HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թոշակառուն հազարավոր դոլարներ է պարտք տալիս. վաշխառության դեպքերը հազվադեպ են հաստատվում դատարաններում

Նարինե Շիրինյանը դիմել է «Հետքին»՝ բարձրաձայնելով՝ վաշխառության զոհ է դարձել, սակայն կրկնակի տուժել է, քանի որ 6500 ԱՄՆ դոլարի բռնագանձման պարտավորություն իր վրա է դրել դատարանը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բռնագանձման հայցը բավարարել է նախկին դատավոր, այսօր կաշառք ստանալու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Իշխան Բարսեղյանը:

Տիկին Նարինեն պատմում է, որ ինքը «տոկոսով փող տվող» Ժենյա Գեղամյանի միակ «հաճախորդը» չի եղել. «Անգամ մինչև 72.000 ԱՄՆ դոլար գումար է կարողացել տալ»,-վկայում է Նարինե Շիրինյանը՝ նկատելով, սակայն, որ Ժենյա Գեղամյանը թոշակառու է, հաշմանդամ: հետևաբար, մշտապես իրավապահներին ներկայացրել է՝ որտեղից մոտ 80 տարեկան տիկնոջն այդքան մեծ գումարներ: Նարինե Շիրինյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, ինքը ճանաչվել է տուժող: Վարույթը, սակայն, կարճ ժամանակ անց կարճվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:   

Երևանի բնակչուհի Նարինեի պատմելով՝ ամեն ինչ սկսվել է մոտ 10 տարի առաջ, երբ տղան վթարի է ենթարկվել, ու ընտանիքին շտապ գումար է անհրաժեշտ եղել: Գրանցված աշխատանք չի ունեցել: Ընկերուհու միջոցով ծանոթացել է Ժենյա Գեղամյան անունով կնոջ հետ, ով տոկոսով գումար է տալիս եղել: Նարինե Շիրինյանի խոսքով, 2009 թ.-ի մայիսից- նոյեմբեր ամիսներին 6 տոկոս տոկոսադրույքով վերցրել է գումարային հաշվով 6000 դոլար: Դրանք, սակայն, ֆիքսվել են տարբեր ստացականներով: Ասում է, որ պարբերաբար վճարել է տոկոսներն ու մայր գումարից 500 դոլար: 2014-ին ևս 1000 ԱՄՆ դոլար է վերցրել նույն տիկնոջից:

Մենք ուսումնասիրեցինք գործի նյութերը, բողոքները, որոշումները: Պարզեցինք, որ կողմերը 2014-ին մեկ ընդհանուր ստացական են կազմել, ըստ որի Նարինե Շիրինյանը պարտավորագրում նշել է՝ պարտավորվում է վերադարձնել 6500 ԱՄՆ դոլար: Ընդ որում, 6500 ԱՄՆ դոլարից 5500 ԱՄՆ դոլարը Ժենյա Գեղամյանից վերցրել է 2009թ., իսկ 1000 ԱՄՆ դոլարը` 14.05.2014թ., արդյունքում ընդհանուրը 6500 ԱՄՆ դոլարի պարտավորության մասով նույն օրը իր կողմից պարտավորագիր է տրվել Ժենյա Գեղամյանին։

Ժենյա Գեղամյանը հիշյալ գումարը փոխառությամբ իրեն տվել է ամսական 6 տոկոս դրույքաչափով։ Սկսած 2009թ.-ից Ժենյա Գեղամյանին վճարել է ամսական 330 ԱՄՆ դոլար, ինչի մասին վկայել է Ժենյա Գեղամյանի որդու կինը` Գոհար Գասպարյանը: Այսինքն՝ տիկին Ժենյայի հարսը 2015-ի փետրվարի 24-ին տվել է ստացական` հայտնելով, որ ականատես է եղել, թե ինչպես է նշված տոկոսի գումարը ամեն ամիս փոխանցվել Ժենյա Գեղամյանին։

2016-ին դիմելով քաղաքացիական դատարան` Ժենյա Գեղամյանը պահանջել է Նարինե Շիրինյանից, որպես փոխառության գումար, բռնագանձել 6.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները։ Հայցը բավարարվել է:

Ապա Նարինե Շիրինյանի վերաքննիչ և վճռաբեկ բողոքները մերժվել են: Վերաքննիչ դատարանն առհասարակ տոկոսները վճարելու մասին Ժենյա Գեղամյանի հարսի գրությունը թույլատրելի ապացույց չի դիտարկել:

Իսկ վճռաբեկ բողոքում Նարինե Շիրինյանի ներկայացուցիչ Անի Թորոսյանը նշել է, որ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Դ. Սարոյանի 26.09.2016 թվականի Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումն այս գործով հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք:

Նարինե Շիրինյանը ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ դեռևս 2009 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Ժենյա Գեղամյանից 6 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 6.500 ԱՄՆ դոլար և մինչև 2014 թվականի դեկտեմբեր ամիսը վճարել է 21.400 ԱՄՆ դոլար տոկոսադրույք, որից որպես մայր գումար մարել է 500 ԱՄՆ դոլար, Ժենյա Գեղամյանին խնդրել է դադարեցնել տոկոսի վճարումը, սակայն վերջինս չի համաձայնվել և գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան: Նարինե Շիրինյանի կողմից տրված հաղորդման հիման վրա, ինչպես նաև գործում առկա նյութերը հետազոտելով ավագ քննիչ Դ. Սարոյանը հանգել է այն եզրակացության, որ կան հանցագործության մատնանշող բավարար հիմքեր, առկա է, ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այդ հիմքով 2016-ին հարուցել է քրեական գործ:

Անի Թորոսյանը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

Ճիշտ է, գործը կարճվել է, սակայն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, իսկ քրեական գործի քննությամբ պարզվել է, որ գումարները տրամադրվել են տոկոսով, հետևաբար նշված քրեական գործի շրջանակներում կայացված որոշումը որպես նոր երևան եկած հանգամանք հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Սակայն վճռաբեկ դատարանը գտել է, որ նոր երևան եկած հանգամանքը հիմնավորված չէ բողոքում:

Դատական տեղեկատվական համակարգում առկա է ևս մեկ գումարի բռնագանձման հայց նույն անձի՝ Ժենյա Գեղամյանի կողմից: Այս անգամ դատարանը բավարարել է 6000 ԱՄՆ դոլարի գումարի բռնագանձման պահանջ ի օգուտ Ժենյա Գեղամյանի:

Նարինե Շիրինյանն ասում է, որ Ժենյա Գեղամյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տարբեր խոշոր գումարներ ստացականներ՝ 12.000 և 6000 դոլարի մասին վկայող. «ամուսնու բարեկամին էլ 72.000 դոլար էր տվել...ոստիկանությունում քաջատեղյակ են այս ամենի մասին, անգամ քննություն է գնացել, բայց տուժել եմ ես»,-ասաց Նարինե Շիրինյանը:

առաջին լուսանկարում Նարինե Շիրինյանն է

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter