HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ֆեյսբուք օգտատերերը կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավարից պահանջում են «հավաքել ճամպրուկները»

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանի հասցեին բաց տեքստով հնչող մեղադրանքները համացանցում հայտնվեցին մայիսի 8-ից հետո, երբ արդեն հստակ էր, որ երկրում իշխանափոխություն է կատարվել: Գյումրեցի ֆեյսբուքյան օգտատեր Գեւորգ Գեւորգյանն իր էջում տեղադրել էր կոնսերվատորիայի ղեկավար Կարինե Ավդալյանի լուսանկարը՝ նրան մեղադրելով կաշառակերության եւ բուհը քանդելու մեջ: Գեւորգի հրապարակումը մեծ արձագանք էր գտել:

«Ես չէի սպասում, որ էդքան մարդ պիտի իմ ստատուսով կիսվի՝ 1500 հոգի, ու եսիմ ինչքան քոմենթ պիտի գրեն,- արդեն հանդիպման ժամանակ խոստովանում է Գեւորգը,- իմ էջը շատ սովորական էջ է, միջին, ես կասեի՝ չերեւացող: Էն, որ միանգամից էդքան մարդ ուշադրություն դարձրեց՝ ոչ թե իմ անձն էր պատճառն, այլ գրածիս ճշմարտացիությունը: Տարիներ շարունակ բոլորը՝ դասախոս, ուսանող, ուսանողի ծնող, էս մասին իմացել են, բայց ոչ ոք չի բարձրաձայնել: Եթե իշխանափոխություն չլիներ, գուցե էլի չխոսվեր՝ հաշվի առնելով, թե ովքեր էին Ավդալյան Կարինեի թիկունքում կանգնածները՝ հանձինս Սերժ Սարգսյանի եղբոր եւ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի»:

28-ամյա Գեւորգն աշխատում է Գյումրու հյուրանոցներից մեկում որպես ադմինիստրատոր: Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հետ առնչվել է իբրեւ ուսանող: Զրուցակիցս երաժիշտների ընտանիքից է: Ուսումը կոնսերվատորիայում շարունակելու ցանկությունն ու որոշումն իրենն է եղել՝ ծնողները չեն ընդդիմացել:

«Գործերս կոնսերվատորիա տվել եմ 2007թ.: Թերթիկը լրացնելիս նշեցի միայն «անվճար» տարբերակը, որովհետեւ գիտեի, որ մերոնք չեն կարողանալու տարեկան 350 հազար դրամ վարձ մուծել, եթե ընդունվեի վճարովի հիմունքներով: Հենց էդ գիշեր զանգեց Ավդալյան Կարինեն ու ընձի կանչեց իրանց տուն: Թե բա` «Տղա ջան, դու ինչի՞ ես նշել միայն «անվճար», դու չես կարող ընդունվել անվճար, քանի որ էդ տեղերի համար փողերը տվել են էս ու էս մարդիկ: Դու անպայման վճարովին էլ նշե: Մի անհանգստացի, դու կընդունվիս՝ մենք մե բանմ կենենք»: Ես, ճիշտն ասած, մի տեսակ կոտրվեցի էդ ժամանակ, բայց ամեն դեպքում որոշեցի, որ պիտի քննություններին մասնակցեմ: Ու քանի որ «անվճար» տեղերն արդեն ծախած էին, ես կես բալի տարբերությամբ ընկա վճարովի»:

Գեւորգը պատմում է, որ հետագա «անհարմարություններն» արդեն հոգեբանական բնույթի էին: «Ասենք` նստած ենք դասի, կմտնեին ու՝ էսինչ, էնինչ, դուք էլ չգաք դասի, որովհետեւ վարձը չեք մուծել: Ու ես ամեն օր կսպասեի, թե երբ պիտի հերթը հասնի ինձ: Արդեն ճնշող բան կար, մանավանդ, որ ամեն տեսնելուց տիկին Ավդալյանը կհարցներ` «Ի՞նչ կմտածես»: Մի օր կանչեց մոտը, թե` տղա ջան, ըսպես չի էղնի, մենք մեր մարդկությունն էրինք, դու լավ կսորվիս, հըմի ծնողներիդ հերթն է, թող դիմեն ըստեղ-ընտեղ՝ փող ճարեն: Ըստեղ-ընտեղն էլ կուսակցություններն էին: Մերոնք, ճիշտն ասած, փորձեցին էդ ցույց տված ճանապարհը, բայց չկարողացանք գումարը ճարել, ես էլ որոշեցի, որ էլ չեմ գնա դասի»:

Գեւորգն ասում է, որ կոնսերվատորիայի ուսանողներից շատերն են ենթարկվել այդ ճնշմանը, շատերն են լուռ կուլ տվել տարբեր նվաստացումներ բուհի ղեկավարի կողմից: «2008թ. սեպտեմբերին ինձ նորից կանչեցին կոնսերվատորիայից: Պարզվեց` առանց իմ իմացության տիկին Ավդալյանը ձեւակերպել է տարկետում: Ինձ նստեցրին երկրորդ կուրս ու էլի ասին, որ լավ կլինի: Հետո պարզվեց, որ ոչ մի բան էլ լավ չէր, ինձնից պահանջեցին նախորդ տարվա ուսման վարձը եւ, իհարկե, պիտի վճարեի արդեն երկրորդ կուրսինը, եթե մնայի: Մի խոսքով, երկրորդ կուրսն էլ մի երկու ամիս գնալուց հետո թողեցի ու ընդհանրապես մոռացա կոնսերվատորիայի մասին: Հետո իրենք հայտարարեցին, որ բացակայությունների պատճառով դուրս եմ մնացել ինստիտուտից»,- ասում է Գեւորգը՝ նկատելով, որ հարցն այն չէ, թե իրենից վիրտուոզ երաժիշտ պիտի ստացվեր, սակայն չթողեցին՝ պարզապես երեւույթն էր նվաստացնող:

«Այսքան տարի անց իմ բարձրաձայնելը որոշ մարդիկ չեն հասկանում: Հիմա, երբ երկրում իրողություն է փոխվել, երբ հույս կա, որ կրթական համակարգում էլ մի բան կփոխվի, ուզեցի, որ այս մասին իմացվի: Սկզբում շատ համախոհներ ունեի, որ կիսվում էին գրածներովս, ասում էին` կողքդ կանգնած ենք, հիմա քիչ-քիչ պակասում են: Իմացել եմ, որ Կարինե Ավդալյանը զանգում է բոլորին, ովքեր գրում են, կանչում է իր մոտ, ինչ-որ տարիներով չտված կրթաթոշակներն է տալիս, կես ժամը մեկ ուսանողների հետ ժողովներ է անում ու էլի չգիտեմ ինչեր: Դե, բուհի ուսանողները վախենում են խոսեն, մյուս խոսացողների հետ էլ երեւի ինչ-որ կոմպրոմիսի է գալիս: Իմ վրա էլ են փորձում ճնշում գործադրել, մարդ է ուղարկում մեր տուն, մարդ է զանգում առաջարկում հանդիպել, սպառնալիքներ են հնչում, բայց կարծում եմ, որ պրոցեսը սկսված է ու հստակ լուծում պիտի ստանա»,- հույս է հայտնում զրուցակիցս:

«Հետք»-ի մյուս զրուցակիցը Լիանա Սեֆերյանն է, որ 2003-2009թթ. աշխատել է կոնսերվատորիայի հենակետային «Իմպրոռիթմ» վարժարանում որպես դաշնամուրի դասատու: Որպես աշխատավարձ ստացել է սկզբնական շրջանում 2 500 դրամ, հետագայում` 4 հազար 500 դրամ: «Կոնսերվատորիայում երկու ռոճիկացուցակ կար, որ ստորագրում էինք: Ես, օրինակ, ստորագրել եմ 80 հազարի դիմաց, բայց ստացել եմ 4 500 դրամ, սա էն դեպքում, որ վարժարանի ամեն մի երեխայի վարձը 11 հազար դրամ էր, ես էլ ամեն տարի ունեցել եմ 15-20 աշակերտ,- պատմում է Լիանա Սեֆերյանը,- ես էդ տարիներին գումարի խնդիր չեմ ունեցել, գուցե դրա համար էլ աչքիս չի երեւացել աշխատավարձը: Հետո ես արենդայով վերցրել, աշխատացնում էի կոնսերվատորիայի բուֆետը: Հիմա չմտածեք, թե եսիմ ինչ թվեր էի աշխատում՝ սուրճը 50 դրամ էր, հոթ-դոգը՝ 150 դրամ, բուլկին՝ 50 դրամ, ի վերջո, աշխատող կար, ում նաեւ աշխատավարձ էի տալիս, որովհետեւ գիտեմ, որ իմ ասածները կարդացողը պիտի ասի` բա ո՞նց, բուֆետ էր աշխատացնում, դրա համար էլ 4 հազար դրամ աշխատավարձն իրան ձեռք կուդար»:

5 տարի աշխատելով «Իմպրոռիթմ» հենակետային վարժարանում` 2008թ. Լիանա Սեֆերյանը պարզում է, որ ինքը գրանցված աշխատող չէ, եւ աշխատանքային տարիները որպես ստաժ չեն արտացոլվելու աշխատանքային գրքույկում: «Ես էդ ժամանակ նամակով դիմեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Դրանից հետո ինձ կանչեց Կարինե Ավդալյանը, կոպիտ բառերով ինձ վիրավորեց, ասում էր՝ էդ վրես կլյաուզա ես գրե՞լ, փողոցին բնորոշ ամենավերջին բառերն ասել է: Ինձ ասում էր՝ հիշի, որ աղջիկ երեխա ունես: Հետո իմ աշխատանքային գրքույկում ընդամենը 4 ամսվա աշխատանքային ստաժ գրեցին, էն էլ գործից դուրս գալուց հետո, տարիուկես տանել-բերելուց հետո: Իսկ էդ տարիներն ինձ համար շատ կարեւոր էին, որովհետեւ ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ ու վերահաշվարկների ժամանակ նշանակություն ունի»,- նկատում է զրուցակիցս:

Լիանա Սեֆերյանի փոխանցմամբ, կոնսերվատորիայի աշխատակիցների մի մասի անունով մասնաճյուղի ղեկավարը վարկեր է ձեւակերպել, ինքը զերծ է մնացել այդ պրոցեսից, քանի որ սեփական տուն չունի: «Մենք ընտանիքով ապրում ենք նախկին մարզային հիվանդանոցի բակում գտնվող մանկապարտեզի շենքում, սեփական տուն չունենք ու հիմա մտածում եմ, թե գուցե դա էր լավը, թե չէ հիմի իմ տունն էլ գրավ դրած կլիներ Ավդալյանը,- ասում է Լիանան,- ամբողջ քաղաքը գիտի, որ իր աշխատակիցների տներն իր պատճառով գրավի տակ են, մարդիկ վախից չեն խոսա, որ հանկարծ էնպես չլինի փողերը չտա, էդ վարկերը մնան իրենց վրա: Կոնսերվատորիայում արդեն ասելիք-խոսելիք է դարձել, թե հանկարծ ոսկե զարդերով Ավդալյանի մոտ չմտնեք, թե չէ վրեքիցդ կհանե, կտանի բանկ»:

Գեւորգ Գեւորգյանի տեղեկություններով` Ֆեյսբուքում ծավալված բուռն քննարկումներից հետո կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանը ստորագրահավաք է կազմակերպել սեփական անձը ապահովագրելու նպատակով: «Ուրեմն վարչապետին ուղղված նամակ են պատրաստել ու էդ տեքստը սկսվում է հետեւյալ բառերով. «Մենք առաջին իսկ օրվանից աջակցում էինք ժողովրդական շարժմանը... »: Ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ կոնսերվատորիայի երեխեքը դուրս չեն եկել, դասադուլ չեն արել: Հենց հիմա, օրինակ, կոնսի ուսանողներից կան, որ ասում են` հա, մենք էլ պատմենք լրագրողին ինչ կա-չկա, բայց մեր անունները չգրվի, այսինքն` իրենք եթե վախենում են ռեկտորի դեմ խոսելուց, ինչպե՞ս կարող էին ցույց անել: Ու Կարինե Ավդալյանը շատ լավ օգտվում է էդ վախի մթնոլորտից, հիմա էլ բոլորին համոզում է, որ փոխվել է: Նորից եմ կրկնում, պիտի ամեն ինչ փոխվի, որ իմ նմանները դուրս չմնան կրթական համակարգից, չենթարկվեն նվաստացումների»,- ասում է Գեւորգը:

«Հետք»-ը պարզաբանումների համար կդիմի նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանին: Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականից հետո ֆեյսբուքում հայտնվեցին գրառումներ, որ «ճամպրուկները հավաքելու» հերթը կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանինն է: Համալսարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տեղյակ է խնդրին, սակայն դրան կանդրադառնա հաջորդ շաբաթ Գյումրի կատարելիք աշխատանքային այցի ժամանակ:

Մեկնաբանություններ (3)

Կարեն
Միանգամայն համաձայն եմ Գեվորգի հետ, Չնայած, որ չեմ ճանաչում անձամբ: կարինե ավդալյանը բացի նրանից, որ պրոֆեսիոնալ կաշառակեր է նաեւ չի կարող աշխատել տվյալ հաստատությունում: Ոչ տեր կա ոչ տիրեկան: Երբ ուզում եք մտեք: Զինկոմից քիչ է տարբերվում: անկամպ տղաներ են ներսում լիքը: Դասապրոցեսն էլ անվորակ որովհետեվ բանից անտեղյակ մարդիք են դասավանդում: Ինչպես կարող է դաշնամուրի մասնագետը, որը դեռ կասկածելի է իր մասնագիտության մեջ նաեւ լինի լարային ամբիոնի , փողային ամբիոնի կամ էլ ոկալի ամբիոնի վարիչ: Նման բան լսած կաք՞:
Kara
Շնորհակալություն նյութի հեղինակին։ Վերջապես կարդացինք մի նորմալ նյութ և հասկացանք, թե ինչն է պատճառը, որ հիմա էլ Ավդալյան Կարինեի հրաժարականն են պահանջում։ Թե չէ մի գլուխ միայն վիրավորում են, մերժում՝ առանց հիմնավորելու, թե որն է դրա պատճառը։
Գևորգ
Կոչ ենք անում բուհի ռեկտորատին, դադարեցնել ճնշումներն ու հոգեբանական բռնությունը դասախոսակազմի և ուսանողների վրա, այլապես կհրապարակվի նաև դրանց ձայնագրությունները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter