HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գառնառիճի դպրոցի մասին պետությունը վերջին անգամ «հիշել» է 16 տարի առաջ

Ավերակված 167 քմ տարածքը Գառնառիճի միջնակարգ դպրոցի սպորտային դահլիճն է, որ տարիներ շարունակ այս վիճակում է: Հատակը, պատերը, խորհրդային տարիներից ժառանգություն մնացած 15 պատուհանները պետք է ամբողջությամբ նորացվեն: Ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով՝ դպրոցի տնօրեն Նաիրա Աբրահամյանն առայժմ չգիտի: Անգամ դժվարանում է ասել, թե որքան գումար հարկավոր կլինի նոր մարզադահլիճ ունենալու համար: Ասում է՝ մշտապես բարձրաձայնել են, սակայն՝ անարդյունք:

Շիրակի մարզի Արփի խոշորացված համայնքի Գառնառիճ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1976թ-ին՝ նախատեսված 600 աշակերտի համար: Ներկայում դպրոցում սովորում է 40 աշակերտ: Աշակերտների ամենամեծ թիվը գրանցվել է 1989-90թթ-ին՝ 70 աշակերտ: Գյուղը խորհրդային տարիներին եղել է ադրբեջանաբնակ: Հայերով վերաբնակեցվել է 1989թ-ից: Դպրոցում աշակերտների թիվը տատանվել է՝ պայմանավորված ընտանիքների տեղափոխությամբ (ներգաղթ կամ արտագաղթ):

Դպրոց հաճախում են երեխաներ հարեւան Եղնաջուր փոքրիկ բնակավայրից: Նախկին տարիներին այստեղ ուսում են ստացել նաեւ ազգությամբ եզդի երեխաները, որոնց ընտանիքները ժամանակավոր, տարվա ընթացքում մի քանի ամսով եկել են ապրելու Արփի լճի մերձակա համայնքներում: Տնօրենի փոխանցմամբ, համայնքների խոշորացումից հետո Գառնառիճից արտագաղթ է եղել, որն ազդել է նաեւ աշակերտների քանակի վրա: Դպրոցում գրեթե բոլոր դասարանները կոմպլեկտավորված են, բացի 9 եւ 10-րդ դասարաններից, որտեղ սովորում են 6-ական աշակերտ: Երրորդ դասարանում ունեն մեկ աշակերտ, 6-րդ դասարանում մեկ աշակերտ, 12-րդ դասարանում՝ երկու աշակերտ: Անցած սեպտեմբերին առաջին դասարան ընդունվել էր 4 աշակերտ:

«Ընտանիքներ հեռացան, որ դպրոցահասակ երեխաներ ունեին: Համայնքների խոշորացումից էլ գառնառիճցիները հիմնականում գոհ չեն, որովհետեւ որոշակի տարբերակում են զգում, նաեւ անտեսվածություն: էս վերջին մեկ տարվա ընթացքում կոնկրետ դա պատճառ եղավ, որ մարդիկ գնան:

Պայմանավորված աշակերտի թվով՝ պակասել է նաեւ պետբյուջեից հատկացվող ֆինանսավորումը: Եթե նախկինում 36 մլն դրամ էր՝ հիմա 5 մլն-ով պակասել է, բայց դպրոցը հո չի՞ փոքրացել, պահպանման ծախսը մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելացել է»,- ասում է Նաիրա Աբրահամյանը:

Նաիրա Աբրահամյանը

Դպրոցում որոշակի վերանորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2002թ-ին: Մարզպետարանի տրամադրած գումարով պատերի ներկն են թարմացրել: Նույն թվականին «Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն վերանորոգել է դպրոցի ճաշարանը: Մոտ երկու տարի առաջ սկսել են սեփական խնայողությունների հաշվին փոխել դպրոցի պատուհաններն ու դասասենյակների դռները:

Գառնառիճը տեղակայված է Արփի լճի մերձակա հատվածում, ծովի մակերեւույթից 2040 մ բարձրության վրա: Ցուրտ կլիմայով այս բնակավայրում ձմեռը սկսվում է շատ հաճախ հոկտեմբեր ամսին ու ավարտվում մայիսին: Ջեռուցման սեզոնն այստեղ ամենաերկարն է: Գյուղի դպրոցը ջեռուցվում է սոլյարայուղի եւ էլեկտրական վառարաններով: Չունեն կենտրոնացված, լոկալ ջեռուցում:

«Ինչը որ կարողանում ենք մեր միջոցներով անել՝ անում ենք,- նկատում է տնօրենը,- օրինակ սպորտդահլիճի նորոգումը վեր է մեր ուժերից: Դպրոցի տանիքի նորոգումը վեր է մեր ուժերից՝ պիտի էդ ասբոշիֆերն ամբողջությամբ փոխարինվի թիթեղով, մենք դա չենք կարող անել: Հենց հիմա տանիքի վրա պակասող շիֆերներ կան, բայց ասենք կարկատան անելով մինչեւ ե՞րբ»:

ՄԱԿ-ի «Սնունդ դպրոցին» ծրագրի շրջանակում վերազինվելու է դպրոցի խոհանոցը: «Մինչեւ 4-րդ դասարանցիները սնվում են դպրոցում: Անցած սեպտեմբերից մենք սնունդ ենք պատրաստում նաեւ Արդենիսի եւ Բերդաշենի դպրոցականների համար ու առաքում: Եվ որոշվեց հզորացնել մեր խոհանոցի հնարավորությունները, նոր գույք են տալու, որ կարողանանք երեք դպրոցի համար նախատեսված սնունդը հասցնել»,- ասում է Նաիրա Աբրահամյանը:

Գյուղում մանկապարտեզի բացակայությունն ինչ-որ կերպ լրացնելու նպատակով 2013թ-ից, նախկին համայնքապետարանի ջանքերով ու աջակցությամբ, դպրոցում բացվել է նախակրթարան: Մեկ տարի անց ֆինանսավորումն իր վրա է վերցրել պետությունը: Անցած սեպտեմբերին նախակրթարան էր ընդունվել 6 երեխա, սակայն տարվա ընթացքում մեկ ընտանիքի հեռանալու պատճառով այստեղ էլ երեխաների թիվը պակասել է: Այս տարվա սեպտեմբերին առաջին դասարան կգնա 5 երեխա: «Դա էլ է հարաբերական, որովհետեւ չես իմանա՝ մինչեւ սեպտեմբեր էլի ընտանիք կլքի գյուղը, թե՞ ոչ»,-մտահոգվում է տնօրենը:

Թեպետ հիմնական զրույցը ծավալվում է դպրոցի դժվարությունների շուրջ, սակայն գյուղի կյանքով մտահոգ տնօրենը չի շրջանցում նաեւ Գառնառիճի խնդիրները: «Բարձր լեռնային, ցուրտ կլիմայով գյուղ է: Տարվա մեջ ընդամենը երկու-երեք ամիս է մեր մոտ տաք լինում, էն էլ երեկոներն էլի սառը քամին կա: Բոլորը չէ, որ կարողանում են հարմարվել, մնալ գյուղում: Էս մեր տարածաշրջանի գյուղերին առավել հոգատարություն է պետք. մի կողմից հայ-վրացական սահմանն է, մյուս կողմից՝ հայ-թուրքական: Եթե մարդիկ գնացին, տարածքն ամայացավ, հետո ի՞նչ են անելու: Առանց այդ էլ էս վերջերս ով մի քիչ պրոբլեմ է ունենում, իրերն հավաքում, տեղափոխվում է: Գյուղում մշակույթի տուն չկա, մանկապարտեզ չկա, միակ մշակութային, կրթական օջախը դպրոցն է, որ փորձում ենք ամեն գնով պահել»:

Դպրոցում դասավանդում է 13 մանկավարժ: Ունեն անգլերենի մասնագետի կարիք: Թափուր տեղի համար արդեն իսկ մրցույթ է հայտարարված, որը տեղի կունենա մայիսի 10-ին: Մանկավարժներից միայն մեկն է գառնառիճցի, մնացածը Գյումրիից եւ Ամասիայից գործուղված են: Նրանց մի մասը շաբաթվա 5 օրը բնակվում է Գառնառիճում, քանի որ նշված բնակավայրերի հետ չկա տրանսպորտային կապ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter