HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ է պատգամավոր Էնֆիաջյանը խուսափում կոնկրետ պատասխաններից

«Նորաշեն 2007» կոոպերատիվի գործունեությունից տուժել են ոչ միայն հասարակ քաղաքացիներ, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դրանցից մեկը ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է: Վերջինս արդեն դատի է տվել կոոպերատիվին՝ նախավճարի վերադարձման պահանջի վերաբերյալ հայցով: Ըստ դրա՝ ստացվում է, որ պատգամավորը կոոպերատիվից ցանկացել է բնակարան գնել, կնքել է նախավճարի պայմանագիր, վճարել է նախավճար, սակայն հակառակ կողմը՝ կոոպերատիվը, չի կատարել իր պարտավորությունները: Այս պարագայում, ըստ օրենքի, նախավճար մուծողը կարող է հետ ստանալ դրա կրկնակին, ինչ էլ այս պահին Աջափնյակ եւ Դավթաշեն շրջանների դատարանի միջոցով փորձում է անել պատգամավոր Էնֆիաջյանը: ԲՀԿ-ական գործչի հայցը վարույթ է ընդունվել հոկտեմբերի 28-ին:

Առաջին հայացքից սա սովորական պատմություն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե քանի քաղաքացի է տուժել կոոպերատիվի ղեկավարների անօրինական գործողություններից: Ամբողջ հարցն այն է, որ, ըստ «Հետքի» աղբյուրների, պատգամավորը կոոպերատիվի ղեկավարներին ապառիկ վաճառել է «Մերսեդես» մակնիշի իր մեքենան, որի գինը վճարելու համար պարտապանները որպես երաշխիք բնակարանի առքուվաճառքի պայմանագիր են կնքել Էնֆիաջյանի հետ: Եվ հիմա հենց մեքենայի գինն է դատարանում դիտարկվում իբրեւ նախավճար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ գործել է հետեւյալ սխեման. Էնֆիաջյանի մեքենան գնելուց հետո կոոպերատիվի ղեկավարները այն պետք է հնարավորինս շուտ վաճառեին թեկուզ էժան գնով, որպեսզի կանխիկ գումար ունենային իրենց կողմից իրականացվող շինարարությունը (կոոպերատիվը 3 շենք է կառուցելիս եղել) ավարտին հասցնելու համար: Իսկ պատգամավորի պարտքը պետք է փակեին աստիճանաբար, ինչի համար որպես երաշխիք պետք է դառնար կառուցվող շենքի բնակարններից մեկը: Բնականաբար, Էնֆիաջյանը միակը չի եղել, ում հետ կառուցապատողները նման գործարքի մեջ են մտել:

Պարզաբանումներ ստանալու համար «Հետքը» մի քանի հարց է ուղղել պատգամավորին: Մասնավորապես հետաքրքիր էր, թե որքան նախավճար է նա մուծել կոոպերատիվին, որի կրկնակին այժմ իրավունք ունի հետ ստանալ: Խնդրել էինք նաեւ մեկնաբանել մեր ունեցած տեղեկությունները մեքենայի վաճառքի վերաբերյալ: Իսկ վերջին հարցն այսպիսին էր. «Նորաշեն 2007»-ի կողմից կառուցվող շենքերից մեկը (հասցեն՝ Նորաշեն 37 կամ Գ. Չաուշի 37) այսօր պատկանում է Արտաշես Մելքոնյանին, որի թիկունքում, ըստ լուրերի, կանգնած է Ձեր կուսակից Արսեն Ավագյանը: Այժմ այդ շենքի շահառուները, որոնք նախավճարի պայմանագրերով վճարումներ են կատարել, չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները, քանի որ Մելքոնյանն ասում է, թե նրանց հետ ինքը ոչ մի առնչություն չունի: Դուք եւ շենքի իրական տեր համարվող Ա. Ավագյանը որպես ժողովրդի ընտրյալներ՝ պատգամավորներ, չե՞ք կարող այս հարցին լուծում տալ: Մանավանդ որ Դուք, ըստ կոոպերատիվի դեմ ձեր հայցի, նույնպես տուժել եք դրա գործունեությունից եւ պետք է որ լավ հասկանաք օդից կախված վիճակում հայտնված այդ քաղաքացիների վիճակը:

Պատգամավորը բոլոր այս հարցերին պատասխանել է մեկ պարբերությամբ. ««Նորաշեն 2007» սպառողական կոպերատիվի հետ կապված պատմությունը իրոք հասարակական մեծ արձագանք է ստացել, սակայն այժմ գործը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, ուստի նպատակահարմար չեմ գտնում որևէ մեկնաբանություն տալ: Նաև համոզված եմ՝ ինչպես ցանկացած իրավակիրթ հասարակությունում, այն իր լուծումը պիտի ստանա օրենքի շրջանակներում»:

Նախ նշենք, որ կոոպերատիվի գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ քրգործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Իսկ հետո հետաքրքիր է, թե ինչու է պատգամավոր Էնֆիաջյանը խուսափել մեր հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց: Մնում է միայն ենթադրություններ անել…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter