HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոտան գետի վրա նոր հէկ կկառուցվի. 5-րդը՝ Գորայք համայնքում

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Որոտան գետի վրա կառուցվող ևս մեկ հէկի: «Որոտան հիդրո» ՍՊԸ-ն նախատեսում է Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքում կառուցել «Որոտան-1» փոքր հէկը:

«Որոտան հիդրո» ՍՊԸ-ն գրանցվել է 2012 թվականին: Համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի՝ դրա միանձնյա սեփականատերը Սենիկ Ջուլհակյանն է: Վերջինս, հիշեցնենք, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենն է և դատական վեճի մեջ էր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ: Ս. Ջուլհակյանի հետ զրուցել չկարողացանք: «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ից հայտնեցին, պրն Ջուլհակյանը երկրում չէ և կվերադառնա մյուս շաբաթ:

Փոքր հէկի գլխային առաջին հանգույցը նախատեսվում է Որոտան գետի վրա, իսկ երկրորդ հանգույցը՝ Որոտանի ձախ վտակի վրա: Երկու հանգուցային կետերից 4,6 և 3,7 կմ-անոց խողովակաշարի միջոցով ջրային ելքերը կմտցվեն փոքր հէկի կայանային հանգույց, որը նախատեսվում է տեղակայել գետի և վտակի միացման տեղամասում: Հէկի երկու ճյուղերի խողովակաշարերը մետաղական են, տեղադրվելու են խրամուղում՝ հիմնականում գոյություն ունեցող ճանապարհի եզրով:

Համաձայն նախագծային տեղեկատվության՝ անմիջապես փոքր հէկի կառուցվածքների և շինհրապարակների տարածքներում ներկայացված էկոհամակարգերը հազվագյուտ չեն, ինտենսիվ արածեցման հետևանքով խախտված են, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենսաբազմազանության տեսակներ չեն աճում:

Հէկի կառույցների տարածքներում բացակայում է ծառաթփուտային բուսականությունը:  Գործունեության և հարակից տարածքներում բացակայում են պատմամշակութային հուշարձանները կամ բնության հատուկ պահպանվող տարածքները:

Շահագործման փուլում գետային էկոհամակարգի պահպանության հիմնական միջոցառումը Որոտան գետի և ձախ վտակի համար սահմանված բնապահպանական ելքերի չափաքանակների ապահովումն է: Որոտան գետի համար առավելագույնն ընդունվել է 0,72 խմ/վրկ, նվազագույնը՝ 0,27 խմ/վրկ, իսկ ձախ վտակի համար համապատասխանաբար՝ 0,23 և 0,09 խմ/վրկ:  

Այս հէկը 14,776 մլն ԿՎտ/ժամ միջին տարեկան արտադրանք է տալու:

Սյունիքի մարզի Գորայք համայնքում անցկացվել են հանրային քննարկումներ, որոնց ընթացքում գյուղացիները հավանություն են տվել նախագծին: Քննարկումների ընթացքում, սակայն, բարձրացվել են Որոտոն գետում ձկների առկայության, ձկնագողության և բնապահպանական ելքի ապահովման հարցերը: Ընկերության տնօրենն իր պատրաստակամությունն է հայտնել հէկի կառուցապատման ընթացքում օրենսդրության պահանջներին համապատասխան, բոլոր նախագծային լուծումների ապահովմանն ուղղված աշխատանքներ իրականացնել: Նաև տեղեկացրել է, որ մասնակցել են համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը, այդ թվում՝ գյուղական ճանապարհի վերանորոգում, ֆինանսական հատկացումներ համայնքային բյուջե և այլն:

Փորձաքննության գործընթացում նախնական գնահատման հայտը վերադարձվել է ձեռնարկողին` լրակազմման, հաշվի են առնվել նաև փորձաքննական գործընթացում ներգրավված փորձագետի դիտողությունները:

Որոտան գետի և դրա վտակների վրա արդեն 15 գործող հէկ կա: Եվս մեկ հէկ կառուցման փուլում է:

Գորայքի համայնքապետ Առուստամ Առուստամյանը մեզ հետ զրույցում հայտեց, որ սա իրենց համայնքում 5-րդ հէկն է լինելու, 4-րդը՝ իրենց համայնքի տարածքում Որոտանի վրա: Արդեն իսկ կառուցված հէկերը բնապահպանական թողքի խնդիր են առաջացնում: Հարցին, թե այդ դեպքում ինչու են համայնքի բնակիչները համաձայնել ևս մեկ հէկի կառուցմանը, համայնքապետը պատասխանեց, որ նոր հէկի սեփականատերը փոփոխություններ է մտցրել նախագծում իրենց պահանջով և խոստացել պահպանել թողքերը: Ավելին, խոստացել է ճանապարների վերանորոգման և դպրոցի հարցում օգնել:  

«Որոտան հիդրո» ՍՊԸ-ի հէկը դեռ կառուցման աշխատանքները չի սկսել:

Փորձաքննական մի քանի պահանջներ են առաջադրվել կառուցողին: Մասնավորապես, քանի որ կառավարության այս տարվա հունվարի 25-ի որոշմամբ վերանայվել են ջրատնտեսական հաշվարկները, բնապահպանական թողքի չափաքանակները հաշվարկվել են այդ պահանջներին համապատասխան, ընկերությունը մինչ գործունեության իրականացումը պետք է ջրօգտագործման նոր թույլտվություն ստանա:

Ըստ փորձաքննական պահանջի՝ շինարարության և շահագործման փուլերում ջրօգտագործման պայմանները հսկելու համար անհրաժեշտ է կատարել ջրօգտագործման ծավալների հաշվառման, դրանց առցանց տեղափոխման և հասանելիության ապահովման աշխատանքներ՝ երկու ջրառների կետերը ջրաչափական դիտակետերով ու կապարակնքված ջրաչափերով ապահովելու միջոցով: Իսկ բնապահպանական թողքերն ապահովելու համար երկու կետերը պետք է ապահովել ջրի մակարդակի ավտոմատ կառավարման և տվյալների առցանց հաղորդման ջրաչափական սարքավորումներով:

Մեկնաբանություններ (1)

Միթե ամեն ինչ նույնը պիտի մնա?
Նախ պետք է հարցնել թե ինչու փոքր հէկ - ի էներգիան մոտ երկու անգամ թանկ է գնվում մեծ ատոմակայանի էներգիայի համեմատ: Պատասխանը մեկը կարող է լինել - որպիսզի որոշ հարգելի մարդիկ օդից փող աշխատեն (այսինքն բնության ու ժողովրդի հաշվից:) Չէ որ հակառակը պիտի լիներ, քանի որ փհէկ - ի ջուրը ձրի է, իսկ սպասարկման ծախսերը չնչին: Էտ տրուբեքը որտեղից են հաջողեցրել? Թող տանեին արարատյան դաշտի ոռոգման սիստեմները նորոգեին, որ Սեւանը չչորացնեին: Միթե ամեն ինչը նույնը պիտի մնա? https://www.lragir.am/2018/09/06/376716/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter