HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Դատավորներին պետք է կրթել

Օգոստոսի 3-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում շարունակվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածով (Մարդկանց առեւտուրը) մեղադրվող Ուզբեկստանի բնակիչ Նաթելլա Սաղաթելյանի դատավարությունը: Այս հոդվածով առավելագույն պատիժը չորսից ութ տարվա ազատազրկումն է: Ն. Սաղաթելյանը Ուզբեկստանի բնակիչներին Հայաստանով տեղափոխում էր Դուբայ. երկուսին հաջողել են ուղարկել, իսկ մեկը դեռ Երեւանում էր: Դուբայի օդակայանում երկու ուզբեկուհիները ձերբակալվել են, նրանց անձնագրերը կեղծ էին: Հինգ օր պահելով Դուբայի օդակայանում' Միգրացիոն ծառայությունը նրանց ետ է ուղարկել Հայաստան: Գործը քննել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ, պարզելով, որ սա մարդկանց առեւտուր է, այդ մեղադրանքով հանձնել է ՀՀ գլխավոր դատախազությանը:

Օգոստոսի 3-ի դատական նիստի ժամանակ հարցաքննվում էր զոհերից մեկը' Ուզբեկստանի բնակչուի 17-ամյա Կարինա Երեմյանը (գործում ներգրավված է որպես վկա): Աղջկա անձնագրում նշված է, թե նա ազգությամբ ուզբեկ է: Հայրը' Վազգեն Երեմյանը, երբ երեխան դեռ փոքր է եղել, տունը վաճառել է եւ հիվանդ կնոջն ու երեխային դուրս շպրտել փողոց: Կարինան 12 տարեկանից աշխատում է եւ պահում հիվանդ մորը: Նա հիմնականում դայակություն է արել:

Այս դատավարությունը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես չի կարելի նման պայմաններում հարցաքննել անչափահասին: Դատավոր Իսկուհի Վարդանյանի կեցվածքը տարօրինակ էր: Նրա հարցերն այն տպավորությունն էին թողնում, թե մեղադրյալը 17-ամյա այդ աղջնակն էր: Նա մի քանի ժամ հարցաքննվում էր խաչաձեւ' մեղադրանքը ներկայացնող դատախազը, դատավորը, ամբաստանյալը եւ նրա պաշտպանը իրենց հարցերով փորձում էին ապացուցել, որ աղջնակը սեփական կամքով է հայտնվել Հայաստանում ու մեկնում Դուբայ:

Դատավորը մի պահ ոգեւորված դահլիճին դիմելով ասաց' եկեք այսօրվանից մենք բոլորս պայքարենք նրանց նմանների դեմ: Նա նկատի ուներ անչափահաս Կարինային: Իսկ թարգմանիչը անհասկանալի պատճառով երբեմն ամբողջությամբ չէր թարգմանում դատաքննության ընթացքը եւ սեփական ռեպլիկներն էր անում: Արդեն իսկ դատավորի կեցվածքից, դատախազի հարցերից եւ ամբաստանյալի պահվածքից կարելի է գուշակել այս դատավարության ելքը: Իր գործի մեջ պրոֆեսիոնալ Նաթելլա Սաղաթելյանը դահլիճից ազատ կարձակվի կամ կստանա շատ մեղմ պատիժ:

Սակայն առավել մտահոգիչն այն է, որ մեր դատարաններում անչափահասների հետ վարվելու, հարցաքննություն անցկացնելու ոչ կարգ, ոչ էլ կուլտուրա կա: Անչափահասը հարցաքննվում էր առանց ներկայացուցչի, ոչ ոք նրա շահերը չէր պաշտպանում: Երբ դատավարությանը մասնակցող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ մի կին շոգ դահլիճում հուզված եւ բերանը չորացած Կարինային փորձում էր ջուր եւ անձեռոցիկ փոխանցել, դատավոր Վարդանյանը տեղից բարկացած ասաց' ինչու՞ եք խառնվել, ի՞նչ է եղել որ:

Հարցաքննության ողջ ընթացքում զգացվում էր դատավորի ընդգծված անբարյացակամ վերաբերմունքը վկայի նկատմամբ: Մի բան հստակ է, որ դատավոր Իսկուհի Վարդանյանը իրավունք չուներ նախագահելու այս դաատական նիստը' առանց անչափահասների հետ վարվեցողության կանոնները յուրացնելու:

Իսկ Արդարադատության նախարարը առիթը բաց չի թողնում հպարտանալու դատական անպտուղ բարեփոխումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter