսօր վայելում է բնակչության 90 տոկոսի աջակցությունը և սփյուռքի աջակցությունը, ու այսօր ոչ ոք չի կարող պահանջել կամ խլել ժողովրդից այդպիսի հաղթանակը: Որևէ հանրապետական, որևէ թեկնածու Հանրապետական կուսակցությունից չի լինելու վարչապետ: Հայաստանում Հանրապետական կուսակցության կառավարման ժամկետը վերջացել է, ցանկացած փորձ վերակենդանացնել, վերստեղծել, վերածնել այդ կուսակցությունը, ոչ մի բանի չի բերի:

Վարչապետ դառնալու մասին

Բազմիցս ասել եմ, որ եթե ժողովուրդը դնի այդ պարտականությունն ինձ վրա, իհարկե, կստանձնեմ, և ես հասկանում եմ, որ կա մեծ հավանականություն, որ այդպես էլ կլինի: Մենք պետք է երաշխավորենք բացարձակապես ազատ և օրինական, արդար ընտրություններ Հայաստանում, որովհետև բոլորս համոզված ենք, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին տոտալ կերպով չվստահել ընտրությունների արդյունքներին:

Իշխանություններից հեռանալու երաշխիք ունենալու մասին

Արդեն հայտարարել ենք, որ այսօր հանրապետական իշխանություն գոյություն չունի, այսօր ընդամենը մնացել է Հանրապետականի ուրվականը: Հենց այս պատճառով է, որ Հանրապետական կուսակցությունից  որևէ երաշխավորության կարիք չունեմ, որովհետև մենք ունենք շատ ավելի հզոր երաշխավորություն, դա Հայաստանի և սփյուռքի հայության, ժողովրդի տված երաշխավորությունն է: Ես այսօր Հայաստանում չեմ տեսնում որևէ ուժ, որը կարող է դիմադրել մարդկանց ցանկությունը, և մենք բոլորս պետք է հասկանանք սա:

Մարդիկ, ովքեր հավաքվում են Հանրապետության հրապարակում, այն իրական ուժն ու իշխանությունն են Հայաստանում, որ ոչ ոք չի կարող հերքել, և եթե որևէ մեկը ցանկանա կամ փորձի հերքել, խելացի չի լինի:

Կառավարությունն առաջնորդելու և իշխանության փոխանցման ընթացքի մասին

Այո, մենք պատրաստ ենք մեր երկիրն առաջնորդել դեպի ապագա և վստահ ենք դրանում: Այսօր մենք խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին, և կարծում եմ՝ ամենակարևոր և միակ պատասխանատվությունը, որ կառավարությունը պետք է ունենա, արդար և ազատ, ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: Մենք վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ և թիմ ունի այդ ամենին հասնելու համար, բայց մենք գուցե կներառենք նաև մի քանի գործիչների այլ ուժերից, օրինակ, քաղաքացիական հասարակությունից:

Ոչ մի ընդմիջում չի լինելու, մինչև մեր հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին չհասնի: Վաղը մենք հանրահավաք ենք անցկացնելու Հանրապետության հրապարակում, և այսօր մենք հնարավորություն ունենք մեկ ժամվա կամ նույնիսկ կես ժամվա ընթացքում կազմակերպել ցանկացած միջոցառում:

Առանց աշխարհաքաղաքական ենթատեքստի

Փաշինյանը նշել է, որ իրենք որևէ խոսակցություն կամ բանակցություն չեն ունեցել օտարերկրյա ուժերի հետ՝ ոչ ռուսական, ոչ եվրոպական, ոչ ամերիկյան, սակայն դա չի նշանակում, որ իրենք փակ են որևէ բանակցության համար: Նա նաև ընդգծեց, որ շարժման, հեղափոխության մեջ որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է:

«Հույս ունեմ, որ բոլոր աշխարհաքաղաքական ուժերը հասկանում են դա: Այնպես որ մենք պատրաստ ենք խոսել Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան- Վրաստան հարաբերությունների ապագայի մասին: Այս գործընթացում մեզ համար ամենակարևոր բանը Հայաստանի ազգային շահն է, դա միակ նպատակն է: Ուզում եմ ավելացնել նաև Արցախի Հանրապետության շահը. մենք պաշտպանելու ենք, պաշտպանում ենք և պաշտպանելու ենք Արցախի ազգային շահը և Հայաստանի ազգային շահը»,- ասել է Փաշինյանը:

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

Ըստ Փաշինյանի՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շատ-շատ կարևոր են, և այդ հարցում Հայաստանի իշխանությունները միշտ միանման մոտեցում են ունեցել: Հայաստանն ու Ռուսաստանը բարեկամ երկրներ են, սակայն, Փաշինյանի կարծիքով, դա չի նշանակում, որ խնդիրներ չկան հարաբերություններում: Դրանցից են, օրինակ, Ռուսաստանում հայ վարորդների իրավունքի հարցը, Ադրբեջանին զենք մատակարարելը, ինչով Հայաստանի և Ադրբեջանի ուժերի անհավասարակշռություն է ստեղծվում:

Փաշինյանը նշել է, որ իրենք մտադիր չեն քննադատել, նպատակը բանակցությունների, քննարկումների միջոցով խնդիրները լուծելն է, գործիչը վստահ է, որ երկխոսությունը կայանալու է Ռուսաստանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter