HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արդենիսում միակ գյուղական հյուրատան տերը սպասում է հայաստանցի զբոսաշրջիկների այցին

Մեքենայից իջնելուն պես շրջապատվում եմ սպիտակ, խոշորակազմ գամփռներով: Սուսուփուս «մեխվում» եմ տեղումս՝ թույլ տալով «տանտերերին» հոտոտելով ծանոթություն հաստատել: Շաքրոն ժպիտը դեմքին հանգիստ դիտում է ընդունելության տեսարանը, հետո հրահանգում շներին հետ քաշվել: Տան բակ մեզ հետ միասին մուտք է գործում միայն լայկա ցեղատեսակին պատկանող շունն ու հասնելով շեմին՝ պառկում այնտեղ: Տան մերձակա մարգագետնից լսվում է սեւաթույր ձիու խրխինջը: «Քուռակը մոտը չէ, դրա համար էլ անհանգիստ է»,- բացատրում է Շաքրոն:

Տանտիրոջ խոսվածքում հնչող բաղաձայն հնչյունների կոպտությունը բարբառներից հասկացող ցանկացած մեկին կհուշի, որ Ղազարյանները Ջավախքից են: Ամասիայի նախկին տարածաշրջանի, ներկայիս Արփի խոշորացված համայնքի գյուղերը 1989թ.-ից վերաբնակեցված են Վրաստանից եւ Ջավախքից տեղափոխված հայ ընտանիքներով: Ղազարյաններն Արդենիսում հաստատվել են 1992թ.-ին:

«Մինչեւ խորհրդային կարգերի փլուզումը ապրել ենք Նինոծմինդայում,- պատմում է Շաքրոն,-երիտասարդ ընտանիք էինք (Հայաստան տեղափոխվելիս Շաքրոն` 27, կինը 24 տարեկան են եղել-հեղ.), երկու երեխա ունեինք, ուզում էինք արդեն հայրական տնից առանձին ապրել եւ այդ ժամանակ հայրս խորհուրդ տվեց տեղափոխվել Հայաստան: Մեզ բաժինք տվեց՝ (զրուցակիցս ծիծաղում է -հեղ.) կով, մոզի, ոչխար, անգամ ձի ունեինք, էդպես եկանք հաստատվեցինք Արդենիսում ու ասեմ, որ տեղի ընտրության հարցում մեծ դեր խաղաց նաեւ բնական էս ոչ մեծ լիճը, որի մոտ էլ հենց մեր տունն է»:


Շաքրո Ղազարյան

Որսորդության հանդեպ ունեցած սերը Շաքրո Ղազարյանի համար բնակության տեղի ընտրության հարցում առաջնային նշանակություն ունեցավ: Սեզոնային թռչնաորս, ձկնորսություն, որս՝ հանուն բիզնեսի, սրանք խթանող հանգամանք էին հետագայում լինելու կայացրած որոշումը սխալ չհամարելու: Ընտրած տունը կիսաթալանված վիճակում էր: Ադրբեջանցիների հեռանալուց հետո Արփի լճի մերձակա ոչ բոլոր գյուղերն ու ոչ բոլոր դատարկ տներն էին անմիջապես բնակեցվել: Անտերության մատնված շինություններից առաջին եկողները հանել, տարել էին ինչ իրենց պետք էր եկել: Շաքրոն պատմում է, որ առանց դուռ-լուսամուտների, ինչպես նաեւ առանց հատակի տանը բնակվելու հեռանկարն իրենց չի վախեցրել:


Ռայա Ղազարյան

«Դե ինչ պակաս էր՝ առանք, սարքեցինք, սկսեցինք ապրել,- նկատում է Շաքրոյի կինը՝ Ռայան,- էրեխեքս փոքր էին, գալուց մեկ տարի անց ծնվեց 3-րդ տղաս: Ճիշտն ասած` էնպիսի տարիներ էին, որ թե´ մենք, թե´ տեղափոխված մյուս ընտանիքներն օրվա հացի, ապրուստի հարց էինք լուծում, մտածում էինք, որ անպայման լավ է լինելու, շատ բաների վրա ուշադրություն չէինք դարձնում: Օրինակ, որ ընտանիքում փոքր երեխա կար, ոչ մեկն էլ մանկապարտեզի մասին չէր մտածում, թե չկա, բայց դպրոցի պահը բոլորիս էլ կանհանգստացներ: Մինչեւ 8-ամյա դպրոցի կազմակերպումը, գյուղում մանկավարժ կար, որ այցելում էր տները, երեխաներին սովորեցնում էր: Իմ երկու տղեն մինչեւ դպրոց գնալը 6 ամիս տունն են սորվել»:

Հայաստանի ալպիական գոտի համարվող Ամասիայի նախկին վարչական տարածքում թե´ նախկինում, թե´ ներկայում հիմնականում զբաղվել են անասնապահությամբ: Ընտանիքները, որոնք վերաբնակվում էին այստեղ, հստակ գիտեին զբաղվածության ոլորտը: Շաքրոն պատմում է, որ բացի անասնապահությունից, ինքը զբաղվել է նաեւ որսորդությամբ, որը նույնպես որոշակի եկամուտ է ապահովել: «Ձմռանը աղվես էի խփում, մորթուց գլխարկ էի կարում՝ կանացի ու տղամարդու,-բացատրում է զրուցակիցս,- վաճառում էինք Վրաստանում ու Ռուսաստանում՝ մի հատը 50 դոլարով, բայց հետո էնպես եղավ, որ գլխարկները տարան, փողերը չտվեցին, ես էլ թողեցի էդ գործը»:

Քանի որ ընտրած տունը Արդենիս լճի ափին էր, ապա պարզապես ձուկ բռնելու կամ բադ խփելու փոխարեն, Շաքրոն որոշում է զբաղվել մշկամկան բազմացմամբ: Առաջարկը հավանության է արժանանում տեղական իշխանությունների կողմից, լիճը երկարաժամկետ օգտագործման իրավունքով հանձնվում է Շաքրոյին: «Մի հատ ցլիկ տվեցի, 5 զույգ մշամուկ բերեցի Վրաստանից: Գործընկեր ունեի, որ պիտի ըստ պայմանավորվածության ապահովեր լճի 4 հա մակերեսի ցանկապատումը: Բայց էնպես եղավ, որ ցանկապատումը չեղավ, ես էլ բերածս կենդանիներին արդեն բաց էի թողել լիճ, որովհետեւ իրենց հնարավոր չէ տանը պահել՝ ջրային միջավայր է պետք, ու հիմի էնքան են բազմացել, որ անցել են անգամ Թուրիքա,- Շաքրոն ծիծաղում է՝ հիշելով Դարիկի բնակչուհի Իռայի ու մշկամկան հանդիպման հետ կապված պատմությունը,- Իռան է պատմել, թե ինչպես է իր տան ունիտազի (զուգարանակոնք) կափարիչը բացել ու տեսել, որ էնտեղ մշկամուկ է նստած, փաստորեն կոյուղու խողովակով բարձրացած է եղել Դարիկ»:

Թանկարժեք մորթով այս կրծողի բազմացման նպատակը մորթե իրերի արտադրության հիմնումը պետք է լիներ: Մշկամկան փայլուն, հավասար մազածածկույթով մորթը համարվում է գերազանց հումք մորթե իրերի պատրաստման համար, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով այդ ամենն իրականություն չդարձավ, եւ Շաքրոյի նորաստեղծ բիզնեսը տեւեց ընդամենը 2 տարի: Պատմության նման ավարտը կարող է ուրախացնել հիմնականում կենդանասերներին: Զրույցից տպավորությունս այնպիսին էր, որ Շաքրոն էլ շատ չի տխրել ձախողված բիզնեսի համար: Զրուցակցիս հավաստմամբ` անարգել բազմացող ու տարածվող մշկամուկը որեւէ ձեւով չի ազդում լճում առկա մյուս կենդանատեսակների վրա. «Դե ինքը կրծող է՝ ձուկ չի բռնում, բադի ձվերին չի վնասում, էնպես որ վնաս չէ իր բազմանալը»:

Մոլի որսորդից բնապահպանի վերածվելու գործընթացը Շաքրոյի համար սկսվում է 1993թ.-ին տեղի ունեցած պատահական ծանոթությունից տարիներ անց միայն: Արդենիս այցելած հայտնի թռչնաբան Մարտին Ադամյանը՝ «Հայաստանի թռչուններ» գրքի համահեղինակը, հանդիպում է Շաքրոյի հետ ու խնդրում օգնել Արփի լճի տարածքում իրականացվող ուսումնասիրություններում: «Դա շատ հետաքրքիր ծանոթություն էր, որ էդ պահին չէ, բայց տարիների ընթացքում փոխեց իմ կյանքն ու մտածողությունը,-ասում է Շաքրոն,- ես հիմա, օրինակ, լճի տարածքում այլեւս չեմ կրակում, որեւէ մեկին էլ չեմ թողնում որս անել»:

Կռունկի հայկական ենթատեսակի՝ մոխրագույն կռունկի առկայությունը Արփի լճի տարածքում նույնպես ճակատագրական է դառնում Շաքրոյի բիզնես-գործունեության համար: «Լենինգրադում գիտաժողով է լինում, էնտեղ հայտարարում են, որ Հայաստանում կռունկը, որ մենակ Ստեփանավանի տարածաշրջանում է լինում, վերացել է: Մարտինը, որ ներկա է լինում, հակադարձում է, թե Արփի լճի տարածքում կա, դե ես իրեն այցերի ժամանակ բնադրավայրերը ցույց էի տվել: Դրանից հետո էստեղ եկավ ռուս թռչնաբան Իլյա Շենկով Վալենտինը, համոզվեց, որ իրոք կա ու ինձ ասում էր՝ Շաքրո, դու գիտես, թե ինչքա՞ն հյուրեր կունենաս հենց միայն էս մի թռչնատեսակը տեսնել ցանկացողների շրջանում: Էդպես ես որսորդից քիչ-քիչ վերածվեցի բնապահպանի»,- ծիծաղում է զրուցակիցս:

«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումն էլ առանց Շաքրոյի ակտիվ մասնակցության չի անցել: 2009թ.-ից մինչեւ 2012թ.-ն աշխատել է փոխտնօրեն պահպանության գծով: Հետո խնդիրներ են ծագել երկրորդ տնօրենի՝ Արա Պետրոսյանի հետ, ու Շաքրոն թողել է ազգային պարկի աշխատանքը: «Բայց ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: Էս տարիների ընթացքում թե´ որպես արդենիսցի, թե´ որպես անձ, որ մասնակցել է ազգային պարկի աշխատանքներին, բավական շատ ծանոթություն հաստատվեց մարդկանց հետ, որոնք լիճ էին հասնում հետազոտությունների նպատակով՝ թռչնաբան, կենդանաբան, բուսաբան, միջատաբան եւ այլն: Իրանք էլ երեւի հենց դրդեցին, որ անցնեմ գյուղական հյուրատան բիզնեսին: Էն սկզբի տարիները, որ գալիս էին՝ իմ տանն էին հյուրընկալվում` առանց որեւէ գումարի բնականաբար ու դրանից նեղվում էին, ասում էին՝ ի վերջո մենք գործուղում ենք գալիս, դրա համար գումար ենք ստանում եւ կարող ենք քեզ վճարել: Ինձ ասում էին, որ լավ կլինի մտածեմ էդ ուղղությամբ՝ տանս մի հատվածը հարմարեցնեմ զբոսաշրջիկների գիշերակացի համար»:

2011թ.-ից Շաքրոն, արդեն վճարովի հիմունքներով, զբոսաշրջիկների է հյուրընկալում՝ հիմնականում արտերկրից: Ոչ այնքան մեծ տան երկու սենյակը հարմարեցրել է, վերանորոգել եւ կարող է միաժամանակ 4 հոգու հյուրընկալել: Գիշերակացի արժեքը թանկ չէ՝ անձը 5000 դրամ, որի մեջ մտնում է առավոտյան նախաճաշը: Հյուրի տրամադրության տակ է խոհանոցը, եթե, իհարկե, ցանկություն են ունենում պատրաստելու: Տանը առկա են սանհանգույց եւ լոգարան: Մինչեւ օրս կարողացել են հյուրընկալել 200 հոգու:

«Շատ չեն մնում՝ 2-3 օր: Օտարերկրացիներ են հիմնականում, որ գալիս են թռչնադիտարկման, կան կենդանաբաններ մեջները, Ճապոնիայից ենք հյուրընկալել միջատաբանների, ընդհանրապես գալիս են մարդիկ, որ սիրում են բնությունը, բայց ցավոք ներգնա տուրիզմով զբաղվողները մեր գյուղ չեն հասնում, հայ տուրիստ չենք ունեցել,- ասում է Ռայան,- չնայած մեր ունեցած քնելատեղն էլ է քիչ: Եղել է դեպք, որ զանգել են, ասել են մեծ խումբ է, ասենք մի 20 հոգանոց, բայց կարողացել ենք միայն կերակրելու հարցը լուծել, մեր մոտ ճաշել ու գնացել են»:

Գյուղական հյուրատան բիզնեսի թերեւս ամենաուրախ կողմը օտարերկրացիների հետ շփումն է առանց օտար լեզվի իմացության: «Ձեռով-ոտով կհասկցնենք,- ծիծաղելով բացատրում է Շաքրոն,- միջազգային էդ լեզվին լավ կտիրապետենք ու պատկերացրեք, որ լավ էլ կհասկնանք իրար: Ես որոշ բառեր գիտեմ անգլերեն, մնացածը ժեստերով կբացատրեմ: Տունն եղած ժամանակ սկայպով կկապվինք տղայիս՝ ինքը կթարգմանե: Էս վերջերս մի զվարճալի դեպք եղավ, մի ամիս առաջ ավստրիացի ամուսինների էինք հյուրընկալել, ես տանը չեմ եղել, կինը ցանկացել է իմանալ, թե քանի երեխա ունենք: Ռայային ասել է, որ ինքը երկու «բեյբի» ունի ու ցույց է տվել ամուսնուն՝ ուզեցել է սեռը հասկացնի: Ռայան էլ ձեռքով ցույց է տվել, թե իմս էլ 3 հատ է ու էլի ցույց է տվել Հանսին, թե ըդուրից է, յանիմ էլի տղա են»:

Բիզնեսն ընդլայնելու նպատակով, մեկ շաբաթ առաջ Շաքրո Ղազարյանը հյուրատան կառուցման ծրագիր է ներկայացրել Շիրակի մարզպետարան: Հույս ունի, որ կառավարությունն անտոկոս կամ ցածր տոկոսադրույքով եւ երկարաժամկետ վարկ կտրամադրի` 40 հազար դոլարի սահմաններում, 4 մասնաշենքից բաղկացած նոր հյուրատուն կառուցելու համար: «Տարածքը ունեմ՝ խնդիր չէ, 4 փոքր տնակներ են լինելու՝ նախատեսված երկու հոգու համար բոլոր կոմունալ հարմարություններով: Եթե ծրագիրս հաստատվի, կարողանամ ընդլայնվել, կփորձենք մեր տարածաշրջանում էլ զբոսաշրջությունն ակտիվացնել»:

Շիրակի մարզի Արդենիս բնակավայրը գտնվում է Արփի խոշորացված համայնքում, մարզկենտրոն Գյումրիից՝ 46 կմ հյուսիս-արեւմուտք, Արփի լճից 10-11 կմ դեպի արեւելք, Ախուրյան գետի ափին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter