HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարեփոխված» անտառահատումները

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում անտառների պահպանության բարեփոխումների ծրագրով նախորդ տարվա 5 հատատեղի փոխարեն այս տարի «Լալվարի» անտառտնտեսությունում շահագործվելու է 25 հատատեղ:

Հիշեցնենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր մասնաճյուղերում բարեփոխումներ է սկսել անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության և ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության համար:

«Հայանտառի» անտառների շահագործման բաժնի պետ Արայիկ Մեջլումյանի խոսքով`  բարեփոխմամբ մինչև օրս բնակչության կողմից ապօրինի օգտագործած փայտանյութը պետք է տեղափոխվի օրինական դաշտ: Այդ նպատակով «Լալվարի» անտառտնտեսությունում անտառահատումների ծավալը նախորդ տարվա 2,5 հազար խմ-ի փոխարեն սահմանվել է 9 հազար խմ: Հատատեղերը մրցութային կարգով տրվում է անհատ ձեռներեցներին:

«Լալվարի» անտառտնտեսության 25 հատատեղերում հատումների մրցույթին առ այսօր մասնակցելու հայտ է ներկայացրել Տավուշի մարզի 6 անհատ ձեռներեց: Տնօրեն Արամ Բարոյանի ասելով`  Ջիլիզայի անտառտնտեսությանը հատկացվել է 11 հատատեղ, որտեղ նախորդ տարվա 1800 խմ փայտանյութի փոխարեն, այս տարի պլանավորվել է հատել երեք անգամ ավելի՝ 6900 խմ փայտանյութ: Հատատեղ շահագործող անհատ ձեռներեցը վերավաճառող է և ինքն է որոշելու բնակչությանը վաճառվող փայտի գինը: Ապրիլի 16-ին Մադան- Ջիլիզա ճանապարհի 2կմ-ի վրա Շամլուղի անտառապետության հատատեղերից մեկում հանդիպեցինք անտառահատման թույլտվություն ունեցող առաջին անհատ ձեռներեցին:

Մադան-Ջիլիզա ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի վրա նոր հատված 3 հսկա ծառ էր ընկած: Ապրիլի 16-ին ցուրտ էր ու մառախլապատ: Անտառի վրա ձյուն էր մաղում:  

Հատված ծառերի կողքին հիսունին մոտ մի տղամարդ կրակ էր վառել և տաքանում էր: Շամլուղցի Սուրիկ Թաթոյանն էր: Ասաց, որ եկել է փայտ կտրելու: Սուրիկը չգիտեր, թե ով է կտրած ծառերի տերը: «Ուղղակի ես բանվոր եմ: Հենա, տրակտորը գալիս է, տրակտորիստը կասի` ում համար ենք փետը տանում»,- ասաց Սուրիկը:  

Ճանապարհի աջ կողմից անտառ բարձրացող տրակտորը հատատեղից քաշում էր մի հսկա ևս ծառ: Տրակտորիստը շամլուղցի Վարդևան Բեժանյանն էր։

Վարդևան Բեժանյանը

«Հատատեղը  անհատ ձեռներեց  ա վերցրել, էսա գալիս է, մասնավոր մարդ է»,- ասաց Վարդևանը: Ընկած ծառերը ձեռքով ցույց տալով՝ նա բացատրեց, որ տեղում ծառերը վառելափայտ են դառնալու:  Ջիլիզայից հետ վերադառնալիս տեսանք, որ ճանապարհի նույն տարածքում  ծառերն արդեն կտրատել և բարձում էին բեռնատարի վրա: Մեքենայից իջնելուն պես տղամարդը, դեպի մեզ քայլելով, գոռաց․ «Փողը տվել, առել եմ հատատեղը, էլ ինչու պետք է ծառը կտրելու իրավունքի համար Ձեզ փաստաթուղթ ցույց տամ»։

Հեռացանք` առանց որեւէ հարց տալու։ Ավելի ուշ պարզեցինք, որ նա անհատ ձեռներեց Աշոտ Հակոբյանն էր։

Արայիկ Մեջլումյանի խոսքով` անհատ ձեռներեցը ոչ թե հատատեղն է գնել, այլ՝ հատատեղի փայտը հատելու իրավունքը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2017թ.-ի նոյեմբերի 14-ի N 81 հրամանի համաձայն ծառուտի առուվաճառքի մասին 2018թ.-ի  ապրիլի 9-ին պայմանագիր է կնքվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար  Արտակ Չոբանյանի և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ա/ձ Աշոտ Հակոբյանի միջև: Պայմանագրով  վաճառողը  բնափայտի մթերման և ձեռք  բերման նպատակով գնորդ Աշոտ Հակոբյանին է հանձնել անտառահատման տոմսով արմատի վրա հատման ենթակա ծառուտ՝ 456 խմ ծավալով: Պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 4 մլն 707 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:

Պայմանագրի 3.4.4 կետով ապրանքի ընդունումը, բնափայտի մթերումը, քարշակումը, բարձումը և տեղափոխումը գնորդը պարտավոր է կատարել իր միջոցների հաշվին՝ փայտանյութ տեղափոխելու համար պահանջվող փաստաթղթերի առկայությամբ: «Լալվարի» անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանը հայտնեց, որ Շամլուղի անտառապետության հատատեղում ապրիլի16-ին ծառահատումը  կատարած ա/ձ Աշոտ Հակոբյանը պարտավոր էր ներկայացնել փայտանյութ տեղափոխելու համար պահանջվող փաստաթղթերը՝ հատատեղի համարը, հատատեղի անձնագիրը և հաշվեգնահատման ցուցակը: «Լալվարի» անտառտնտեսության գլխավոր անտառապետ Արտեմ Անթանեսյանն ասաց, որ գնորդ Աշոտ Հակոբյանը «Հայանտառի» հետ կնքած պայմանագիր է ներկայացրել անտառտնտեսություն, որի հիման վրա շահել է հատատեղ:

Աշոտ Հակոբյանն ապրիլի 16-ին «Լալվարի» անտառտնտեսությունից դուրս է գրել 10 խմ փայտանյութ: Բանկում մուծել է 100 հազար 800 դրամ: Ա. Հակոբյանը փայտը գնել է խմ 10 հազար 800 դրամով:

«Նա մեզ ցույց է տվել բանկի իր վճարման կտրոնը, մենք, հատատեղում իր մեքենան փայտանյութը բարձելուց հետո, պետք է տրամադրեինք պիտակ: Անհատ ձեռներեցը մեր տված պիտակի հիման վրա իրավունք ունի արդեն իրեն փաստաթուղթը գրել»,- պարզաբանեց  Ա. Աթանեսյանը:

Աշոտ Հակոբյանն ապրիլից մինչև հուլիս հատատեղից պետք է տեղափոխի 456 խմ փայտ: Եթե նա 3 ամսում չհասցնի իր պայմանագրով նախատեսված փայտը տեղափոխել` «Հայանտառին» վճարած նրա կանխավճարը կորչում է: Ա. Հակոբյանի հատած 4 մեծ ծառերի փայտանյութի քանակից Ա. Աթանեսյանը տեղյակ չէր: Ասաց, որ ծառերի տրամագծերը նայելու դեպքում` կարող է ասել քանակը: Չգիտի, թե անհատ ձեռներեցը որ ծառերն է կտրել: Նշեց, որ ծառը կտրելուց հետո է անտառտնտեսությունը հսկողություն իրականացնում: Անհատ ձեռներեցին էլ անտառից փայտը դուրս բերելիս է անտառապետը պիտակը տալիս: Ապրիլի 16-ին` ինչպես Աշոտ Հակոբյանի կողմից իրականացրած ծառահատումների ընթացքում, այնպես էլ փայտը ավտոմեքենա բարձելիս Շամլուղի անտառապետության որևէ աշխատակցի չհանդիպեցինք:  Ջիլիզա- Ալավերդի ճանապարհի մեկ կմ-ի վրա մեծ քանակությամբ վառելափայտ էր կուտակված: Մեր հարցմանը տնօրեն Արամ Բարոյանը պատասխանեց, որ այդ փայտն օրինական լինելու փաստաթուղթ չի կարող ունենալ, որովհետև այս պահին Ջիլիզայի անտառտնտեսությանը հատումներ կատարելու իրավունք «Հայանտառից» տրված չէ: Երկու ժամ հետո  Ա. Բարոյանը հեռախոսով մեզ հայտնեց,  որ փայտը հին է:

«Համ էլ, հազիվ մի 3 խմ փայտ է, էդ ինչ է որ»,- ասաց  նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter