HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարինե Ավդալյան. «Թող դիմեն դատախազություն, եթե կգտնվի մեկ հոգի, որ կպնդի, թե ես իրենից կաշառք եմ վերցրել»

Գյումրիում Շիրակի պետական համալսարանի շուրջ ձեւավորված աղմկահարույց դեպքերի զարգացմանը զուգահեռ համացանցում սկսվեց մեկ այլ բողոքի ալիք՝ կապված Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի գործունեության հետ: Եթե համալսարանի ռեկտորի գործունեությունից բողոքում էին դասավանդող դասախոսները եւ ուսումնառության պրոցեսում գտնվող ուսանողներն, ապա կոնսերվատորիայի դեպքում խնդիրը բարձրացրել էին գրեթե 10-15 տարի առաջ բուհը ավարտած կամ նախկինում աշխատած ու այս կամ այն կերպ երբեւէ տնօրենի հետ առնչություն ունեցած անձինք:

«Հետք»անդրադարձել է խնդրին՝ հանդիպելով ֆեյսբուքում լայն տարածում ստացած լուսանկարի(բուհի տնօրենի լուսանկարն է, որի վրա կար «Կաշառակերովնա» մակագրությունը) հեղինակի, ինչպես նաեւ խնդրին արձագանքած անձանցից Լիանա Սեֆերյանի հետ: Տարիներ առաջ արտերկիր մեկնած (ներկայում ապրում է ՌԴ-ում) Հասմիկ Կարանյանի հետ «Հետք»-ն եւս զրուցել է: 35-ամյա Հասմիկը կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ ընդունվել է 2001թ-ին: Մինչ այդ սովորել է թիվ 6 երաժշտական դպրոցում, 1995-97թթ.-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում կոնսերվատորիային կից երաժշտական թեքումով քոլեջում է ուսանել, այնուհետեւ Գյումրու երաժշտական ուսումնարանում: Ասում է, որ 2001թ-ին կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ ընդունվել է սեփական ուժերով՝ առանց որեւէ գումարային կամ մարդկային միջամտության:

Հասմիկ Կարանյանը ֆեյսբուքյան էջում գրել էր կոնսերվատորիայում ուսանած տարիներին իր հետ կատարված միջադեպ մասին: Հեռախոսազրույցի ժամանակ Հասմիկը նշեց, որ հիմնական պրոբլեմն եղել է դասախոսներից Նելլի Գյոզալյանի հետ: Վերջինս, ըստ զրուցկացիս, «հալածել» է այն բոլոր լավ սովորող ուսանողներին, որոնք կարող էին «սպառնալ» իր կողմից դասավանդվող ուսանողների «իմիջին»: Խնդիր է եղել նաեւ դասախոսներից Մարինա Խաչատրյանի հետ:

Հասմիկ Կարանյան

«Ես ուսումնարանում սովորելու ժամանակ խնդիրներ չեմ ունեցել դասատուներիս հետ, բայց բուհում դրանք եղան ցավոք՝ ընդհուպ մինչեւ ստացածս բարձր գնահատակնների իջեցում, հաղթած մրցույթների արդյունքների կեղծում եւ այլն: Ես շատ մեծ սթրես եմ տարել, երբ 3-րդ կուրսում էի սովորում: Կիսամյակի ավարտին պարզվեց, որ իբր ես ընդհանրապես չեմ հաճախել մանկավարժական պրակտիկայի դասերին: Կեղծվեցին գնահատականներս և ներկաներս դարձան բացակա: Իսկ հետո առարկան դասավանդող դասատու Մարինա Խաչատրյանը ասաց, որ գումար տալու դեպքում գնահատականս կնշանակի: Ես բնականաբար բողոքեցի և հրաժարվեցի: Հաջորդ օրը Կարինե Ավդալյանն ինձ կանչեց իր աշխատասենյակ և գոռալով դիմեց ինձ. «Քեզանից գումա՞ր են ուզել, որ բողոքել ես»: Ես պատասխանեցի`«այո՛»: Գոռոցով հնչեց «Ես քո հերն եմ անիծելու» արտահայտությունը: Ես դուրս եկա կաբինետից: Հաջորդ օրն ինձ զանգահարեցին և կանչեցին դահլիճ՝ չասելով ինչի համար: Դահլիճում հավաքվել էին բուհի դասատուների ու ուսանողների գրեթե 80 տոկոսը, իսկ Ավդալյան Կարինեն կրկին գոռալով, ասում էր, որ ծնկի իջնեմ ու ներողություն խնդրեմ, կամ հեռանամ բուհից; Ես բնականաբար ծնկի չիջա , բայց գիտակցելով , որ ջուրը կլցնեմ հորս աշխատանքը, ով ուսմանս վարձը վճարելու համար աշխատում էր գիշեր-ցերեկ՝ արցունքն աչքերիս ներողություն ասեցի, թեպետ չէի հասկանում, թե ինչի համար ու դահլիճից դուրս վազեցի»:


Հասմիկ Կարանյանն ասում է, որ այդ դեպքից հետո խորը հոգեբանական ճգնաժամ է ապրել, սկսվել են գլխացավեր, որոնց հետեւանքները զգում է մինչեւ օրս: Հասմիկը բարձրաձայնում է նաեւ կոնսերվատորիայում դասավանդող որոշ դասախոսների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Պատմում է, որ պետական քննության ժամանակ կոմպոզիտորի կենսագրության փոխարեն ներկայացրել է հայտնի նկարչի կենսագրություն, իսկ Ռիխարդ Վագների ստեղծագործության փոխարեն պարզապես իմպրովիզ է արել ու որեւէ մեկը գլխի չի ընկել:

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը բուհը ղեկավարում է 2003թ-ից: Հասմիկ Կարանյանի հետ տեղի ունեցած միջադեպից գրեթե ոչինչ չհիշեց: Դրա փոխարեն ներկայացրեց Հասմիկի անձնական գործում պահպանված երաժշտական ուսումնարանի ավարտական, կոնսերվատորիայի ընդունելության ու ավարտական քննությունների գնահատականները: Հարցին, թե արդյո՞ք եղել է պարտադրանք ուսանողի նկատմամբ, որ ներողություն խնդրի դասախոսի կաշառք պահանջելու վերաբերյալ արած հայտարարությունների համար, Կարինե Ավդալյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ճիշտն ասած ձեր նկարագրած դեպքը չեմ հիշում: Ես սովորաբար չեմ խառնվում ուսանող-դասախոս հարաբերություններին: Բայց եթե այդ աղջիկը կաշառք չի տվել, դասախոսն էլ ասել է, որ ինքը նման բան չի ասել, բնական է պիտի պահանջեի ներողություն խնդրեր ասածների համար»,-նկատեց Կարինե Ավդալյանը:

Ըստ մասնաճյուղի տնօրենի՝ աշխատող մարդը չի կարող թերություններ չունենալ, սակայն արդարացի չէ նաեւ աշխարհում առկա բոլոր մեղքերը տվյալ անձի վրա բարդելը: «Իմպրոռիթմ» վարժարանում դասատու աշխատած Լիանա Սեֆերյանի հնչեցրած մեղադրանքներին տիկին Ավդալյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը միշտ հիանալի հարաբերություններ է ունեցել Սեֆերյանի հետ, ինքը վարժարանի հետ կապ է ունեցել նրանով, որ իր նախաձեռնությամբ է ստեղծվել, սակայն կառավարման առումով պատասխանատուներն այլ անձինք են:

Աշոտ Պետրոսյան

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հենակետային «Իմպրոռիթմ» վարժարանը ստեղծվել է 2003 թ-ին: Ներկայիս տնօրեն Աշոտ Պետրոսյանը աշխատանքի է անցել 2008թ-ից: Նա ասաց, որ պատրաստ է զրուցել միայն իր աշխատած ժամանակահատվածում տեղի ունեցածի շուրջ:

«Ես չգիտեմ Լիանա Սեֆերյանը մինչեւ իմ տնօրեն նշանակվելն ինչ հիմունքներով է աշխատել, բայց իմ օրոք նա աշխատանքի է ընդունվել տիկին Ավդալյանի խնդրանքով: Տիկին Սեֆերյանին աշխատանքի ենք ընդունել սեպտեմբերի 1-ին 2008թ-ի: Նա 15 օր չի եկել, ես ստիպված իր ժամերը տվել եմ Մարիաննա Մարտիրոսյանին: Ես իրեն հայտարարել եմ նկատողություն, բայց չեմ ազատել աշխատանքից: Մեկ ամիս եւս սպասել եմ՝ չի եկել, տվել եմ խիստ նկատողություն, մոտավորապես մի 20 օր հետո էլ հեռացրել եմ աշխատանքից,-պատմեց Աշոտ Պետրոսյանը,- եթե հիշողությունս չի դավաճանում, արդեն 2009թ-ի ապրիլի 1-ից, նորից Կարինե Ավդալյանի խնդրանքով, վերականգնել եմ աշխատանքի, նորից աշակերտ եմ տվել, ժամաքանակով ապահովել եմ, աշխատել է մինչեւ մայիսի վերջ եւ ազատվել է աշխատանքից: Էս ամբողջը հրամանագրքում կա: Ինչ վերաբերում է ցածր աշխատավարձին, մեր մոտ մեկ դասաժամը 1000 դրամ է, նայած ով ինչքան դասաժամ ունի, ըստ այդմ էլ վարձատրվում է»:

Կարինե Ավդալյանի համոզմամբ, իր դեմ կազմակերպված բողոքի արշավն համացանցում կրում է ուղղորդված բնույթ եւ ներկայում բուհի հետ առնչություն չունեցող մարդկանց կողմից է իրականացվում: Նա մատնացույց է անում մասնաճյուղի հանդարտ, բնականոն աշխատանքային ընթացքը՝ շեշտելով, որ թե դասախոսական կազմից, թե ուսանողներից որեւէ մեկը որեւէ մեղադրանքով այս մեկ ամսվա ընթացքում հանդես չեն եկել: Ինչ վերաբերում է Գեւորգ Գեւորգյանի ֆեյսբուքում արած գրառումներին եւ «Հետք»-ին տված հարցազրույցին, Կարինե Ավդալյանի կարծիքով առնվազն ասվել է ճշմարտության 10 տոկոսն եւ ոչ ավելին:

«Գեւորգ Գեւորգյանի մասին ես ոչ մի վատ բառ չեմ ասի, թեպետ ինքն ինձ վիրավորել է, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու՞ է վրդովված մի մարդ, ում համար ես շատ բան եմ արել,-նկատեց Կարինե Ավդալյանը,-դուք կարող եք իր մայրիկի հետ զրուցել, ինքը կհաստատի, որ Գեւորգը պարզապես չէր ուզում սովորել, չնայած շատ ընդունակ էր ու եթե շարունակեր՝ փայլուն ապագա կունենար, որպես դաշնակահար»: Կարինե Ավդալյանը պատմեց, որ Գեւորգի մասին առաջին անգամ լսել է դասախոս Նելլի Գյոզալյանից:

«Նա ինձ ասաց, որ թիվ 5 երաժշտական դպրոցում սովորում է մի շեփորահար տղա, որ ավարտում է նաեւ որպես դաշնակահար: Ես ճանաչում էի Գեւորգի մամային, մորաքույրներին՝ բոլորը շատ լավ դաշնակահարներ են: Հարցրեցի, թե կհասցնե՞ն ծրագիր պատրաստեն, որ Գեւորգն ընդունվի, Գյոզալյանը խոստացավ պարապել: Ես անձամբ մտել եմ այն ժամանակվա ռեկտոր Սերգեյ Սարաջանի մոտ ու խնդրել եմ, ասել եմ, որ տղան պետք է ընդունվի, քանի որ դաշնակահար չունենք, իսկ Գեւորգը շատ ընդունակ տղա է: Սերգեյ Սարաջանն ինքն էլ դաշնակահար էր ու բացի այդ հրաշալի կերպով հասկանում էր, որ կոնսերվատորիան առանց դաշնամուրային բաժնի ի՞նչ կոնսերվատորիա: Գեւորգը ընդունվեց, իրենց ոչ ոք գումար չի ուզել, ինքը մեկ լումա անգամ չի մուծել, որովհետեւ մենք էլ էինք հասկանում, որ ծնողն այդ հնարավորությունը չունի: Հետո սկսվեցին բացակայությունները՝ դրանք մեր մոտ պատճառաբանված են հիվանդության թերթիկներով: Այո, ես տարկետում եմ ձեւակերպել, որովհետեւ չէինք ուզում իր նման ուսանողին կորցնել: Հետո մայրն եկավ, թե` գիտե՞ք, Գեւորգը չի ուզում սովորել կոնսերվատորիայում, ինքը տարված է տեխնիկայով, համակարգիչներով, ուզում է այդ ուղղությամբ գնալ: Ահա եւ ողջ պատմությունը»:

Համացանցանցում հնչած մեղադրանքների հետ կապված, թե կոնսերվատորիայի տնօրենը աշխատակիցների տներն է գրավադրում բանկերում, Կարինե Ավդալյանն առաջարկեց դիմել դատախազություն, եթե նման բան կա: «Թող դիմեն դատախազություն, եթե կգտնվի մեկ հոգի, որ կպնդի, թե ես իրենից կաշառք եմ վերցրել կամ գույքն եմ գրադարել»,-առաջարկեց զրուցակիցս: Բուհի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ քննություններն ուսանողները սովորաբար հանձնել են Երեւանում եւ միայն վերջին երկու տարին է, որ իր ջանքերով դիմորդները Գյումրիում են մասնակցում ընդունելության ու ավարտական քննություններին:


Կոնսերվատորիայի երաժշտական գործիքները վարկային կազմակերպություններից մեկում գրավադրելու իր հասցեին հնչած մեղադրանքի հետ կապված էլ տվեց հետեւյալ պարզաբանումը. «Ես անգամ մեկ գրիչ չեմ կարող առանց մայր բուհի համաձայնության տեղաշարժել, ուր մնաց, թե գրավադրեմ: Ես իրավաբանական անձ չեմ, մենք մասնաճյուղ ենք, որեւէ գործողություն կատարելու համար ես պետք է դիմում գրեմ բուհի ռեկտորին եւ միայն իր թույլտվությամբ ու իմացությամբ որեւէ գործ ձեռնարկեմ: Ինչ վերաբերում է սպիտակ թղթերին, իբրեւ թե բանկի կողմից փակցված, ապա ասեմ, որ դա այդպես չէ, դա ընդամենը գույքագրման հետ կապված է փակցված, եւ եթե նայեք, ապա կոնսերվատորիայում առկա ողջ գույքի վրա կնկատեք»:

Կարինե Ավդալյանը համոզված է, որ իրեն «պատժում» են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին  Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տալու առաջարկի համար: «Նախ ես միակը չէի, որ Գյումրու ավագանուն դիմել էի նամակով: Գյումրիում գործող բոլոր բուհերի ղեկավարներն էլ նամակ էին գրել: Դրանց մոտ տարի ու կես արձագանք չեղավ, մինչեւ որ քաղաքապետին երեւի քաղաքական նպատակներով դրանք պետք եղան՝ ընտրական տարի էր 2016-ն իր համար ու որոշեցին ընթացք տալ մեր դիմումներին: Ու ստացվեց այնպես, որ էն մնացածի նամակները «կորան», բացի իմ ու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի գրած նամակներից: Լրագրողները հարցով դիմել էին երկուսիս էլ՝ Վարդեւան Գրիգորյանը ինչ որ հրաժարվել էր, թե նման նամակ չի գրել, իսկ ես ասացի, որ այո, դիմել եմ, որովհետեւ այդ մարդն իր «Փյունիկ» հիմնադրամով քիչ բան չի արել նույն այդ բուհերի համար: Մեզ օրինակ շատ թանկ ռոյալներ է նվիրել, համակարգիչներ, մանկավարժականին էլ է համակարգիչներ նվիրել, լաբորատորիա են կահավորել: Ավագանու 22 անդամներից 21-ը կողմ էին քվեարկել որոշմանը ու միայն Լեւոն Բարսեղյանն էր դեմ քվեարկել: Եթե չէին ուզում, թող դեմ քվեարկեին բոլորը, ես ընդամենը դիմել եմ առաջարկով»:


Այս շաբաթ սպասվում էր, որ կրկին Գյումրի է այցելելու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Վերջինս խոստացել էր անդրադառնալ կոնսերվատորիայի շուրջ բարձրացված աղմուկին: Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցերին, պարոն Հարությունյանն ասել էր, թե հեռախոսազրույց է ունեցել կոնսերվատորիայի ռեկտորի հետ: «Ինձ հետ չի խոսել պարոն նախարարը, խոսել է մայր բուհի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ: Մենք էլ հույս ունենք, որ նախարարն անպայման կգա եւ կհանդիպի մեր բուհի, թե ուսանողների, թե դասախոսների հետ»,-փոխանցեց Կարինե Ավդալյանը:

 

Մեկնաբանություններ (4)

Լենա
Տեսնելով այս հոդվածը ես ուղղակի ապշած եմ։ Անկեղծ չէի սպասում նման բան ։ Ռեկտորը հայտարարում է, որ ոչ մի դասախոս կամ ուսանող իր մոտ չի գնացել ու ոչնչից չի դժգոհել։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, մոռացել եք? Որ մինչև երեկոյան 9-ը Ձեր սենյակում էի ու ներկայացնում էի դժգոհություններս ու բողոքներս Բուհ-ի ներքին կյանքի վերաբերյալ։ Թե երեկվա անվճար սովորողների ժողովից հետո, երբ ներկայացրել էիք Երևանի Կոնսերվատորիայի ռոկտորին ու ես , որպես ուսխորհրդի նախագահ տեղյակ էլ չեմ եղել այդ ժողովի մասին, որոշեցիք որ վճարովի ուսանողը ձայնազուրկ է ու իրավունք չունի ներկայացնելու իր կարծիքը։ հիմա էլ որոշեել եք որ իմ 3 որվա ներկայացրած դժգոհությունները հաշիվ չեն և հայտարարում եք, որ ոչ-ոք չի բողոքել ու դծգոհություն չի հայտնել։ Ուրեմն հարգելի լրագրողներ իմացեք այդ ոչ-մի ուսանողը ով չի բողոքել , Ես եմ ու իմ մնուս անունըը փատորեն բուհ-ում Ոչ-ոք է ։
Հայկուհի
Շատ հանգամանալից, անաչառ ու վերլուծական տեղեկատվություն է: Էս լրագրողներդ իրավաբանների բացերը լրիվ ծածկում եք: Տեղը գա՝ նրանց էլ կփոխարինեք ու հենց ձեզանով երկիրը իրավական կդառնա: Կեցցե լրագրողը. գրագետ աշխատանք է: Իսկ նյութի տակ շարունակվող այս թեմայով մեկնաբանություններն արդեն ... չեն զզվեցնում, է՛. գարշանք են հարուցում: Ավելի շուտ, գուցե զզվելի է այդ մեկնաբանողների հաստագլխությունն ու պնդաճակատությունը: Որքա՞ն կարելի է ասել՝ փաստերոոոով: Հետեւում եմ զարգացումներին, քանզի քաղաքացիական հասարակության կայացվածության ֆոնին ակնկալում եմ, որ ներկայացվող մեղադրանքները կփաստարկվեն: Բայց... անընդհատ նույն բանը. մի կողմը. «ասում են», հա «ասում են», մյուս կողմը՝ Ավդալյանը՝ հիմնավոր փաստերով:
Մանվել Ղևինյան
Դե հերիք եղավ էլի.. Գևորգ,փաստացի այս կինը միայն լավությունա արել ձեզ,բա սենց ապերախտ կարա մարդ լինի...ու չհոգնեցիք հա ստեր ու զրպարտություններ գրելով... փասթերի դեմ ինչ եք խոսում... լրագրողը գրումա որ չկա որևէ մեկը ում անունով կա կամ եղելա վարկ,նորից քոմենթում եք ձեր նույն ստերը.. խի էտ ինկվիզիցյայա ինչա որ ստիպեր բոլորի մոտ ծնկի իջնելը կամ էսօր օվա ում համար հենց ընենց տեղը փող տալիս որ մի հատել իրա տունը դնի վարկի տակ.. եփած հավի ծիծաղն ել եկավ..ամոթա ամոթ.. Ավդալյանը շատ լավ գործերա անում Գյումրիի երեխաների համար...տո հենց Գյումրվա համար,իսկ դուք ձեր մաղձը կուլ տվեք ինքներդ մի բան արեք ձեր քաղաքի համար, թե էլի ստորաբար ինձ անձնական նամակներով կսկսեք քֆուր տալ.. տնաշեններ գոնե էտել տղամարդավարի արեք,հա սաղ պահել եմ ու դուք դրա մասին արդեն կիմանաք..
Հասմիկ կարանյան
Ինչ է նշանակում, եթե ուսանողը կաշառք չի տվել, իսկ դասախոսը ասել է ,որ կաշառք չի ուզել, ուսանողը պետք է ներողություն խնդրի: Նույնիսկ գրագետ ստելու կարողություն չունի ու լրիվ կրկեսի մեջ է կարինե ավդալյանը: Ուղղակի նողկալի և ողորմելի տպավորութուն է թողնում ; Շատ լավ հիշում է, ու շուտով էլ ավելի լավ կհիշի իր ճղճիմ գործողությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter