HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ինչո՞ւ է հարկադիր կատարողը յուրովի ընկալում դատարանի վճիռը

Տիգրան Մեծի 25 հասցեի թիվ 18 բնակարանի բնակչուհի Անահիտ Մարգարյանը դիմել է դատարան խնդրելով հարեւանուհուն՝ թիվ 15 բնակարանի բնակչուհի Մանյա Մարգարյանին պարտավորեցնել իր պատշգամբի վրա տեղադրված թիթեղյա ծածկն ապամոնտաժել եւ տարածքը բերել նախկին տեսքի: Հայտնել է, որ վերջինս մետաղյա սյուներ ամրացնելով 30քմ-ով մեծացրել է պատշգամբը եւ վրան տեղադրել թիթեղյա ծածկ, որի պատճառով խախտվել է իրենց հանգիստը, կյանքի անվտանգությունը եւ բնակարանի անձեռնմխելիությունը: Նույն պահանջով դատարանին է դիմել նաեւ Երեւանի քաղաքապետարանը, հայտնելով, որ 2003թ.-ի օգոստոսի 20-ին ընդունած որոշումով Մ. Մարգարյանին առաջարկվել է ապամոնտաժել պատշգամբի վրա ինքնակամ տեղադրված թիթեղյա ծածկը, սակայն որոշման պահանջները չեն կատարվել: Դատարանը 2004թ.-ի օգոստոսի 31-ին բավարարել է հայցվորների պահանջները եւ վճռել. «Տիգրան Մեծի 25 հասցեի թիվ 15 բնակարանի բնակչուհի Մանյա Մարգարյանին պարտավորեցնել պատշգամբի վրա տեղադրված թիթեղյա ծածկն ապամոնտաժել եւ տարածքը բերել նախկին վիճակի»:

Կատարողական վարույթն իրականացնելու համար հարկադիր կատարողներից պահանջվել է ավելի քան մեկ տարի, քանի որ «տարածքը նախկին վիճակի բերելը» նրանք հասկացել են յուրովի: Կատարողական գործողությունների ընթացքում պատշգամբի վրա տեղադրված թիթեղյա ծածկն ապամոնտաժվել է, սակայն մետաղյա սյուները, որոնց վրա դրանք ամրացված են եղել՝ թողել են տեղում: Այսինքն, ԴԱՀԿ-ն կատարել է իր իսկ որոշման մի մասը՝ հարկադրել է Մ. Մարգարյանին ապամոնտաժել պատշգամբի վրա ինքնակամ տեղադրված թիթեղյա ծածկը,երկրորդ պահանջը՝ տարածքը բերել նախկին վիճակի, չի կատարվել, սակայնաշխատանքն ավարտված համարելով ավագ հարկադիր կատարող Ա. Ավետիսյանը կարճել է կատարողական վարույթը:

Անահիտ Մարգարյանն ու մյուս հայցվորները բողոքարկել են հարկադիր կատարողի գործողությունները: 2005թ.-ի ապրիլին ԴԱՀԿ Երեւան քաղաքի բաժնի պետ Ա. Խաչատրյանը հայցվորների բողոքներին ի պատասխան հայտնել է. «Կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվել է եւ կատարողական վարույթը կարճվել է: Մետաղական սյուների ապամոնտաժումը վճռով նախատեսված չէ, ուստի նշված հարցը ենթակա է լուծման դատական կարգով»:

Չհամաձայնելով բաժնի պետի տեսակետի հետ պահանջատերերը շարունակել են բողոքարկել հարկադիր կատարողի որոշումները՝ պահանջելով վերսկսել վարույթը: Իր որոշման մեջ անդրդվելի ԴԱՀԿ Երեւան քաղաքի բաժնի պետ Ա. Խաչատրյանը նրանց պատասխանում է. «Նկատի ունենալով, որ կատարողական թերթում նշված չէ մետաղյա սյուների ապամոնտաժման մասին, ուստի ԴԱՀԿ ծառայությունը դատարանին խնդրել է պարզաբանել, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է, ասելով, որ կատարողական թերթում ամեն ինչ պարզ ու հստակ նշված է»: Դարձյալ անտեսելով դատարանի պատասխանը, որ վճռում ամենի ինչ պարզ ու հստակ գրված է, լրացուցիչ պարզաբանելու հարկ չկա, պարզապես այն կատարել է պետք, հարկադիր կատարողն, այնուամենայնիվ, հունիսի 2-ին կարճում է վարույթը:

Այդպես էլ բացատրություն չի տրվել, թե ինչու են տեղում մնացել մետաղյա սյուները, արդյոք բազմահարկ շենքը կառուցելիս նման սյուներ են պատշգամբին ամրացված եղել, որ հարկադիր կատարողները շենքի «նախկին վիճակը» միամտորեն պատկերացնում են հենց այդ սյուներով: Եթե այդպես է, իրենց որոշումների հետ չհամաձայնող հայցվորներին գուցե բացատրեին, թե ինչո՞ւ են այդ սյուներն ամրացված եղել միայն Մանյա Մարգարյանի պատշգամբին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter