HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բջջային շուկայի անկումը առաջին եռամսյակում դանդաղել է

Այս տարվա առաջին եռամսյակում հայաստանյան կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 34.5 մլրդ դրամ։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակած տվյալների՝ 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն 2%-ով աճել է։

Կապի ոլորտ ասելով` պետք է նկատի ունենալ հիմնականում հեռահաղորդակցությունը, մասնավորապես՝ բջջային շուկան ու ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան։ Հեռուստառադիոծրագրերի կազմումն ու հեռարձակումը, որը կապի ոլորտի մի մասն է, փոքր հասույթ է ապահովում։ Տևական ժամանակ էր, ինչ կապի ոլորտը անկում էր գրանցում բջջային շուկայում ցուցանիշների վատթարացման հետևանքով։

Օրինակ՝ 2017 թվականին Հայաստանում կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 145.6 մլրդ դրամ, որը 2016 թվականի համեմատ նվազել է 4.1%-ով։ Ու չնայած այս տարվա առաջին եռամյակում ոլորտի ընդհանուր հասույթը փոքր-ինչ աճել է, բջջային շուկայում կրկին անկումային «տրամադրություններ» են։

Մյուս կողմից՝ նկատելի է, որ այդ անկումը դանդաղել է։ Փոխարենը տեսանելի աճ կա ինտերնետ հասանելիության մատակարարման ոլորտում։ Այս ամենի արդյունքում կապի ընդհանուր հասույթի ցուցանիշը դրական միտումներ է արձանագրել։

Այսպես, այս տարվա հունվար-մարտին բջջային շուկայի հասույթը կազմել է 13.5 մլրդ դրամ, որը 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 6.6%-ով նվազել է։ Նկատենք, որ 2017-ի տարեկան անկման համեմատ, որը կազմել էր 24%, այս տարվա առաջին եռամսյակում բջջային շուկայի անկումը դանդաղել է։ Նշենք նաև, որ 2017-ի առաջին կիսամյակում էլ նշված շուկայի հասույթը նվազել էր 24.1%-ով։ Իսկ ինտերնետ հասանելիության հասույթը կազմել է 11.75 մլրդ դրամ, աճը՝ 11.2%։ Բջջային կապը զիջում է իր տեղն ինտերնետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter