HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Իշխանական «քարտ բլանշ» սափրագլուխներին

2005թ. փետրվարի 4-ին, ժամը 20:30-ին Երեւանի ծայրամասերից մեկում' «ՏԵՑ-ի կրուգ»-ում տեղի ունեցավ փոխհրաձգություն: 15 րոպե տեւած փոխհրաձգության արդյունքում մահացավ Մհեր Տեր-Հարությունյանը եւ վիրավորվեց մի քանի տասնյակ մարդ:

Ապրիլի 29-ին ավարտվեց այս գործով դատավարությունը, եւ մեղավորները «պատժվեցին»:

«Ռազբորկայի» դրդապատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր: «Գիծը» վիճարկող կողմերը հարցը պարզելու համար կանչել էին թաղային հեղինակություններին, օլիգարխների թիկնապահներին:

Զինված բախմանը մասնակցել է մոտ 200 մարդ: Դեպքի վայրում հայտնաբերվել են 7,62 եւ 5,45 միլիմետր տրամաչափերի ինքնաձիգների բազմաթիվ պարկուճներ:

Ուշադիր նայեք այս դեմքերին: Վաղը, մեկ շաբաթ կամ մի քանի ամիս հետո նրանք նոր հանցագործություններ են կատարելու: Կատարելու են, որովհետեւ իշխանություններից «քարտ բլանշ» (ֆրանսերեն «carte blanche»՝ գործողությունների լիարժեք ազատություն) են ստացել: Այդ «քարտը», թերեւս, վաղուց է տրվել' դեռեւս 2001թ. սեպտեմբերի 25-ին, երբ «Առագաստ» սրճարանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին: Սպանությունն իրականացրածներից ոչ մեկը չպատժվեց:

Բանգլադեշի Համո Արտաշատցի Հրո Վրեժ Օսիպյան

Նկարի այս երեք «լավ տղաները» (իրենք իրենց այսպես են կոչում) 2004թ. ապրիլի 5-ին հարձակվեցին լրագրողների վրա (Տես՝ Բռնություններ լրագրողների նկատմամբ):

Նրանցից երկուսին այն ժամանակ «հարցաքննեցին», իսկ դատարանը «պատժեց»' ընդամենը տուգանելով 100 հազարական դրամ (200 ԱՄՆ դոլար):

Նկարում առաջինը Բանգլադեշի Համոն է, նույն ինքը' Արմեն Ավետիսյանը:

Մյուսը Արտաշատցի Հրոն է' Հրայր Հարությունյանը: Նա ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահներից է, այժմ պարզապես նրա շրջապատի մարդկանցից մեկը: Հրայրը փոքր բիզնեսով է զբաղվում (խանութներ, տարբեր արտադրամասեր), եւ Հայաստանում նրա համար ստեղծված են իր բիզնեսը զարգացնելու բոլոր պայմանները: Հենց նա է եղել «ՏԵՑ-ի կրուգի» զինված բախման մի թեւի պարագլուխը:

Զինված մյուս թեւի առաջնորդը Երեւանի Չարբախ թաղամասի հեղինակություն Լյովիկն էր:

Նկարում երրորդը Վրեժ Օսիպյանն է: Վերջինս նույնպես ապրիլի 5-ի անկարգությունների ժամանակ գտնվում էր «Նաիրի» կինոթատրոնի շրջակայքում, սակայն դատախազությունը նրան ընդհանրապես չի հարցաքննել: Քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը Վրեժ Օսիպյանին ճանաչել էր որպես իր վրա հարձակվողներից մեկը (Տես' Աշոտ Մանուչարյանը ճանաչել է իր վրա հարձակվողներից մեկին): Այս փաստի հրապարակումից հետո ոստիկանությունը մի անգամ հարցաքննել է Վ. Օսիպյանին եւ դրանով ավարտել իր աշխատանքը:

Այս երեքն էլ «Տեցի կրուգի» ռազբորկայի մասնակիցներից են: Սակայն դատարանն այս անգամ էլ նրանց ազատ արձակեց:

Ապրիլի 5-ին լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարելի է համարել մեր իրավապահների տգիտության դասական օրինակ. զարմանալի է, թե ինչպե՞ս է դատավորն այդ գործը քննել եւ վճիռ կայացրել: Գործի մեջ ընդհանրապես «հարցաքննություն» չկա: Եւ իմանալով «ՏԵՑ-ի կրուգ»-ի գործող անձանց ցուցակը' անմիջապես կարելի էր եզրակացնել, որ սա նույն գործի շարունակությունն է լինելու: Այսինքն' ոչ մեկը չի պատժվի: Միանշանակ կարելի է պնդել, որ եթե ժամանակին պատժվեին ապրիլի 5-ի անկարգությունների հեղինակ-սափրագլուխները, 2005-ի փետրվարին չէր լինի «ՏԵՑ-ի կրուգ»-ը: Իսկ հիմա կարելի է համոզված ասել, որ «ՏԵՑ-ի կրուգ»-ը ունենալու է իր շարունակությունը. դա ակնհայտ է, որովհետեւ իրավապահները սափրագլուխների պատանդն են:

«ՏԵՑ-ի կրուգ»-ը ընդհանրապես հայտնի է ռազբորկաններով. այն գտնվում է Արցախ եւ Արին-Բերդ փողոցների խաչմերուկում: Այդ տարածքում են գտնվում Երեւանի խոշոր գործարանները, եւ խորհրդային տարիներին այնտեղ մշտական եռուզեռ էր: Այժմ այս հատվածն այնքան էլ մարդաշատ եւ երթեւեկելի չէ: Ինչու՞ է փետրվարի 4-ի ռազբորկան տեղի ունեցել հենց այստեղ:

Երբ անցյալ տարի հետաքրքրվում էինք ապրիլի 5-ին լրագրողների նկատմամբ բռնություններ կատարած անձանցով, հետքերը մեզ տարան «ՏԵՑ-ի կրուգ»: Մենք գիտեինք, որ լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացրածների մի խումբ պարբերաբար հավաքվում է այստեղ գտնվող մի գործարանի տարածքում: Այն սափրագլուխների «շտաբն» է:

Մեր լրագրողներից մեկին հաջողվել էր լինել ներսում մի հավաքի ժամանակ, որին ներկա էին Բանգլադեշի Համոն, Արտաշատցի Հրոն եւ Վրեժ Օսիպյանը:

Իրականում «ՏԵՑ-ի կրուգ»-ում պարբերաբար ռազբորկաներ են տեղի ունենում: Դրա մասին հաստատ գիտեն իրավապահները: Այստեղ երբեմն բերման են ենթարկվում մարդիկ, նրանց հետ կատարվում են «դաստիարակչական աշխատանքներ», որից հետո շատ կարճ ժամանակում լուծվում են տարբեր հարցեր' պարտքեր են վերադարձվում, «ստանալիքներ են ստացվում»: Քրեական աշխարհը Հայաստանում սերտաճել է իրավապահ համակարգին: Ավելին' այդ ռազբորկաներին շատ հաճախ մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Փետրվարի 4-ի ռազբորկային նույնպես մասնակցում էին իրավապահներ: Նրանց անունները գիտեն գործը քննող քննիչները, սակայն գործի մեջ ոչ մեկի անունը չկա: Քննիչները նույնիսկ պարզել են, թե ռազբորկայի մասնակից զինված տղաներից ովքեր հենց դեպքի վայրից որ գեներալին, պատգամավորին, օլիգարխին են զանգել: Սակայն այդ փաստերի վրա նրանք «աչք են փակում», որովհետեւ համապատասխան հրահանգ են ստացել:

Կառավարական կոալիցիա կազմող կուսակցությունները առիթ-անառիթ հայտարարում են, որ երկրում պետք է հաստատվի օրինականություն, որ օրենքից դուրս մարդ չպետք է լինի: Սակայն հայտարարություններ անելուց այն կողմ կուսակցությունները չեն գնում:

Այս օրերին քննարկվող Սահմանադրության նախագծում արժե ավելացնել մի դրույթ' «Օլիգարխների եւ պաշտոնյաների սափրագլուխ-թիկնապահները ազգային արժեք են եւ պահպանվում են պետության կողմից»: Հակառակ դեպքում այն ՀՀ Սահմանադրություն չի լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter