HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերահսկիչ պալատը շահերի բախում է արձանագրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գնումների գործընթացում

Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի երկու տարվա կատարած որոշ աշխատանքները, կատարած ծախսերը և մտահոգիչ պատկեր արձանագրել:

2016 և 2017 թվականներին իրականացվել է 43 մլն 700 հազար դրամի գիտական և անտառտնկման աշխատանքներ: Ամենաշատ գումարը՝ 16 մլն 700 հազար դրամի աշխատանքներ իրականացրել է «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի կողմից: Այդ գումարի միայն 1 մլն դրամն է եղել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոց, իսկ մնացածը հատկացվել է բյուջետային միջոցներից:

Բոլոր մրցույթներն իրականացվել են պարզեցված կարգով: Մրցույթներին մասնակցել են մեկական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն էլ հանդիսացել է մրցույթի հաղթողը:

Վերահսկիչ պալատի ուսումնասիրության համաձայն՝ 2016թ. «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է թվով 3 պայմանագրեր:

«Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ. ազգային պարկի ներկայիս տնօրեն Վահե Գուլանյանի կողմից: Մրցույթներն իրականացնելու ժամանակ նա զբաղեցրել է գիտության գծով տնօրենի տեղակալի պաշտոնը: Կնքված թվով 3 պայմանագրերից մեկը վերաբերել է Սևանի սիգ, կողակ, բողլու ձկնատեսակների արհեստական վերարտադրության հնարավորությունների ուսումնասիրմանը: Այդ ծառայությունների ձեռքբերման մրցույթի ժամանակ Վահե Գուլանյանը հանդիսացել է նաև գնահատող հանձնաժողովի նախագահը:

2010թ. հունիսի 15-ից ընկերության 100% բաժնեմասը փոխանցվել է Գուլանյանի հետ անմիջական փոխկապակցվածություն ունեցող մեկ այլ անձի: Այսինքն՝ պարկի տնօրենի և ընկերության միջև առկա է եղել շահերի բախում:

Ինչպես պարզել է Վերահսկիչ պալատը, Ազգահին պարկի տնօրենը 3 դեպքերով էլ հանդես է եկել որպես ծառայություն ընդունող, իսկ ծառայություն հանձնողը եղել է «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի տնօրենը, ով միաժամանակ հանդիսացել է նաև Ազգային պարկի տտեսական բաժնի պետ: Պայմանագրերից երկուսը կնքվել են 2016թ. մայիսի 2-ին, իսկ մեկը՝ նույն տարվա հուլիսի 25-ին:

«Անտառային արժեքավոր ծառատեսակների՝ սոճենի, թխկի, հացենի, բարդի և այլնի գիտափորձարարական տնկարանի հիմնում և դրանց վեգետացիայի պոտենցիալի ուսումնասիրության ծառայության» պայմանագրի տեխնիկական բնութագրի գնման ժամանակացույցի համաձայն, Ազգային պարկի Մարտունու մասնաճյուղում պետք է իրականացվեր մոտ 6 մլն դրամ արժեքով նոր տնկարանի հիմնում: Արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն իրականացվել են մասնակի: Նախատեսված 25,000քմ տարածքի փոխարեն հիմնվել և աշխատանքներ են կատարվել առավելագույնը 12,500 քմ մակերեսի վրա: Ընդհանուր աշխատանքները կատարվել են ցանկապատման մասով 70%,  հողերի նախապատրաստման և ծառատնկման մասով՝ 30%: Փաստացի չի կատարվել 3 մլն 900 հազար դրամի աշխատանք:

Ինչ վերաբերում է ձկնատեսակների վերարտադրության ծառայություններին, ապա 9 մլն 680 հազար դրամի շրջանակներում պետք է իրականացվեր Սևանի սիգ, կողակ, բեղլու ձկնատեսակների մայրական կազմի ձեռքբերման, դրանցից ձկնկիթի ստացման, ինկուբացման, թրթուրների խնամքի համար համապատասխան պայմանների ստեղծման, արհեստական պայմաններում կերակրման համար համապատասխան կերերի մշակման և ստացման, մանրաձկան աճեցման, հետագա զարգացման համար պայմանների ստեղծման և այլ աշխատքներ:

Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն՝ նշված աշխատանքները պետք է իրականացվեին Ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի մանրաձկան արտադրամասում, սակայն, վերջինս իր հաշվեկշռում առհասարակ նման արտադրամաս չունի: «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն՝ նշված գիտական աշխատանքները պետք է իրականացնեին Կարեն Աղաբաբյանի և Էդուարդ Յավրույանի կողմից, սակայն ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն այդ անձիք չեն հանդիսացել ՍՊԸ-ի աշխատակիցներ:

Ըստ տեխնիկական բնութագրի՝ նախատեսված աշխատանքների մեծ մասը ենթադրում է կատարվածի քանակական ցուցանիշ, սակայն հանձնման-ընդունման արձանագրությունում առկա չէ որևէ քանակական ցուցանիշ՝ օրինակ, թե որքան ձկնկիթ է ինկուբացվել, կամ՝ որքան կեր է ստացվել:

Նախահաշվով նախատեսված է եղել նաև յուրաքանչյուրը 200,000 դրամ արժեքով երկու հողաշեն ավազանի պատրաստում և ընդհանուրը 600,000 դրամ արժեքով թվով 4 բետոնե ավազանների վերակառուցում: Պարզվել է, որ փաստացի առկա է ընդամենը մեկ հողաշեն ավազան:

Վերահսկիչ պալատը պարզել է նաև, որ պայմանագրով Ազգային պարկը «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 800 հատ պատրաստի միկրոբիոլոգիական միջավայրեր՝ ընդհանուր 1 մլն դրամ արժեքով: Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով, ՊԵԿ-ի կողմից ստացված տվյալների ուսումնասիրությամբ ստուգող մարմնի մոտ առաջացել են կասկածներ, որ ընկերության կողմից նշված ապրանքների ձեռքբերում տվյալ ժամանակահատվածում չի եղել:

Վահե Գուլանյանի կապը ծառայություններ մատուցած մյուս ընկերության հետ, կներկայացնենք առաջիկայում:

Լուսանկարում՝ Վահե Գուլանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter