HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՏՄՊՊՀ-ի կայքում հրապարակված չեն չորս տարվա որոշումները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայքի գլխավոր էջում պաշտոնական լուսանկարներ կան, որ երեք տարի չեն փոխվել: Իսկ հանձնաժողովն իր որոշումները 4 տարուց ավելի է` չի տեղադրում կայքում: Տարիներ շարունակ ՏՄՊՊՀ-ից պատճառաբանում են, թե որոշումների չտեղադրելը պայմանավորված է տեխնիկական պատճառներով:

Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ-ի կայք-էջը ստեղծվել է 2006թ.՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID):  Դրանից հետո, 2010-2011 թվականներին «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում»  ԵՄ Թվինինգ ծրագրի 7-րդ բաղադրիչով, Հանձնաժողովի ինտերնետային կայքի խնդիրների վերհանման նպատակով, ծրագրի փորձագետների միջոցով իրականացվել է բացառապես տեխնիկական ախտորոշում՝ դիագնոստիկա: Դրանից հետո, USAID-ի հետ համագործակցության շնորհիվ, վերոնշյալ ախտորոշման հիման վրա իրականացվել են որոշակի տեխնիկական աշխատանքներ, որպեսզի կայքի տեղեկատվական բազան հնարավորինս գործի արդյունավետ:

«Այնուամենայնիվ, առայսօր ծրագրային որոշ խնդիրների պատճառով կայքը չի գործում լիարժեք, թեև Հանձնաժողովի ջանքերով արվում է հնարավոր ամեն բան՝ այն առավելագույնս արդյունավետ և թափանցիկ դարձնելու ուղղությամբ: Անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, հնարավոր չի եղել ամբողջությամբ արդիականացնել կայքը՝ համապատասխանեցնելով ժամանակականից պահանջներին, կամ հիմնադրել նոր կայք»,-ասում է Գայանե Սահակյանը:

Հանձնաժողովի աշխատակցի ուժերով կատարվում են որոշակի աշխատանքներ, որպեսզի կայքը գործի հնարավորինս արագ և արդյունավետ՝ ներառելով ՏՄՊՊՀ-ի գործունեության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը: Արդեն իսկ ընթացիկ տարվա ապրիլից տեղադրվում են որոշումները՝ ըստ ամիսների և տարեթվերի: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մեկ ամսյա ժամկետում, որից հետո մինչ այսօր կայացված բոլոր որոշումները կլինեն հասանելի:

ՏՄՊՊՀ-ին հարցում ուղարկելուց անմիջապես հետո տեղադրվեցին հանձնաժողովի 2013թ. մի քանի ամսվա որոշումները: Մինչ այդ հասանելի էր մինչև 2012թ. կայացված որոշումները: Այս պահին տեղադրված են հանձնաժողովի մինչև 2013թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ կայացված որոշումները: Մնացածները բացակայում են և որևէ տարբերակով հնարավոր չէ համացանցում գտնել դրանց ամբողջական տարբերակները:

«Հանձնաժողովի կողմից կայացված որոշումները միշտ եղել են հրապարակային՝ դռնբաց նիստերի միջոցով: Առայսօր չի եղել գոնե մեկ դեպք, երբ որևէ տնտեսվարող, տնտեսվարողի ներկայացուցիչ, ՀԿ, կամ պարզապես քաղաքացի որևէ որոշմանը ծանոթանալու համար դիմի Հանձնաժողովին և այն վերջինիս չտրամադրվի»,-ասում է Գայանե Սահակյանը:

ՏՄՊՊՀ  նախագահի խորհրդականն ասում է, որ կայքի համար պետական բյուջեից Հանձնաժողովին երբևէ գումար չի տրամադրել: Քանի որ կայքը ստեղծվել է ավելի քան 12 տարի առաջ, արդիականացման և պահանջվող նորմերին ու անվտանգության կանոններին համապատասխանեցնելու հարց է առաջացել: Այս հանգամանքով պայմանավորված՝ Հանձնաժողովը 2016 և 2017 թվականների տարեկան բյուջեի պլանավորման ժամանակ դիմել է Կառավարությանը՝ խնդրելով տրամադրել մինչև 1 մլն դրամ գումար՝ այդ աշխատանքների կազմակերպման համար, որը, սակայն մերժվել է:

Այժմ պարզ չէ, թե ՏՄՊՊՀ-ի կայքը վերազինելու նպատակով ինչ աղբյուրներից պետք է ֆինանսական միջոցներ հատկացնել: Պարզ չէ նաև, թե երբ կլուծվի կայքի տեխնիկական վերազինումը որպեսզի հանրությունը տեղեկացված լինի հանձնաժողովի գործունեության մասին, հասանելի լինեն որոշումները:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասում է, որ ՏՄՊՊՀ-ի հիմնական նպատակը ազատ տնտեսական մրցակցության, մրցակցային միջավայրի և սպառողների շահերի պաշտպանությունն իրականացնելն է։ Ակնհայտ է, որ այս բոլոր ուղղություններում որոշումների թափանցիկությունը անհրաժեշտ պայման է։ Իսկ ՏՄՊՊՀ-ի կայքում հանձնաժողովի որոշումները չեն թարմացվել արդեն 4 տարի։

«Ակնհայտ է, որ ՏՄՊՊՀ որոշումներն ունեն նաև նախադեպային ազդեցություն, այսինքն՝ մրցակցության, շահերի պաշտպանության առումով չափազանց կարևոր է այդ որոշումների հանրային հասանելիությունը և թափանցիկությունը։ Այդ իսկ պատճառով դրանց չտեղադրումը կարող է դժվարություններ առաջացնել խախտված իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից»,-նշում է տնտեսագետը:

Գրեթե նույն կարծիքին է մեկ այլ տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: Նրա կարծիքով՝ ընդհանրապես հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը բավական խոցելի է, և ոչ միայն հրապարակայնության մասով:

«Ակնհայտ է, որ մենք ականատես չենք լինում այն արդյունքին, որը ակնկալում ենք: Հանձնաժողովը այն կառույցներից է, որի թափանցիկությունը առավել կարևոր է, քանի որ գործունեությունը առընչվում է սպառողների լայն շրջանակին, հետևաբար նաև որոշումների հրապարակումը պետք է դառնա արդյունավետության և օբյեկտիվության երաշխիքներից մեկը»,- նշում է Մ. Առաքելյանը:

Տնտեսագետը կարծում է, որ նոր իշխանության օրոք հանձնաժողովը կկարողանա իրապես իրականացնել իր առաքելությունը և ապահովել տնտեսության զարգացման կարևոր նախադրյալներից մեկը՝ մրցակցությունը:

Մեկնաբանություններ (4)

Hayk
Շաբոյանը իր արտասահման գործուղումների և ծառայողական մեքենայի համար բավարար գումար ուներ իսկ կայքը թարմացնելու համար մեկ միլիոն դրամ չուներ, զավեշտալի է: Տիգրան Սարգսյանի բոլոր կադրերն էլ նման գործելաոճ են ունեցել, կոծկել, թաքցնել, կեղծել: Սա արվել է միտումնավոր ու այդ մասին Փաշինյանը հստակ արտահայտվել է ազգային ժողովում: Շաբոյանը օր առաջ պետք է հրաժարական տա և զբաղվի ինչ որ հանրօգուտ աշխատանքով, մի գուցե հարկադիր, դա թող արդեն դատախազությունը պարզի !
Արշավիր
Ես անկեղծորեն չեմ հասկանում պարոն Շաբոյանին, որ հանձնարարում է իր աշխատակիցներին կեղծ անուններով մեկնաբանություններ թողնեն: Պարոն Շաբոյան, Ձեր քաղաքական ճակատագիրը, ռեյտինգը, հասարակական վստահությունը ոչ էս հոդվածով, ոչ էլ տակի մեկնաբանություններով ա որոշվում: Պետք ա առաջնայինը երկրորդականից տարբերել: Սուպերմարկետներն իրենց պայմանավորվածության մասին հայտարարություն են անում, դուք ասում եք գերիշխող դիրք չունեն: Գնային պայմանավորվածություն, պարոն Շաբոյան, ապացույցն էլ գցում են ինտերնետ: Ինչ վերաբերում է կայքին, ապա ասեմ, որ եթե ինչ-որ մարմնի ղեկավարը իր բազմամյա կառավարման տարիներին չի կարողանում վերազինել հասարակության հետ իր մարմինը կապող ամենակարևոր գործիքը, ապա դժվար այդ մարդը կարողանա պաշտպանել տնտեսական մրցակցությունը:
Nara
Չեմ հասկանում էլ ուրիշ գրելու բան չկա ընկել եք մի հատ հանձնաժողովի ինչ որ որոշումների ու սայթի հետևից? Արդյոք դա յա մեր երկրի հիմնական խնդիրը? Հոդվածը կարդացի....գրված էր, որ բոլոր նիստերը բաց են ու հրապարակային, որոշումներն էլ տրամադրում են։ Հիմա դրանք սայթում կան, չկան, հիմա կդնեն, 1 ամիս հետո....էդքան կարևոր ա չեմ հասկանում? Միշտ կարդում եմ հետքի հետաքննող լրագրողների գրած նյութերը ու պիտի ասեմ, որ ավելի լավ կլինի ձեր ուշադրությունն ու ժամանակը այլ տեղեր ու այլ խնդիրների ուղղեք
Samvel
Մի բան գրելուց առաջ գոնե մի քիչ մտածեք էլի. Հիմա եթե փող չեն տվել, որ սայթը սարքի, էտ մարդիկ ինչ պիտի անեին??? Ավելի լավ չի մի հատ հարցրեք, ասեք, բա խի փող չեք տալիս, սայթ սարքեն. Թվնոց գործուղումների, էսիմ ինչերի համար փող կա, իսկ սայթի համար փող չկա? Ի դեպ ինձ էլ էր հետաքրքիր մտա իրանց սայթ, ոնց որ որոշումները դրված են, չնայած էս ել չեմ հասկանում, որ անտեղյակ մարդը էտ որոշումներից ինչ ա հասկանալու???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter