HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թլիկցիները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը. նրանց պահանջը կկատարվի

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր-Գյումրի ճանապարհը: Նրանց միացել էր նաև գյուղապետ Սլավիկ Սալոյանը: Պահանջը կենցաղային ջուր ունենալն էր:

Հուլիսին գյուղի բնակիչները մեզ բողոքել էին, որ երկու ամսից ավելի է՝ Ախուրյան գետից ջուր մղող պոմպը փչացել է, ինչի հետևանքով ստիպված են առնել նաև կենցաղի և անասունների ջուրը:

Եզդիաբնակ գյուղը Թուրքիայի հետ սահմանին կից է, բնակիչների թիվը չի հասնում 100-ի: 1993-ից Թլիկը խմելու ջուր չունի: Գյուղացիներն այն գնում են Թալինից 7 կամ 10 օրը մեկ եկող ջրի մեքենայից: 40 լիտրն արժե 350 դրամ: Իսկ կենցաղի և անասունների համար ջուրը պոմպով վերցնում են Ախուրյան գետից:

Թլիկի դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանն ասում է, որ ճանապարհը փակելու ակցիան իրենց բողոքն արտահայտելու ձև էր, որին մասնակցել է ամբողջ գյուղը: Մեկ ամիս առաջ թլիկցիները նոր պոմպ են տեղադրել, սակայն հոսանքի խնդիր է առաջացել: «Հոսանքը չի հերիքում, որ պոմպն աշխատի: Տրանսֆորմատոր պիտի տեղադրվի շարժիչի մոտ»,- ասում է Թլիկի բնակիչը:

Նոր տրանսֆորմատորը, նրա կարծիքով, արժե 1,3-1,5 մլն դրամ, և գուցե գյուղում գումար հավաքեն դրա համար:

«Հիմա ոչ մի կաթիլ ջուր չենք կարողանում քաշել: Առնում ենք կամ էլ էշերով գնում-բերում ենք հարևան գյուղերից՝ Գետափից, Անիպեմզայից»,- նշում է Ա. Մստոյանը:

Բողոքի ակցիային արձագանքել էին Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը: Նրանք խոստացել են լուծել թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրի հարցը: Եթե խոստումները չկատարեն, ըստ Ալիկ Մստոյանի, կրկին փակելու են ճանապարհը:

Այսօր Թլիկում 18 տուն է մնացել՝ 92 բնակչով: Գյուղացիներն ասում են, որ գյուղից հեռանալու գլխավոր պատճառը ջուրն է եղել:

Գյուղապետ Սլավիկ Սալոյանն էլ ասում է, որ որոշել էին փակել ճանապարհը, քանի որ կենցաղային ջրի հարցի լուծումն անընդհատ ձգձգվում էր: Մեկ ամիս առաջ տեղադրել են նոր պոմպը, որի ձեռքբերումն ու տեղադրումն արժեցել է 1 միլիոն 345 հազար դրամ: Տեղադրելուց հետո, սակայն, մասնագետներն ասել են, որ հոսանքը բավարար չէ շարժիչի աշխատանքի համար, ու նշել, որ նախկինում պոմպերի արագ փչանալու պատճառը հենց հոսանքն է եղել:  

Գյուղապետն ասում է, որ տրանսֆորմատորի տեղադրման համար դիմել է Թալինի էլեկտրացանց: Այդտեղից պատասխանել են, որ 180 օր պետք է սպասեն: «Մենք էլ ասացինք՝ 180 որտեղի՞ց ջուր բերենք, անասունները հեսա սարից գալու են»,- նկատում է Սլավիկ Սալոյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ընդառաջել է իրենց: Առաջիկայում (օրը դեռևս հստակ չէ), տրանսֆորմատորը կտեղադրվի: Ամբողջ թղթաբանությունը, գյուղապետի ասելով, արդեն պատրաստ է, մնում է տեղադրեն, իրենք էլ գումարը կփոխանցեն: Գյուղապետարանը կհավաքի այս տարվա հարկերը, այդ գումարով էլ կվճարեն տրանսֆորմատորի համար:

Սլավիկ Սալոյանն ասում է, առաջարկել էր գյուղացիներին հին պոմպը տանել վերանորոգելու և ժամանակավոր օգտագործել, մինչև տրանսֆորմատորի հարցը կլուծվի, սակայն թլիկցիները չեն համաձայնել: Իսկ եթե մինչև այս շաբաթվա վերջ հարցը չլուծվի, ապա, գյուղապետի ձևակերպմամբ, հարևան գյուղերից պետք է պոմպ գտնեն, որ «յոլա գնան»:

Խմելու ջրի մասին էլ գյուղապետը նշում է, որ կառավարությունից 7 միլիոն դրամ սուբսիդավորում են ստացել: Շուտով նախագիծ են կազմելու և ուսումնասիրություններ սկսեն խորքային հորի գործարկման համար՝ հասկանալու, թե քանի մետր խորության վրա է ջուրը: Սալոյանի համոզմամբ՝ մինչև ձմեռ գյուղն ունենալու է խմելու ջուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter