HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի ճանապարհաշինական բոլոր աշխատանքներն իրականացրել է Մանվել Գրիգորյանի ընկերությունը

Էջմիածին քաղաքում 2016-2018թթ. ճանապարհաշինական աշխատանքները կատարվել են միայն «Կուարլինի» ՍՊԸ-ի կողմից: Ընկերության 100% բաժնետերը արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հայրն է՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Միայն նշված ժամանակահատվածում համայնքային բյուջեից քաղաքապետի հոր ընկերությանը վճարվել է մոտ 287 մլն դրամ:

Մասնակի վերանորոգման՝ փոսալցման և հիմնանորոգման նպատակով համայնքապետարանը այս տարի արդեն կնքել է մոտ 125 մլն դրամի պայմանագիր: Արդեն կատարվել են մոտ 41 մլն դրամի աշխատանքներ: Այս մասին տեղեկատվություն տրամադրել են Էջմիածնի քաղաքապետարանից:

Էջմիածին քաղաքում վերջին տարիներին իրականացված ասֆալտապատման աշխատանքները բավականին անորակ են եղել: Քաղաքի բնակիչները կատակով նշում են, որ «սեզոնային» ասֆալտ է արվում: Քաղաքի մասին լավ տպավորություն ստեղծելու համար նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ուշադրություն է դարձրել միայն կենտրոնական ճանապարհներին: Երբեմն նույն ճանապարհահատվածը վերանորոգվել է ամեն տարի:, օրինակ՝ հրապարակի մերձակա ճանապարհները: Պատկերն այլ է «երկրորդական» փողոցներում, որտեղ փոսերը շրջանցել հնարավոր չէ:

Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն Էջմիածնում հիմնանորոգման ենթակա ճանապարհային ծածկույթի մակերեսը կազմում է 340 հազ. քմ:

Նշենք, որ «Կուարլինի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994թ.՝ Արշալույս գյուղի բնակիչներ Սամվել Մովսիսյանի, Աշոտ Մովսիսյանի և Ռուզաննա Գրիգորյանի կողմից: Վերջիններս ամուսիններ են: Վերջիններս ընկերությունից դուրս են եկել 2004թ.-ին: Նշված տարում «Կուարլինի» ՍՊԸ-ի սեփականատեր է դարձել Գևորգ Այվազյանը: Ամիսներ անց նա էլ է դուրս եկել ընկերությունից և բաժնետեր է դարձել Արշալույս գյուղի բնակիչ Արմեն Սայադյանը: 2011թ. դեկտեմբերի 19-ին Ա. Սայադյանի փոխարեն ընկերության 100% բաժնետեր է դարձել պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը:

Ընկերության տնօրենը Արտակ Պողոսյանն է: Վերջինս Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի ամուսինն է:

Ուշագրավն այն է, որ Արմեն Սայադյանը կարիքավոր է դարձել և Արշալույսի համայնքապետարանից ստանում է սոցիալական օգնություններ: 2016-2018թթ. «Կուարլինի» ՍՊԸ-ն Էջմիածին քաղաքում իրականացրել է 27.461,42քմ մակերեսով մասնակի վերանորոգման և 26.057,82 քմ՝ հիմնանորոգման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Այդ ընթացքում լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացրեց նաև Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

«Հետք»-ը Մանվել Գրիգորյանի և մերձավորների ունեցվածքին անդրադարձել էր դեռևս տարիներ առաջ և տեղեկացրել, որ պատգամավորի ընկերությունները հարկերը չեն վճարում:

Մանվել Գրիգորյանը եղել է նաև Տրանսպորտի և կապի նախարարության «գործընկերը»

Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերության հետ պայմանագրեր է կնքել նաև Տրանսպորտի և կապի նախարարությունը: Մասնավորապես, Արմավիրի մարզի Բամբակաշատի համայնքի 800մ ճանապարհի ասֆալտապատման  աշխատանքների կատարման նպատակով նախարարությունը 2016թ. հունիսի 21-ին 34 մլն 520 հազար դրամի պայմանագիր է կնքել «Կուարլինի» ՍՊԸ-ի հետ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ  վարկային ծրագրերով 20092016թթ. իրականացված ճանապարհաշինական  աշխատանքներում ներգրավված է եղել նաև պատգամավորի ընկերությունը: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն և «Կուարլինի» ՍՊԸ-ն համատեղ, 04.02.2012թ, կնքված պայմանագրով իրականացրել են «Արաքս- Մեծամոր և Մեծամոր-Գայ-Հովտաշատ կմ4+100-կմ8+926» ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները, որի դիմաց վճարվել են մոտ 1 մլրդ 21 մլն դրամ:

Իսկ նույն տարվա հուլիսի 17-ին կնքված պայմանագրի հիման վրա դարձյալ նույն ընկերություններն իրականացրել են «Մ5-Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան 0+000 - կմ 14+480, Արմավիր-Նորավան-Լուկաշին-Խանջյան կմ0+000-կմ6+560» ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներ: Պայմանագրային արժեքը կազմել է մոտ 1 մլրդ 477 հազար դրամ:

12.06.2015թ, կնքված պայմանագրի հիման վրա «Կուարլինի» ՍՊ, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ և «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲ ընկերությունները համատեղ վերանորոգել են «Արմավիր - Նորապատ - Մրգաշատ - Արևիկ - Եղեգնուտ - Երասխահուն, կմ 0+000 - կմ 7+800» ավտոճանապարհը: Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 1 մլրդ 80 մլն դրամ:

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Էջմիածին ջան, շուտ լուծարռք պայմանագիրը ու տենդեռ հայտարարեք։ 1 տարում կարգին ճանապարհներ կունենաք։
GB
Seems to me these uneducated Soviet-era oligarchs don't understand the real meaning of corruption! This is why the new government must keep them out of politics!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter