HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Տարոն Մալաքյանի գունեղ հայկական պատմությունը՝ ոչ թե զոհված, այլ ապրելով հաղթած «Կյանքերի» մասին

Այս ամռանը ճանաչված կիթառահար, «System Of A Down»-ի հայտնի Տարոն Մալաքյանը վերջապես ուրախացնելու է իր երկրպագուներին՝ երկար սպասված ալբոմի թողարկմամբ: Գրեթե վեց տարվա սպասումից հետո նա խոստանում է հրապարակել «Dictator»-ը և ինչպես արդեն հայտարարվել է, հուլիսի 20-ին: Իսկ մինչ այդ, իբրև այցեքարտ և վեցամյա լռությունը խախտող, բայց կյանքի ոչ այնքան լուռ վկայական՝  նա ներկայացրեց «Lives»-ը: Հրապարակման օրն հատուկ ընտրել էր ապրիլի 23-ը, Տարոնն ամեն ինչ արել է, որ աշխատանքները մինչ այդ վերջնականացվեն, քանի որ երգը նվիրել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:  «Dictator»-ը Մալաքյանի երկրորդ նախագիծն է 2006թ. հիմնադրված«Scars on Broadway բենդի հետ:

Դեռևս 2005թ. դեկտեմբերին եվրոպական ամսագրերից մեկին տված հարցազրույցում Տարոն Մալաքյանն ասում էր.Եթե ուզենամ, վաղն իսկ կարող եմ 10 առանձին ձայնագրություն ունենալ: Ամենուրեք տոննաներով նյութ ունեմ դրված»:  Ապա, անդրադառնալով ապագա ծրագրերին, նույն հարցազրույցում նշում է, որ «S.O.A.D.»-ի «Mezmerize» և «Hypnotize» ալբոմներից հետո, նա մտադիր է Սերժ Թանկյանի նման զբաղվել անհատական գործունենությամբ:

2006թ. մայիսին աշխարհահռչակ «System Of A Down»-ը հայտարարեց ժամանակավոր դադարի մասին: Նույն տարում Տարոն Մալաքյանը նոր խումբ կազմեց «Scars on Broadway» անվամբ, ավելի ճիշտ՝ «Daron Malakian & Scars on Broadway»:  Ի դեպ՝ «S.O.A.D.»-ի հարվածորդ Ջոն Դոլմայանը նույնպես բենդի կազմում էր: Այս մեկում ևս (ինչպես նախորդում) վառ կերպով արտահայտված էր երգահան Մալաքյանը:

«Հույս ունեմ, որ երբեք չեմ զգա ինձ խաղի գագաթնակետին հասած, քանի որ դա կնշանակի, որ ես բավարավածության զգացում կունենամ, իսկ երբ ես բավարարված եմ, դա նշանակում է՝ կանգ առնելուս ժամանակն է արդեն,- ասել է Տարոնը,- միշտ ցանկություն ունեմ գրել մի երգ, որը մինչ այդ չեմ գրել»:

Առաջին ալբոմը թողարկվեց 2008թ.-ին, կոչվում էր խմբի անվամբ՝ «Scars on Broadway» և մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես Մալաքյանի երկրպագուների շրջանում: Այն իսկապես հաջողված էր՝ իր «They Say» սինգլով:

Սակայն կարճ ժամանակ անց և հետագա այս ողջ տարիների ընթացքում խմբի գործունեությունը նման է եղել կցկտուր հնչող բառերի, որովհետև նոր սկսած թափով ընթացքը ժամանակի հետ սկսեց պասիվանալ ու հետո կանգ առնել: Պատճառը Մալաքյանի տրամադրությունն էր ու անկանոն երաժշտական գործունեությունը: Նա մերթ հայտնի երաժիշտների հետ բեմում էր, մերթ այդ ամենից հեռու, ինքնամփոփ ու մեկուսացած՝  իր ստեղծագործական անկյունում:

2012 թվականին նա ձայնագրեց նոր ալբոմի համար նախատեսված երգեր, բայց այն այդպես էլ լույս չտեսավ, քանի որ տարիներ շարունակ հումքի նման մնաց՝ առանց խմբագրվելու, մշակվելու: Երաժիշտն ասում է, որ այս տարիների ընթացքում նա առավելապես տարված է եղել գրելով՝ երգեր, երաժշտություն, խոսքեր նոր ծնվող երգերի համար: Եվ ահա 2018թ. ապրիլի 23-ին, նա կրկին հայտնվում է երաժշտասերների ուշադրության կենտրոնում՝ հրապարակելով նոր սինգլի տեսահոլովակն ու նրանով ազդարարում սպասվող ալբոմի մասին:

Նոր ալբոմում՝ «Dictator»-ում Տարոն Մալաքյանը ավելի մի տեսակ ամբողջական է, ինքն իր հետ ու իր հեղհեղուկ տրամադրության էությամբ: Ձայնագրման գրեթե ողջ աշխատանքն ինքն է իրականացրել՝ նվագելով տարբեր երաժշտական գործիքներ:

 «Երբ նոր էի ստեղծում «Scars»-ը, միշտ ասում էի, որ այն ալբոմ առ ալբոմ պետք է տարբերվող լինի: Դա կախված է լինելու իմ վերցրած ուղղությունից: Տարբեր երաժիշտներ տարբեր ոճերի մեջ են աշխատում, ուստի խմբի սկզբնամասում ես կարևոր համարեցի ավելացնել իմ անունը»:-ասել է Տարոն Մալաքյանը «Ultimate Guitar» ամսագրի հարցազրույցում: Եվ այնուամենայնիվ, նոր ալբոմը նրա բնորոշմամբ «S.O.A.D.»-ի համեմունքից է կրում իր մեջ: 2002թվականին ձայնագրված ալբոմը, որն ընդգրկում է 12 երգ, դեռ շարունակում է, այսպես ասած, մանրադիտակային զննման ենթարկվել Տարոնի կողմից: Իսկ թե ինչու վեց տարի անց, նա հիմնականում պատճառաբանում է տրամադրությամբ, այլ նախագծերի առկայությամբ ու, վերջապես, «S.O.A.D.»-ի՝ վերջին տարիների բավականին ակտիվ համերգային գործունեությամբ:

Օրեր առաջ, երաժշտական ամենահեղինակավոր ամսագրի՝ «Rolling Stone»-ի հետ ունեցած ծավալուն զրույցում նա մանրամասն ներկայացրել է թե մարդիկ ինչ սպասելիքներ պիտի ունենան «Scars»-ի վերադարձից, «Dictator» ալբոմից, «S.O.A.D.»-ի ապագա ծրագրերից: Նա մանրամասն կանգ է առել, հատկապես, «Lives» սինգլի վրա, որի միջոցով մեկ անգամ ևս 103-րդ տարելիցի նախօրեին նա բարձրաձայնել է Հայոց Ցեղասպանության հարցեր: Ինչի՞ մասին է «Կյանքեր» երգը հարցին երաժիշտը պատասխանում է. «Ինձ համար այն հայ ժողովրդի՝ Ցեղասպանությունից  փրկվելու և ապրելու մասին է: Ինչքան մեր մասին լսել եմ, միշտ զոհի դերում ենք եղել, և մեր նախնիներն ու պապերն էլ նկարներում կտրված գլուխներով են պատկերված եղել: Ես ուզում էի գրել մի երգ, որը բարոյական խթան դառնար, վեհացնող մի բան և ասեր մարդկանց, որ ճիշտ է՝ մեծ թվով մարդիկ զոհվել են (և պետք է խոնարհվենք նրանց հիշատակի առաջ), բայց նաև մեծ թվով մարդիկ էլ կարողացել են փրկվել: Սա հարգանքի տուրք է այս ամենին և նաև այն փաստին, թե վերապրելով ուր ենք հասել»:

Տեսահոլովակում վերապրած ու չցեղասպանված հայի ժառանգ Մալաքյանը ուղերձը շեշտելու նպատակով օգտագործել է հայկական ազգային «գույներ»՝ ավանդական պար, գորգեր, տարազ և մի շարք դետալներ: «Revolvermag»-ում հրապարակված նրա բնութագրմամբ՝ այդ ամենով նա ակնարկում է հայոց հարուստ պատմության և մշակույթի մասին, ապա ավելացնում, որ երգն ու նրա պատկերավորումը հպարտության, հզորության զգացում են ներշնչում՝ պատմական ողբերգությունը վերապրած ու իր մեջ ապրելու, արարելու մեծ ուժ գտած մեր ժողովրդի հանդեպ:

«We are the people who were kicked out of history,  We are the people who exist in victory»… երգում է Մալաքյանն ու կոչ անում բացել պատմության կեղծված գաղտնիքները:

Ռոլինգսթոնյան  հարցազրույցում նա խոսել է հայկական մեկ այլ կարևոր հարցի՝ Արցախի ու ղարաբաղյան կոնֆլիկտի մասին: Տարոն Մալաքյանը որոշել է երգի և տեսահոլովակի վաճառքից գոյացած հասույթի մի մասը տրամադրել Արցախին՝ բարեգործական նպատակներով և առաջին հերթին այն գյուղերին, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի նշանառության տակ: « Այնտեղ պետք է հրադադարի ռեժիմը գործեր, սակայն ադրբեջանական կառավարությունը մշտապես խախտում է այն: Ուստի շատ կանայք և երեխաներ, ովքեր ապրում են այստեղ, իրավիճակի հետևանքների անմիջական կրողներն են դառնում,- ասում է նա՝ անդրադառնալով իր որոշման նպատակին,- Շատ հնարավոր է, որ մեկ այլ ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, այդ պատճառով էլ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այնտեղ տեղի ունեցող դեպքերի վրա և թույլ չտալ, որ այն իրագործվի»:

Այս երաժիշտը, ով այսօր մեթալ ոճի 20 լավագույն կիթառահարներից մեկն է համարվում աշխարհում, «System Of A Down»-ի 2015թ. Երևանում կայացած համերգը համարում է իր ստեղծագործական կյանքի գագաթնակետը: Նոր հրապարակված երգը ամենևին էլ առաջինը չէ, որտեղ նա անդրադառնում է ցեղասպանության խնդրին: Օրերս ֆեյսբուքյան էջում նաև իր աջակցությունը հայտնեց Երևանի փողոցները իրենց ըմբոստությամբ ողողած երիտասարդությանը: Թվում է, թե լուռ ու սեփական արվեստում պարփակված, ոչ հաճախակի է նա բացում այդ սենյակից դուրս նայող պատուհանը, բայց պարզվում է՝ բացում է՝ նոր ծնված գաղափարով, երգով կամ պարզ ու անկեղծ մի ցանկությամբ:



Լուսանկարները վերցված են Տարոն Մալաքյանի ֆեյսբուքյան էջից և
«Scars on Broadway» բենդի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter