HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավորների ժամանակակից «թազբեհները»

Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը դատական նիստերի դահլիճից դուրս է հրավիրել «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» իրավաբան Գեւորգ Գյոզալյանին՝ դահլիճում հեռախոսով խաղալու համար: Գ. Գյոզալյանի ասելով' դատավորն իր արարքը համարել է «դատավարական կարգի խախտում»:

Երիտասարդ իրավաբանը շեշտում է, որ այդ կարգը չի գործում վերաքննիչ դատարանի եռյակ կազմի մեկ այլ դատավորի՝ Տիգրան Սահակյանի դեպքում: «Տ. Սահակյանի մոտ բնավորություն է դարձել' երբ նիստը սկսվում է, նա հեռախոսով զրուցելով դուրս է գալիս դահլիճից: Նույնը կրկնվեց հունիսի 13-ի դատական նիստի ժամանակ. Տ. Սահակյանը հեռախոսով զրուցում էր ինչ-որ մեկի հետ, պայմանավորվեց եւ, զրույցը շարունակելով, դուրս եկավ նիստերի դահլիճից»,-պատմեց Գ. Գյոզալյանը:

Իրավաբանի ասելով' հունիսի 13-ին գործի քնությունն ավարտվել էր, եւ դատավորների կազմը պետք է գնար խորհրդակցական սենյակ' վճիռ կայացնելու, սակայն Ա. Խառատյանը որոշել է գործի վարույթը մեկ ամսով կասեցնել: «Խնդրել եմ հետաձգելը պատճառաբանել իրավաբանորեն, Ա. Խառատյանն ինձ պատասխանում է՝ 7 հատ վճիռ ունեմ գրելու, դո՞ւ ես իմ փոխարեն գրելու»,-ասում է Գ. Գյոզալյանը: Իրավաբանը գործը քննող կազմին՝ նախագահող դատավոր Աստղիկ Խառատյան, Տ. Սահակյան, Ա. Թումանյան, բացարկ է հայտնել' հիմքում դնելով նաեւ այն պատճառաբանությունը, որ դատաքննության ժամանակ դատավոր Տիգրան Սահակյանն անհասկանալի պատճառներով նիստերի դահլիճից դուրս է գնացել իր անձնական հարցերով, սակայն բացարկը մերժվել է: «Թերեւս այն տրամաբանությամբ, որ միայն ու միայն Տիգրան Սահակյանը կարող է դատաքննության ընթացքում հեռախոսով խաղալ ու զրուցել»,-ասում է իրավաբանը:

Բջջային հեռախոսները միակ ժամանակակից տեխնիկան են, որին դատավորները տիրապետում են, եւ թազբեհին փոխարինելու եկած նորաոճ խաղերը դարձել են նրանց հոբբին: Դատավորի վարքագծի, մասնավորապես էթիկական նորմերի հետ անհամատեղելի այս երեւույթից դատավորները չեն կարողանում հրաժարվել անգամ դատաքննության ժամանակ, քանի որ դրանով են ցրում իրենց ձանձրույթը: Քաղաքացիների նախորդ դժգոհությունները՝ դատական նիստերը ժամից ավելի ուշացումով սկսելը, նիստերն անհարկի հետաձգելը եւ այլն, ոչինչ են բջջայինների առաջացրած զայրույթի համեմատությամբ, որով քաղաքացու նկատմամբ արհամարհանքը հասել է գագաթնակետին:

Պարզվում է, որ նախագահող դատավորը կարող է նիստի ամբողջ ընթացքում հեռախոսը ձեռքին անձնական հարցեր պարզել դահլիճում ներս ու դուրս անելով կամ ընդհանրապես հեռանալ դահլիճից, սակայն վերջում վճիռ կայացնել, ինչպես դա արեց Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը մարտի 10-ին, երբ քննում էր Բժշկական համալսարանի մի խումբ ուսանողների բողոքը՝ իրենց անվճար համակարգում չընդունելու վերաբերյալ: Հայցվորներն ամբիոնից բացատրություններ էին տալիս, հիմնավորում Կրթության նախարարության կողմնակալությունը, իսկ դատավորը խոսում էր բջջային հեռախոսով' այդ ընթացքում պատասխանելով երկու հեռախոսազանգի: Այնուհետեւ զրուցելով դուրս եկավ դահլիճից, զրույցը շարունակելով վերադարձավ ու մերժեց բողոքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter