HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի հէկը չի մարում Գառնի համայնքին ունեցած մոտ 8 մլն դրամ պարտքը

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը Ազատի կիրճում գտնվող «Գառնի» հէկի սեփականատերն է: Հէկ-ը նա կառուցել է 2002-ին, որի համար Գառնի համայնքից 25 տարով վարձակալել է 3400 մ հողատարածք: Գառնիի նախկին համայնքապետ Աշոտ Վարդանյանը 2002թ. հուլիսի 18-ին «Նարէներգո» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնել նաեւ Գառնի համայնքի ոռոգման ջրանցքը եւ ջրագծերը (երկաթյա խողովակաշարը):

2002թ. մինչ օրս «Նարէներգո» ՍՊԸ-ի համասեփականատեր եւ տնօրեն Վ. Նարիմանյանը չի վճարել Գառնի համայնքից վարձակալված գույքի եւ հողամասի վարձավճարները: Ոռոգման ջրանցքի եւ ջրագծերի վարձավճարի պարտքը 2002թ.-ից  մինչեւ 2018թ. մայիսի 10-ը կազմում է 569 հազար 342 դրամ, իսկ պայմանագրով սահմանված տույժն ու տուգանքը միասին` 7 մլն 688 հազար 250 դրամ:

Գառնի համայնքի ներկայիս ղեկավար Ահարոն Սահակյանը փետրվար ամսին «Նարէներգո» ՍՊԸ-ի տնօրենին գրություն է ուղարկել՝ առաջարկելով մարել գույքի վարձավճարի պարտքը, հակառակ դեպքում պայմանագիրը վաղաժամկետ կդադարեցվի, ինչպես սահմանված է պայմանագրի 7.1.3 կետով:

Պայմանագրով ամրագրված է, որ այն վաղաժամեկտ լուծելու հիմք է, եթե վարձակալը վճարման սահմանված ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավել չի մուծել վարձավճարը: Վ. Նարիմանյանը 16 տարի է` չի վճարում վարձավճարը: Ինչպես տեղեկացրեց Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը, ծանուցումը ստանալուց հետո ընկերության ներկայացուցիչը 400 000 դրամ է փոխանցել համայնքապետարանին, այն դեպքում, երբ համայնքապետարանին նրանց ունեցած ընդհանուր պարտքը կազմում է 8 մլն 257 հազար 592 դրամ:

Համայնքային հողատարածքի եւ համայնքային գույքի վարձակալման պայմանագրերը նոտարական վավերացում են ստացել 2002թ. հուլիսին: Համաձայն պայմանագրի՝ համայնքի ոռոգման ջրանցքի եւ ջրագծերի վարձավճարի չափ է սահմանվել ամսական 3000 դրամը, որը պետք է վճարվեր եռամսյակը մեկ անգամ, ամսի 20-ից ոչ ուշ` գումարը փոխանցելով համայնքապետարանի հաշվեհամարին: Ուշացնելու դեպքում վարձակալը համայնքին վճարում է տուգանք` պայմանագրի 0,5%-ի չափով, եւ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ` պայմանագրի գումարի 0,5%-ի չափով:

Հողի եւ գույքի վարձակալության պայմանագրերը կնքվել են 25 տարի ժամկետով: Սակայն 2005թ. ընկերությունը, առանց պարտքերը մարելու, սեփականացրել է հողամասը եւ շարունակել է չվճարել հողի հարկը մինչեւ 2013թ.:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալն իր հէկն անվանել է «Գառնի»: Համայնքի անվանումը օգտագործելու թույլտվության համար ընկերությունը համայնքային բյուջե պետք է վճարեր նաեւ տարեկան 100 000 դրամ, որը չի արել 16 տարի շարունակ:

Հէկ-ը կառուցելու ժամանակ` 2002թ., Վ. Նարիմանյանը զբաղեցնում էր բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալի պաշտոնը: Այս գործակալությունն էր ջրթույլտվություն տրամադրում հէկերին:

Պայմանագրում նշված չէ, թե որ ամիսներին պետք է գործի հէկ-ը, քանի որ այն օգտագործում է գյուղի ոռոգման ջուրը: Ոռոգման սեզոնը սկսվում է ապրիլից եւ տեւում է մինչեւ նոյեմբերի 1-ը, սակայն Գառնիում ամեն տարի ջուրը տրվում է չափազանց ուշացումով` հունիս ամսից ոչ շուտ, երբ գյուղացիների բողոքը մեծ չափերի է հասնում: Ոռոգման սեզոնի ավարտը հիմնականում հայտարարվում է սեպտեմբերին: Իսկ հէկի գործունեությունը չի դադարում անգամ ամառվա սակավաջուր օրերին: Այս տարի Գառնիին դեռեւս ոռոգման ջուր չի տրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter