HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական ծխախոտի պահանջարկը ԱՄԷ-ում և Սիրիայում աճել է

Ծխախոտն այսօր Հայաստանից արտահանվող երկրորդ խոշորագույն ապրանքախումբն է պղնձից հետո։ Վերջին տարիներին ծխախոտի արտադրությունն ու արտահանումը տեսանելիորեն աճում են։

Մաքսային ծառայությունը օրեր առաջ հրապարակել է Հայասատանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկն, ըստ որի՝ 2017 թվականին արտահանվել է մոտ 24.5 մլրդ հատ սիգարետ (ինչպես նաև՝ սիգար, սիգարիլլա), որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 243.5 մլն դոլար։

2016 թվականի համեմատ Հայաստանից արտահանվող սիգարետի քանակն աճել է մոտ 3.6 մլրդ հատով կամ 17%-ով։ Իսկ ընդհանուր արժեքն աճել է 34.3 մլն դոլարով կամ 16.4%-ով։

2017-ին Հայաստանից արտահանված սիգարետի 22%-ը (ըստ արժեքի) ուղղվել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։ Նկատելի է, որ ԱՄԷ-ում  հայկական սիգարետի պահանջարկն աճել է։ Եթե 2016-ին Հայաստանից այս երկիր է արտահանվել մոտ 26 մլն դոլարի սիգարետ, ապա 2017-ին այն ավելի քան կրկնապատկվել է ու կազմել 54.2 մլն դոլար։

Այդուհանդերձ, արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն  գնորդը շարունակում է մնալ Իրաքը, դեպի ուր առաքվել է արտահանված ամբողջ սիգարետի 46%-ը։ Միևնույն ժամանակ, նախորդ տարի արտահանումը որոշակիորեն նվազել է։ Այն կազմել է 112.3 մլն դոլար, նվազումը՝ 22.2 մլն դոլար։

Իրաքից ու ԱՄԷ-ից հետո, հայկական սիգարետի երրորդ խոշոր գնորդը Սիրիան է (կշիռը սիգարետի արտահանման կազմում՝ մոտ 21%)։ Դեպի այս երկիր արտահանումը ևս 2017 թվականին կրկնապատկվել է ու կազմել 50.7 մլն դոլար։ Այսինքն՝ հայկական արտադրության սիգարետի պահանջարկը նախորդ տարի զգալիորեն աճել է ոչ միայն ԱՄԷ-ում, այլև՝ Սիրիայում։

Նախորդ տարի ավելի քան երկու անգամ նվազել է դեպի Ռուսաստան արտահանումը՝ կազմելով 4.1 մլն դոլար։ Որոշակի քանակի հայկական սիգարետ առաքվել է նաև դեպի Վրաստան (մոտ 15 մլն դոլար)։ Քիչ քանակությամբ էլ դեպի Լյուքսեմբուրգ, Ղրղզստան, Ուկրաինա և այլն։

2016 թվականից սկսած հայկական սիգարետը թուլացրել է դիրքերը  Թուրքմենստանում, որը նախկինում Հայաստանից զգալի ծավալի սիգարետ էր գնում։   

Հորդանանը ևս նախկինում որոշակի քանակությամբ հայկական ծխախոտ էր գնում։ Իսկ նախորդ տարի արտահանում չի իրականացվել։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2017  թվականին Հայաստանում արտադրվել են մոտ 158 մլրդ դրամի (ընթացիկ գներով) ծխախոտային արտադրատեսակներ, որը 18.7%-ով գերազանցում է 2016 թվականի արտադրության ցուցանիշը։ Դոլարային արտահայտությամբ, եթե վերցնում ենք տարվա միջին փոխարժեքը, ապա ծխախոտի արտադրությունը կազմել է  326.8 մլն դոլար։ Ստացվում է, որ 2017 թվականին արտադրվածի մոտ 75%-ի չափով արտահանվել է։

Ինչպես արտահանման ցուցանիշն է տեսանելիորեն աճել 2014 թվականից սկսած, այնպես էլ՝ արտադրությանը։ 2017 թվականին ծխախոտի արտադրությունը ապահովել է Հայաստանի ամբողջ մշակող արդյունաբերության ծավալի 15.2%-ը։ Այս ցուցանիշով ծխախոտի արտադրությունը զիջում է միայն սննդամթերքի ու հիմնային մետաղների արտադրությանը։

Հայաստանում ծխախոտի արտադրությամբ զբաղվում է չորս ընկերություն։ Ամենախոշորը «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ»-ն է, մյուս երկուսը՝ «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ»-ը և «Մասիս Տոբակո»-ն։ Երեքն էլ պատկանում են «Գրանդ Հոլդինգ»-ին։ Այս ընկերությունները նաև երկար տարիներ է, ինչ երկրի խոշորագույն հարկատուների շարքում են։ Ծխախոտ արտադրող չորրորդ ընկերությունը «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ՍՊԸ-ն է։

Հայաստանը շարունակում է նաև որոշակի քանակությամբ սիգարետ ներմուծել։ Պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականին Հայաստան է ներմուծվել է 3 մլրդ հատ սիգարետ 39 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով։ Համեմատության համար՝ 2016-ին ներմուծվել է կրկին շուրջ 3 մլրդ հատ սիգարետ՝ 40.5 մլն դոլարի։ Ներմուծվում է հիմնականում Ռուսաստանից և Ուկրաինայից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter