HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խախտումներ՝ առողջապահության նախարարությունում. ինչ է արձանագրել ստուգող տեսչությունը

Հայաստանի ֆինանսների նախարարության (ՀՀ ՖՆ) ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2017 թվականին իրականացված ստուգումների արդյունքում առողջապահության նախարարությունում և նախարարության ենթակայության տակ գտնվող հինգ կառույցներում արձանագրել է պետական միջոցներից ստացվող գումարների ծախսման մոտ 592.6 մլն դրամի խախտման փաստեր։  

Խախտումներ են կատարվել այնպիսի ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են «Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ» ծրագիրը, «Արյան հավաքագրման ծառայություններ», «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրերը և այլն։

Հիշեցնենք, որ տեսչությունը ներկայացրել է Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը։ Ստուգվել է, թե որքանով են ճիշտ և օրինական ծախսվել պետական բյուջեից, հանրապետական հատուկ ֆոնդերից ու պետական այլ աղբյուրներից հատկացվող գումարները։  

Ֆինանսների նախարարությունից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ առողջապահության նախարարությունում կատարված ստուգմամբ արձանագրված խախտումները վերաբերում են 2015-2016 թվականների և 2017թ. 9 ամսվա գործունեությանը։

Որպես խախտում արձանագրված մոտ 592.6 մլն դրամից 443.4 մլն դրամը ենթակա է վերականգնմանև վերադարձման պետական բյուջե։

Մոտ 421 մլն դրամի խախտումներ թույլ է տվել հենց առողջապահության նախարարությունը

Խախտումների ծավալի մոտ 421 մլն դրամը թույլ է տվել հենց Առողջապահության նախարարությունը, մնացած խախտումների հեղինակները նախարարության ենթակայության տակ գտնվող հինգ կառույցներն են։

Միայն նախարարության խախտումներից բյուջե վերականգնման ենթակա է մոտ 390 մլն դրամը։ Ըստ ֆինանսների նախարության՝ նշված գումարի մեծ մասն արդեն վերականգնվել է։

«ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների մասին ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված տեղեկատվության համաձայն արձանագրված 389.9 մլն դրամից արդեն իսկ 379.4 մլն դրամը ապահովվել է 2017թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումից նվազեցումների, լրացուցիչ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումների ու ՀՀ պետական բյուջե վճարումների տեսքով»,- «Հետք»-ին հայտնեցին Ֆինանսների նախարարությունից։

Առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը, որոնց վերաբերյալ բյուջեից հատկացված գումարների ծախսման խախտումներ են հայտնաբերվել, թվով հինգն են։ Օրինակ՝ «Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ» ծրագրի շրջանակներում, ինչպես նշված է հաշվետվության մեջ, օրթեզների միավոր գների հաշվարկման նպատակով շուկայի պատշաճ ուսումնասիրություն չկատարելու արդյունքում 2016թ. օրթեզի ձեռք բերման գները ավել են նախատեսվել։ Արդյունքում մատակարարված 1580 հատ օրթեզների համար պետական բյուջեից կատարվել է մոտ 28.8 մլն դրամի անարդյունավետ ծախս:

«2017թ. օրթեզի ձեռք բերման արժեքը հաշվարկելիս հաշվի չի առնվել 2016թ. իրականացված շուկայի ուսումնասիրության արդյունքները և ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են ավելի գումարներ, հաշվի առնելով 2017թ. համար կատարողների հետ կնքված պայմանագրերում օրթեզների միավոր գները (որոնք հաշվարկվել են շուկայի ուսումնասիրության արդյունքներով), 2017թ. համար չափից ավելի նախատեսված գումարը կկազմի 31.1 մլն դրամ, որն առաջարկվել է նվազեցնել ծրագրի ֆինանսավորումից»,- նշված է հաշվետվության մեջ:

Մեկ այլ օրինակ՝ «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի շրջանակներում 2015-2016թթ. գոյացել են էական տնտեսումներ.

«Չի ծախսվել նախատեսված գումարի 35.2%-ը կամ 1,834,0 մլն դրամ: Տնտեսումները հետևանք են այն բանի, որ գումարների պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակները, ինչպես նաև պահեստավորված միջոցների մնացորդները: Տնտեսված գումարից 1,091,6 մլն դրամը վերաբաշխումներով ուղղվել է ՀՀ պետական բյուջեի այլ ծրագրերի ֆինանսավորմանը, բացի այդ փաստացի ծախսերի համեմատ կատարվել են ավել դրամարկղային ծախսեր, որը հանգեցրել է պահեստավորված միջոցների մնացորդների ավելացմանը»:

Նույն ծրագրի շրջանակներում առանձին դեղորայքներ ձեռք են բերվել պահանջվածից ավելի քանակություններով, հաշվի չեն առնվել նաև դեղորայքի պահեստավորված մնացորդները։

«… Արդյունքում դեղորայքի մնացորդները մշտապես աճել են և 01.01.2015թ դրությամբ կազմել՝ 295,688.6 հազ. դրամ, 01.01.2016թ դրությամբ՝ 698,150.7 հազ. դրամ, իսկ 01.01.2017թ. դրությամբ՝ 716,510.7 հազ. դրամ: Նախորդ տարիներին՝ մինչև 2004թ. ձեռք են բերվել նաև սահմանափակ պիտանիության ժամկետով դեղորայք, որի արդյունքում գոյացել է հետագա օգտագործման համար ոչ պիտանի ժամկետանց դեղորայքներ»:

171.6 մլն դրամի խախտման փաստեր՝ հինգ կառույցներում

Տեսչությունը խախտման փաստեր է արձանագրել նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ում, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն»-ում, «Սևանի հոգեբուժական հիվանդանոց»-ում, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ում և «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն»-ում։ Ընդհանուր առմամբ արձանագրվել են պետական միջոցների հատկացվող գումարների ծախսման 171.6  մլն դրամի խախտման փաստեր։ Առավել զգալի ծավալի խախտումներ են արձանագրվել «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն»-ում և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց»-ում։

Մասնավորապես, ըստ ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալների՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն»-ում արձանագրվել են 71.6 մլն դրամի խախտման փաստեր, որից 15.1 մլն դրամն է ենթակա վերականգնման պետական բյուջե։

Իսկ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց»-ում արձանագրվել են 81.4 մլն դրամի խախտումներ, որից վերականգման ենթակա է 22.8 մլն դրամը։

Թե նշված հինգ հաստատություններում, թե բուն առողջապահության նախարարությունում արձանագրված խախտումների կապակցությամբ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը առաջարկներ է ներկայացրել խախտումները վերացնելու և վերականգման ենթակա գումարները պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ։

«2017թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքներով քրեական գործեր հարուցելու, ինչպես նաև՝ անձանց պատասխանատվության ենթարկելու մասին տվյալներ, ստուգումների արդյունքներով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացված պաշտոնական տեղեկություններում առկա չեն»,- հայտնեցին ֆինանսների նախարարությունից՝ ի պատասխան մեր հարցին, թե արդյոք քրեական գործեր հարուցվե՞լ են ոչ միայն առողջապահության նախարարության, այլև՝ մյուս նախարարությունների ու կառույցների թույլ տված խախտումների մասով և արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ։

Մեկնաբանություններ (1)

Suren
Լյովան սրնթաց հարստացավ 2004 ին ասոցիացիային տրամադրված 50 հազար դոլար գրանտից, որի դիմաց գրքեր պետք է տպագրվեին, որոնք այդպես ել չտպագրվեցին: Հետո զանազան ապահովագրական գործարքներով՝ Ինգոյի ու Միտրա ապահովագրական բրոկերային ընկերության միջոցով, իդեալական օտկատի մեխանիզմ էր մշակվել, առողջապահության նախարությունն էլ մեր օրերի Բենդեռի արկածախնդրության վերջն էր...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter