Կիրակի, 26 մայիսի

Մանկատան աղջիկները Դուբայում


00:35, 17 հոկտեմբերի, 2005

Մհեր Արշակյան

«Առաջ որ Մասիվի հանրակացարան էինք մնում, ընդեղ մի կին կար՝ Անժոյի մերը՝ Էֆոն, էս Լուիզիկին համոզում էր, որ տանի Դուբայ»,-այսպես սկսեց իր պատմությունը մանկատան նախկին աղջիկը, որը խնդրեց չգրել իր անունը: Մենք նրան անվանում ենք Հեղինե: Մեր հերոսուհին հիշում է, որ ինքը Լուիզիկին խնդրում էր չգնալ Դուբայ՝ լավ տեղ չի: «Բայց պասպորտս արդեն տվել եմ, էլ չեմ կարա վերցնեմ»,-ասում է Լուիզիկը: Լուիզան մեծացել է Գավառի եւ Մեղրիի Լիճք գյուղի մանկատներում: Նա եւ մեր պատմության հերոսուհին մեծացել են միասին: Մանկատնից հետո նրանց բերել են Երեւան, տեղավորել հանրակացարանում, բայց ավելին չի արվել: Հեղինեն հիշում է, որ ինքը Լուիզայի ընկերոջը ստիպում էր աղջկա «պասպորտը» վերցնել Էֆոյի ձեռքից:

«Մի շաբաթ չանցած Լուիզիկը մի հատ ընկերուհի ճարեց ու հետը գնաց Դուբայ, իսկ ինձ ասեց, որ գնում ա ընկերուհու հետ ապրի»,-հիշում է Հեղինեն: Այնուհետեւ Հեղինեն շարունակում է. «Մի որոշ ժամանակ անց էկավ Դուբայից մի հատ տղու հետ: Ինձ ասեց՝ արի գնանք տունս ցույց տամ: Գնացինք՝ ի՞նչ տուն, Մամա Ռոզայի տունն էր: «Նստի Հեղինե ջան»,-ասեցին: Լավ հյուրասիրեցին: Հետո ես Լուիզիկին հարցրեցի՝ Դուբայում քանի՞ հոգու հետ ես քնել: Ասեց՝ եթե ուզում ես, կարաս մեկի հետ ընկերություն անել: Էդ Մամա Ռոզան էլ ասեց, թե ընդեղ շատ լավ ա, նկարներ ցույց տվեց, տունն էր ցույց տալիս, ասում էր՝ էսի իմն ա: Լիքը ոսկիներ էր ցույց տալիս: Ասում էր՝ ընդեղից եմ առել»: Ի վերջո Լուիզան ու Մամա Ռոզան համոզում են Հեղինեին: «Համաձայնվեցի գնալ Դուբայ: Ասացին՝ էսօր մնա մեր տանը: Ասի՝ չէ, գնամ վեշերս հավաքեմ: Եկա տուն: Ամբողջ գիշեր մտածեցի, էդ ոսկիներն էի հիշում, աղքատությունս էր աչքիս առաջ գալիս: Գցեցի, բռնեցի»,-շարունակում է Հեղինեն: Ի վերջո նա մտածում է՝ ինչի՞ս է պետք «սաղի հետ քնելը»: Հաջորդ օրը հրաժարվում է ու մնում իր հանրակացարանում:

Հեղինեն ասում է, որ 6 ամիս հետո Լուիզան նորից եկել է Երեւան հատուկ հանձնարարությամբ՝ աղջիկ տանելու: «Ու ես գիտեմ, որ աղջիկ ա տարել: Լուիզիկը որ գնում էր Դուբայ, ասինք՝ քրջերդ տուր մեզի, չէր տալիս: Ես գիտեմ, որ էդ Դուբայի փողերով ստեղ Բանգլադեշում տուն ա առել»,-ասում է Հեղինեն: Նրա տեղեկություններով' Լուիզային Դուբայի իշխանությունները վտարել են, ու հիմա նա մարմնավաճառություն է անում Թուրքիայում: «Լուիզան ստեղ էլ էր մարմնավաճառությամբ զբաղվում: Իրա պատճառով ինձ ու Քիսոյին բռնեցին, տարան քաղմաս (Քանաքեռ-Զեյթուն համայնքների ոստիկանության բաժին-Մ. Ա.), ամբողջ հանրակացարանն եկավ մեր հետեւից, չթողին: Մեղրիի մանկատան տնօրեն Ռուդիկ Հայրապետյանը եկավ մեզ հանեց»,-պատմում է Հեղինեն: Բաժանմունք տանելուց հետո ոստիկանները հասկանում են, որ մարմնավաճառների չեն բերել, բայց ուզում են, որ գեղեցկատես աղջիկներին «իրենցով անեն»: Նրանց ասում են՝ կամ պիտի մեզ հետ լինեք, կամ ուղարկում ենք մաշկավեներական դիսպանսեր: Ի վերջո, ուղարկում են մաշկավեներական:

Հեղինեի մյուս ընկերուհին' դարձյալ Գավառի եւ Մեղրիի մանկատներում մեծացած Անուշիկը, որն այստեղ՝ Երեւանում, երեխա է ունեցել, նույնպես Դուբայում է: Անուշիկի մասին մանկատան նախկին սանուհիները հիշում են նաեւ մեկ ուրիշ բան՝ այս աղջիկը վաճառել է իր առաջին երեխային: Երկրորդին թողել է ընկերուհու մոտ: Այժմ Անուշիկը Դուբայում է եւ, իր ընկերուհիների տեղեկություններով, ընդհանրապես մտադիր չէ գալ Հայաստան:


Գլխավոր էջ

Տես նաև՝



Այս թեմայով

  • Դուբայը` սեքս-բիզնեսի կենտրոն
    Լուսանկարի` տարազով այս մարդը Արաբական միացյալ էմիրությունների ( ԱՄԷ ) քրեական հետախուզության ծառայության (Criminal Investigation department) աշխատակից է:
  • Գլխավոր դատախազի հրամանով ստեղծված հանձնաժողովն ամփոփեց աշխատանքը
    Մարտի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացավ մամուլի ասուլիս, որտեղ ամփոփվեցին ՀՀ գլխավոր դատախազի 2006թ. փետրվարի 17-ի հրամանով ստեղծված ՀՀ իրավապահ մարմինների, այդ թվում դատախազության համակարգի եւ սահմանապահ ծառայության պաշտոնատար անձանց` թրաֆիկինգի մեջ ներգրավվածության մասին մամուլի հրապարակումները ստուգող հանձնաժողովի աշխատանքները:
  • Հանձնաժողովը ուսումնասիրում է «Հետքի» հրապարակումները
    Փետրվարի 23-ին Գլխավոր դատախազություն է հրավիրվել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ, «Հետք» շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ մարդկանց վաճաքի մասին լրագրողական հետաքննության մեջ տեղ գտած փաստերի շուրջ դատախազությունում ստեղծված հանձնաժողովին պարզաբանումներ տալու:
  • Դատարանն աջակցեց կանանց վաճառողներին
    Նոյեմբերի 11-ին Էջմիածին քաղաքում Արմավիրի առաջին ատյանի դատարանում ավարտվեց մարդկանց վաճառքի գործով ընթացող մի դատավարություն: Այդ օրը դատարանը հրապարակեց դատավճռի եզրափակիչ մասը, այսինքն` միայն պատիժները:
  • ԱՄԷ-ում «Հետքը» արգելափակված է
    Արդեն երկար ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունների մեր ընթերցողները չեն կարողանում կարդալ «Հետք»-ի թողարկումները: Կայքը (www.hetq.am) բացելիս գրվում է.
... կարդացեք ավելին «Անապատի գիշերներում» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»