HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում կեռասը շատ է, գինը՝ էժան

Մկրտիչ Գաբրիելյանը Արմավիր գյուղում 5200 քմ կեռասի այգի ունի: Այգին հիմնել է 2008թ. և այս տարի է, որ լիարժեք բերք է ստացել: Մկրտիչի հաշվարկներով՝ մոտ 10 տոննա բերք կա ծառերին: Ասում է, որ կեռասը «բծախնդիր» միրգ է, եթե 3-4 օրվա ընթացքում չհասցնեն հավաքել, պոչից առանձնանալու է և թափվի: Արդեն զգում են, որ չեն հասցնելու և մեծ կորուստ են ունենալու:

Մկրտիչ Գաբրիելյանը

Արմավիր գյուղը հայտնի է իր կեռասի այգիներով: Դժվար է գտնել մի տուն, որի բակում կեռասի ծառ չլինի: Գյուղացիները կատակով նշում են, որ կեռասն իրենց այցեքարտն է: Գյուղացիների այս օրերի միակ զբաղմունքն օր առաջ կեռասը քաղելն ու վաճառելն է: Ի տարբերություն այլ մրգերի, կեռասը դիմացկուն չէ, շուտ է փչանում: Իսկ անձրևներն ավելի են վնասում բերքը:

Արմավիրցիներն այս տարի սպասվածից շատ բերք են ստացել: Ծառերի ճյուղերը ծանրությունից կպել են գետնին: Թեև կեռասի գինը շուկայում բարձր է՝ 900-1500 դրամ, սակայն մթերողները գյուղացիներից գնում են 350 դրամով:

«Այսօր գիլասի ինքնարժեքն արդեն 200 դրամից ավել է նստած իմ վրա: Ֆուռատեր օլիգարխներն էլ ուզում են գյուղացու դժբախտության վրա ուրախություն սարքեն, հավաքում են մեկ կիլոգրամը 350 դրամով»,- ասում է Մկրտիչ Գաբրիելյանը և հավելում, որ միայն թունաքիմիկատներով վնասատուների դեմ պայքարն արժեցել է 50 000 դրամ:

Նրա հաշվարկներին ավելանում է նաև բանվորի աշխատավարձը: Այսօր նրա այգում աշխատում էր 10 մարդ: Մեկ դույլ կեռասը աշխատողները հավաքում են 500 դրամով, իսկ տեսակավորողները օրական ստանում են 6000 դրամ աշխատավարձ: Այգում աշխատողները Արմավիր քաղաքից էին:

«Եթե այլ ծախսերն էլ հաշվեմ, հաց ա, կողքից ուրիշ բան ա, յաշիկի հատը 400 դրամ ա, ինձ 100 դրամ փող ա մնում: Բա արժի՞ 100 դրամի համար ներվերս փչացնեմ: Որ 100 դրամ պիտի ստանամ, դրուժբով ծառերը կկտրեմ, պոմիդոր կցանեմ, կամ կգնամ ուրիշի այգում կաշխատեմ, ավելի շատ փող կստանամ»,- հավելում է Մկրտիչը:

Նրա խոսքերով՝ այսօր շուկայում գին թելադրողը ոչ թե գյուղացին է, այլ բեռնատար ավտոմեքենաներով արտահանում իրականացնող մեծահարուստների ընկերությունն ու վերավաճառողը: Մկրտիչն ասում է, որ շուկայում կեռասը թանկ է, քաղաքաբնակներին թվում է, թե գյուղացին է թանկ վաճառում և սկսում են քննադատել՝ «էժանացրեք, գնենք»: Մինչդեռ վերավաճառողը 2-3 անգամ ավելի թանկ է վաճառում: Մկրտիչն ասում է, որ այգուց 400 դրամով կվաճառի կեռասը, ով ինչքան ցանկանում է կարող է գնել:

«Էս գիլասի գումարով իմ 4 հոգանոց ընտանիքը պիտի մի տարի ապրի: Գիլասից բացի ուրիշ եկամուտ չունեմ, որ մտածեմ խաղող, ծիրան կվաճառեմ: Գնալով ամեն ապրանքի գինը թանկանում ա՝ պարարտանյութ, թունաքիմիկատ, վառելիք, բայց մեր ապրանքը մնում ա նույնը»,- ասում է Մկրտիչ Գաբրիելյանը:

Մկրտիչը նշում է, որ ապրանքը շատ է, չեն կարող իրենք գնալ շուկա, 1-2 կիլոգրամով վաճառել: Բացի այդ, եթե զբաղվեն վաճառքով, ծառերից չեն հասցնի հավաքել, ամբողջը կփչանա: Ասում է, որ 10 տոննա կեռասը հազիվ մեկ տարվա ընթացքում կարողանա կիլոգրամով վաճառել, ինչն անհնար է: Մի քանի հոգով նույնիսկ մտածել են բեռնատար ավտոմեքենա վարձել և իրենց ուժերով այլ երկիր արտահանել: Հաշվարկել են և պարզել, որ ոչ ոք այդքան գումար չունի ծախսերը հոգալու համար:

«Սա մեր բերքն է, որ պիտի վաճառենք, գումար ունենանք, մեզ որտեղի՞ց այդքան գումար, որ կարողանանք բեռնատար վարձենք ու դուրս տանենք: Մտածեցինք վարկ վերցնենք, բայց պարզվեց, որ մեծ մասը «սև ցուցակում» են, էլ վարկ չեն տալիս: Ինձ էլ չեն տալիս»,- ասում է Մկրտիչը: Ըստ նրա՝ նոր ձևավորված կառավարությունից պահանջներ չունեն՝ հասկանալով, որ կարճ ժամանակում հնարավոր չէ լուրջ բարեփոխումներ անել, շուկաներ գտնել: Սակայն, Մկրտիչը կարծում է, որ գյուղատնտեսական ապրանքի իրացման հարցը պետք է օրակարգային լինի կառավարության համար:

Նշենք, որ թեև այս տարի բերքը շատ է, սակայն զգալի մասն անորակ է: Մեկ դույլ կեռասից 2-3 կիլոգրամն էր վաճառքի ենթակա, մնացած մասը թափում էին, քանի որ անձրևը վնասել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter