HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Մաքուր վառելիք, օազիսներ․ ֆանտաստիկան եւ իրականությունը նախընտրական ծրագրերում

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված «Երեւանի հանրություն» դաշինքի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը համարում է, որ նախորդ իշխանությունները սպառողական քաղաքականություն են վարել մայրաքաղաքի նկատմամբ։ Երեւանը կառուցվել է կիսատափաստանային գոտում, որտեղ մարդիկ իրենց նախաձեռնությամբ ծառեր են տնկել։ Սխալ զարգացման արդյունքում այն վերածվել է տափաստանային քաղաքի։ Ադամյանը կարծում է, որ ժամանակն է վերադառնալ նախկին վիճակին՝ կիսատափաստանային գոտուն, վերականգնել պաշտպանիչ կանաչ գոտին, որը վերացվել է 90-ականներից հետո։ Խոսքը մասնավորապես Դալմայի այգիների եւ Մոնումենտի անտառների մասին է, որոնք ստեղծվել էին քաղաքը փոշոտ քամիներից ու կիզիչ արեւից պաշտպանելու համար։

«Երեւանն ունի մեծ քանակությամբ խորքային ջրեր։ Այդ ջրերից պետք է դուրս բերվեն արհեստական լճակներ, գոյանան օազիսներ։ Ջրային գոյացությունների մի մասը կարելի է վերածել ջրավազանի, որի վրա կարող ենք նաեւ կառուցել հէկ-եր։ Երեւան քաղաքում պետք է կիրառվի նաեւ արեւային էներգիա»,- ասում է Սիլվա Ադամյանը («Երեւանի հանրություն» դաշինք):

Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում արտացոլված են մայրաքաղաքի բնապահպանական խնդիրները եւ մասամբ՝ դրանց հնարավոր լուծումները։

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Գայանե Մելքոնյանը առաջարկում է մինչ ծառատունկ իրականացնելը պարզել, թե որ տարածքի համար որ ծառն է հարմար օգտագործել։ Սա կնպաստի փոշու բարձր մակարդակի իջեցմանը, իսկ ամռան սեզոնին՝ բարձր ջերմաստիճանի նվազմանը։ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում տեղ է գտել նաեւ Երեւանյան լճի մաքրումն աղտոտվածությունից։   

ՀՅԴ կուսակցության ցուցակով Երեւանի ավագանու անդամի թեկնածու առաջադրված Ազատուհի Սիմոնյանը քաղաքի էկոլոգիական խնդիրների մեջ նախեւառաջ առանձնացնում է Աջափնյակի աղբավայրում ստեղծված իրավիճակը, մատնանշելով, որ աղբավայրերը պետք է ծածկված լինեն հիդրոմեկուսիչ շերտով՝ հողի մեջ ջրի թափանցելիությունը կանխելու համար։ Դաշնակցությունն առաջարկում է անցնել համեմատաբար մաքուր վառելիքի՝ սեղմված բնական գազի օգտագործման, ինչպես նաեւ քաղաքային երթեւեկության մեջ կոմպակտ մեքենաների եւ հեծանիվների թվի ավելացման։

ՀՅԴ նախընտրական ծրագրում կարեւոր տեղ է հատկացվել հեծանվային երթուղիների ավելացմանը։ Նախատեսվում է նաեւ ճոպանուղու ցանցի վերագործարկում ու վերազինում, նոր ցանցի ստեղծում՝ մի քանի երթուղիներով։

«Երեւանի թոքերը վնասված են։ Նորքի այգիները պետք է վերականգնել։ Մտածում ենք համահայկական այգի հիմնել, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ունենալ սեփական ծառը, տնկել ու խնամել այն»,- ասում է Ազատուհի Սիմոնյանը։

«Ռեֆորմիստներ» կուսակցությունում համարում են, որ մինչ լուծումներ խոստանալը, պետք է գտնել խնդիրները եւ դրանց պատճառները։ Ռեֆորմիստները որպես Երեւանի փոշոտ օդի պատճառ, ի թիվս այլ խնդիրների, համարում են Սեւանի մայրուղու երկու կողմերին շահագործվող բաց ավազահանքերի առկայությունը։ Ռեֆորմիստներն առաջարկում են մշակել համապատասխան պարտադրանքի միջոցներ՝ բաց ավազահանքերի գործունեության հետեւանքները նվազեցնելու համար։

«Ժառանգություն» կուսակցության «Երեւանյան անտառ» նախագծի համաձայն՝ նախատեսվում է Երեւանի հարավային եւ հյուսիսային հատվածներում անտառների հիմնում, այդ տարածքներում հետագա կառուցապատման արգելքով։ Կուսակցության ներկայացուցիչ Սոնա Մալխասյանի խոսքով, մտադիր են հիմնովին փոփոխման ենթարկել Բուսաբանական այգին, դարձնել այն բնական գիտելիքների ձեռքբերման, տուրիզմի զարգացման կենտրոն։ Թափառող կենդանիների համար ստերջացման եւ հատուկ ապաստարանների ստեղծումը նույնպես «Ժառանգության» առաջնային խնդիրներից է։

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Խորքային ջրերը դուրս են բերվելու, ավազաններ են կառուցելու իսկ այդ ավազանների վրա էլ ...ՀԷԿ եր են կառուցվելու! Էտ մեկը պիտի չասեին, որովհետեւ բացահայտ ախմախություն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter