HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սամվել Ալեքսանյանի կինը թաքցնում է ՊԵԿ-ից ստացվող 36 միլիոն դրամ վարձակալության գումարը

Պետական եկամուտների կոմիտեն Արարատյան մաքսատուն-վարչության մաքսային ձևակերպումների թիվ 2 բաժին` Նորագավիթում գտնվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսատան տարածքն արդեն վեց տարի վարձակալում է ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից։ Սակայն, պատգամավորի կինը տարիներ շարունակ թաքցրել է պետբյուջեից ստացվող իր այս եկամուտն ու գույքը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով այն չհայտարարագրելով։

Ինչպես «Հետք»-ին հայտնել են Պետական եկամուտներից կոմիտեից, պատգամավորի կնոջից 2012 թվականից վարձակալվել է Արշակունյաց պողոտայի 127/21 հասցեում գտնվող 4392 մ2 մակերեսով մաքսատան տարածքը։ Վարձակալության դիմաց Պետական եկամուտների կոմիտեն Շողերինա Մկրտչյանին տարեկան վճարում է 36 միլիոն դրամ:

Տարածքի վարձակալության ժամկետը, նախնական պայմանագրի համաձայն, հինգ տարի էր և ավարտվում էր 2017 թվականի մարտի 1-ին, սակայն ՊԵԿ-ը վարձակալության ժամկետը երկարարացրել է ևս երեք տարի ժամկետով՝ մինչ 2020 թվականի մայիս։

Այս մաքսատանն է կատարվում ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը և մինչ մաքսազերծում, մեքենաները այստեղ են պահվում։

Ընդհանուր առմամբ՝ 2012 թվականից մինչև 2018 թ. պետբյուջեից պատգամավորի կնոջը վճարվել է 252 միլիոն դրամ կամ 560 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ մինչ պայմանագրի ժամկետի ավարտը Շողերինա Մկրտչյանը վարձակալության համար ՊԵԿ-ից կստանա 324 միլիոն դրամ։

Շողերինա Մկրտչյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկը։ Նրա անունով են գրանցված նաև պատգամավոր ամուսնու՝ Սամվել Ալեքսանյանի, մի շարք բիզնեսներն ու անշարժ գույքերը։

Շողերինա Մկրտչյանի՝ որպես պատգամավորի կին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա վարձակալության տրվող տասնյակ տարածքներ ունի։

Սակայն Մկրտչյանը տարիներ շարունակ թաքցրել է մաքսատանը տրամադրած տարածքից ստացվող եկամուտը, քանի որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա՝ 2012-2017 թվականների հայտարարագրերում այդպես էլ չգտանք վարձակալության այսչափ եկամուտի մասին տեղեկատվություն։

Շողերինա Մկրտչյանի ներկայացրած վերջին հայտարարագիրը 2017 թվականի տարեկան հայտարարագիրն է։ Այդ տարվա ավարտին նա հայտարարագրել է միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոց և վարձակալության, շահաբաժնից ունեցած միլիոնավոր դրամի եկամուտ։

Մասնավորապես՝ պատգամավորի կինը նախորդ տարի հայտարարագրել է 2 միլիարդ 235 միլիոն դրամ, 8․2 միլիոն դոլար։ Շողերինա Մկրտչյանը հայտարարագրել է 12 անշարժ գույքի վարձակալությունից ստացված 67 միլիոն դրամի եկամուտ, չորս ընկերություններից ստացված 274 միլիոն դրամի շահաբաժին և երկու միլիոն դրամ՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter