HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Օդից փող»-ը եթեր չի հեռարձակվի, հարուցված քրեական գործն էլ կարճվել է

«Հայկական երկրորդ» հեռուստալիքի «Օդից փող» հաղորդաշարը այլևս եթեր չի հեռարձակվի։ Այս մասին երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով»,- գրել էր նախարարը։

Բողոքները ստանալուց հետո Արայիկ Հարությունյանը զրուցել է հեռուստալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Նա նախարարին հայտնել է, որ թեև հաղորդման հեռարձակումը օրենքի խախտում չէ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղորդաշարի վերաբերյալ բողոքները շատ են, այն եթերացանկից կհեռացնեն:

Այս հաղորդաշարի վերաբերյալ նախկինում ևս բողոքներ են հնչել և՛ սոցիալական ցանցերով, և՛ լրատվամիջոցներով։ «Հետք»-ը ևս հաղորդաշարից տուժած քաղաքացիներից բողոքներ է ստացել, որոնցից մեկին անդրադառնում ենք ստորև։

Հեռուստախաղին մասնակցելու կանոնները

«Հայկական երկրորդ» հեռուստալիքով եթեր հեռարձակվող հեռուստախաղին իրավունք ունեն մասնակցել միայն 16 տարեկանից բարձր անձինք: Հաղորդման ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարց, որին պատասխանելու համար հեռուստադիտողը զանգահարում է 0 9000 8888 համարին, որի մեկ րոպեի արժեքը 540 դրամ է։ Այդ հեռախոսհամարին հնարավորություն ունեն զանգահարել Հայաստանի բոլոր գործող օպերատորների բաժանորդները: Զանգ կատարելուց և անմիջապես ինքնապատասխանիչին միանալու առաջին իսկ վայրկյաններից հաշվարկվում և 1 րոպեի դիմաց գանձվում է 540 դրամ, անկախ նրանից` զանգահարողի հեռախոսահամարը ուղիղ եթերին կմիացվի, թե ոչ: Կապ չունի, թե զանգահարողը քանի րոպե կգտնվի կապի մեջ, կամ մինչ այդ քանի անգամ զանգահարած կլինի, համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրում է այդ պահին կապի մեջ գտնվող ընդամենը մեկ հեռախոսահամար:

«Օդից փող» հաղորդաշարի դեմ հարուցված գործը կարճվել է

Ամիսներ առաջ «Հետք»-ին դիմել էին հաղորդաշարից տուժած քաղաքացիներ։ Դեռևս մարտ ամսին քննչական կոմիտե գրավոր հարցում էինք ուղարկել՝ հետաքրքրվելով, թե կոմիտեի վարույթում «Օդից փող» հաղորդաշարի վերաբերյալ քանի գործ է քննվում։ Կոմիտեից հայտնել էին, որ այս հաղորդաշարին առնչվող մեկ գործ է, որը հարուցվել է «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանի բողոքի հիման վրա։ Եփրեմյանը ոստիկանություն էր դիմել 2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ բողոքելով, որ «Հայկական երկրորդ» հեռուստալիքով եթեր հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը, վիկտորինայի մասնակիցների վստահությունը չարաշահելով, 0 9000 8888 հեռախոսահամարին զանգահարելու և դրա դիմաց գանձվող գումարների վերաբերյալ սպառիչ և ամբողջական տեղեկատվություն չի տրամադրվում, ինչպես նաև այդ հեռախոսահամարի ինքնապատասխանիչի օգտագործմամբ միտումնավոր ձգձգվում է ուղիղ եթեր միացնելու գործընթացը, որի արդյունքում հարյուր հազարավոր քաղաքացիներից խաբեությամբ գումար է հափշտակվում։

Այս բողոքի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու հիմքով։ Գործը փոխանցվել էր քննչական կոմիտե, որտեղ էլ, ինչպես այսօր տեղեկացանք, այն կարճվել է։ Ինչպես հայտնեցին քննչական կոմիտեից Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել է, որ «Հ2 հեռուստաընկերության» կողմից հեռաձրակվող «Օդից փող» հաղորդաշարը հեռարձակվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ։

Մասնավորապես հեռուստաեթերի ընթացքում կազմակերպվող վիկտորինային հեռուստադիտողների կողմից կապ հաստատելու նպատակով օգտագործվել է «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ին պատկանող 0 9000 8888 հեռախոսահամարը, իսկ ծառայությունները մատուցվել են «Հ2 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի, ինչպես նաեւ «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի և ՀՀ-ում գործող կապի օպերատորների միջև կնքված պայմանագրերի հիման վրա։

Նախաքննությամբ հաստատվել է, որ հաղորդաշարի հեռարձակման ընթացքում ինչպես հաղորդավարի կողմից,  այնպես էլ վազող տողով հեռուստադիտողները ծանուցվել են վիկտորինայի կանոնների, զանգի արժեքի և խաղի կանոնների մասին, որից հետո նաեւ հեռուստաեթեր զանգահարած հեռուստադիտողներին նաեւ ինքնապատասխանիչի կողմից է ծանուցվել զանգի արժեքի, հեռուստաեթերին միանալու պայմանների, խաղին մասնակցելու կանոնների մասին։

Պարզվել է նաեւ, որ «Օդից փող» հաղորդաշարի հեռարձակման ընթացքում՝ մինչեւ 2017 թվականի ավարտը, ընկերության կողմից հաղթող մասնակիցներին տրվել է 47.342.431.00 ՀՀ դրամ շահում։

Նման պայմաններում, թեեւ հաղորդման ընթացքում հնչեցված պարզունակ հարցերին պատասխանելու եւ գումարային շահույթ ստանալու նպատակով հեռուստադիտողների կողմից եթերին միանալու համար կատարած զանգերի արդյունքում պարտքեր են կուտակվել՝ դա չի կարող դիտվել որպես հափշտակություն՝ հաղորդման կազմակերպիչների կողմից, նշում է քննչական կոմիտեն:

Նախաքննության ընթացքում որեւէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որ հաղորդաշարի կազմակերպիչները ազդել են հեռուստադիտողների կամքի եւ գիտակցության վրա, նրանց մոլորության մեջ գցել, որպիսի պայմաններում էլ հեռուստադիտողները զանգահարել են հաղորդաշարին միանալու համար եւ իրենցից անկախ հանգամանքներում մոլորության մեջ գտնվելով կրել ֆինանսական վնասներ։

Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանքն է, այսինքն՝ այնպիսի արարք կատարելը, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»։

Ձեռք բերված ապացույցների համադրված վերլուծության արդյունքում փաստվել է, որ բացակայում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցագործության, այն է խարդախության հանցակազմը։


Արմեն Եփրեմյանը

«Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ քննչական կոմիտեն այս գործում հանցակազմ չի գտել նույնիսկ ակնհայտ խարդախության ապացույցը ներկայացնելուց հետո։ Ասում է՝ իրենց ՀԿ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել այս հաղորդաշարի գործունեությունից, մասնավորապես՝ հաղորդաշարին զանգահարած քաղաքացիները դժգոհել են, որ խոշոր չափի գումարներ են կորցրել։ Արմենը ոստիկանություն է դիմել իրենց դիմած քաղաքացիներից մեկի՝ Գայանե Գալոյանի շահերի պաշտպանության համար։ Գայանեի հետ մենք այդպես էլ չկարողացանք կապ հաստատել․ նրա հեռախոսահամարը անհասանելի էր։

Արմեն Եփրեմյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրավապահներին հստակ փաստ է ներկայացրել, որ Գայանե Գալոյանը զանգահարել է 0 9000 8888  հեռախոսահամարին, որպեսզի հաղորդաշարի ընթացքում հնչած հարցին ճիշտ պատասխան տա, սակայն նրա հեռախոսազանգը, 30 րոպե պահելով, այդպես էլ եթեր չեն հեռարձակել և նրանից գանձվել է 17 000 դրամ։ Գայանեն չի կարողացել վճարել այդ գումարը և դրան ավելացել են տույժ-տուգանքներ՝ այն հասցնելով 60 000 դրամի։ Արմենը ոստիկանություն զանգի վերծանման տվյալներ է ներկայացրել, հեռախոսազանգի ձայնագրությունը՝ ապացուցելով, որ դրան պատասխանող չի եղել, սակայն բաժանորդից 17 000 դրամ է գանձվել։

Արմենը դժգոհ է գործի քննությունից, ասում է՝ քննիչներին հստակ փաստեր ներկայացրեց, որոնք խեղաթյուրվեցին։

Մինչ Արմենի ոստիկանություն և դատախազություն դիմելը՝ Գայանե Գալոյանը անձամբ էր դիմել Ստեփանավանի ոստիկանական բաժին, սակայն Արմենի փոխանցմամբ՝ ոստիկանները Գայանեի դիմում-բողոքը չէին ընդունել՝ դրան լուրջ չվերաբերելով։ Այս մասին Արմենը հետագայում դատախազին ուղղված իր նամակում գրել է, որն էլ այդ ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն սկսելու հիմք է հանդիսացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter