HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բա որ ասում էինք` հետաքրքրվիր

«Տիկի՛ն ջան, ես կարող եմ հենց էսօր էլ ձեր գործը փակել-վերջացնել»,-հայցվոր Խանում Սարգսյանի ապշահար հայացքը որսալով' ասաց Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը մարտի 10-ին նշանակված դատական նիստի ժամանակ: «Էլ ի՞նչ անենք քեզ համար, հուշեցինք, ասեցինք, որ դատարանում քո հարցն են քննարկում, չգնացիր հետաքրքրվեիր' արդեն վճիռ են կայացրել, ահա՛»,-ավելացրեց դատավորը' «մեղքի» մեջ կորած կնոջը մեկնելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը: Պարզվեց, որ վճիռն առաջին ատյանի դատարանը կայացրել է փետրվարի 15-ի ամսաթվով' Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Սոս Մելքոնյանի հայցադիմումի հիման վրա, մինչդեռ փետրվարի 18-ին նույն Ս. Մելքոնյանը վերաքննիչ դատարանին ուղղված գրությամբ խնդրում էր հետաձգել իր բողոքի քննությունը, քանի որ հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:

Խանում Սարգսյանի բացասական տեսակետը լսելուց հետո դատարանը մերժեց դատական նիստը հետաձգելու պահանջը, բայց, այնուամենայնիվ, առ ժամանակ սպասեցնելուց հետո հետաձգեց նիստը' հայտնելով, որ եռյակ կազմի X դատավորը չկա: Քիչ հետո դատավորի օգնականը տեղեկացրեց, որ կողմերը չհեռանան' հնարավոր է նիստը տեղի ունենա: Քանի որ Ս. Մելքոնյանն արդեն հեռացել էր' նիստը հետաձգվեց: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերջինիս բերած բողոքի քննությունը նշանակված էր հունվարի 25-ին, սակայն հետաձգվեց երրորդ անհայտ դատավորի բացակայության պատճառով: Փետրվարի 18-ին դատական նիստը դարձյալ տեղի չունեցավ նույն պատճառաբանությամբ: Մարտի 10-ին բողոքարկող կողմն արդեն ներկայացավ վճիռը ձեռքին, որից հետո այլեւս վերաքննիչ դատարանում իր բողոքը քննելու կարիքը չկար:

Վերաքննիչ դատարանի ընձեռած հնարավորությունն օգտագործելով' Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նույն անձանց միջեւ, նույն վեճի վերաբերյալ միաժամանակ երկու վճիռ է կայացրել: Մեկով Վարդենիսի նստավայրում դատավոր Վ. Մելիքյանը վճռել է Խանում Սարգսյանի սեփականությունն ազատել Սոս Մելքոնյանի ապօրինի տիրապետումից, որը վերջինս բողոքարկել էր, մյուսով Մարտունի քաղաքի դատավոր Աղվան Պետրոսյանը վճռում է անվավեր ճանաչել Խանում Սարգսյանի սեփականության իրավունքը եւ ճանաչել Ս. Մելքոնյանի սեփականության իրավունքը Ակունք գյուղում գտնվող տան նկատմամբ:

Խանում Սարգսյանն այդ մասին տեղեկացավ մարտի 10-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում նշանակված դատաքննության ժամանակ: Վճռից պարզվեց. «Պատասխանող Խանում Սարգսյանը նիստի ժամանակի ու վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված լինելով' չի ներկայացել դատական նիստին եւ չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին», ուստի «բարեխիղճ» դատավորը, ի տարբերություն վերաքննիչ դատարանի, այլեւս չի սպասել:

Այնուամենայնիվ, «բարեխիղճ» դատավորը «մոռացել» է ՀՀ քաղ. դատ. օր.-ի 78 հոդվածի 2-րդ կետի պահանջի մասին, ըստ որի' «Դատական ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով' հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով»: Դատավոր Ա. Պետրոսյանը կարո՞ղ է փաստարկել, թե պատշաճ ծանուցման որ տարբերակն է ինքը կիրառել: «Բարեխիղճ» դատավորը մոռացել է նաեւ հոդված 93-ի գոյության մասին. «Դատարանը պատասխանողին պատշաճ ձեւով ուղարկում է հայցադիմումի եւ դրան կից փաստաթղթերի պատճենները»: Քանի որ չափազանց «բարեխիղճ» դատավորը մոռացել էր նախորդ պահանջները, չի հիշել նաեւ իր մեկ այլ պարտականության մասին, որը սահմանված է նույն օրենսգրքի 139 հոդվածով. «Դատարանի վճիռը, այն կազմելուց անմիջապես հետո, պատշաճ ձեւով ուղարկվում է գործին մասնակցող անձանց»:

Այնպես որ, հարգելի՛ հայրենակիցներ, հետաքրքրվե՛ք, դատարաններում գուցե այս պահին ձեզ հետ կապված գործեր են քննվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter