HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Սահակյան. «Առաջին քայլը պետք է լինի Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնանկությունը»

Լուսինե Սահակյանը ավելի քան երկու տասնամյակ դատարաններում պաշտպանում է քաղաքացիների իրավունքները: Նա քրեական գործերով փաստաբան է, ով մի շարք գործերով հաղթանակներ է արձանագրել ՄԻ եվրոպական դատարանում:

Այսօրվա արդարադատությունը նա բնորոշում է մեկ բառով՝ խայտառակություն: Լուսինե Սահակյանը չի տեսնում իշխանության կողմից արդարադատության իրականացման պահանջ: Նա համարում է, որ մեր դատարանները արդարադատությունից շատ հեռու են: «Կան դատավորներ, իհարկե, որոնք փորձում են դեռ պայքարել, դեռ կայացնել օրինական դատական ակտեր: Բայց այդ դատավորներն էլ չեն կարող այս վիճակում աշխատել: Երբ համատարած բնույթ է կրում քաղաքական պատվերը, երբ նույն դատավորներին պարտադրում են կալանավորման որոշումներ կայացնել, երբ դատավորին թույլ չեն տալիս մտածել, արդեն խայտառակություն է»:

Փաստաբան Սահակյանը համոզված է, որ առաջին քայլը, որ պետք է անել իրավական պետություն կառուցելու ճանապարհին, դատական համակարգում արմատական փոփոխություններն են. «Պետք է սկսել դատարաններից: Եթե այդպես չարեցինք, երբեք չենք ունենա իրավական պետություն: Ոչ պակաս կարևոր է քննչական ապարատը, դատախազությունը, փաստաբանական համայնքը: Սակայն դատարանն այն օղակն է, որտեղ իրականացվում է արդարադատություն»,-ասում է փաստաբան Սահակյանը՝ հավելելով՝ եթե դատարանները լինեն իրենց տեղում, ոչ մի պետական մարմին չի կարող չարաշահումների գնալ, իսկ գնալու դեպքում այդ հարցը կլուծվի դատարանում:

Առաջին փոփոխությունն այդ ոլորտում, ըստ Սահակյանի, պետք է լինի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնանկությունը: «Քանի դեռ Վճռաբեկ դատարանի նախագահի փոփոխություն տեղի չի ունեցել Հայաստանում, չի կարող դատական համակարգում որևէ փոփոխություն լինել»,-համոզված է Լուսինե Սահակյանը:

Արման Մկրտումյանի հրաժարականի պահանջով մայիսի 2-ին մի քաի տասնյակ փաստաբաններ բողոքի ակցիա են իրականացրել կառավարական թիվ 2 տան դիմաց, ապա շարժվել դեպի Վճռաբեկ դատարան: Դեռևս սկսած 2012 թ-ից պարբերական են փաստաբանների 1-2-օրյա գործադուլները, որով նրանք իրենց բողոքն են արտահայտել Վճռաբեկ դատարանի գործունեության վերաբերյալ:  

Փաստաբան Սահակյանի կարծիքով, Վճռաբեկ դատարանի նախագահ պետք է նշանակվի այնպիսի անձ, ով կցանկանա, որ դատական համակարգը ոտքի կանգնի, ով իրականում կցանկանա, որ դատարաններն արդարադատություն իրականացնեն, ինչպես և լիազորված են, այլ ոչ թե սպասարկել ինչ-որ խմբի ինչ-ինչ շահեր:

Լուսինե Սահակյանը նաև անուն է հնչեցնում: Գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նշանակումը՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, կհանգեցնի դատական համակարգում սպասված ու իրական փոփոխության:

Վերջին տարիներին առաջին ատյանի դատարաններում, նաև Վերաքննիչ դատարանում դատավորներ են փոխվել: Հիմանակում նշանակվել են երիտասարդ ու միջին սերնդի դատավորներ: Նրանցից մեկն էլ՝ Վազգեն Ռշտունին, տարիներ առաջ նշանակվել էր Վերաքննիչ դատարանի նախագահ: Բայց դրական փոփոխություններն, ըստ Լուսինե Սահակյանի, ժամանակավոր բնույթ կրեցին, քանի որ Վերաքննիչ դատարանում կայացված դատական ակտերը բողոքարկվում էին Վճռաբեկ դատարանում ու բեկանվում:

Այնուամենայնիվ, ամենօրյա ռեժիմով դատարաններ մտնող փաստաբանի համոզմամբ, մեկ ծաղկով գարուն չի գա. «Այնպես չէ, որ մեկ անձի՝ տվյալ դեպքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի փոփոխությամբ, տարիների հարցերը կլուծվեն, որովհետև մեկ անձի փոփոխությամբ որևէ համակարգ չի կարող փոխվել: Դրանից հետո պիտի նշանակվեն դատավորներ, որոնք չեն գալիս պաշտոն ունենալու, սեփական բարեկեցությունն ապահովելու համար, այլ երկրում արդարադատություն իրականացնելու նպատակ ունեն: Իհարկե, այսօր էլ ունենք այդպիսի դատավորներ, բայց շատ քիչ են այդպիսի նպատակներով մարդիկ: Եթե նման մարդիկ  նշանակվեն դատարանների նախագահներ, էլի պատկերը դրական առումով կփոխվի»:

Լուսինե Սահակյանը գտնում է, որ օրեսդրական մակարդակում ևս փոփոխություններ են անհրաժեշտ: Բայց ամենակարևորը երկիրը ղեկավարող անձը «հստակ սկզբունք պետք է ունենա, որ դատարանը անկախ է, դատարանն էլ պետք է հստակ իմանա, որ իշխանություններն իրեն պատվեր չի տալու: Ավելին՝ եթե դատարանը որևէ անձի շահերը սպասարկի, թաթախվի կոռուպցիայի մեջ, խստագույնս կպատժվի»:

 

Մեկնաբանություններ (2)

Левон
В суде второй инсианции есть судья Артесян которая ведет дела не в законном порядке поэтому если пересмотреть ее дела то еенадо снять с работы
Վանիկ Ալեքսանյան
Միայն թե ոչ այդ կիսագրագետ եւ ամբարտավան դատավորը։ Ալեքսանդր Ազարյանի հետ շփվել եմ, երբ դեռ նա Շենգավիթի առաջին ատյանի դատարանի դատավոր էր։ Իր վարույթում գտնվող գործի հետ կապված նա վճիռ կայացրեց, որ քննիչի որոշումը՝ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ ճիշտ է, չնայած այն հանգամանքին, որ իր գործընկերն ամիսներ առաջ բեկանել էր քննիչի որոշումը։ Ինչեւէ, վերաքննիչ դատարանը բեկանեց Ալեքսանդր Ազարյանի կայացրած ապօրինի վճիռը, հարուցվեց քրեական գործ, գործով մեղադրյալներն ընդունեցին, որ հանցանք են կատարել։ Այստեղից ի՞նչ հետեւություն՝ նախկինում Սերժիկ Սարգսյանի աշխատակազմում աշխատած դատավոր Ալեքսանդր Ազարյանը կամ լավ չի տիրապետում իրավագիտությանը կամ շարքային կաշառակեր է։ երբ ես տեղեկացրեցի պարոն դատավորին այն մասին, որ նա անօրինական եւ անարդար վճիռ է կայացրել, որ այն բեկանվել է եւ քրեական գործ է հարուցվել,նա ցինիկաբար պատասխանեց՝ ես ինչ վճիռ ուզենամ, այն էլ կկայացնեմ։ Իր տիրոջ նման՝ ինչքան ուզեմ՝ էնքան խփեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter