HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մինասյան+անձնական շահ=կործանված համալսարան». ուսանողները պահանջում են ՇՊՀ ռեկտորի հրաժարականը

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով մի խումբ ուսանողներ՝ պաստառներով եւ բարձրախոսով զինված, այսօր՝ ժամը 12-ին, հավաքվել էին բուհի մուտքի մոտ: Նրանց էին միացել մարտ ամսին ռեկտորի հրամանով համալսարանից հեռացված նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը: Ընդամենը երկու օր առաջ աշխատանքից ազատման ծանուցագիր ստացած Անահիտ Ֆարմանյանը ցուցարարների շարքերում չէր: Բուհում տեղի ունեցող գործընթացներից դժգոհ ուսանողների անունից նախ խոսեց ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը, այնուհետեւ ելույթ ունեցան Խորիկյանն ու Համբարյանը:

Հավաքվածները պահանջում էին, որ բուհի ռեկտորը երկու ժամվա ընթացքում աշխատանքից ազատման դիմում գրի: Խոսվեց այն մասին, որ անցած 7 ամիսների պայքարը, բազմաթիվ բարձրաձայնումներն ու բողոքներն արդյունք չեն տվել: Հիմա երկրում իրավիճակ է փոխվել  եւ հնարավորություն կա Շիրակի համալսարանում եւս հասնել փոփոխությունների: Բուհի մուտքի մոտ, ցուցարարներից բացի, հավաքվել էին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմնակիցները եւ հրաժարականի պահանջով հանդես եկողներից պահանջում էին գրավոր փաստաթղթային հիմնավորումներ: Կրքերն այդ ընթացքում բավական թեժացան, երբ երկու կողմերի ներկայացուցիչներն անցան վիրավորանքների՝ միմյանց կոչելով կաշառակեր եւ հոգեկան հիվանդ:

Ցուցարարների պահանջով՝ իրանց հետ հանդիպեց ռեկտոր Սահակ Մինասյանը: Վերջինս նշեց, որ լինելով ՀՀԿ անդամ, երբեք մտադրություն չի ունեցել քաղաքականացնել բուհը: Նա խոսեց բուհի նախկին ռեկտորի օրոք կուտակված պարտքերի մասին՝ նշելով, որ այդ մասին հոդված է գրել «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

«2016 թ-ի հուլիսին Լեւոն Բարսեղյանը մի հոդված հրապարակեց՝ վերին աստիճանի ճշգրտությամբ անդրադառնալով հետեւյալին, որ Մինասյան Սահակին նշանակել են մի այնպիսի կառույցի ղեկավար, որտեղ կոռուպցիոն տարեկան շրջանառությունը կազմում է 450-500 հազար ԱՄՆ դոլար: Լեւոն Բարսեղյանը ճիշտ էր հաշվել, հարգելի քաղաքացիներ: Այս աղմուկն այդ ամենը փակելու հետեւանք է, այ դա վերացնելու շնորհիվ է այս աղմուկը»:

Սահակ Մինասյանի խոսքը ցուցարարները ընդմիջեցին՝  «կլասիկ կաշառակեր», «ՀՀԿ հեռացիր», «խայտառակ» եւ «ամոթ» արտահայտություններով՝ խանգարելով վերջինիս ավարտել ելույթը: Բուհի ռեկտորը փորձեց ձեռագիր ինչ-որ թղթեր փոխանցել Գագիկ Համբարյանին՝ ասելով. «Սա ձեզ»: Նախկին դասախոսը, վերցնելով թղթերը, պատառոտեց եւ շպրտեց Սահակ Մինասյանի դեմքին՝ շեշտելով, որ դրանք ռեկտորի սարքած հերթական «կլյաուզաներն» են իր անձի հետ կապված:

Ժամը 13:00-ի հատվածում համալսարանի բակ եկավ Լեւոն Բարսեղյանը: Նա հայտարարեց, որ Սահակ Մինասյանի հետ անձնական հարցեր ունի, որոնք կպարզի մինչեւ իր կամ Մինասյանի մեռնելը, եւ այդ ամենը կապ չունի քաղաքականության հետ: Նա նշեց, որ 20 տարի շարունակ գրել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի, ներկայում Շիրակի համալսարան վերանվանված բուհի տխուր վիճակի մասին: «Մանկավարժական ինստիտուտի վարքն ու բարքը 20 տարի քննադատել եմ ես: 20 տարի ասել եմ, որ ճիշտ կլինի՝ այս տարածքը վերադառնա նախասովետական շրջանին, երբ  սեւահողեր էին, որ նորից վարեն, ցանեն, կուկուռուզ ու ճակնդեղ ցանեն: Մանկավարժական ինստիտուտը պիտի հականեխվի, ես սա ասել եմ 20 տարի շարունակ»:

Ռեկտորի հրաժարականը պահանջող ուսանողների հետ մայիսի 7-ին խոստացել է հանդիպել ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter