HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Նաջարյանների գործը փորձաքար է սփյուռքահայ ներդնողների համար

Ինչպես արդեն նշել ենք, 2004թ. դեկտեմբերի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարեց ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի բողոքը (Տե՛ս նաեւ' Գլխավոր դատախազությունը Նաջարյանների դեմ): Դատարանը որոշեց, որ քրեական գործով վարույթը պետք է շարունակվի, եւ Ջորջ Նաջարյանը պետք է ընդգրկվի որպես տուժող: ՀՀ գլխավոր դատախազությունը դեմ է դատարանի այս որոշմանը եւ դեկտեմբերի 24-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին ներկայացրեց իր բողոքը: Դատախազությունը վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը: Այսինքն' դատախազությունը կարծում է, որ քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա:

2005թ. հունվարի 25-ին կայացած նիստի ժամանակ Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Ա. Պողոսյանը նշեց, որ դատարան պետք է հրավիրել Գրիգոր Իգիթյանին' լսելու նրա բացատրությունները: Սա դատավորի սեփական նախաձեռնությունն էր. նման միջնորդությամբ հանդես չեն եկել ո՛չ դատախազության, ո՛չ էլ Նաջարյանների ներկայացուցիչները: Գ. Իգիթյանը դահլիճում էր եւ, տեղից վեր կենալով, հայտնեց, որ ինքը ներկա է: Դատավորը մի պահ անակնկալի եկավ, սակայն, այնուամենայնիվ, նիստը հետաձգելու որոշում կայացրեց:

Փետրվարի 10-ի դատական նիստում Նաջարյանների ներկայացուցիչներ Աշոտ Պողոսյանը եւ Հրայր Ղուկասյանը ներկայացրին իրենց միջնորդությունը: Նրանք գտնում են, որ դատախազության «բողոքը պետք է քննվի եւ լուծվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ գլխի (Դատական վերահսկողություն մինչդատական վարույթի նկատմամբ) կանոններով եւ, մասնավորապես, ՀՀ քր. դատ. օր. 290-րդ հոդվածով սահմանված կարգով»:
Այդ ընթացակարգը դիմողից եւ վարույթն իրականացնող մարմնից բացի քրեական գործի հետ կապ ունեցող կամ չունեցող այլ անձանց մասնակցություն, առավել եւս նրանց բացատրությունների ունկնդրում, չի նախատեսում:

Ջ. Նաջարյանների ներկայացուցիչները գտնում են, որ Գրիգոր Իգիթյանը դատարանում չպետք է բացատրություն տա եւ հարցերին պատասխանի, քանի որ նա չունի որեւէ կարգավիճակ եւ հայտնի չէ, թե դատարանում նա որպես ինչ պետք է հարցաքննվի: «Գրիգոր Իգիթյանը որեւէ առնչություն չունի քրեական գործով վարույթը կարճելու, այդ որոշումը վերացնելու եւ Ջորջ Նաջարյանին տուժող ճանաչելու վարույթն իրականացնող մարմնի համար պարտավորություն սահմանող Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի, ինչպես նաեւ' սույն դատարանի քննության առարկա հանդիսացող վերաքննիչ բողոքի հետ: Այս պահին քրեական գործով կարգավիճակ չունեցող Գրիգոր Իգիթյանին լսելու համար դատարանը որեւէ իրավական հիմք չունի, դրանով դուրս է գալիս ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից եւ խախտում ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը»,-նշված է միջնորդության մեջ:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը հռչակում է.

«Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:

Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ»:

Ջորջ Նաջարյանների ներկայացուցիչները միջնորդեցին «չլսել սույն գործով որեւէ կարգավիճակ չունեցող Գրիգոր Իգիթյանի բացատրությունները եւ ընդհանրապես նրան մասնակից չդարձնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ընթացակարգի շրջանակներում վերը նշված վերաքննիչ բողոքի քննությանն ու լուծմանը»:

Նման միջնորդության դատավորները չէին սպասում. Ջ. Նաջարյանի ներկայացուցիչները, կարծես թե, խառնեցին նրանց խաղաքարտերը:

Մի քանի րոպե քննարկելով իրավիճակը' դատավորները որոշեցին նորից հետաձգել դատական նիստը: Առայժմ հայտնի չէ նրանց անելիքը: Թե ի՞նչ են մտածել դատական վեճի կողմ չհանդիսացող Գ. Իգիթյանին դատարան հրավիրելով' կարելի է միայն եզրակացնել. դատավարության ընթացքը տանել այլ ուղությամբ եւ կայացնել որոշում, որը կհամընկնի դատախազության տեսակետին, այն է' սա քաղաքացիական վեճ է եւ պետք է տեղափոխել այդ հարթություն:

Դատավարության շուրջ ստեղծված հասարակական հնչեղությունը, կարծում ենք, թույլ չի տա դատարանին գործը վճռել ի վնաս բարերարների: Մեր տեղեկություններով, ԱՄՆ երեք կոնգրեսական, հարյուրավոր սփյուռքահայեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել եւ նամակներ են հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, արտգործնախարար Վարդան Օսկանյանին, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին:

Ակնհայտ է, որ այս գործով դատարանի կայացրած վճիռը միանշանակ չի ընդունվելու: «Սա նաեւ փորձաքար է շատ սփյուռքահայերի համար, ովքեր որոշել են ներդրումներ կատարել Հայաստանում»,-ասաց դատավարությանը ներկա մի սփյուռքահայ, որը չցանկացավ նշել իր անունը' խոստանալով, սակայն, դատավարությունից հետո խոսել այս գործի մասին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter