HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Աղիքային վարակների դեպքերն այս տարի աճել են

Ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմում են բժշկական տարբեր հաստատություններ։ Բողոքները շատ նման են իրար՝ փորլուծության եւ փսխոցների հետ միաժամանակ լինում են նաեւ ուժեղ ցավեր եւ ջղաձգումներ որովայնի ստորին հատվածում։ 

Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից «Հետք»-ին հայտնեցին, որ միայն օգոստոս ամսին մայրաքաղաքում գրանցվել է աղիքային վարակին բնորոշ գանգատներով ավելի քան 300 կանչ։ 98 դեպք գրանցվել է մեծահասակների մոտ, 223՝ երեխաների։ Կանչերը հաստատված չեն եղել որպես աղիքային վարակ, միայն գրանցվել է աղիքային վարակի կասկած։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվել դիմել մասնագիտացված կլինիկաներ։ 

Ամենածանր վիրուսներից մեկի՝ էնտերովիրուսի ախտորոշմամբ շտապ կանչ օգոստոսին եւ սեպտեմբերին գրանցվել է մեկական անգամ, երկուսն էլ՝ երեխաների մոտ։ 

Աղիքային վարակի դեպքերի կայունությունը մեծամասամբ պայմանավորված է շարունակական շոգ եղանակով։ 

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ օգոստոսին, հունիս-հուլիս ամիսների համեմատ, կլինիկայում արձանագրված աղիքային վարակների հիվանդացության թվի կայունություն կա։ Մարդիկ դիմում են ինֆեկցիոն, խորհրդատվություն ստանում եւ գնում, ոմանք էլ հոսպիտալացվում են։ 

Լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հիվանդների մոտ մեծամասամբ արձանագրվում են մանրէներով պայմանավորված աղիքային վարակներ։ 

Ըստ Մհեր Դավիդյանցի՝ այս տարի աղիքային վարակների դեպքերի թիվն աճել է։ Հարցին, թե օրական քանի՞ մարդ է դիմում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով, Դավիդյանցը պատասխանեց, որ տարբերի օրերի տարբեր թվեր են արձանագրում։ Այս օրերին տարածված աղիքային վարակների մեջ գերակշռում են մանրէային եւ վիրուսային ծագման հիվանդությունները։ 

Ինչ է ասում վիճակագրությունը

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2018թ․ հուլիսին Հայաստանում գրանցվել է մանրէային աղիքային վարակի 303, ճշտված այլ աղիքային վարակի 196 եւ չճշտված ու ենթադրվող աղիքային վարակի 855 դեպք։ 

Մանրէային աղիքային վարակների դեպքերի մեծամասնությունը՝ 256-ը, արձանագրվել են երեխաների մոտ։ Ամենախոցելի խմբում մինչեւ 6 տարեկան երեխաներն են։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի վերջին աղիքային վարակների աճ Է նկատվել (այս օրերին դեռեւս չկան օգոստոս ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակների ցուցանիշները։ Մայիսից մինչ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները համարվում են աղիքային վարակների սեզոն։ Առավել շատ ակտիվություն նկատվում է ամռան ամիսներին, ինչի համար պատճառ են հանդիսանում եւ՛ սննդային, եւ՛ ջրային գործոնները։ 

«Մեր դեպքերն ունեն պարբերական արձանագրում եւ տեղայնացված չեն, ինչը նշանակում է, որ ջրային գործոն այստեղ գրեթե չկա։ Եթե հունիս-հուլիս ամիսներին աղիքային վարակների ակտիվացում կար, ապա օգոստոսի կեսերից եւ մինչ օրս ընկած ժամանակահատվածում աղիքային վարակների նվազման միտում է նկատվում։ Դեռեւս արձանագրվում են բողոքներ, ինչը բնորոշ է եւ համահունչ, քանի որ դեռեւս գտնվում ենք աղիքային վարակների սեզոնում»,- նշեց Թորոսյանը։ 

Նրա խոսքով՝ աղիքային վարակների հարուցիչներն իրենց բավական լավ են զգում շոգ պայմաններում, ու սննդի կամ ջրային գործոնի անգամ չնչին շեղումը կարող է բերել աղիքային հիվանդությունների արձանագրման։ 

Սնունդը՝ աղիքային վարակների առաջացման գլխավոր գործոն

Մասնագետներն ուշադրություն են հրավիրում նաեւ արագ սննդի (fast food) եւ դրա մատուցման պայմանների վրա։ Լիանա Թորոսյանը հորդորում է քաղցած լինելու դեպքում հնարավորինս խուսափել սննդի պատրաստման այնպիսի կետերից, որտեղ  չկա ջուր, չկան պատշաճ պայմաններ՝ սնունդ պատրաստելու համար։ 

«Անգամ եթե սննդամթերքը անվտանգ է, բայց ոչ ճիշտ պայմաններում է մշակվում, ոչ ճիշտ սառնարանային պայմաններում պահվում, եւ միրգ-բանջարեղենը ոչ լիարժեք հոսող ջրի տակ է լվացվում, ապա կարող են առաջանալ աղիքային վարակիչ հիվանդություններ»-,-ասում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, ձեռքերի հիգիենան, սառնարանային հարեւանության պահպանումը, փոքր չափաբաժիններով եփելը, հում եւ կիսահում մթերքներն իրար չխառնելը, սննդի գնման դեպքում պիտանիության ժամկետներին հետեւելը, լցնովի պաղպաղակներից, թարմ հյութերի գնումից եւ արագ պատրաստվող սննդից հրաժարվելը նույնպես կօգնեն խուսափել աղիքային հիվանդություններից։ 

Եթե կան աղիքային գանգատներ, որովայնի շրջանում ցավեր, փսխում, ջերմություն, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, հակաբիոտիկներ խմել։ Պետք է դիմել բժշկի։ Եթե երեխաների մոտ կան նման գանգատներ, ապա պետք է անմիջապես մանկաբույժի հետ կապ հաստատել, խորհրդակցել։ Իսկ եթե քաղաքացին այլ երկրից է վերադարձել եւ նման ախտանշաններ ունի, նա պետք այդ մասին իրազեկի բժշկին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter