HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Արթուր Մանուկյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում դերասան, ռեժիսոր, երգիչ Արթուր Մանուկյանն է։

Արթուր Մանուկյանն՝ ինքն իր մասին (երրորդ տարածությունում)

Չգիտեմ՝ ինչ խոսեմ (երկար դադար)․․․

Երեւի միայն փորձի ժամանակ կարող ես ասել՝ ով ես։ Միակ պահը, երբ ինքդ քեզ կարող ես հասկանալ, պրոցեսի սուր պահն է․ այդ ժամանակ է, որ հասկանում ես՝ ինչ խնդիր ունես քեզ հետ, ինչն ես սիրում քեզնից, ինչը՝ չէ։

Երբ պրոցեսն ավարտվում է, սկսվում է խորթացումը։ Ստեղծածդ այլեւս ոչինչ չի ասում քեզ, ուրիշներին՝ գուցե․․․ Ուրիշները քո ստեղծագործությունն են նայում ու երեւի պատկերացնում են՝ ով ես դու, գուցե կարողանում են նաեւ խոսել քո մասին երրորդ դեմքով։ Իսկ քո պարագայում շարունակում է կարեւոր մնալ պրոցեսի ժամանակը, երբ աչքերդ բարձրանում են վերեւ ու այնտեղից նայում քեզ, տեսնում, թե ոնց ես սխալվում, ոնց ես ճիշտ գործողություն անում, ինչն է, որ շունչդ կտրվելու աստիճան կարող է ոգեւորել քեզ, ինչն է, որ ցավեցնում է, ինչն է որ մեղմացնում է քեզ կամ ջղայնացնում․․․ (դադար)

․․․Ինքն ուրախանում է, երբ նոր բան է սովորում, ինչպես օրինակ մի քանի օր առաջ «սվարկա» անել սովորեց։ Ինքը շատ է սիրում խելոք մարդկանց, ահավոր ոգեւորվում է լավ մտքից, անչափ սիրում է տրամաբանական մտածողությունը, սիրում է Ֆրանսիական հեղափոխությունը, ընկերների հետ ճամփորդելը․․․ Եվ․․․ Եթե պանիկայի մի քիչ տեղ կա, հարյուր տոկոսով հայտնվում է դրա մեջ։ Շատ հուզվող է․ կարող է լացել մուլտֆիլմից, ինչպես օրինակ հուզվել է Մուլանի մասին պատմությունից։ Սիրում է ընկերներին, ովքեր այսօր հաջողություններ ունեն։ Գիտե՞ս՝ իր սերունդը պատմական դեպքերի հետեւանքով բացակա է եղել․ իրենց ներկա չեն դրել։ Հիմա նոր-նոր հնարավորություն կա այդ միջանկյալ սերունդի համար․ Միկան, Արամը․․․ Ցավալի սերունդը, որ, լիարժեք չձեւավորված, ընկավ կայսրության փլատակների տակ։ Ինքն էլ այդ սերնդից է։

Ինքն ամեն օր 4-ից 7-ը «Հովեր» երգչախմբում փորձի է։ Ինքն իր կյանքի ուրախությունների, տխրությունների մեծ մասն ապրել է «Հովեր» երգչախմբում՝ իր շատ-շատ սիրելի ընկերների հետ։

Ստեղծագործ մարդն իր սիրելի կերպարն է․բենզինի պես են, կայծ ես տալիս, ու հրդեհվում են։ Անսահման է սիրում այդպիսի մարդկանց։ Լուսանկարիչ Արեգն է այդպիսին, իր մորաքրոջ տղան է այդպիսին… Նիկոլին է նաեւ այդպես սիրում եւ մտածում նրա մասին։

Երրորդ տարածությունից եկող հարցերը շատ ենամեն մտքի շուրջ մի հարց ծագեց, բայց ուզում եմ սկսենք քո ու Հայաստանի հարաբերություններից։

Ինձ համար շատ բարդ է այդ հարաբերության ձեւակերպումը, որովհետեւ երբեք չեմ սիրել Հայաստանը (դադար)․․․ Ես հարաբերություններ չունեմ Հայաստանի հետ։

Այսինքն Չե՞ս սիրում։

Այն իմաստով, որ հայրենասեր չեմ ու երբեք էլ չեմ հասկացել՝ ինչ են խոսում, երբ  փորձում են բացատրել հայրենասիրությունը։ Ես այստեղ եմ ծնվել, դա փաստ է, որի հետ հաշվի եմ նտում։ Ես Հայաստանի հետ հաշվի եմ նստում։

Բայց դու սահման ես պաշտպանել։

Է՜հ հա, մայրս էլ, որ երկու տարի ծանր հիվանդ էր, խնամում էի իրեն։

Այնպիսի տեղ ես տանում զրույցը, որ ծագած հարցը դժվարանում եմ տալ։

Չէ, ինչու՞, տու՛ր․․․ Կամ ես միանգամից պատասխանեմ՝ հա, մայրս հիվանդ էր, եւ ես մորս վիճակն այդ պահին չէի սիրում։

Մեկ է, «Հայաստանը չեմ սիրում» արտահայտությունն ինձ հիմա չի թողնում առաջ անցնել։

Հա, չգիտեմ՝ ոնց բացատրեմ․ պատկերացրու՝ պահն է, երբ մտածում եմ՝ ոնց անեմ, որ գյուղում կանալիզացիա լինի, ոնց անեմ, որ գյուղում ժանգոտած տաշտի մեջ պանիր չսարքեն, որովհետեւ այդ տաշտը քաղաքակիրթ վիճակին բերելը երկու ժամվա գործ է։

Հայաստանի խնդիրները քո խնդիրներն են ուրեմն։

Ասացի, որ փաստ է այստեղ ծնվելս, ու, հա՛ տեսնում եմ այնպիսի բաներ, որոնք ինձ թույլ չեն տալիս սիրել։ Ես չեմ սիրել ո՛չ Դեմիրճյանի Հայաստանը, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայաստանը,  ո՛չ Ռոբերտի, ո՛չ Սերժի․ անունները շեշտելով չեմ անձնավորում չսիրելը․ չեմ սիրել նաեւ այդ ժամանակները, չնայած որ անձերից էլ է շատ բան կախված եղել։

Իսկ հիմա՞։

Հիմա անհասկանալի ժամանակներ են։

Ուզում եմ հասկանալ՝  իշխանությունը, համակարգը, անձերը եւ ստեղծված իրավիճակն է, որի հետեւանքով կամ արդյունքում ասում ես՝ «չեմ սիրում»։

Դու կարո՞ղ ես սիրել ուրիշի ատելությունն ու անտարբերությունը։

Ի՞նչ իմաստով ես ասում։

Օրինակ շինարարն ատում է իր երկիրը, իր գործը, որովհետեւ սարքում է մի շենք, որը երկրաշարժի ժամանակ փլվում է, ու բնակիչների երեսուն տոկոսը մահանում է։ Եղե՞լ է նման բան․․․ Եղել է։ Այդ դեպքում ո՞նց կարող ես սիրել․․․

Հայաստանի անկախությունն ի՞նչ է քեզ համար։

Երբ պապաս ինձ հեծանիվ էր գնել ու քշել էր սովորեցնում, ձգտում էի ինքուրույն քշել, չէի ուզում օգնի, պահի ինձ կամ հեծանիվը։ Անկախությունը դրա պես մի բան է․ երբ զգում ես, որ դու ես ղեկավարում հեծանիվդ, եւ, եթե ընկնելու ես, ընկնես, քշելու ես, քշես, բայց դու ես պատասխանատուն։ Հասկանու՞մ ես․․․ Անկախությունը պատասխանատվություն է։

Ավելի ուշ՝ 90-ականների երկրորդ կեսին, շարունակու՞մ էիր նույն կերպ մտածել, թե՞ ինչ-որ բան փոխվեց։

Հասկացա, որ անկախության հետ գռեհիկ ձեւով ենք վարվում։

Պատասխանատվության պահը խնդրականացվե՞ց։

Գիտե՞ս՝ ոնց։ Տես՝ հիմա պաշտոնապես են բացահայտվում գողերն ու թալանչիները, բայց նրանք միշտ են բացահայտ գործել, ոչ ոք չի կասկածել՝ գողն ով է, թալանչին ով է։ Այն դեմքը, որ ձեւավորեցինք անկախանալուց հետո, ինձ հեչ դուր չի եկել։ Ինձ համար ցավալի է տեսնել՝ ինչպես վարվեցինք այդ անկախության հետ։

Միտքս լրիվ ուրիշ տեղ գնաց։ Հիմա մտածում եմ՝ որտեղ եմ տեսնում Արթուր Մանուկյանին։ Ու հետաքրքիր է՝ տեսել եմ քեզ թատրոնում, երգչախմբում, քաղաքացիական պայքարների ժամանակ եւ երկու անգամ միջազգային օդանավակայանում։ Մեկնելու ու չվերադառնալու մասին միտք ծագե՞լ է երբեւէ։

Երբեք։

Այդ դեպքում վերադառնալն ի՞նչ է։

1997 թվականին դուրս եկա Հայաստանից եւ  շատ ծանր հարված ստացա։ Դուրս եկա առաջին անգամ ու հայտնվեցի Վենետիկում․ «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» արտահայտությունն ուղղակի փուչիկի պես գմփաց՝ բարձրաձայն ու այլանդակ տհաճ ձեւով։

Հետո շատ ճամփորդեցի․ սիրեցի Ամերիկան, Գերմանիան, Ֆրանսիան, բայց երբեք հաստատվելու միտք չծագեց գլխումս։ Հիմա, երբ հարցնում ես, մտածում եմ, որ սիրում եմ իմ գործը, որն այստեղ՝ Հայաստանում է սկսվել եւ այստեղ էլ շարունակվում է։

Վերադառնալու մասին չգիտեմ, բայց ուզում եմ ցավալիի մասին արձանագրել․ դրսում ես տեսա պատմության շղթայաձեւ կառուցվածքը, դրսում հասկացա, թե ինչքան կարեւոր է պատմականի ու իրականության համադրությունը։ Ես տեսա շենքեր, որոնք ունեն հարյուրամյակների պատմություն, եւ որտեղ մարդիկ շարունակում են բնակվել, կենցաղ վարել, այնինչ այդտեսակ շենքն ինձ համար արդեն թանգարանային նմուշ է։

Հայաստանում ի՞նչ․․․ Կա Էրեբունի թանգարանը, որը «զուգարան» է, որի հետ ռեալ շփում չկա, հետո եկեղեցիները, որոնք կյանքի հետ կապ չունեն․․․ Թվում է՝ պատմություն ունենք, բայց հասկանում եմ՝ այն շոշափելի, տեսանելի չի։

Ես ու դու իրար հետ խոսում ենք որպես 21-րդ դարի կիրթ կամ կիսակիրթ մարդիկ, բայց չենք խոսում որպես ինչ-որ բանի շարունակություն․․․ Մենք ինչ-որ տեղ կպել ենք, ասենք, այս դարի կրթության գնացքին ու այդքանի վրա է, որ կառուցում ենք մեր հարաբերությունը։

Հարաբերությունը քեզ համար փաստարկված պատմությու՞նն է նաեւ։

Չէ, ես ուղղակի տեսա մարդկանց, ովքեր այլ կերպ են հարաբերվում, ուրիշ բովանդակությամբ։ Մեր բովանդակությունը «վարկով» է․ «վարկ ենք վերցրել» եվրոպական եսիմ ինչ զարգացած մի բանկից, ու այդպես շփվում ենք։  Մեր շփումը հայկական չի։

Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածի կոնտեքստու՞մ էլ ես նույն բանը մտածում։ «Հեղափոխություն» ասու՞մ ես։

Հա, ասում եմ «հեղափոխություն»։ Տես՝ մինչեւ այդ մենք հանրապետության կարգավիճակ ունեինք, բայց ինքն իր կարգով չէր գործում․ այսինքն դե ֆակտո «հանրապետության» բովանդակություն գոյություն չուներ։ Եթե դու դեմոկրատիա ես հռչակել, բայց շարունակում ես օրինակ ավտորիտար կամ օլիգարխիկ ռեժիմ ունենալ, եթե հռչակագիրը չի համապատասխանում իրականությանը, վտանգավոր է։ Պսեվդո պետության մասին եմ խոսում։

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ, ինչն անվանում ենք «Թավշյա» հեղափոխություն, իսկապես կարգ փոխեց, որովհետեւ «հանրապետություն» բառը ձեռք բերեց բովանդակություն․․․ Իսկ մինչ այդ Հայաստանի հանրապետություն արտահայտությունն ինձ համար բովանդակություն չի ունեցել․ անհասկանալի, անհայտ մի բան էր։

Այդ «անհասկանալիի» մեջ ստեղծագործականությու՞նը․․․

Ձեւական էր։ Հիմա էլ է ձեւական։ Անընդհատ փորձում ենք սինխրոնանալ եվրոպական առաջադիմությանը, իսկ դա արդեն ձեւական բնույթ է կրում։ Մենք ստեղծագործական խնդիր չունենք դրված։ Սա զուտ իմ կարծիքն է, գուցե սխալվում եմ, բայց իսկապես չեմ տեսնում ստեղծագործական խնդիրը։ Իմ տեսածն արդեն ասացի, որ այս է՝ փորձում ենք նմանվել եվրոպական թատրոնին, եվրոպական երգչախմբերին, եվրոպական ճարտարապետությանը։

Չեմ ասում, թե սա բացարձակ վատ է, բայց ուրիշի ստեղծագործական մտքի կրկնությունն է եւ տեղայնացման փորձը։ Որոշ պետություններ, իհարկե, այս դոկտրինայով են առաջ շարժվում եւ հաջողում են։ Ամեն դեպքում, երբ դու դառնում ես կրողը, ուղիղ ճանապարհով ես ընթանում, «պավառոտների» տեղ չունես, ուրեմն նաեւ՝ ստեղծելու առիթ։

Իննսունականների մութ ու ցուրտ տարիներին կրկնելու փորձն այդքան հեշտ չէր կարող լինել։

Այդ ժամանակ հետաքրքիր բան էր տեղի ունենում, ճիշտ ես։ Մենք էլի ուզում էինք եվրոպականին նմանվել, բայց քանի որ ռեալ պատկերացումներ չունեինք եվրոպականի մասին, լրիվ ուրիշ բան էր դուրս գալիս։

Մեր պատկերացումը «ենթադրյալ» էր․ մենք կարող էինք ենթադրել, թե ինչպիսին է լավ երկրի «ենթադրյալ» լավ թատրոնը։ Հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում՝ մենք իրականի մասին պատկերացում չունեինք։

Եվ այդ դեպքում ստեղծագործելը հնարավո՞ր էր։

Հա՜, ոչ միայն հնարավոր էր, այլ նաեւ ոգեւորող։ Պատկերացրու՝ դու ինքնաթիռ չես տեսել, չգիտես՝ ինչ տեսք ունի, սարքելու մասին էլ խոսք գնալ չի կարող, բայց մեկը պատմել է, որ կա մի այդպիսի թռչող սարք, որի անունն ինքնաթիռ է։ Ու դու սկսում ես սարքել, ստեղծել քո «երեւակայական» ինքնաթիռը, մի նոր բան, որը հանկարծ թռչում է։

Հետո, երբ հնարավորություն ես ունենում տեսնելու իրական ինքնաթիռը, հասկանում ես, որ լրիվ ուրիշ բան ես ստեղծել։ Այսպես էր իրական ստեղծագործական պահը, որը մենք ապրել ենք իննսունականներին։

Հիմա էլ կարող եմ ասել, որ այդ տարիներին աշխատել եմ աշխարհի լավագույն թատրոններից մեկում, այն ժամանակ էլ ունեցել եմ նույն զգացողությունը․․․20 տարի անց էլ, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ «ԳՈՅ»-ում բեմադրված «Ռնգեղջյուրը» եւ Մազի (Արմեն Մազմանյանի) «Վեց պերսոնաժը» շարունակում են լավագույնը մնալ։

Այնքան կյանք կար այդ ամենի մեջ, այնքան ոգեւորող բան, որովհետեւ լրիվ մաքուր, կտրված ստեղծագործական վիճակ էր․ բեմադրվում էր աբսուրդ, երբ մենք չգիտեինք՝ ինչ է աբսուրդը, ոնց կարելի է «ուտել» այն։ Մենք հորինում էինք։

Երրորդ դեմքով խոսելիս ասացիր, որ Նիկոլին շատ ես սիրում։

Հա, ես Նիկոլի հետ «խրամատ» եմ փորել, 15 օր ապրել ենք այն զոնայում, որտեղ մարդուն լիարժեք կարող ես ճանաչել։ Չեմ կարող չսիրել, որովհետեւ Նիկոլն էր, ում օրինակին հետեւում էինք, Նիկոլն էր, որ առաջինն էր արթնանում, ով մարզվում էր, ում դրած «օրենքները» պահելն էր տղամարդկային, երբ մինչեւ այդ երեւի օրենք խախտելն է եղել «տղամարդկություն»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էիր, հետո դուրս եկար կուսակցական շարքերից։ Կուսակցական դառնալու եւ հետո դուրս գալու պատճառը/պատճառները որո՞նք էին։

Ես Նիկոլի հետ ծանոթացել եմ 2011 թվականին, երբ նոր էր դուրս եկել բանտից, ու «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպություն ստեղծելու միտք կար։ Ծանոթացել ենք, զրուցել, ու միանգամից համակրանք է առաջացել։ Շատ եմ գնահատել իր սկզբունքայնությունը, դիրքորոշումն ու գաղափարները։ Երբ կազմակերպությունը պիտի կուսակցություն դառնար, ասացի, որ կուսակացական չեմ եղել եւ չեմ էլ պատկերացրել ինձ կուսակցականի դերում, եւ, երբ  իշխանության կգան, ես դուրս կգամ կուսակցական շարքերից։

Ես ծնվել եմ Սովետի ժամանակ, ապրել եմ Լեւոնի ժամանակ, Քոչարյանին տեսել եմ, Սերժին տեսել եմ․․․Համոզված եմ եղել եւ շարունակում եմ մնալ, որ արվեստով զբաղվող մարդիկ հասարակության նյարդային հանգույցներն են․․․ Երբ ոտքդ կտրվում է, նյարդդ ուղեղիդ ազդակ է հաղորդում, ինֆորմացիա է փոխանցում վտանգի, կյանքի սպառնալիքի մասին։

Ասածս այն է, որ այդ նյարդային համակարգը չի կարող սինխրոնանալ իշխանության հետ․ հակառակ դեպքում՝ ոտքդ երբ կտրվի, օրգնիզմիդ վտանգի մասին հաղորդող չի լինի եւ շուտով կմեռնես։

Ասածիցդ պարզ է դառնում, որ կուսակցությունից դուրս գալու պատճառը լայն իմաստով այդ «նյարդային համակարգի» մաս լինելու մեջ է։ Եթե չեմ սխալվում, դուրս եկար այն ժամանակ, երբ արդեն Սարգսյանը հրաժարական էր տվել, երբ ենթադրվում էր, որ Փաշինյանը եւ իր թիմը կգան իշխանության։

Հա, դուրս եմ եկել մայիսի 8-ին, երբ Նիկոլն արդեն վարչապետ ընտրվեց։ Արդեն նշեցի, որ ասել էի՝ հենց եկաք իշխանության, ես դուրս կգամ ՔՊ-ից։ Հա, ես ինձ այդ «նյարդային համակարգի» մաս եմ համարում, չեմ կարող սինխրոնանալ։ Լինել իշխանության եւ քաղաքական գործընթացի մեջ, ենթադրում է կոմպրոմիսներ։ Կարճ ասած՝ չեմ պատկերացնում ինձ իշխող կուսակցության մաս։

Զրույցի սկզբում ասացիր, որ Նիկոլի կողքին պիտի լինեին «մի վագոն մարդիկ»՝ շատ կիպ, որոնք որ իր կողքին չեն։ Դու՞ էլ ես այդ մարդկանցից մեկը։

Հա, ես այդ մարդկանցից եմ։

Հակասություն է առաջ գալիս «այդ մարդիկ պիտի լինեն Նիկոլի կողքին» եւ «հասարակության «նյարդային համակարգը» չի կարող սինխրոնացվել իշխանության հետ»։

Երբ տուն ես կառուցում, ժամեր շարունակ պիտի «զուբիլը» ձեռքիցդ վայր չդնես ու տանջվես ամեն մի քարը հղկելու համար, մինչեւ որ ինքը համապատասխանի։ Հեշտ չի, չէ՞։ Եթե ուզում ես տունդ պինդ լինի, քարի հետ պիտի հաշվի նստես։ Ցեխը ի՞նչ․․․ Հեշտ է կառավարվում։

Քարի հետ լեզու գտնելու համար ձեռքիդ «մազոլ» պիտի առաջանա, պիտի քրտնես, հոգնես։ Նույնն է, ինչ դժվար, ծանր մարդուն համոզես, որ ինքը պետք է, կարող է, որովհետեւ այդ «ծանր» մարդը հասկանում ՝ եթե ինքը դարձավ քաղաքական գործընթացի մաս, իր կյանքը վերջանալու է․․․ Ինքն իր շքամուտքի «բիչոկները» հավաքելով հասնելու է Սովատաշենի զիբիլանոց․․․ Ուրեմն ինքը պիտի համոզված լինի, որ այդ ծանրության տակ արժե մտնել։

Հիմա ուրախ եմ որոշմանս համար, որովհետեւ այն ժամանակ «ՔՊ մտնել» նշանակում էր, որ կարող ես ամիսներով գործ չունենալ, զրկանքներ կրել, քեզ թարս էին նայելու․․․ Ես հենց այդ ժամանակ եմ իրենց կողքին եղել։ Հիմա Նիկոլի կողքին կարող են շատերը լինել, որովհետեւ հեշտ է այն իմաստով, որ առավելություն է, պատիվ։

Այս ամենը լսելուց հետո հարց է առաջանում՝ առհասարակ կուսակցական դառնալու իմաստը որն էր։ Ինչու՞ մաս դառնալ «դժվարին» պահին, եւ, երբ հաղթանակն արդեն շոշափելի է, դուրս գալ պրոցեսից։

Դա նորմալ է, ավելին ասեմ՝ մտածված պահվածք է։ Եթե գիտակից մարդ ես, հասկանում ես, որ երբ հաղթանակը շոշափելի է, քեզ ներառելու են գործընթացի մեջ, որովհետեւ դու «թիմից» ես․ այսինքն քեզ կանչելու են, որովհետեւ դու կուսակցական ես, ոչ թե նրա համար, որ Արթուր Մանուկյանն ես։

Եվ որպեսզի այս հարցը երբեք չտայի ինձ, ես դուրս եկա ՔՊ-ից։ Այդ դեպքում է, որ մի օր դուռդ եթե թակեն, կհասկանաս, որ հենց քո կարիքն ունեն, հենց դու ես պետք։ Այդպես ինքդ քեզ վրա չես կասկածի։

Բոլորս անխտիր մտածում ենք, թե մեր մասին ինչ կասեն, բայց մեր մասին մտածող օբյեկտները տարբեր են իրարից։ Ես մտածում եմ, թե իմ մասին ինչ կասի, ենթադրենք, Չեխովը․ ինձ դիմացի հարեւանի կարծիքը հետաքրքիր չի, իսկ Չեխովի դեպքում անգամ բարեւել-չբարեւելն է հետաքրքրում։

Այս գիտակցումից հետո ի՞նչն է շարունակում արժեւորված մնալ։ Կա՞ն բաներ, որոնք կասկածի տակ են դրվել։

Հետհեղափոխական տրամադրություններն ու դեպրեսիան, ինչպես հեղափոխության ընթացքի էյֆորիան, իրականությանը չի համապատասխանում։ Իրականում ամեն ինչ «թույն» էր։ Եվ կամ մտածելու դեպքում կարող ենք ասել, որ դեռ այդքան էլ «թույն» չի։

Հայաստանը գոյատեւելու մի շանս ունի, շատ ծանր, վտանգավոր շանս՝ լինել ադամանդի պես մաքուր, ջինջ ու պինդ․․․ Ու արժեքավոր։ Եթե Հայաստան պետությունն աշխարհի ամենաարժեքավոր պետությունը չի դառնալու, ապա բնական ձեւով վերանալու է։

Բնական ձեւով վերանում էր, չէ՞․ երկու միլիոն մարդ կա այստեղ, ով ունի 4-5 միլիոն դրսում բնակվող բարեկամ ․․․ Այս երկու միլիոնն էլ էր գնալու, ուներ հնարավորությունը․ պարզ է, որ չլինի մարդ, չի լինելու նաեւ պետություն։ Նորից եմ ասում, եթե Հայաստանը չի դառնալու լավագույն երկիրը (չեմ ասում՝ լավագույններից մեկը), գոյատեւելու շանսերը գնալով պակասելու են։

Հիմա նման շանս կա՞։

Հա, կա․․․ Էս ամիս դեռ ունենք։ Էդ շանսերն այնքա՜ն արագ են ոչնչանում։ Հենց դրանից է իմ պանիկան։ Տես՝ օրինակ Մշակույթի նախարարությունում խելարություն պիտի տեղի ունենար, բայց դեռ այդ խելարությունը կամ չկա, կամ բովանդակությունը չի երեւում։

Հասկանու՞մ ես իմ պանիկան ինչում է․ բոլոր պաշտոններում լավ, զիլ դեմքեր են, բայց բովանդակությունը դեռ չի երեւում, երեւում է ձեւը, որովհետեւ հեղափոխականները հանկարծ գծով արդուկած շոր են հագնում։ Ո՞վ ձեզնից փողկապ ուզեց, ո՞վ ուզեց, որ դուք կոկիկանաք։

ՀՀԿ-ն գիտես ինչու՞ փլվեց, որովհետեւ հարց էին առաջ քաշել, թե «էդ ոն՞ց ես 4 եվրոյանոց մայկայով իշխանուդթյուն գրավելու»։  Բայց եղավ, չէ՞, ուրեմն հատուկ էլ պիտի պահպանվեր այդ տեսակը, որն ասեց, որ հա՜, «4 եվրոյանոց» մայկայով կարելի է հեղափոխություն անել։

Արթուր-թատրոն, Արթուր-«Հովեր», Արթուր եւ քաղաքական պրոցես․․․Ինչպես հասկացա, Հայաստանի  հետ հարաբերությունները միայն «հաշվի նստելով» չեն եզրափակվում։

«Հովեր»- ից սկսեմ․ սիրելի Հայաստանն է, որ ես ունեմ, որի համար երբեք չեմ ամաչել։ Ամբողջ աշխարհը պտտվել ենք մի քանի անգամ, ու սիրով եմ արել իմ գործը։

Չգիտեմ․․․ Հիմա նորից եմ մտածում ու հասկանոմ եմ, որ չի եղել լուրջ մտածում, որ երբեւէ պիտի Հայաստանում չմնայի։ Եվ նորից հարցը հայրենասիրությունը չի․․․ Անկեղծ եմ ասում, որ չեմ հասկանում՝ ինչի մասին է հայրենասիրությունը։ Երբ ասում ես՝ հայրենասեր ես, պիտի կարողանաս նաեւ բացատրել։

Ես շատ եմ սիրում գիտությունը, սիրում եմ մարդու ստեղծագործականությունը։ Այսօր Հայաստանում իմ սիրուն բավարար գիտութուն չեմ տեսնում։ Տեսնում եմ չափազանց խելացի մարդկանց, եւ գիտական անթույլատրելի գործակից։ Հայաստանը պիտի աշխարհի գիտական կենտրոններից մեկը լիներ, բայց չի․․․ Դա անբնական է։

Այն երկրներում, որտեղ կան լավ վարող ձիեր, հողը պիտի վարած լինի․ այդպիսի երկրում չմշակված հողն անթույլատրելի է, անբնական է։

Կապիտալիստական պրագմատիզմն ասում է, որ այս երկրի «նավթը» մարդկանց ուղեղն է, որը շատ ավելի թանկ է․․․ Այս երկրի բնական հանածոն այս երկրի մարդու միտքն է։ Ստացվում է՝ նավթի վրա նստած ես ու շարունակում ես աղքատ մնալ։

Ամեն ոլորտ ունի նույն խնդիրը․ հայկական կինոն օրինակ․․․ Անբնական է, երբ Ռուբեն Մամուլյան է եղել եւ Համո Բեկնազարյան, իսկ հայկական կինոն վատ վիճակում է։

Այս տարածաշրջանի լավագույն լուսանկարիչները հայեր են, չի կարող այնպես լինել, որ մենք չունենանք լավ օպերատոր, նորից անբնական է, անթույլատրելի է։

Ստացվում է՝ անբովանդակ երկիր, որովհետեւ Ֆիլհարմոնիկի երաժիշտն ուզում է Լոնդոնի կամ Բեռլինի նվագախմբերում նվագի, ու պատճառը հեչ էլ փողը չի, այլ բովանդակությունը, որը տալիս է Բեռլինի կամ Լոնդոնի նվագախումբը։

Հույս ունեմ, որ ձեւին իսկապես փոխարինելու է բովանդակությունը, հույս ունեմ, որ մի օր ճարտարապետության կարեւորությունը կգիտակցվի, կկարեւորվի դասական երաժշտության զարգացումը․․․

Մենք աշխարհն ընկալում ենք աչքերով եւ ականջներով, մեզ համար պիտի կարեւորվի մատուցված վիզուալ եւ ականջից ներս մտնող պրոդուկտը։  Եթե այդ պրոդուկտը բովանդակություն չունի, տգետ է, ուրեմն մեր գրագետ ու բովանդակալից լինելն է վտանգված․ թույն կերանք, անընդհատ առողջական պրոբլեմ ենք ունենալու։

Այն, որ դու բալկոնդ առաջ չես կարող տալ, իմ իրավունքն է․ իմ աչքերի մեջ չես կարող մտցնել այդ աղավաղումը։ Այն, ինչ տեսնում է քաղաքացին, արդեն հանրային տարածք է։ Սովորական քաղաքացին իրավունք չունի ճարտարապետական առումով ճաշակ ունենալու․ այդ ձեւակերպումը մասնագիտական պատասխանատվություն է։

Չգիտեմ․․․ Երկար խոսեցի, տարանջատված շատ բան ասացի, բայց գուցե մեր դեպրեսաիաները քաղաքի աղավաղումներն են նաեւ։ Ինչի՞ մասին է այս քաղաքը։

Հայներ Մյուլլերը մի պես ունի՝ «Հերկուլես» է կոչվում․․․ Այնպես է, որ ինքը պիտի գա, մաքրի ախոռները, բայց գալիս է ու ասում, որ չի մաքրելու, որովհետեւ իրենք են տարածել այդ գարշահոտությունը, իրենք են կերել ու իրենք են կեղտոտել։ Ձեզ անպայման պետք է մի Հերկուլե՞ս, որը որ մաքրելու է։

Երեւի այս գործը բեմադրելու իսկական ժամանակն է․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter