HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մատնահետք չեն վերցնում, բայց հավելյալ 2 եվրոն գանձվում է

«Զվարթնոց» օդանավակայանում մայիսից մատնահետք չեն վերցնում, սակայն դա տոմսերի գների վրա չի ազդի:

Քաղավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար Տիգրան Բայբուրտյանը «Հետքին» հայտնել է, որ 2006-ի սեպտեմբերին կառավարությունը համաձայնություն է տվել «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության հետ 2001-ին կնքված պայմանագրում լրացում անելուն: Սա «Զվարթնոցի» հայտնի կոնցեսիոն պայմանագիրն է: Լրացման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով ԻԿԱՕ-ի կարգավորումները՝ կողմերը համաձայնում են սահմանել վճարի նոր տեսակ՝ անվտանգության վճար (մեկնող, տարանցիկ եւ ժամանող) ուղեւորների հաշվարկով: 2006 թ. նոյեմբերի 1-ից սկսած՝ անվտանգության վճարը կգանձվի յուրաքանչյուր մեկնող ուղեւորից 2 (երկու) եվրոյի չափով»: Տ. Բայբուրտյանը նշել է, որ այս վճարը չի տարածվել «Շիրակ» օդանավակայանի վրա: Մեր կողմից հավելենք, որ Գյումրու օդանավակայանը կոնցեսիոն պայմանագրում ներառվել է ավելի ուշ՝ 2007-ին: Այսինքն՝ անվտանգության վճար գանձվել է միայն «Զվարթնոցից» մեկնող ուղեւորներից:

Ընդունված էր կարծել, որ հայտնի 2 եվրոները գանձվում են մատնահետքեր վերցնելու համար, սակայն դրա՝ կենսաչափական տվյալների միջոցով ուղեւորի նույնականացման գործընթացի համար առանձին գումար նախատեսված չի եղել երբեւէ: Այս համակարգի գործարկման ծախսերը ներառված են եղել ավիացիոն անվտանգության ընդհանուր ծախսերի մեջ:

Ըստ ՔԱԿ գլխավոր քարտուղարի՝ անվտանգության վճարից գոյացող գումարները «Զվարթնոցի» եւ «Շիրակի» կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ուղղվում են օդանավակայաններում ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ դրանցում օգտագործվող զննման սարքավորումների արդիականացման եւ նոր սարքավորումների ձեռք բերման համար: Պատասխանից բխում է, որ մատնահետքերի համակարգի ծառայությունը ներառված էր 2 եվրոյի մեջ: Իր հերթին այս գումարը մտնում է ավիատոմսի արժեքի մեջ: Այսինքն՝ մեկնող ուղեւորներից չնայած այժմ չեն վերցնում մատնահետք, նրանցից որպես անվտանգության վճար շարունակում է գանձվել հենց 2 եվրո:

Մատնահետքեր «Զվարթնոցում» չեն վերցնում այս տարվա մայիսի 1-ից: Տ. Բայբուրտյանն ասում է, որ պատճառը ուղեւորների աճող քանակով պայմանավորված անհարմարություններն են. «Վերջին տարիներին «Զվարթնոց» օդանավակայանում արձանագրվում է ուղեւորահոսքի զգալի եւ շարունակական աճ: Մասնավորապես, եթե 2007 թվականին մեկնող ուղեւորների թիվը կազմել է 690.000, ապա 2017-ին «Զվարթնոցից» մեկնել է 1.218.000 ուղեւոր, եւ ուղեւորների հոսքերի կառավարման առումով օդանավակայանային համալիրում առաջացել են անհարմարություններ ուղեւորների սպասարկման հետ կապված»:

Այդուհանդերձ, ոլորտին քիչ թե շատ առնչվող յուրաքանչյուր անձ գիտի, որ անվտանգությունն ավիացիայի գլխավոր նախապայմանն է, եւ եթե ընդունենք, որ մատնահետքեր վերցնելն իսկապես անվտանգության խնդիր է լուծել, ապա դրա չեղարկումից ավիացիոն անվտանգությունը պետք է որ տուժի: Այս առումով արժե նշել, որ աշխարհի շատ օդանավակայաններում մատնահետքերի համակարգ չի գործել ու այժմ էլ չի գործում, չնայած անվտանգությունը դրանցում բարձր մակարդակի վրա է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Զվարթնոցում» օգտագործվող համակարգը եղել է կոնկրետ անձի բիզնես, ինչը եթե ճիշտ է, ապա տվյալ անձը 12 տարի շարունակ որոշ օղակների համաձայնությամբ գումար է ստացել յուրաքանչյուր մեկնողից: Չնայած սրան՝ Տիգրան Բայբուրտյանը նշում է, որ նույնականացման համակարգը գործարկել է հենց կոնցեսիոները՝ «ԱՄՕ»-ն:

Բացի դրանից՝ տեղեկանում ենք, որ մատնահետքերի համակարգի փոխարեն նախատեսվում է ներդնել ուղեւորների նույնականացման ավելի արդիական համակարգեր, որոնք, ըստ ՔԱԿ-ի, բացասաբար չեն ազդի ուղեւորահոսքի կազմակերպման վրա: Այսինքն՝ «Զվարթնոցում» ու գուցեեւ «Շիրակում» ապագայում նորամուծություն պիտի տեսնենք:               

Լուսանկարը՝ thelocal.se-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter