HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաչագանում բնակիչները խմելու ջրին «կակաո» են ասում

Կապան քաղաքի Վաչագան բանավանում բնակիչները «խմելու ջրին կակաո են ասում»: «Երբ ջուրը նոր են տալիս, շոկոլադի գույնի է լինում»,- ասում է ամռան ամիսները Վաչագանում հաճախ հանգստացող Տիգրան Մանգասարյանը: Բնակիչները սկզբում մտածել են՝ ժանգ է: Բայց ջուրը գալիս է Խուստուփ սարի տակից, «այսինքն՝ մաքրամաքուր ջուր է, պիտի լինի բացարձակապես մաքուր: Բայց խնդիրն այն է, որ ջրի ավազանը լիարժեք չի մաքրվել տևական ժամանակ: Մեկն ասաց՝ եթե ներս մտնեք, մինչև ծնկներդ կխրվեք տիղմի մեջ»:

Վաչագանում խմելու ջրի որակի, ցածր ճնշման, գումարների գանձման, ապօրինի ջրագծերի խնդիր կա. ահազանգում են վաչագանցիներն ու թաղամասի լիազորը: Ջրօգտագործողները բանավանում ամռան ամիսներին կրկնապատկվում են: Տիգրան Մանգասարյանը նրանցից մեկն է: Արդեն մեկ տարի վաչագանցիների հետ բարձրաձայնում է բանավանի խմելու ջրի խնդիրների մասին: Ասում է, որ անգամ անձամբ է Երևան հասցրել նամակները, հանձնել «Վիոլիա Ջուր» ընկերություն, սակայն ապօրինի ջրագծերը չեն հատվել, ջրի որակն ու ճնշումը նախկինի նման վատ վիճակում են:

Ջրի խնդիր Վաչագանում նախկինում չի եղել: Այնքան առատ է եղել ճնշումը սովետական տարիներին, որ ուղարկվել է Կապան. ասում է թաղամասի լիազորը: Հետո ցանցը մաշվել է ֆիզիկապես ու քայքայվել: Տիգրան Մանգասարյանը Վաչագանում ծորակի ջուրն օգտագործում է տեխնիկական նպատակով: Իսկ խմելու համար բնակիչները ջուրը եռացնում են, նոր օգտագործում: Պատճառը տիղմն է, որը հավաքվել է ջրավազանում մոտ 1 մետր բարձրությամբ:

Հաճախ են լինում նաև խցանումներ: «Բոլոր խցանումների պատճառը խխունջներն են, անձևորդերն ու մողեսները: Ամեն անգամ, երբ կոլեկտորը բացում են, անձրևորդերի քանակը տեսնում եմ, միանգամից փակում եմ: Հիշում եմ՝ մի անգամ հենց ինձ մոտ մողեսից էր խցանում եղել: Չէինք հասկանում՝ ինչ է եղել, բացեցինք, արդեն մողեսը ներսում փտած էր»,-պատմում է Տիգրանը:

«Հետքը» զրուցեց Վաչագան թաղամասի լիազոր Սվետլանա Օհանջանյանի հետ: Նա մեզ փոխանցեց, որ թեև իրենց նամակներին, ահազանգերին, ապօրինի ջրագծերը դեռ կան, ավազանն էլ մոտ մեկ ամիս առաջ կիսով չափ մաքրել են, ջրի որակը մի քիչ դեպի լավն է փոխվել: Բայց ջրի շիթն այնքան բարակ է, որ նա համեմատեց օղի թորելու հետ. «Չգիտեմ՝ տեսել եք օղի քաշելու պրոցեսը, ա՛յ, ջուրը էդպես է գալիս»,- ասաց Սվետլանա Օհանջանյանը: Փոխարենը՝ մեծ չափերի հասնող տուգանքներով նամակներ են ստանում թաղամասի բնակիչները. «Բայց նման քանակի ջուր մարդիկ չեն էլ ստացել»,- ասում է լիազորը:

Վաչագանի մի շարք բնակիչներ մինչև 70-80 հազար դրամի տուգանքներով նամակներ են ստանում: Գործերը մտնում են դատարան, քաղաքացիներից բռնագանձվում են գումարներ, այն էլ՝ ընտրովի. «տուգանք են ստացել հենց այն համայնքի բնակիչները, որոնք, օրինակ, ՌԴ-ում հարազատներ ունեն, վճարունակ են ինչ-որ կերպ: Իսկ ապօրինի ջրօգտագործողները հարկային դաշտից դուրս են մնում»,- ասում է Տիգրան Մանգասարյանը՝ կարծիք հայտնելով, որ ընկերությունն այդպիսով թաքցնում է պոտենցիալ հարկատուներին:

Սվետլաննա Օհանջանյանն արդեն 7 տարի ղեկավարում է Վաչագանը: Ասում է, որ դեռևս անցյալ տարի «Վիոլիա Ջուր» ընկերության տեղական ու երևանյան գրասենյակներին իրազեկել են 3 հրատապ խնդիրների մասին՝ ջրի որակի, թույլ ճնշման ու ապօրինի ջրագծերի մասին, սակայն խնդիրը դեռ լուծված չէ:

Տիգրան Մանգասարյանն ասաց, որ անձամբ է տարել 3 նամակ «Վիոլիա Ջուր»՝ ավազանը լվանալու, նոր ջրաբաշխիչ տեղադրելու, ապօրինի ջրագծերը վերացնելու պահանջով. «5 անգամ տարել եմ անձամբ Երևան, 1 անգամ պատասխան ստացանք, որ օգոստոսի վերջին հարցը կլուծվի, բայց ոչ մի խոսք՝ ապօրինի ջրագծերը վերացնելու մասին»:

Ըստ Տիգրան Մանգասարյանի՝ ջրամատակարար ընկերությունը պարտավոր էր իսկույն անջատել ապօրինի ջրագծերը: «Իսկ ստացվում է, որ 1 տարի իմացել են ապօրինի ջրագծերի մասին՝ գոնե տեղական տնօրենի մակարդակով, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկվել, որ բոլորը հավասարաչափ ջուր ստանան»:

Մենք փորձեցինք հարցի վերաբերյալ ստանալ նաև «Վիոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը: Ընկերության Կապանի մասնաճյուղի պատասխանատու, շահագործման ինժեներ Հովհաննես Գևորգյանը, լսելով մեր հարցը, ասաց, որ կապվենք հանրային կապերի պատասխանատուի հետ: Իսկ ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն էլ պատասխանեց, որ գրավոր ուղարկենք հարցերը: Այնուամենայնիվ, լիազորի պնդմամբ, ինքը և բնակիչները դեռևս անցյալ տարվանից մի քանի անգամ են գրավոր իրազեկել ընկերությանը Վաչագանի ջրի խնդրի մասին, սակայն այն լուծում չի ստանում:  

«Վիոլիա ջուրը» պարտավոր է ապահովել ջրի մաքրություն, այսինքն՝ որակ և համապատասխան ճնշում: Ընկերության պաշտոնական էջում նշված է, որ Հայաստանում «ջուրը վերցվում է մեծամասամբ լեռնային աղբյուրներից, որը լիովին համապատասխանում է խմելու ջրի Հայաստանում գործող սանիտարական նորմերին և կանոններին ու մատակարարվում է սպառողներին, հիմնականում առանց լրացուցիչ մաքրման: Ջրի մաքրման կայաններ գործում են միայն Վանաձոր, Դիլիջան, Բերդ, Կապան և Մեղրի քաղաքներում, որտեղ օգտագործվող ջրի մի մասը վերցվում է բաց ավազաններից՝ գետային ջրընդունիչներից, նախապես մաքրվում է ու միայն հետո տրվում բաշխիչ ցանց: Այնուամենայնիվ, ջրի անվտանգությունն ապահովելու նպատակով, աղբյուրներում քլորակայանների միջոցով կանխարգելիչ նկատառումներով ջուրը քլորացվում է»:  

Տիգրան Մանգասարյանը հարցը դիտարկում է նաև բարոյականության տիրույթում. «Գյուղացիները ջուր չունեն, բայց մի քանի ամառանոցներ ունեն, լողավազան են լցնում ու լողանում, այգի են ջրում: 110 տուն ծախսում է այնքան ջուր, որքան 5 ամառանոց...»:

Լուսանկարները տրամադրել է Տիգրան Մանգասարյանը

Մեկնաբանություններ (1)

Անուշ
Ընդհանրապես Վաչագանցիները պիտի ջրից օգտվեն անվճար,որովհետև այդ ջուրը գյուղացիներն են չարչարվել բերել պետությունն էլ վերցրելա վճարովի տալիսա գյուղացուն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter