HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փորձագետ. «Համայնքների խոշորացման երևացող, «պայծառ տեղերն» առայժմ միջազգային կառույցների ծրագրերն են»

Սարապատ խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում միաժամանակ սկսվել է խոտքաղը: Մարդիկ շտապում են մինչեւ անձրևները քաղն ավարտել: «Խոտը հենց թրջավ, էլ որակ չունի, -բացատրում է Սարապատ խոշորացված համայնքի գյուղատնտես, համայնքապետարանի առաջատար մասնագետ Հմայակ Մարտիրոսյանը,- էս տարի հակառակ էր, խոտքաղը շուտ սկսվավ, հմի համ ցածրադիր, համ բարձրադիր վայրերում մարդիկ քաղ կենեն»: Հմայակ Մարտիրոսյանը Թորոսգյուղից մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվող Լեռնագյուղի (նախկին անունը` Չոռլի) նախկին գյուղապետն է:

Համայնքների խոշորացման ծրագրից գոհ է, ասում է. «Չմտածեք, որ ես հիմա աշխատանք ունեմ դրա համար եմ ասում՝ մրցույթ է եղել, մասնակցել, անցել եմ»: 2016թ․ հոկտեմբերին խոշորացված Սարապատ համայնքում ընդգրկված 15 բնակավայրերից ամենափոքրն է Լեռնագյուղը: Այնտեղ, հատկապես վերջին տարիներին, բնակվող ընտանիքների թիվը չի գերազանցում 5-ը, որից մշտապես՝ անկախ տարվա եղանակներից, գյուղում մնում են ընդամենը 3-ը:

«Ընդամենը 27 բնակիչ ունի Լեռնագյուղը, հավաքած հարկը, պետության տված դոտացիան հազիվ գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձին կհերիքեր»,- մեկնաբանում է զրուցակիցս:

Մոտ 3 մլն դրամը ծախսվել է համայնքապետի, հաշվապահի եւ աշխատակազմի քարտուղարի աշխատավարձի վրա, ծրագրեր իրականացնելու նպատակով գումար չի խնայվել: Թերևս պատճառներից մեկն էլ այն է, որ լեռնագյուղցիները դեմ չեն եղել համայնքների խոշորացմանը: Հմայակ Մարտիրոսյանը նկատում է, որ բոլոր փոքր, խեղճ գյուղերը, որ չէին կարողանում ինքնուրույն, սեփական եկամուտների հաշվին ինչ-որ խնդիր լուծել, կողմ էին միավորմանը:

Սարապատի ներկայիս գյուղատնտեսը Լեռնագյուղը ղեկավարել է 1991թ-ից, ասում է ծրագրեր իրականացրել է, բայց ոչ բյուջեով, այլ ներդրումների շնորհիվ: «Լեռնագյուղը փաստացի ջրի խնդիր չունի. մեր սարերի աղբյուրներից քաշած ջուրն է` խոշորացումից մեկ տարի առաջ լրիվ նոր խողովակաշար անցկացվեց, գյուղում լուսավորության երեք կետ կա, չնայած ամեն մարդ իր տնից էլ լուսավորեր՝ կլիներ,- կատակում է զրուցակիցս,- դե շատ մեծ պրոբլեմներ մենք չենք ունեցել, ճամփեքի հարցն է եղել, խոշորացումից հետո, օրինակ, երկու անգամ հարթեցվել է, մի բան, որ ես նախկինում չէի կարողանա անել բյուջեով»:

«Ամեն դեպքում լեռնագյուղցիք թասիբով են․ 20 հոգով 100 հա հող ունենք, ու ամբողջը մշակվում է, իսկ գյուղեր կան 50 տնով իրանց 2 հա-ն էլ ալարում են վարեն-ցանեն: Կոնկրետ էս խոշորացումն ինձ համար էլ էր լավ: Թե առաջ պիտի գնայի գլուխս կախեի մարզպետարանի դուռը կանգնեի, թե ընձի օգնենք, հիմա ես էլի աշխատում եմ, գյուղս էլ պրոբլեմ չունի»: Ըստ Հմայակ Մարտիրոսյանի՝ խոշորացումից դժգոհողները խոշոր գյուղերն ու սեփական եկամուտների գծով պարտքեր կուտակած համայնքներն են:

Սարապատ համայնքի մեկ այլ բնակավայրի՝ Փոքր Սարիարի նախկին ղեկավար Արա Արշակյանը եւս դեմ չի եղել խոշորացման ծրագրին: Վերջինս զբաղեցնում է Սարապատ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Փոքր Սարիարն ունի 234 բնակիչ, գյուղի տարեկան եկամուտները նախկինում կազմել են 645 հազար դրամ, պետական դոտացիան՝ 3,5 մլն դրամ: Նախկին գյուղապետի փոխանցմամբ՝ գյուղի գիշերային լուսավորության ցանցի անխափան աշխատանքն ապահովելու համար տարեկան ծախսել են 130-150 հազար դրամ, բնականաբար կար նաեւ աշխատավարձի ֆոնդ, որը բյուջեի առյուծի բաժինն էր կազմում, մնացյալ գումարով որեւէ մեծ ծրագիր, անգամ մեծ ցանկության դեպքում՝ չեն կարողացել իրականացնել:

Արա Արշակյանի կարծիքով՝ կոնկրետ Սարապատ համայնքի ձեւավորումը ձեռնտու էր կազմում ընդգրկված գյուղերի 99 տոկոսին: 

«Ոչ մի գյուղն էլ ոչ նորմալ բյուջե ուներ, ոչ էլ ծրագիր իրականացնելու հնարավորություն: Մեր համայնքի բոլոր բնակավայրերն էլ խեղճ են. հարուստ գյուղ չկար, որ ասեմ մեջներս ուժեղ, հարուստ համայնք կար: Խոշորացման արդյունքում բավական ավելորդ հաստիքներ կրճատվեցին, գումար խնայվեց: Հիմա Սարապատ համայնքի բյուջեն 103 մլն դրամ է: Մեծ հաշվով, որ նայում ես, բան չի ավելացել՝ եղած համայնքների բյուջեներն է գումարվել, բայց դե էդ գումարով էլի հնարավոր է տարին մեկ-երկու գյուղի համար մի խոշոր գործ անել»,- նկատում է Արա Արշակյանը:

Ի՞նչ է արվել անցած երկու տարվա ընթացքում Փոքր Սարիար բնակավայրի համար, որ նախորդ տարիներին, ըստ նախկին համայնքապետի, անհնար է եղել իրագործել: Ասում է՝ վերանորոգվել են դաշտամիջյան ճանապարհները, նաեւ 330 հազար դրամի շրջանակներում սեղան-աթոռի համար անհրաժեշտ նյութ է ձեռք բերվել, որպեսզի կարողանան կահավորել գյուղում գտնվող սրահը: Սարապատ խոշորացված համայնքի բնակավայրից միայն Ցողամարգ գյուղն էր, որ երկու տարի առաջ ըմբոստացել էր բնակավայրերի միավորման դեմ, սակայն այդպես էլ չկարողացավ պահպանել ինքնուրույնությունը, քանի որ ըստ օրենքի` բնակիչները կարող էին հանրաքվե անցկացնել, որը, սակայն, վերջնարդյունքում որեւէ ազդեցություն չէր ունենալու:

Շիրակի մարզում գործող քաղաքացիական հասարակության հզորացման կենտրոնի ներկայացուցիչ Սեյրան Մարտիրոսյանը, խոսելով համայնքների խոշորացման ծրագրից, նկատում է, որ անցած երկու տարիների ընթացքում միավորված բնակավայրերում տեսանելի փոփոխություններ չեն նկատվել: Որոշակի տեղաշարժ արձանագրվել է փնջերի կենտրոններում, որոշ ծրագրեր էլ իրականացվել են հեռավոր գյուղերում, սակայն գլոբալ, նկատելի, շոշափելի փոփոխություններ, որ ակնկալվում էր համայնքների խոշորացման արդյունքում՝ չի եղել: Փոփոխություններից խոսելիս, խոշորացված համայնքներում նշում են ծառայությունների մատուցման սրահի կահավորումը, որ նվեր է գերմանական կազմակերպության կողմից եւ որոշակի գյուղտեխնիկայի ձեռքբերումը:

«Մարդիկ ինչպես նախկինում էին իներտ, այդպես էլ հիմա, ինչպես նախկինում չէին հետաքրքրվում համայնքի կյանքով, հիմա առավել եւս՝ արդեն կապված հեռավորության հետ` կենտրոնից: Վերցնենք Սարապատ համայնքը: Այստեղ ամենամոտ բնակավայրը 3 կմ, իսկ ամենահեռավորը կենտրոնից հեռու է 39 կմ: Արդյոք Ձորաշենի՝ ամենահեռավոր բնակավայրի բնակիչի մոտ խոշորացումից հետո համայնքի կյանքին ակտիվ մասնակցելու ցանկություն է արթնացել, կամ արդյոք թորոսգյուղցին, գոգհովիտցին, ցողամարգցին, լեռնագյուղցին քաղաքացիական ակտիվություն է դրսեւորում եւ ձգտում թեկուզ ավագանու նիստերին մասնակցելով` որեւէ կերպ մասնակցություն ունենալ նաեւ համայնքում ընդունվող որոշումներին,-հարցնում է Սեյրան Մարտիրոսյանը,- մենք փորձում ենք հանդիպումների, զրույցների, ներկայացվող խնդիրների միջոցով հասկանալ, թե խոշորացված համայնքներում կա՞ ակտիվ քաղհասարակություն, որքանով են մասնակցում համայնքի ղեկավարմանը, եւ ինչպե՞ս կարող ենք մենք օգնել նրանց այդ հարցում»:

Սարապատ համայնքում կենտրոնի հրավիրած հանդիպմանը մասնակցում էին բնակավայրերի վարչական ներկայացուցիչներն ու համայնքապետարանի աշխատակազմը, թեպետ քննարկումը նախատեսված էր ավագանու անդամների համար: Համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը ավագանու 9 անդամների բացակայությունը պատճառաբանեց գյուղատնտեսական աշխատանքներով: Հավաքվածները հիմնականում դժգոհեցին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից՝ հայտարարելով, որ մի շարք բնակավայրեր ոչ թե շահել, այլ տուժում են կազմակերպության գործունեությունից:

Փնջի 15 բնակավայրից Հողմիկ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Վարդաղբյուր, Սալուտ, Մուսայելյան, Հարթաշեն գյուղերը խմելու ջրի ցանցը հաձնել են կառավարման ջրամատակարար ընկերությանը եւ դժգոհ են: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հրաժարվում է կոյուղատարերը շահագործելուց, ինչպես նաեւ պահանջում է ջրի հին խողովակները փոխարինել նորով, որ կարողանան սպասարկել:

«Տեսեք, իրենք խնդիր ունեին, ու այդ խնդրի առաջ կանգնել էին այն գյուղերը, որոնց ավագանին ժամանակին կողմ էր քվեարկել հանձնելու խմելու ջրի ցանցը ջրմուղկոյուղու կառավարման: Նույնը կատարվեց Գյումրիում, նույնը կատարվել է մի շարք մեծ ու փոքր այլ համայնքներում: Որոշումը կայացվել է առանց հասարակության, բնակիչների կարծիքը հարցնելու՝ այսինքն միանձնյա, իսկ հիմա դժգոհում են: Ինչ պատկեր կլիներ, եթե ասենք այս նույն համայնքներում ակտիվ քաղաքացիական հասարակություն լիներ, որ կարողանար իր դիրքորոշումը հայտնել, առաջարկով հանդես գար, ի վերջո՝ ընդվզեր, շատ հնարավոր է, որ այլ պատկեր կլիներ հիմա: Մենք իհարկե կօգնենք իրենց, որ կարողանան կարգավորել հարաբերությունները «Վեոլիա ջրի» հետ եւ հասնեն նրան, որ կազմակերպությունը կատարի ստանձնած պարտավորությունները»,- նկատում է Սեյրան Մարտիրոսյանը:

Զրուցակցիս փոխանցմամբ, ծրագիրը, որի շրջանակում իրենք հանդիպումների շարք են սկսել խոշորացված Ամասիա, Արփի, Աշոցք եւ Սարապատ համայնքներում, նպատակ ունի հզորացնելու քաղաքացիական հասարակությունը, յուրօրինակ հարթակ ստեղծելու, որտեղ կծավալվի բանավեճ եւ երկխոսություն՝ իրավունքի, խտրականության, կրթության, առողջապահության, կոռուպցիայի դեպ պայքարի եւ այլ բոլոր հնարավոր ոլորտների շուրջ: «Մեր նպատակը չէ հասարակական կազմակերպություն ստեղծելը, մեր նպատակը հատկապես երիտասարդության ակտիվացումն է համայնքներում, մարդկանց ներգրավումը համայնքի կառավարմանը, իշխանություններին տարբեր մակարդակում հաշվետու, թափանցիկ պահելը,- բացատրում է Սեյրան Մարտիրոսյանը,- մենք ցանկանում են նշված համայնքներում ձեւավորել յուրօրինակ ֆորում, որ կարողանան միասին քննարկել, առաջարկել տարբեր լուծումներ, լինի փորձի փոխանակում»:

Քանի որ խոշորացման գործընթացն ինչ-որ տեղ պարտադրված էր համայնքներին եւ բնակչության կարծիքն այդպես էլ հաշվի չառնվեց, ապա բնական է, որ տեղի ունեցող զարգացումներին էլ մարդիկ պետք է հիմնականում իներտ վերաբերվեին:

«Իմ տպավորությունն է, որ խոշորացումը եղել է թղթի վրա, բայց իրականության մեջ այդ խոշորացումը չկա, կա մարդկանց ռեսուրսների գումարում, սակայն չկա այդ նույն ռեսուրսների միավորում, ծառայությունների մատուցման արդյունավետությունն էականորեն չի բարձրացել, բարձրացել է միմիայն, ասենք, պաշտոնական կայքերի կողմից ներկայացվող տեղեկատվությունը՝ երբեմն նաեւ հետադարձ կապ ապահովելու միջոցով, սակայն դա որպես մեխանիզմ կար` անկախ համայնքների խոշորացումից,- նկատում է զրուցակիցս,- չգիտես` ինչու խոշորացված համայնքներում չեն զգում այն բեռը, որ դրվել է իրենց ուսերին, թեկուզ ճանապարհների սպասարկման առումով, որ նախկինում կառավարության պարտականությունն էր: Ակնկալիքը, որ ֆինանսական հոսքերը կուժեղանան՝ դա էլ չեղավ, միայն առկա բյուջեները գումարվեցին, կարող եմ ասել, որ այս խոշորացման երեւացող, «պայծառ տեղերն» առայժմ միջազգային կառույցների, Եվրամիության ծրագրերն են, ու դեռ պարզ էլ չէ, թե ինչ արդյունավետությամբ են դրանք գործում»:

Մեկնաբանություններ (2)

Armen Galstyan
Ասում էին,որ խոշորոցումից հետո եվրոպան փողեր է տրամադրելու այդ համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման համար : Բայց խոշորացման պրոցեսը այնքան շտպ-թըփ է արվում,որ տպավորությունէ ստեղծվում,թե այդ տրամադրվելիք փողերը արդեն լափել վերջացրել են ու հիմա եվրոպաներին ցույց տալու համար պրոցես են իմիտացիա անում:
Գեւորգ
Բռնի խոշորացման իրական նպատակը, ըստ ամենայնի, համայնքների վերացումն էր ու գյուղացիներին ձայնից զրկելը, որպիսզի «օլիգարխների» կապիտալը դրվեր հողերի ձեռք բերման վրա, չնչին գներով: Նոր հանքեր կբացեին, տիպային ջերմոցներ ու այգիներ կսարքեին, դաչաներ ու զվարճանքի կենտրոններ եւ այլն: Իսկ ո՜վ պիտի աշխատեր նրանց համար չնչին կոպեկներով: Միթե պարզ չէ՜- հողազուրկ ու գործազուրկ գյուղացիները (արդեն բատրակները): Իսկ եթե չխոնարհվեին ու արտագաղթեին, ոչինչ - դաստով սեւամորթներ ու փախստականները լիքն են: Մարքսիզմ է եղբայր, նորություն չկա այստեղ, միայն տեսնել է հարկավոր: Այսպիսով, մեր թույլ հույսը Նիկոլն է ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter