HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղաղապահ բրիգադն, ըստ ՀՔԾ պետի, 2008-ին պաշտպանել է օլիգարխների ունեցվածքը

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում հատուկ քննչական ծառայության պետը մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց: Սասուն Խաչատրյանը, մասնավորապես, հայտարարեց, որ ապացույցներ կան այն մասին, որ զինծառայողները 2008 թ.-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ապահովել են օլիգարխների ունեցվածքի անվտանգությունը:

«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, եւ ես հիմա այդ փաստն ապացուցող փաստաթղթեր կներկայացնեմ, ընդ որում՝ բնօրինակներ, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչեւ մարտի 7-8-ը ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,- ասուլիսում հայտարարեց Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ փաստաթղթերում նշված որպես վարձատրություն տրամադրված գումարները հանվել են օլիգարխների հաշիվներից:

Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցեց քրգործում եղած բնօրինակ փաստաթղթերի թղթապանակը, որն էլ Վանեցյանը մի քանի վայրկյանով ցուցադրեց լրագրողներին: Հրապարակված փաստաթուղթը վերնագրված է այսպես՝ «Արտակարգ դրության ընթացքում պահակային ծառայություն կատարող անձնակազմին լրացուցիչ վարձատրության գումարների վճարման տեղեկագիր»: Փաստաթուղթը թվագրված է 2008 թվականի մարտի 8-ով: Զինծառայողների ցանկի վերեւի ձախ անկյունում գրված է զորամասի համարը՝ «95532»:

Ինչպես կարելի է տեսնել նկարում, նշված ծառայության համար զինծառայողներին վճարվել է 50-հազարական դրամ: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՔԾ պետի, վճարվել է 180 միլիոն դրամ, որը եթե բաժանում ենք 50 հազարի, ապա ստացվում է, որ այդ օրերին 3600 զինծառայող մասնակցել է օլիգարխների ունեցվածքների պահպանության գործին:

Ներկայացնում ենք հրապարակված ցանկում հնարավորինս ընթեռնելի անուն-ազգանունները եւ զինվորական կոչումները.

Գնդապետ Սիմոնյան Արթուր Վանյայի
Փոխգնդապետ Տոնոյան Արտակ Արտուշի
Մայոր Ավդալյան Արտյոմ Հենրիկի
Մայոր Ավետիսյան Գարուշ Բագրատի
Մայոր Զախրաբեկյան Արթուր Ալբերտի
Մայոր Սարգսյան Սամվել Մարտունի
Կապիտան Ավետիսյան Էդուարդ Նիկոլայի
Կապիտան Ավետիսյան Վասակ Ավետիսի
Կապիտան Գաֆարյան Աշոտ Արշալույսի
Կապիտան Գեղամյան Հրայր Վահանի
Կապիտան Գրիգորյան Մկրտիչ Ղազարոսի
Կապիտան Հակոբյան Վախթանգ Խաչիկի
Կապիտան Ոսկանյան Երվանդ Նիկոլի
Կապիտան Սահակյան Էդիկ Տոնիկի

Թիվ 95532 զորամասը ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադն է, որը տեղակայված էր Երեւանում՝ քաղաքապետարանի դիմաց՝ նախկին մայրաքաղաքային գնդի տարածքում: Նշվածներն այս ստորաբաժանման զինծառայողներն են: Ինչպես կտեսնենք ստորեւ, այս զինվորականները ճանապարհ անցած սպաներ են, հետագայում արժանացել են բարձր կոչումների եւ մասնակցել են կարեւոր առաքելությունների:

Գնդապետ Արթուր Սիմոնյանը, 2007-2017 թթ. եղել է բրիգադի հրամանատարը: Սիմոնյանը 2012-ին Սերժ Սարգսյանի կողմից ստացել է գեներալ-մայորի կոչում: Մինչեւ 2007 թ. խաղաղապահ բրիգադը եղել է խաղարար գումարտակ, իսկ դրա առաջին հրամանատար է նշանակվել ցուցակում նշված փոխգնդապետ Արտակ Տոնոյանը, որն այն ժամանակ կապիտան էր: Ավելի ուշ Տոնոյանը նշանակվել է Ա. Սիմոնյանի տեղակալ, իսկ հետո դարձել մեկ այլ զորամասի հրամանատար: Բացի դրանից՝ նրան շնորհվել է գնդապետի կոչում:

2008-ի ցուցակում նշվածներից մայորներ Արտյոմ Ավդալյանն ու Սամվել Սարգսյանը խաղաղապահ ստորաբաժանման հիմնադրման ժամանակ եղել են դասակի հրամանատարներ՝ լեյտենանտներ, այսինքն՝ եղել են զորամասի առաջին սպաներից: Ընդ որում՝ առաջին անգամ հայ խաղաղապահները 2004 թ. առաքելություն են իրականացրել Ա. Ավդալյանի գլխավորությամբ Կոսովոյում։ 2005-ին էլ հայ խաղաղապահներն առաջին անգամ Իրաք են մեկնել Գարուշ Ավետիսյանի գլխավորությամբ։

Խաղաղապահ զորամասը գլխավորելու ժամանակ՝ 2012-ին տված հարցազրույցներից մեկում Արթուր Սիմոնյանը պատմել է ստորաբաժանման մասին, ներկայացրել իր զինվորականներին: Ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի ակադեմիայում է սովորել գնդապետ Արտակ Տոնոյանը, ապա եւ՝ փոխգնդապետ Արթուր Զախրաբեկյանը, որը ՀՔԾ պետի ներկայացրած 2008 թ. ցուցակում մայոր էր: Ցուցակում նշվածներից Արտյոմ Ավդալյանի գումարտակը շատ ավելի ուշ, ըստ Ա. Սիմոնյանի, բրիգադում ճանաչվել է լավագույնը: Մեկ այլ սպա՝ Վասակ Ավետիսյանը, որը 2008-ին կապիտան էր, հետագայում դարձել է փոխգնդապետ ու նշանակվել Աֆղանստան մեկնած խաղաղապահ առաքելության ղեկավար:        

Մեկնաբանություններ (4)

Վարդան
Սա հիմար շփոթմունք է։ Անձամբ այդ օրերին ծառայել եմ այդ բրիգադում և ես նույնպես ստացել եմ բոլոր զինվորականների և ոստիկանների նման այդ հավելավճարը։ Դա ոչ թէ վարձ էր կամ կաշառք մեր համար այլ փոխհատուցում էր մոտ քառասուն օր զորանոցային վիճակում առանց բաղնիք ու ճաշարան պահելու համար։ Խաղաղապահները այն ժամանակ և այս անգամ էլ կտրականապես դեմ են եղել որևէ ուժային գործողության մասնակցելուն, ուստի նրանք կատարել են միայն վարչական և պետական շենքերի և տարածքների պաշտպանություն։ Ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ բոլոր խաղաղապահների անունից և պատրաստ եմ ապացուցել ասածս փաստերով։ Իսկ սպաները տաս տարվա ընթացքում բնսկան է, որ որոշակի առաջընթաց են ունենում ծառայական սանդղակում ինչպես բոլոր ուժային կառույցներում։ Այդ նույն ցուցակից որոշ սպաներ ընդհանրապես առաջընթացի չեն արժանացելցել այս տարիների ընթացքում։ Իսկ իրենց նվիրվածությունը ժողովրդին խաղաղապահները ապացուցեցին հեղափոխության ժամանակ միանալով ժողովրդին և դրանով ապահովեցին ժողովրդի հաղթանակը, ինչի համար էլ այսօր կրում են սերժյան համակարգի վրեժխնդրության հետևանքները ողջ ծավալով։ Իսկ զինվորականներին կարող էին ընդհանրապես չվճարել, քանի որ նրանք հրամանի գերին են ու ուզած թե չուզած ենթակա են այն կատարելուն։ Ես հսմոզված եմ, որ թյուրիմածությունը շուտով կպարզվի և հորդորում եմ անհարկի չվիրավորել ժողովրդի մասնիկ բանակին ի դեմս խաղաղապահների։
GB
This is how corrupt countries in this world operate, even today!
Միքայել
Նշված անունները, որոնք հրամայական կազմ են ներկայացնում, ոչ թե պետական հավելավճար են ստացել այլ լրացուցիչ վարձատրվել են. ուշադրություն. վարձտրվել են ոչ ավել ոչ պակաս օլիգարխների բանկային հաշիվներից: Հետևություն արեք ինքներդ: Իսկ նրանց կարող էին հավելյալ չվճարել բայց վճարել են, որովհետև!!! նրանք հատուկ ընտրված կամային և փորձառու զինծառայողներ էին և կոչված էին իրականացնելու ոչ թե սահմանադրական բանակային առաջադրանք, այլ հատուկ քաղաքական նշանակության առաջադրանք, որը ենթադրում էր բանակի ուղղակի միջամտություն երկրի ներքին գործերին: Կար մեկ նպատակ. ճնշել սեփական ժողովրդին և ամեն գնով պահպանել իշխանությունը: Իսկ վերը նշված պարզաբանումները, մեղմ ասած համոզիչ չեն:
Haykish
50 000 դրամանոց հուդաներ..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter