HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Մալթա. վիճակագրությունը մերոնց օգտին է

Այսօր Ավստրիայի Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» տեղի կունենա Հայաստան-Մալթա ֆուտբոլային ընկերական մրցավեճը: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին:

Այս  հանդիպումներով ազգային հավաքականը նախապատրաստվում է աշնանը կայանալիք Ազգերի լիգայի մրցաշարին: Ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Վալերի Ոսկանյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)  
Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)  
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան»
Նարեկ Պետրոսյան, «Բանանց»
Հրայր Մկոյան, «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)    
Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)                   
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) 
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)  
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Բանանց»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)       
Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Նշված ֆուտբոլիստները, բացի Ղազախստանում հանդես եկող Հովհաննիսյանից, Մարկոսից ու Է. Մալաքյանից, արդեն Ավստրիայում են, իսկ այս երեքը ընտրանուն միանալու են հունիսի 1-ին, այսինքն՝ նրանք չեն մասնակցի Մալթայի հետ հանդիպմանը:

ՀՖՖ-ն արդեն տեղեկացրել է, որ Ռուսաստանում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն եւ Խորեն Բայրամյանը իրենց խնդրանքով չեն մասնակցելու հավաքին, սակայն նրանք մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում եւ կմիանան Հայաստանի ազգային հավաքականին ՌԴ առաջնությունում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո:

Ինչպես հայտնի է, չնայած Ռուսաստանն ու Հայաստանը ԵԱՏՄ անդամ են, եւ այս միասնական տարածքում գործող օրենսդրությամբ լեգեոներ հասկացությունը միմյանց մարզիկների վերաբերյալ չպիտի լինի, այդուհանդերձ, ռուսական ֆուտբոլային իշխանությունները մինչ օրս դեմ են գնում վերպետական օրենսդրությանը՝ նույն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին դիտարկելով որպես լեգեոներ: Այսինքն՝ Յուրչենկոն եւ Բայրամյանը խուսափում են Ռուսաստանի առաջնությունում լեգեոներ համարվելու հեռանկարից, քանի որ այդ առաջնությունում գործում են լեգեոներների քանակի սահմանափակումներ:  

Ֆուտբոլի ֆեդերացիան նաեւ հայտնել է, որ ազգային հավաքականին վնասվածքների պատճառով չեն միանալու Արաս Օզբիլիզը, Յուրա Մովսիսյանը, Սարգիս Ադամյանը եւ Արթուր Սարկիսովը: Ավելորդ չէ ասել, որ վերջին երեքը հարձակվողներ են, եւ նրանց ներկայությունը կօգնել հասկանալ, թե ինչ ներուժ ունի մեր գլխավոր թիմն այդ օղակում: Խաղային պրակտիկա չունենալու պատճառով հավաքական չի հրավիրվել Ռուսաստանում հանդես եկող հարձակվող Ռուսլան Կորյանը:

Մյուս կողմից՝ մեր ներքին առաջնությունից նախատեսվում էր հավաքական հրավիրել փյունիկցիներ Արմեն Մանուչարյանին, Պետրոս Ավետիսյանին եւ Գոռ Մանուկյանին, սակայն այս ֆուտբոլիստները նույնպես չեն մասնակցի հավաքին վնասնվածքների պատճառով:  

Հայաստանն ու Մալթան առաջին անգամ հանդիպել են 1994-ի հուլիսի 16-ին Երեւանում: Արսեն Ավետիսյանի միակ գոլը հաղթական եղավ այդ խաղում: Ընդ որում՝ դա մեր թիմի առաջին գոլն ու առաջին հաղթանակն էր թեկուզ եւ ընկերական մրցավեճում: 2007-ի սեպտեմբերի 12-ին հերթական ընկերական խաղում, որը կայացավ Մալթայի Տա Քալի քաղաքում, Արթուր Ոսկանյանի գոլի շնորհիվ մերոնք կրկին նվազագույն հաշվով հաղթանակ տարան: 2008-ի փետրվարի 2-ին Մալթայի մրցաշարի շրջանակներում մեր թիմին հաղթանակ բերեց Արա Հակոբյանի միակ գոլը: Խաղը կրկին տեղի ունեցավ Տա Քալիում: Հետագայում թիմերը 2 պաշտոնական մրցավեճ անցկացրին աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: Տա Քալիում 2012-ի սեպտեմբերի 7-ին աչքի ընկավ Արթուր Սարկիսովը՝ 1-0: Չնայած Մալթան խմբի հետնապահն էր, 2013-ի հունիսի 7-ին մերոնք Երեւանում 0-1 հաշվով զիջեցին հյուրերին: Դա Հայաստանի հավաքականի ամենախայտառակ մրցելույթներից մեկն էր:

Այսպիսով՝ թիմերը մինչ այս հանդիպել են 5 անգամ, որից 3-ը եղել է ընկերական խաղ, 2-ը՝ պաշտոնական: 4 անգամ հաղթել է Հայաստանի ընտրանին, 1 անգամ՝ Մալթան: Գոլերի հարաբերակցությունը՝ 4-1: Փաստորեն, բոլոր խաղերն ավերտվել են 1-0 հաշվով:

Հայաստանի հավաքականը հանդիպմանը ներկայանում է գրեթե օպտիմալ կազմով եւ լավ հնարավորություն ունի ռեւանշ վերցնել վերջին ծանր պարտության դիմաց:  

Լուսանկարը՝ ffa.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter