HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դյութեն». բնական քսուքներ՝ 28-ամյա կենսաքիմիկոսից

«Դյութենը» (դյութել, հրապուրել բառից) բնական քսուքների նոր ապրանքանիշ է, որը պատրաստում է կենսաքիմիկոս Գայանե Հովհաննիսյանը: Արտադրանքում չեն օգտագործվում եթերայուղեր ու կոնսերվանտներ: Սա Գայանեի գիտական և ստեղծագործական աշխատանքի արդյունքն է:

Գայանեն աշխատում է ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում, զուգահեռաբար սովորում է ասպիրանտուրայում: Բույսերից թուրմեր պատրաստելը, փորձարկումներ անելը մանկությունից են եկել: Մայրը՝ տիկին Գոհարն, ասում է, որ դուստրը դեռ 4-5 տարեկանում տերևներ էր լցնում պենիցիլինի մեջ, փորձեր անում: Գայանեն ասում է, որ դրանք խիստ սիրողական փորձեր էին: Երբեմն փորձարկումներն իրականացնում էր մրջյունների վրա՝ դրանցից մուտանտներ ստանալու ակնկալիքով: Բայց, իհարկե, ոչ մի մրջյուն մուտանտ չդարձավ: Իսկ հիմա երազանքներն, ըստ 28-ամյա կենսաքիմիկոսի, իրականությանը մոտ են: Համալսարան ընդունվելուց հետո է իմացել, որ գնում է տատի հետքերով, ով կենսաֆիզիկոս է եղել, բայց ամուսնանալուց հետո կրթությունը կիսատ է թողել, քանի որ ամուսնու մայրը չէր թույլատրել սովորել: «Գայանեն իրականացրեց նաև իր տատիկի երազանքը»,- նկատում է տիկին Գոհարը:

Քսուքներ պատրաստելու մտադրություն կամ նպատակ չի ունեցել: Ինչպես Գայանեն է ասում, քսուք պատրաստելու գաղափարը հուշել է իր իսկ մաշկը: Դեմքի մաշկի հետ խնդիր չի ունեցել մինչև 24-25 տարեկանը, որից հետո «բուռն փոփոխություններ են եղել». մաշկն սկսել է դուրս տալ ոչ թե մակերեսային, այլ ընդերային: «Սկզբնական փուլում շուկան էի նայում, մտածում էի, որ թանկ քսուքների մեջ կգտնեմ այն, ինչ կօգնի, շատ եմ գնել  հայկական և արտասահմանյան քսուքներ, որոնք, սակայն, չօգնեցին: Զգայուն մաշկ ունեմ, քսուքները միանգամից վառում էին մաշկս: Սկսեցի ուսումնասիրել բաղադրիչները, հասկանալ, թե ինչից կարող էին ալերգիկ ռեակցիաներ առաջանալ»,- նշում է երիտասարդ գիտնականը:

Այս փուլում առաջին սպիրտային տոնիկներ է պատրաստել՝ մտածելով, որ մաշկը կարելի է բուժել չորացնելու միջոցով: «Բայց դա մեծ սխալ էր: Երբ չորացնում ես այն, ինչը քո մաշկն անհրաժեշտ է համարում, ապա դրանից ավելի շատ է արտադրվում, ու խնդիրն ավելի շատ է սրվում: Ամեն անհաջողություն ստիպում էր հասկանալ, թե ինչն է սխալ»,- ասում է Գայանեն, ապա շարունակում, որ մի անգամ էլ համացանցում պատահական տեսել է պատվերով քսուքներ պատրաստող մի կնոջ, ով հիմնականում մեղրամոմով է աշխատում: «Գոյություն ունի քսուքների դասակարգում՝ ըստ կոմեդոգենության: Կոմեդոգենությունն ակնե առաջացնելու հակվածությունն է, և մեղրամոմը բավականին բարձր ցուցանիշ ունի այդ ցուցակում: Եվ իմ պարագայում կրկին բացասական արդյունք տվեց»,- պատմում է կենսաքիմիկոսը:

Փնտրտուքի, գիտական ուսումնասիրությունների ժամանակ Գայանեն Ֆիզիոլոգիայի ինստիտուտում մասնակցել է հյուսվածքային ինժեներիայի դասընթացի: Ասում է, որ բաժանվել էին խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պետք է փորձեր վերարտադրել մի օրգան, և քանի որ իր ասպիրանտական աշխատանքը վերարտադրողական օրգանների մասին է, անձամբ ցանկանում էր, որ թեման ձվարանների մասին լիներ, սակայն իրենց խմբից առաջարկել էին մաշկն ընտրել, որը և հաստատվել էր: «Տխրել էի, բայց հետո հասկացա, թե ինչքան օգուտ տվեց այն: Կարողացա խորությամբ ուսումնասիրել մաշկը և հասկանալ իմ ձախորդությունների պատճառը: Ծանոթ էի յուղերին, բաղադրիչներին, բայց խորությամբ ծանոթ չէի մաշկի առանձնահատկություններին»,- նշում է զրուցակիցս:

Գումար ունենալու դեպքում դիմելու է նաև օրգանիկ հավաստագիր ստանալու համար

Այս տարվա մարտին Գայանեն պատրաստել է առաջին քսուքը: Երիտասարդ կենսաքիմիկոսն ասում է, որ իր պատրաստած յուրաքանչյուր քսուքի հիմքում գիտություն է, այն փորձարկումների փուլով է անցնում, և պետք է հիշել, որ ամեն մեկի մաշկն անհատական է:

Քսուքների բաղադրիչներն ամբողջությամբ բնական են, դրանցից որոշները՝ օրգանիկ: Մեծ մասն առայժմ ձեռք է բերում արտերկրից՝ պատվիրելով, բայց որոշ բույսերի յուղեր էլ, օրինակ, անթառամինը, Հայաստանից է գնում: Մասնավորապես, աչքերի շուրջ կնճիռների, հոգնածության համար առաջարկում է խխունջի ֆիլտրատով պատրաստված քսուք: Այս ֆիլտրատն էլ պատվիրում է արտերկրից: Քսուքների տեսականին նախատեսված է տարիքային խմբերի համար:

Հունիսին Գայանեն գրանցվել է որպես անհատ ձեռներեց: Մայրն է շատ օգնում՝ քսուքների համար թղթե տոպրակներ է պատրաստում, պիտակներն է փակցնում: «Դյութենի» ապրանքանիշն էլ գրանցման փուլում է: Գիտնականն ասում է, որ եթե ֆինանսական հնարավորություն ունենար, կդիմեր նաև օրգանիկ հավաստագրման համար: Հայաստանում կա լաբորատորիա, որն անցկացնում է նման փորձաքննություն: Գայանեն համոզված է, որ հիմա էլ կարող է ստանալ այդ հավաստագիրը, եթե, իհարկե, գումար ունենա: Յուրաքանչյուր  ապրանքատեսակի համար 600 եվրո արժողությամբ ընթացակարգ կա, բացի դրանից՝ տարեկան սպասարկման համար էլ անհրաժեշտ է 100 եվրո վճարել:

Նոր արտադրանքի հեղինակը բիզնեսն ընդլայնելու դեպքում մտադիր է արտադրամաս ու խանութ բացել, բայց դա դեռ երազանք է:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի 

Մեկնաբանություններ (1)

Մարգարիտա
Ես հիացած եմ ձեր գյուտով։ Հույս ունեմ որ ես էլ վաղ ապագայում կկարողանամ օգտվել ձեր ապրանքացանկից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter