HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բոլորն ունեն ապրելու իրավունք

Երեւանի քաղաքապետարանի թաղման բյուրոյից հայտնեցին, որ հունվար ամսվա ընթացքում այդ օրվա դրությամբ Նուբարաշենի գերեզմանոցի անօթեւան մարդկանց համար նախատեսված հատվածում ամփոփվել է 14 դի: 

«Ես մեռնում եմ»,- ասում է իր մենությամբ օրեր առաջ հպարտացող Գոռը:- Եթե դուք չգայիք, մի ժամից ես մեռած կլինեի»: Հունվարի 20-ին մենք որոշել էինք հենց այնպես այցելել Գոռին: 

Լապտերի լույսը տարբեր կողմեր ուղղելով՝ գոռում էինք. «Գո՛ռ, Գո՛ռ, այստե՞ղ ես»: 

Ոչ մի արձագանք: Նորակառույց բարձրահարկ շենքի նկուղի հսկա տարածքի մի անկյունում, լաթերի մեջ ինչ-որ բան էր երեւում: Հանկարծ լաթերը ետ քաշվեցին, ու երեւաց շան գլուխը: Շան կողքին նշմարվեց Գոռի դեմքը: Մեր ձայներից Գոռը շարժեց գլուխը. «Ինչու՞ եք ինձ խանգարում, ես քնած եմ»,-մի կերպ արտաբերեց նա: 

Գոռը քնած չէր. նրա մարմինը սառչում էր: Նա երկու օր պառկած էր մնացել խոնավ գետնին, եւ մարմինն ամբողջովին ընկղմվել էր պատից կաթկթացող ջրի մեջ: «Մի քիչ օղի կտա՞ք, մարմինս չեմ զգում, կրակ վառեք, խնդրու՜մ եմ»: Գոռին մի կերպ ուշքի բերեցինք. նա կես շիշ օղի խմեց, կրակի շուրջը նստած՝ նրա ուղեղի սառած բջիջները ջերմությունից ասես արթնացան, ու նա սկսեց խոսել. «Ես ուզում եմ գնալ մորս մոտ, կօգնե՞ք ինձ գնամ Բյուրական, մայրս այնտեղ է ապրում»,-ասաց 58-ամյա Գոռը: Մեկ տարի է, ինչ նա մորը չի տեսել եւ նրա մասին լուր չունի: 

Մի կերպ Գոռին նստեցնելով տաքսի՝ երեկոյան ժամը 22-ին ճանապարհեցինք Բյուրական: 

Հունվարի 21-ին մենք հանդիպեցինք Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանտեի հետ: Նա խոստացավ թափառաշրջիկների խնդիրների մասին խոսել հունվարի 24-ին դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հայկական կառավարության անդամների հանդիպման ժամանակ: Տիկին Գրանտեն խոստացավ նաեւ ուշադրության կենտրոնում պահել անօթեւանների խնդիրը՝ առանձնացնելով երկու կարեւոր կողմեր` այդ մարդկանց փաստաթղթերի եւ կացարանի հարցը:   

Նորոն, Միքոն, Ռաֆոն եւ Լոլոն, բաղնիքում լողանալուց հետո, նոր հագուստներով հունվարի 21-ին տեղափոխվեցին «Հետքի»՝ մեկ ամսով վարձակալած տունը: Նյու Յորքի հայ ուսանողների ասոցիացիայի ուղարկած 200 դոլարի, ամերիկահայ մի բժշկի (նա չցանկացավ հրապարակել իր անունը) նվիրաբերած 100 դոլարի եւ «Հետքի» խմբագրակազմի նվիրատվություններով հնարավոր դարձավ գոնե ձմռան ամենացուրտ ամսին այդ մարդկանց համար տանիք գտնել: Չորս անօթեւանները խոստացել են այլեւս չվերադառնալ փողոց: Նրանք պետք է աշխատեն՝ իրենց խոստման համաձայն: 

«Հետքի» խմբագրակազմի ջանքերով մեկ այլ անօթեւան` Գոհարը, տեղափոխվել է Սեւան քաղաք, որդու մոտ: 

Մեր խմբագրությունում վերջին շաբաթներին պարբերաբար քննարկվում է Երեւանի անօթեւանների խնդիրը: Ի՞նչ կարող է անել լրագրողը ընդհանրապես, ո՞րն է նրա առաքելությունը: Եթե մենք չենք կարողանում մեր հոդվածներով որեւէ բան փոխել, բարելավել մարդկանց կյանքը, նշանակում է անիմաստ է զբաղվել այս գործով: Եթե անգամ մեր հրապարակումներին արձագանքում են հարյուրավոր մարդիկ, բայց արդյունքում ոչինչ չի փոխվում, նշանակում է ինչ-որ բան, այնուհանդերձ, այնպես չէ: Մարդու բոլոր իրավունքները բխում են մի հիմնական իրավունքից` ապրելու իրավունքից: Եթե այդ իրավունքը չի կենսագործվում, ուրեմն ամեն ինչ անիմաստ է: 

Հունվարի 27-ին «Հետքը» կազմակերպում է «Ապրելու իրավունքը» ակցիան: ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը հռչակում է. «Յուրաքանչյուր ոք ունի ապրելու իրավունք»: Այս մասին ենք մենք խոսելու այդ ակցիայի ընթացքում, որը տեղի կունենա «Նարեկացի» արվստի միություն ում: 

Կցուցադրվեն լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանի՝ անօթեւանների կյանքը պատկերող լուսանկարները, «Երկիր-մեդիա» հեռուստաընկերության եւ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության համատեղ պատրաստած տեսաֆիլմը, որից հետո կկայանա նաեւ հանրային քննարկում: 

Լուսանկարները` Էդիկ Բաղդասարյանի, Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter