HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դպրոցի տնoրեն. «Որևէ մեկը դատապարտված չէ սովորելու այս պայմաններում, քանի որ ինքն ապրում է գյուղում, և այլընտրանք չկա»

Արմավիրի մարզի Առատաշենի միջնակարգ դպրոցն այս տարի ևս իր աշակերտներին ընդունեց խամրած գույներով ու ծեփը տեղ-տեղ թափված դասասենյակներում: Այդպես է արդեն մի քանի տասնամյակ: Դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 1967թ. և առ այսօր չի հիմնանորոգվել: Ընթացքում կոսմետիկ վերանորոգումներ իրականացվել են, սակայն դրանք բավարար չեն:

«Որևէ մեկը դատապարտված չէ սովորելու այս պայմաններում, քանի որ ինքն ապրում է գյուղում, և այլընտրանք չկա»,- ասում է Առատաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սևակ Ղազարյանը:

Դպրոցն ունի աշակերտների արտահոսք: Ծնողներն իրենց երեխաներին տեղափոխում են Էջմիածնի Էօռնեկյանի անվան միջնակարգ դպրոց, որը գործում է Մայր Աթոռի հովանու ներքո:

Պատճառներից մեկը դպրոցի շենքային վատ պայմաններն են, թեև տնօրենը հավաստիացնում է, որ որակական տարբերություններ գրեթե չկան:

Սևակ Ղազարյանը պատմեց, որ 2008թ. երջանկահիշատակ քահանա Տեր Մխիթար Սարիբեկյանի միջնորդությամբ և «Սիմա» կանադական բարեգործական կազմակերպության միջոցներով մասնակի վերանորոգվել են մասնաշենքերի տանիքները և եռահարկ մասնաշենքերի միջանցքները:

Պետական միջոցներով 2011թ. դպրոցում անցկացվել է լոկալ ջեռուցման համակարգ, իսկ 2012թ. փոխվել են պատուհանները: Դպրոցի ֆինանսական միջոցներով 2015թ. փոխվել է եռահարկ մասնաշենքերից մեկի տանիքը, իսկ մյուս երկու մասնաշենքերում մասնակի նորոգումներ են կատարվել:

Հիմնականում անհատ բարեգործների ֆինանսական միջոցներով մասնակի վերանորոգվել են սպորտային և հանդիսությունների դահլիճները:

2013թ.-ից դպրոցի երրորդ մասնաշենքում գործում է նախակրթարան, որը շահագործման է հանձնվել Համաշխարհային բանկի ծրագրով: Այն դպրոցի միակ լուսավոր կետն է: Առատաշենի նախակրթարան են հաճախում նաև հարևան Խորոնք և Տարոնիկ համայնքների երեխաները: Սևակ Ղազարյանն ասաց, որ համագործակցության ծրագիր են ակնկալում Համահայկական հիմնադրամի հետ` օրեր առաջ հեռախոսազանգ են ստացել և հույս ունեն, որ արդյունքը շատ չի ուշանա:

Առատաշենի դպրոցի կահույքը, լաբորատորիաների գույքն ու սարքավորումները նույնպես հին են: Տնօրենի խոսքով` դրանք չեն բավարարում ժամանակակից պահանջներին:

«Տեսնենք Համահայկական հիմնադրամի ծրագիրն ինչ է լինելու: Եթե այդ ծրագրով որոշ չափով հիմնանորոգման հարց լուծենք, մեր տնտեսումները տեխնիկական վերազինման համար հաստատ կհերիքեն»,- ավելացրեց Ս. Ղազարյանը:

2017թ. տվյալներով` Առատաշենի միջնակարգ դպրոցում սովորում է 286 աշակերտ, 30 երեխա ստանում է ներառական կրթություն, իսկ 30-ը հաճախում է նախակրթարան:

«Ոչ միայն որպես տնօրեն, այլև որպես ծնող գտնում եմ, որ դպրոցի առաջնահերթություններից են վերանորոգումն ու տեխնիկական վերազինումը: Բոլոր դեպքերում առաջին դասարան եկող երեխային գրավում են գույները: Մանկապարտեզում, նախակրթարանում կան այդ գույները, դպրոցում ավելի հետաքրքիր գույներ են փնտրում, որը պիտի ապահովենք»,- նշում է տնօրեն Սևակ Ղազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter