HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Դադիվանքում գյուղապետի հրաժարականն են պահանջում

Արցախի Դադիվանք համայնքի բնակիչները պահանջում են գյուղապետ Ալվարդ Օհանյանի հրաժարականը։ Հրաժարականը պահանջելու պատճառը գյուղապետի կողմից գյուղին հատկացված շինանյութը սեփական կարիքների համար օգտագործելն է։

Արդեն երկու օր է` բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Եթե գյուղապետը հրաժարական չտա, սպառնում են են փակել մայրուղին կամ էլ գնալ Ստեփանակերտ` կառավարության դիմաց բողոքի ակցիա անելու։ Դադիվանք է այցելել Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։ Գյուղացիները Օհանյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի թուղթը փոխանցել են վարչակազմի ղեկավարին։

Բնակիչները պնդում են, որ Ալվարդ Օհանյանը յուրացնում է գյուղացիների տների համար օգնության կարգով հատկացված շինարարական նյութերը՝ իր տան եւ հյուրանոցի վերանորոգման նպատակով։ Նշում են, որ օգնությունը ստանալով, ամբողջ շինանյութը տեղափոխվում է գյուղապետի բակ, այնտեղ դատարկվում եւ նոր միայն բաժանվում բնակիչներին։

Օհանյանը «Հետք»-ի հետ զրույցում նախ հերքեց, որ շինանյութն իր կարիքների համար է օգտագործել՝ նշելով, թե իր 18 տարի առաջ կառուցված տան տանիքի շիֆերները քանդվել էին, եւ իրեն նույնպես թիթեղ էին տրամադրել օգնության կարգով։ Գյուղապետը նաեւ հերքեց իր՝ հյուրանոց կամ հյուրատուն ունենալու մասին լուրը։ Սրանից մոտ մեկ տարի առաջ, սակայն, Օհանյանը մեկ այլ լրատվամիջոցի հարցազրույց տալիս նշել էր, որ հաջորդ տարի, այսինքն՝ 2018 թ․, գյուղում երեք հյուրանոց կկառուցվի, որոնցից մեկը պատրաստվում է կառուցել իր ընտանիքը։ Օհանյանը այն բնութագրել էր որպես հյուրատուն։


Ալվարդ Օհանյանը

«Ոչ հյուրատուն ունեմ, ոչ՝ հյուրանոց։ Երեխա չունեմ, ամուսիններով աշխատում ենք։ Այս տարի մի թեթև կոսմետիկ վերանորոգում ենք արել։ Դարձավ հյուրատո՞ւն։ Մեր տանը կից կառույց ունենք, տունը փոքր էր, հյուրասենյակ ենք կառուցել։ Այդ կցակառույցի համար ես ինքս եմ թիթեղներ բերել։ Կարող եք գալ, տեսնել, որ դրանք գյուղի թիթեղների նման չեն։ Կգան, կստուգեն, կտեսնեն՝ ինչն եմ սեփականացրել։ Ես նրանց անձամբ դատի կտամ։ Եթե սուտ վկայություն են տալիս, թող պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց նա։

Համագյուղացիների ներկայացմամբ` հյուրատունը, որի համար օգտագործվել է համայնքային շինանյութը, հենց այդ կցակառույցն է։ Եվ հյուրատան կառուցման աշխատանքները շարունակվում են այն ժամանակ, երբ գյուղը օգնություն է ստանում, իսկ երբ շինանյութ չի լինում, աշխատանքները կանգնում են։

«Հետք»-ի հարցին, թե գյուղում այլ անշարժ գույք ունի՞, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ իրենց է պատկանում նաեւ գյուղի փոքրիկ խանութը՝ կառուցված 18 տարի առաջ։

Օհանյանի խոսքով՝ իր դեմ բողոքողները 3-4 ընտանիք են, միեւնույն գերդաստանից՝ մի մայր իր երեք որդիներով եւ գյուղի թաղային ոստիկանն իր որդիներով։ Հարցին, թե ո՞րն է պատճառը իր մասին նման բաներ պատմելու, Օհանյանն ասաց, թե իրենց շատ է լավություն արել, դրա համար։

«Ովքեր շինանյութ են ստացել, նրանք են։ Ես անուններ չեմ տալիս, ինչի համար տամ։ Խիստ անձնական հարց է սա։ Հարեւան ենք այդ ընտանիքների հետ։ Մեր կովը մտել էր իրենց հայաթ, պատճառը դարձել, վիճվել ենք։ Ասում են՝ մենք ենք քեզ դրել գյուղապետ, մենք էլ պիտի հանենք։ Բայց դրա համար ավագանի գոյություն ունի։ Ավագանին է որոշում կայացնում համայնքի ղեկավարին հանելու մասին»,- նշեց համայնքի ղեկավարը։


Ալվարդ Օհանյանի տունը՝ կցակառույցով

Դադիվանքն ունի մոտ 150 բնակիչ։ Երեխաներին եթե չհաշվենք, մեծահասակները 73-ն են, որոնցից 35-ն են մշտապես բնակվում գյուղում։ Դադիվանքի բնակիչ Գրիգոր Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վարչակազմի ղեկավարին փոխանցված գյուղապետի հրաժարականի պահանջով ստորագրությունների թուղթը 28 բնակիչ է ստորագրել։

Գյուղը օգնության նպատակով շինանյութ վերջին անգամ ստացել է օգոստոսին։ Քամուց տուժած երեք տան տանիքի թիթեղ են տրամադրել։ Հարցին, թե ինչո՞ւ են շինանյութն իր բակ բերում գյուղապետարանի կամ գյուղացիների բակերի փոխարեն, Օհանյանը պարզաբանեց, թե իրեն ասել են՝ իր բակում թափել, այդտեղից էլ բաժանել։ Ինչը բաժանվել է, ստացականներն իր մոտ է, իսկ ինչն էլ չի բաժանվել, գտնվում է իր բակում։ Համագյուղացիների խոսքով, սակայն, իր բակից շինանյութ ստանալը լինում է միայն «կռվով-դավով»։

Դադիվանքի բնակիչները բողոքում են նաեւ գյուղին հատկացված շտապ օգնության մեքենայի անսարք լինելուց։ Նշում, որ շատ անգամ պահեստամասեր են գնվել, իսկ այդ գումարով վաղուց արդեն կարելի էր նոր մեքենա գնել։ Գյուղացիներից մեկի խոսքով, մեքենան աշխատում է՝ պարզապես բրդելով, ճանապարհներին մնալով։

Գյուղապետը հերքեց նաեւ մեքենայի անսարք լինելու մասին լուրը․ «2015 թ․ մինչ օրս ամեն անգամ գյուղից ծնունդ լինելու դեպքում 20 լիտր բենզին եմ տրամադրել մեքենայի համար։ Բոլոր ստացականները գյուղապետարանում են։ Մեքենան աշխատում է, երկու օր առաջ է գնացել դիրքեր։ Ինձ նախորդած համայնքի ղեկավարի կառավարման ժամանակ 3-4 անգամ շուռ տված մեքենա է եղել գյուղում»,- պատմեց գյուղապետը։

Օհանյանը նաեւ նշեց, որ մի քանի անգամ ցանկացել է հրաժարական տալ՝ առողջական պատճառներից ելնելով, սակայն նրան խնդրել են մի փոքր էլ սպասել․

«Ոչ թե չեմ կարող աշխատել, այլ այս ժողովրդրի հետ հնարավոր չէ։ Սրանք մինչև Բակո Սահակյան բողոքող են։ Սրանք ուզում են՝ մենք աշխատենք, ես գնամ էլեկտրիկին մի 3 գյուղ էն կողմից բերեմ, իրա լույսը կապի։ Ուզում են իրանց հարսը շաբաթը երեք անգամ էրեխուն տանի հիվանդանոց, գյուղապետն այդ հատկացումն անի։ Բայց գյուղապետին ո՞վ է այդքան վառելիք տալիս։ Էս ժողովուրդը գիտի, թե պետությունը պարտավոր է իրենց պահել»։

գլխավոր լուսանկարը՝ artsakhtert.com կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter