HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2,8 միլիոն դոլար՝ Կապանում նավթ ու գազ որոնելու համար

Կապանում նավթ ու գազ որոնող «ԱԳԱՊԵ» ընկերության գործունեության վերաբերյալ հանրային քննարկումը հերթական անգամ տեղի չունեցավ:

Սեպտեմբերի 14-ին Կապանի համայնքապետարանում պիտի կայանար հանրային լսում, որտեղ քննարկվելու էր «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի կողմից նավթի ու գազի հետախուզական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, սակայն ընկերությունը համայնքապետարանին նախապես հայտնել է, որ չի կարող ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը:

Հայտի առաջին հանրային լսումը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 11-ին: Սա պիտի լիներ երկրորդը, սակայն այն արդեն երկրորդ անգամ չի կայանում: Մայիսի 22-ին երկրորդ լսումը ձախողել էին Կապանի եւ հարակից բնակավայրերի բնակիչները, որոնք համայնքապետարանում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «ԱԳԱՊԵ»-ի ներկայացուցիչներից պահանջելով հեռանալ: Ակցիայի մասնակիցները «Ես Ծավն եմ», «Ես Շիշկերտն եմ», «Ես Շիկահողն եմ» եւ այլ գրություններով պաստառներ էին պարզել:

«ԱԳԱՊԵ»-ի թիրախում Կապան խոշորացված համայնքն է

Հայաստանի տարածքը գազի եւ նավթի ուսումնասիրությունների համար ՀՀ կառավարության կողմից բաժանվել է 6 պայմանական տարածքների՝ բլոկների: Դրանցից յուրաքանչյուրը որոշակի աշխարհագրական սահմանանշում ունեցող տարածք է, որտեղ պետք է իրականացվեն նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:

6-րդ պայմանական տարածքն ընդգրկում է Սյունիքի մարզը, բայց ոչ ամբողջությամբ: Մարզի տարածքը 4506 քկմ է, իսկ նշված բլոկինը՝ 3527 քկմ:

«ԱԳԱՊԵ»-ն նախատեսում է որոնողական աշխատանքներ կատարել Կապան համայնքի վարչական տարածքում: 2017-ին Կապանը խոշորացվել է՝ ընդգրկելով տարածաշրջանի 31 գյուղական համայնք: Այժմ խոշորացված Կապանը ներառում է ընդհանուր 38 բնակավայր՝ 1 քաղաք, 37 գյուղ:

Ըստ ընկերության հայտի՝ Կապան համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հեռանկարային ստրուկտուրաներ կամ «հեռանկարային տեղամասեր»: «ԱԳԱՊԵ»-ն սա նշում է՝ հիմնվելով 2007-ին սկսված երկրաբանահետախուզական լայնամասշտաբ աշխատանքների հիման վրա: Այն ժամանակ 6-րդ բլոկն ուսումնասիրել է «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ն:

«ԱԳԱՊԵ»-ն հավելում է, որ հետախուզման ծրագրի նպատակն է իրականացնել տարածքի նավթագազաբերության հիմնական բաղադրիչների գնահատումը՝ շերտերի տեղաբաշխումը եւ որակը, ածխաջրածին առաջացնող հնարավորությունները եւ պոտենցիալը՝ համակցված երկրաբանական կառուցվածքի եւ ձեւավորված ավազանների մոդելով:

2 միլիոն 800 հազար դոլար՝ Կապանում նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրությանը

Բնապահպանության նախարարության կայքում հրապարակված է «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի կողմից Կապան համայնքում նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագիրը:

Նախ պիտի հավաքագրվեն եւ ուսումնասիրվեն նյութեր երկրաբանական արխիվներից, Երկրաբանության ինստիտուտի գրադարանից, Լոնդոնի երկրաբանական միության եւ բրիտանական գրադարաններից ու այլ աղբյուրներից: Կատարվելու են սեյսմահետախուզական աշխատանքներ, մակերեւութային երկրաքիմիական հետազոտություններ, անալիզ, այլ հետախուզական աշխատանքներ, ստեղծվելու են երկրաբանական քարտեզներ:

Սլաքները ցույց են տալիս այն բնակավայրերը, որոնք ընդգրկված են «ԱԳԱՊԵ»-ի նախագծում

Ծրագրի արդյունքներից կախված՝ «ԱԳԱՊԵ»-ն նվազագույնը մեկ հետախուզական հորատանցք է բացելու, սակայն մինչ այդ պետք է որոշել կոնկրետ տեղադրությունը, իսկ հետո շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հորատման աշխատանքները: Ենթադրվում է, որ հորատանցքն ունենալու է նվազագույնը 1 կմ խորություն:   

Աշխատանքների սկիզբ է սահմանված 2018-ի չորրորդ եռամսյակը (հոկտեմբեր-դեկտեմբեր), ավարտ՝ 2023-ի երրորդ եռամսյակը (ապրիլ-հունիս): Ըստ կատարած հաշվարկի՝ ՍՊԸ-ն աշխատանքների իրականացման համար ծախսելու է առնվազն 2 միլիոն 800 հազար դոլար: Միայն հորատումն արժենալու է 1,2 մլն դոլար:   

Ինչո՞ւ Հայաստանում

«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող «Armenian Gas and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է (այստեղից էլ անունը՝ «AGAPE»): ԲԲԸ-ն իր կայքում փորձում է հիմնավորել, թե ինչու է Հայաստանում որոշել նավթ ու գազ որոնել:

-Աշխարհում մնացած մի քանի քիչ հետազոտված, ածխաջրածինների մեծ պաշարներ ունեցող ավազաններից մեկը, որին սահմանակից երկրները միասին վերցված տարեկան արդյունահանում են միլիարդավոր բարել նավթ ու տրիլիոնավոր խորանարդ մետր գազ։

-Հայաստանն իր պահանջների համար ներմուծում է ինչպես վերամշակված նավթամթերք, այնպես էլ հում նավթ ու բնական գազ՝ իր շուկայում տեղը պատրաստ թողնելով տեղական պաշարների համար:

-Հայաստանում առկա է էներգետիկ ռեսուրսների մեծ պահանջ, զարգացող տնտեսություն եւ արեւմտյան երկրներին համապատասխան նավթաարդյունաբերության արտոնագրերի եւ պայմանագրերի համակարգ:

-Հայաստանը միջազգային սերտ կապեր ունի Ռուսաստանի, եվրոպական երկրների, Իրանի, Կանադայի եւ ԱՄՆ-ի հետ: Բիզնեսի տեսակետից Հայաստանը Կովկասում գրավում է ռազմավարական դիրք եւ ունի կապիտալի աճի համար հարմար տեղակայված ինֆրաստրուկտուրա:

Նախկին հանքարդյունաբերողը վերադառնում է

«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ի մարտին Երեւանում: Դրա 99 տոկոսը պատկանում է կանադական «Armenian Gas and Power Enterprises Inc.» ԲԲԸ-ին, իսկ 1 տոկոսը՝ Գրեմ Սկոթ Ջոնսոնին, ով կանադական ընկերության գործադիր նախագահն է ու հայկական ՍՊԸ-ի տնօրենը: «Հետքը» նախկինում գրել է ԲԲԸ-ի բաժնետերերի մասին, որոնցից մեկը հենց Գ. Ջոնսոնն է:

Վերջերս «Armenian Gas and Power Enterprises Inc.»-ի գլխավոր գործադիր տնօրեն է դարձել կանադահայ Հրաչ Ջաբրայանը, ով Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրենն էր:

Սեպտեմբերի 12-ին իր ֆեյսբուքյան էջում Հ. Ջաբրայանը հայտնել է նշանակման մասին եւ նշել, որ շուտով ժամանելու է Հայաստան:

Ըստ «Armenian Gas and Power Enterprises Inc.»-ի կայքի՝ «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոն է զբաղեցնում Ներսես Կարամանուկյանը, ով նախկինում աշխատել է ՀՀ պետական համակարգում, եղել կառավարության աշխատակազմի ղեկավար, այնուհետ աշխատել բանկային եւ հանքարդյունաբերական ոլորտներում:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի
Այս Հրաչ Ջաբրայանին պարզապես persona not grata պիտի հայտարարել,որ այլևս ոտք չդնի Սյունիք: Այս մարդը միայն Սյունիքի հողն ու ջուրը աղտոտել-կործանել գիտի՞: Անընդհատ ու անվերջ Սյունիքի հողը փորփրում են:
Վարազ Սյունի
Այս Հրաչ Ջաբրայանի հանդեպ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ պիտի հարուցվի՝ Գեղանուշի պոչամբարը սխա՛լ ու իրավական նորմերին անհամապատասխան կառուցելու համար. սա փաստաթղթերով ապացուցված է: «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանից կապանցիներին «ժառանգություն» մնաց Գեղանուշի ԱՀԱՍԱՐՍՈՒՌ-ՄԱՀԱԲԵՐ պոչամբարը:
Նելսոն
Սյունիքը համարվում է ինտրուզիվ և էֆուզիվ մագմատիզմով արտահայտված գեոտեկտոնական բլոկ արտահայտված մետաղային հանքայնացման խոշոր հանքերով ,այնտեղ նստվածքային ապառքները արտահայտված են վերին Դևոնի և վերին կավճի կրաքարերով և մետամորֆային կրաքարերով ,Մեղրու բաթոլիտի ,Ծավի ինտրուզիանի ,Բաղացսարի էֆուզիվ կոմպլեքսի ,Յուրայի և կավճի հասակի հրաբխային կոմպլեքսի տարածման մարզում օվ է նավթ Ման գալիս ?,թող գեֆիզիկա անեն փող ծախսեն , հետո թողնեն գնան ։դա տարիների աշխատանք է որը էկոլոգիական խանգարում չի առաջացնի ։Այդ աշխատանքները ԽՍՀՄ տարիներին արվել են բայց այլ նպատակով ։Այլ բան է աշխատանքներ արդյունքների մեկնաբանումը ,հնարավոր է դա արվում է ժողովրդին և պետությանը հույս տալու և ատոմային էներգետիկայից ձեռք քաշելու համար ??։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter