HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զրույց Հայկ ու Արեգ Կյուրեղյանների հետ ազատության մեջ

Կյուրեղյան երկու եղբայրները՝ Հայկն ու Արեգը, մի քանի օր է՝ ազատ են: Նրանք մասնակցում են քաղաքական դատավարություններին: Հայկն ասում է, որ ամենից շատ Երևանի փողոցներում քայլելն էր կարոտել: Արդեն եղել է իր համար նվիրական վայրում՝ Ազատության հրապարակում: Արեգին պակասում էր հաղթանակի բերկրանքը. «Հաղթանակն ունենք, հիմա էլ ամեն ինչ կանենք այն փայլուն հանգուցալուծման հասցնելու համար»:

Երկու եղբայրների նպատակն էլ նույնն է՝ հասնել արդարության համար բոլոր պայքարողների ազատությանը՝ «Սերգոն էլ շատ շուտ դուրս կգա, մյուս տղերքն էլ»: Սերգոն՝ Սերգեյը, Կյուրեղյանների երրորդ՝ կրտսեր եղբայրն է: Արեգն ու Սերգեյը մոտ երկու տարի՝ 2016-ի հուլիսի 31-ից, եղել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. «Սերգեյը 2-րդ հարկում էր, ես՝ 3-րդ»: Իրար չեն տեսել շուրջ երկու տարի:

Հայկն էլ, Արեգն էլ բանտային օրերի մասին չցանկացան երկար խոսել: Պատմեցին, որ հիմնականում օրերն անցկացրել են ընթերցելով: Հայկը մոտ չորս տարի եղել է բանտում, վերջին երկու տարին մենակ է պահվել խցում՝ իր ցանկությամբ:

Բոլոր երեք եղբայրներն էլ հոր և մոր՝ Արմենակ Կյուրեղյանի ու Նվարդ Բիլյանի պես, տեխնիկական կրթություն են ստացել: Հայկն ու Սերգեյը Ճարտարագիտական համալսարանն են ավարտել, իսկ Արեգը Ճարտարապետաշինարարական համալսարանը: «Իմ նպատակը փոփոխության ընթացքին մասնակցելն է, ներդրում ունենալը, այն հասցնելը պատվավոր եզրափակման: Հետո արդեն կսկսվի նոր փուլ, ստեղծագործ բնույթի փուլ կլինի: Կլինի համերաշխության միջավայր, մարդիկ կկարողանան ուրախ միջավայրում ապրել, աշխատել»,-ասում է Հայկ Կյուրեղյանը:

Հայկ Կյուրեղյանը եւ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը

Եթե չլիներ հեղափոխությունը…

Արեգ- Կլինե՛ր հեղափոխությունը, որովհետև այդ հեղափոխության համար շատ մարդ էր պայքարում, դիմացինն էլ արդեն թույլ էր: Ամենադժվար օրերին էլ մտածել եմ, որ հաղթանակի օրը գալու է: Բնականաբար օր, ձև չգիտեի, բայց այն, որ էսպես չի շարունակվելու, գիտեի հաստատ: Իսկ գալու էր, քանի որ այս օրվա համար տարիների պայքար է եղել… տեղեկատվությունը բերդում սահմանափակ էր, ռադիո ու հեռուստատեսություն էինք լսում-նայում: Ժամը մեկ ռադիո էինք լսում: Շարժման ձեռքբերումներով ուրախանում էինք, ցավերով՝ ցավում: Իսկ հիմա ազատության մեջ այլ նպատակ չունեմ, բացի նրանից, որ բոլորը, ովքեր պայքարել են արդարության համար, լինեն ազատության մեջ: Երբ դա իրականություն կդառնա, արդեն այլ բաների մասին կարելի է մտածել:

Հայկ- 2015-ին, երբ դատավճիռը կարդաց դատավորը, այդ ժամանակ էլ գիտեի, որ 9 տարի չեմ նստելու: Երբ պատմական իրադարձություններին ծանոթ ես լինում քիչ, թե շատ, վստահաբար գիտես՝ անհնար է նման պարագայում, նման իրականության պայմաններում չլինի հեղափոխություն: Ուղղակի ժամանակի հարց էր, ժամանակի կանխատեսման մեջ կարելի էր սխալվել: Բայց լինելու էր, որովհետև տոտալ անարդարությունը ծնում է այլասերում, բարոյական այլասերում: Երբ մարդը սկսում է խաբել, ճարպիկ խաբեբայությունը մարդու համար դառնում է արժեք, երբ արժևորվում է քծնելը, սողալը, երբ իշխանությունը խրախուսում ու պարգևատրում է դա, այդ ամենը գրավում է ամբողջ մթնոլորտը: Նման պայմաններում ազնվության կայծ ունեցող մարդկանց ապրելու կենսական պայմանները խաթարվում են: Ու այն մարդիկ, ովքեր ազնվություն ունեն հոգիներում, այդ մթնոլորտի դեմ ապստամբելու կենսական պահանջ են զգում: Նման մարդու համար կենսական անհրաժեշտություն է դառնում փոխել այդ միջավայրը: Սկզբում քչերն են գիտակցում՝ ավելի զգացմունքայինները, իրավագիտակիցները, հետո, եթե այդ մարդիկ կարողանում են այդ մակարդումն ու կայծը տարածել, արդեն միանում են նաև մյուս շերտերը: Գիտակցումը նյութականանում ու առարկայանում է, ամբողջ հասարակությունն է սկսում պահանջել փոփոխություն, որ համերաշխություն լինի:

Արեգ Կյուրեղյանը

Պայքարի մասին

Հայկ- Մեր պայքարը վաղուց է սկսվել, ինչպես շատերինը: Մենք որևէ կողմ չենք եղել, ժողովրդի մեջ ենք եղել 2008-ից: «Մարտի 1-ը» խարան էր մնացել մեր հայ տեսակի վրա: Մենք թույլ էինք տվել մեր հանդեպ անմարդկային ոճրագործ արարք. մեր հայրենակիցներին, խաղաղ ցուցարարներին փողոցներում գնդակահարել էին: Մեզ համար պատվի, քաղաքացիների հանդեպ սիրո դրսևորում էր պայքարելը՝ պետք էր մաքրել այդ խարանը, առաջին հերթին` 10 զոհերի համար: Նպատակը՝ երկիրը դարձնել էնպիսին, որի համար իրենք պայքարում էին: Արդեն կատարվել է իրենց երազանքը: Հիմա արդարացի դատ է պետք, որ պատասխանատվության ենթարկվեն սպանդի հեղինակները:

Հայկ Կյուրեղյանը

Հիմնականում ովքե՞ր են բանտերում

Հայկ- Տեսել եմ շատ մարդկանց, ովքեր չէին հաշտվում իրենց պատիժների հետ նաև այն պատճառով, որ ավելի մեծ մեղք գործողներն, օրինակ, մեդալներ կարող են ստանալ, իսկ մի փոքր մեղք գործած մարդը, բնական է, չի կարող իրեն նման պատժի արժանի համարել:  

Արեգ- Պարզ է, որ կան անարդար դատապարտվածներ, բայց ոչ թե ներսում եմ եղել ու այդ պատճառով եմ ասում նման բան, այլ դատական համակարգին ծանոթ լինելով: Դատական համակարգն այնպիսին է, որ դատավճիռների արդարացիության մեջ ոչ մեկը չի կարող համոզված լինել: Ամեն դատվածի գործ եթե նայես, նույն պատկերը կստացվի, ինչ փչացած կշեռքով մի բան կշռած, դրված լինի: Դա իրական պատկերը չի: Դատավճիռն ու իրականությունը տարբեր են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter