HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Որպեսզի նախադեպ չստեղծվի

«Հայաստանի Հանրապետությունից գումարի բռնագանձման պահանջով 2004թ.-ին դատարաններ են ներկայացվել 55 հայցեր, որոնց քննության ընթացքում նախարարությունը մասնակցել է որպես պատասխանող կամ երրորդ անձ»,- հայտնում են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից: Նրանց տեղեկացմամբ, անցնող տարում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ այլ պետական մարմինների ու հիմնարկների դեմ գումարի բռնագանձման պահանջներից 10-ը ներկայացրել են ֆիզիկական անձինք, իսկ մնացած դեպքերում՝ իրավաբանական անձինք: Դատարանը անցնող տարում բավարարել է 16 հայցապահանջ, կայացված վճիռներով պետական բյուջեից հօգուտ հայցվորների կբռնագանձվի 49 մլն 272 հազար 50 դրամ եւ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ներկայացված հայցերից միայն չորսն են վնասի փոխհատուցման պահանջներ, որոնցից երեքը բավարարվել են: Նշենք, որ քաղաքացու կրած վնասների փոխհատուցումը պետությունից երկրի արդարադատությունը գնահատելու կարեւոր չափորոշիչներից է: Դրանցից մեկով մասնակիորեն փոխհատուցվել են սպանված զինվորի հուղարկավորության հետ կապված ծախսերը, երկու հայցերով բավարարվել են «Էներգոինվեստ ԾԻԳ» պետական հիմնարկի դեմ Երեւանի բնակչուհիներից մեկի պահանջները՝ փոխհատուցել ավտովթարից զոհված որդու հուղարկավորության ծախսերը եւ կերակրողին կորցնելու կապակցությամբ վճարել որդու աշխատավարձը: Անորոշ ժամանակով հետաձգվել է ներկայացված հայցապահանջներից մեկի՝ Լոռու մարզի Սարատովկա գյուղի բնակիչ, 23-ամյա նախրապան Արմեն Պողոսյանի պահանջի քննությունը, որը պետությունից պահանջում է փոխհատուցել ապօրինի ազատազրկման պատճառով իր կրած նյութական վնասները՝ 34 միլիոն դրամ:

Պետությունը պատժում է, բայց չի հատուցում

Արմեն Պողոսյանին 1999թ.-ին դատապարտել էին 15 տարվա ազատազրկման՝ անչափահասի բռնաբարության ու սպանության մեղադրանքով: Իրական հանցագործի փոխարեն Արմեն Պողոսյանը 5 տարի 6 ամիս անցկացրեց բանտում: Ա. Պողոսյանը արդարացվեց միայն այն պատճառով, որ տ արիներ անց իրական հանցագործը (ազգությամբ եզդի), նմանատիպ մեկ այլ հանցանքի վրա բռնվելով, խոստովանեց նաեւ 1999թ.-ին կատարած հանցանքը: Դրանից հետո դատախազության բողոքի հիման վրա վճռաբեկ դատարանը 2004-ի ապրիլի 2-ին արդարացրեց Ա. Պողոսյանին, իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «գնահատելով» Կոմս Մոնտե Քրիստոյի արժանավոր հետնորդի տառապանքները, նրան նվիրեց համանուն վեպն ու ազատ արձակեց: Սակայն, ի տարբերություն հայտնի հերոսի, որի անմարդկային տառապանքները փոխհատուցվեցին անչափելի հարստությամբ, Հայաստանի հանրապետությունը ցանկություն չունի փոխհատուցել Ա. Պողոսյանի կրած ո՛չ նյութական, ո՛չ էլ առողջությանը պատճառված վնասները:

Սա առաջին դեպքն է, երբ ապօրինաբար ազատությունից զրկված անձը պետությունից պահանջում է փոխհատուցել իր կրած վնասները: Միայն այն, որ նախկին կալանավորը նման պահանջ է ներկայացրել, արդեն իսկ զգալի առաջընթաց է հասարակական ինքնագիտակցության առումով: Մինչ օրս անարդարացի դատապարտման երկու դեպք է հայտնի: Երկու դեպքում էլ դատապարտյալներն արդարացվել են միայն այն բանից հետո, երբ հայտնաբերվել է իրական հանցագործը: Առաջինը 15 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Դավթյանն էր, որը 1 տարուց ավելի կրում էր պատիժը, երբ պարզվեց, որ ամուսինների սպանությունը կատարել են «Դրո» գործով դատապարտված այլ անձինք: Մյուս դեպքերում մոտ 1 տարի նախաքննության փուլում ապօրինի պահվելուց հետո, սովորաբար, քրեական գործերը կարճվում են զանազան հիմնավորումներով, իսկ մեղադրյալներն ազատ են արձակվում՝ պատկերավոր ասած «նա մեր կալանավորն է դրսում» ձեւակերպումով, որպեսզի վնասը փոխհատուցելու հարց երբեւէ չծագի:

Ֆինանսների նախարարության իրավաբանը դատարանում առարկել է Արմեն Պողոսյանի հայցի դեմ՝ փաստարկված չհամարելով նրա ներկայացրած հաշվարկները: Իրավաբանը հայտնել է, որ նախկին կալանավոր Ա. Պողոսյանը չի ներկայացրել ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր, որ չդատապարտվելու դեպքում կզբաղվեր անասնապահությամբ, չի ներկայացրել պետության նկատմամբ իր հարկային պարտավորությունների կատարումը հավաստող ապացույցներ: Նախարարության ներկայացուցիչը նաեւ փաստաբան վարձելու անհրաժեշտություն չի տեսնում. «Եթե հայցվորը միջոցներ չուներ, կարող էր դիմել պետբյուջեի հաշվին պաշտպան ունենալու համար»,-ասել է նա: Պետության ներկայացուցիչը հարկ չի համարել խորանալ այն անառարկելի ճշմարտության մեջ, որ հանիրավի դատապարտվողը չէր կարող վստահել պետպաշտպանություն իրականացնող փաստաբանին, քանի որ փաստարկված է վերջիններիս իրական դերակատարությունը նման իրավիճակներում: Բացի այդ, խոսքն այստեղ նախկին կալանավորի անվճարունակության մասին չէ, նա պետությունից պահանջում է փոխհատուցել հանիրավի դատապարտվելու հետեւանքով իր կրած նյութական վնասները, ինչպես սահմանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064 հոդվածը. «Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետեւանքով պատճառված վնասը օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ հետաքննության, նախաքննության, դատաքննության եւ դատարանի պաշտոնատար անձանց մեղքից»:

Մինչդեռ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը Ա. Պողոսյանից պահանջում է հիմնավորել, որ իր ականջի թմբկաթաղանթը պատռվել է ծեծի եւ խոշտանգումների միջոցով ապացույցներ ձեռք բերելու արդյունքում: Ընդ որում՝ նշելով, որ այդ հանգամանքը հիմնավորված կարող է համարվել միայն քրգործով դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով (մեր իրականության մեջ դեռեւս նման դեպք չի գրանցվել): Այնպես որ, դատավճիռն ապօրինի ճանաչելը եւ Ա. Պողոսյանին արդարացնելը պետության ներկայացուցչի համար դեռեւս հիմք չէ, որ պետք է հատուցել 5 տարի եւ 6 ամիս գաղութում երիտասարդի կորցրած թեկուզեւ հոգեկան առողջության վերականգնման համար: Ընդհանրապես, պետական կառույցների մոտեցումը վնասի հատուցման հարցում այն է, որ նախադեպ պետք չէ ստեղծել:

Դժգոհիր քո ճակատագրից

Ճիշտ նույն մոտեցումով անցնող տարում դատարանը մերժեց վնասի հատուցման մեկ այլ հայցապահանջ: 2000թ. մարտի 25-ին, երբ Երեւանի բնակիչ Արտավազդ Սահակյանն ընկերոջ մեքենայով անցնում էր Լոռու մարզի Ձաղիձոր-Մարց ճանապարհահատվածով, ճանապարհի եզրին գտնվող ժայռից ժայռաբեկորն ընկել էր մեքենայի վրա: Մեքենան ամբողջովին կոտրվել էր, իսկ Ա. Սահակյանի դեռահաս աղջիկը մարմնական ծանր վնասվածքներ էր ստացել՝ կոտրվել էր գանգոսկրը: 5 օր անգիտակից վիճակում գտնվելուց հետո, վիրահատության շնորհիվ հաջողվել էր փրկել աղջկա կյանքը: Պատահարից հետո աղջիկը կորցրել է հիշողությունը եւ այլեւս ի վիճակի չի եղել ուսումը շարունակել հանրակրթական դպրոցում: Աղջիկը հետագայում նորից վիրահատությունների է ենթարկվել առողջությունը վերականգնելու համար եւ դեռ էլի պետք է ենթարկվի:

Արտավազդ Սահակյանը Լոռու մարզպետարանի անգործության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու պահանջով դիմել էր դատարան: Մարզպետարանի ներկայացուցիչները դատարանին հայտնեցին, որ իրենք պատասխանատու են ճանապարհահատվածի անվտանգ երթեւեկության համար: Նույնիսկ հենապատ կառուցելու, քարերը հեռացնելու եւ այլ աշխատանքների համար նախահաշվարկ են ներկայացրել կառավարությանը, սակայն, նրանց ասելով, բյուջեից այդ նպատակով գումարներ չհատկացվելու պատճառով նշված աշխատանքները չեն կատարվել: Եվ սա այն դեպքում, երբ դժբախտ պատահարը, ինչպես նրանք վկայեցին, եզակի չէ այդ ճանապարհին, եղել են նույնիսկ մահվան ելքով պատահարներ: Սակայն տուժածները փոխհատուցման պահանջ չեն ներկայացրել:

Փաստորեն, պատասխանողն ընդունեց, որ ճանապարհի սպասարկումը, ներառյալ հենապատի կառուցումը, Լոռու մարզպետարանի պարտականությունների մեջ են մտնում, եւ պետք է հենապատեր կառուցվեին, սակայն... Եթե մարզպետարանը հենապատ չէր էլ կարող կառուցել, ապա հենապատում պրոֆիլակտիկ աշխատանքներ կարող էր կատարել, ինչպես իրենք ասացին դատարանում՝ թուլացած քարերը պետք է հանեին: ՀՀ Քաղ. օր-ի 1063 հոդվածի համաձայն՝ «Վնասը ենթակա է հատուցման քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ոչ միայն ապօրինի գործողություններով, այլեւ անգործությամբ պատճառվելու դեպքում»:

Չնայած դրան՝ Լոռու մարզպետը շարունակ բողոքարկում էր դատարանի վճիռները, եւ այս հարցում իշխանության երկու օղակները՝ գործադիրն ու դատականը, համակարծիք էին, որ իշխանություններից վնասի հատուցում պահանջելու նախադեպ չի կարելի ստեղծել: Դատարանը կատարվածը վերագրեց «անհաղթահարելի ուժի հետեւանքով» (force majeure) կրած վնասին, ուստի քաղաքացին փոխհատուցում պահանջելու իրավունք չունի: Պարզվեց, որ իշխանությունների անգործության մեղքով քաղաքացիների կյանքի համար առաջացած մահվան սպառնալիքը չի կարելի վերացնել, որովհետեւ պետությունն աղքատ է, իսկ փորձանքի մեջ հայտնվածները պետք է դժգոհեն միայն իրենց ճակատագրից կամ, եթե հնարավոր է, սեփական միջոցներով վերականգնեն կորցրածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter