HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պաշտոնյայի դստեր ընկերությունը դեկտեմբերից գործունեությունը վերսկսել է, սակայն «1000 դրամներ»-ի պարտադիր վճարները չի կատարել

Պետական եկամուտների կոմիտեն պնդում է, որ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանի դստեր ընկերությունը 2017 թվականի դեկտեմբերի 11-ից գործունեությունը վերսկսել է: Պետական կառույցների պաշտոնական կայքերի տվյալները, սակայն, այլ բան են ապացուցում: Զինծառայողների ապահովման հիմնադրամի կայքի պարտադիր վճարների տվյալներով՝ այս ընկերությունը 2017 թվականի հոկտեմբերից յուրաքանչյուր աշխատակցի համար նախատեսված պարտադիր 1000 դրամի վճարը չի կատարում: Եթե ընկերությունը դեկտեմբերից գործունեությունը վերսկսել է, ապա գոնե տնօրենի համար պարտադիր 1000 դրամի վճարը պետք է հիմնադրամին փոխանցած լիներ: Ի դեպ մարտի 26-ին պետական եկամուտների կոմիտեից մեզ հայտնել էին, որ ընկերության գործունեությունը այդ պահի դրությամբ ժամանակավորապես դադարեցված է:


Ընկերության վերջին վճարները՝ «1000 դրամների» հիմնադրամին

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանի դստեր՝ Ալիտա Ադամյանի ընկերության հետ: Ծառայությունների մատուցման այդ պայմանագրով «Ակադա պրինտ» ՍՊ ընկերությունը քաղաքապետարանի համար պետք է տպագրի աղբահանության վճարների անդորրագրեր: 8,5 միլիոն դրամի պայմանագրով տպագրվելու է 945 000 անդորրագիր, յուրաքանչյուրը՝ 9 դրամով:

Անհասկանալի է, թե ինչպես է «Ակադա պրինտ»-ը քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել, եթե հարկային ծառայության պաշտոնական կայքի տվյալներով՝ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված էր:


Սքրինշոթը արվել է մարտի 26-ին 

Մեր այս հրապարակումից օրեր անց պետական եկամուտների կայքում «Ակադա պրինտ» ընկերության կարգավիճակը փոխվեց և հարկ վճարողների փնտրման համակարգում նշվեց, որ ընկերությունը գործող է:


Սքրինշոթը արվել է այսօր

«Հետք»-ը պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում խնդրեց, թե ընկերությունը ինչպես է Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել, երբ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված էր, իսկ այն վերսկսելու պարագայում պետք է ՊԵԿ-ին տեղեկացներ այդ մասին:

Պետական եկամուտների կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Ակադա պրինտ» ընկերությունը նոյեմբերի 30-ին իրենց տեղեկացրել է, որ անորոշ ժամանակով գործունեությունը դադարեցնում է, ապա արդեն դեկտեմբերի 18-ին տեղեկացրել է նաև տնօրենի ազատման հայտ: Սակայն դեկտեմբերի 29-ին ընկերության կողմից տնօրենի համար ներկայացվել է նոր հայտ, որից հետո, ՊԵԿ-ի փոխանցմամբ, ընկերությունը ներկայացրել է 2017թ.-ի դեկտեմբեր, 2018թ-ի հունվար, փետրվար ամիսների համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներ:

Նշենք, որ «Ակադա պրինտ» ընկերությունը իրականացնում է գրքերի, ամսագրերի, թերթերի, գրենական պիտույքների մեծածախ առևտուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter