HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդերի ջերմոց Գյումրիում. պատահական ծանոթությունը բիզնես գաղափարի հիմք է դարձել

Տղամարդու կոպտավուն մատների շոյող հպումները` վարդերի դեռեւս կոկոն, չբացված գլխիկներին ամեն առավոտ ու երեկո սիրո յուրօրինակ խոստովանության են նմանվում, իսկ ծաղիկներից գեղեցկագույնի ծակոտող փշերին ընտելացած ձեռքերի զգուշավոր շարժումները հիշեցնում են երկրպագության խոնարհումներ:

Փոքրիկ ջերմոցի խեղդող տոթն անտեսելով, գեղջկական պարզ դիմագծերին մանկան անմիջական ժպիտ գծագրելով` Սամվելը խոսում է ընտանիքից հետո թերեւս ամենակարեւորի՝ վարդերի մասին: «Ես ամեն օր խոսում եմ իրենց հետ, բարեւում եմ, հարցնում եմ` ոնց են, ամեն օր ասում եմ, որ իրենց շատ եմ սիրում: Չմտածեք, թե բույս է՝ անշունչ առարկա է, բույսն էլ հոգի ունի, իրենք զգում են մարդու վերաբերմունքը»,- Սամվելի աչքերում ու ձայնի մեջ ջերմություն է զգացվում:

«Սամվելը չլիներ, հավանաբար ես վարդերի այս ջերմոցը չէի ունենա»,- խոստովանում է 560 քմ տարածքով, այսպես կոչված «սիրողական» տիպի ջերմոցի սեփականատեր Ցոլակ Չադրյանը: Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից 9 տարի առաջ Գյումրի տեղափոխված Սամվել Մկրտչյանի ու Ցոլակի պատահական ծանոթությունը մեկի համար շահավետ աշխատանքի, մյուսի համար նոր բիզնես ծրագրի իրականացման հիմք է դառնում:

«Ես նպատակ չունեի վարդեր աճեցնել,- ասում է Ցոլակը,- մտածում էի վարունգ, պոմիդոր աճեցնեմ: Սամվելի հետ ծանոթությունս հեղափոխության պես մի բան էր: Ինքն է պատճառը, որ բանջարաբոստանային կուլտուրան փոխարինվեց վարդով»:

Շիրակի մարզում ջերմոցային տնտեսությունների գործարկումը հարուստ կենսագրություն չունի: Ընդամենը մի քանի տարի առաջ՝ կոտրելով կարծրատիպերը, թե ցրտաշունչ, ձմեռային խիստ պայմաններ ունեցող մարզում ջերմոցների հիմնումը ֆանտաստիկայի ժանրից է` ստեղծվեցին առաջին, ոչ մեծ ջերմոցները Թորոսգյուղ, Բասեն համայնքներում: Մեկ տարի առաջ Արթիկում հիմնվեց ելակի ջերմոցը 3 հա-ի վրա, որտեղ կոկոպիտի՝ կոկոսի մազիկների մեջ աճեցվում է անգլիական «Ալպիոն» տեսակի ելակ: Եվ հիմա Գյումրին հայտ է ներկայացնում ջերմոցային վարդերի աճեցման ասպարեզում:

«3 տարի առաջ, որ էս գործը նախաձեռնել էի, բոլորն ասում էին չի ստացվի, ինչ գործ ունես ջերմոցի հետ, դա Շիրակի մարզում չաշխատող տարբերակ է: Բայց հիմա ապացուցվում է, որ հենց մեր մարզն է լավագույն տարածաշրջանը ջերմոցների կառուցման համար,- ասում է Ցոլակ Չադրյանը,- արեւային օրերի քանակն է շատ, կլիման մեղմ է՝ Արարատյան դաշտի խիստ շոգերը չունենք, որ խնդիրներ առաջացնի, դե մնացածն էլ արդեն տեխնոլոգիաների հարց է: Հետո, հանուն ճշմարտության ասեմ, ես առաջինը չեմ Գյումրիում՝ երկրորդն եմ, որ վարդերի ջերմոց ունեմ, մի 6-7 տարի առաջ է հիմնվել առաջին ջերմոցն այլ անձի կողմից, բայց հիմա որպես բիզնես պրոյեկտ չի գործում: Սամվելն այնտեղ է աշխատել, հմտություններն այնտեղ է ձեռք բերել, բայց ես աշխատակից չեմ խլել, ինքն արդեն գործազուրկ էր, որ մենք ծանոթացանք»:

Ցոլակ Չադրյան

36-ամյա Ցոլակն առաջին մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, երկրորդ մասնագիտությամբ՝ ֆինանսիստ: Հասցրել է աշխատել պետական համակարգում (Գյումրու քաղաքապետարան, Շիրակի մարզպետարան) եւ որոշակի փորձառություն ունի սրճարանային բիզնեսում: Խոստովանում է, որ երկու ասպարեզն էլ իր սրտով չեն եղել, լիարժեք բավարարվածություն աշխատանքից չի ստացել:

«Ես 21 տարեկանից աշխատել եմ, բայց ոչ չինովնիկական կարիերան, ոչ էլ սրճարանային բիզնեսը սրտովս չի եղել: Ես ընդհանրապես մեծ հարգանք ունեմ արտադրողի հանդեպ, մարդու, որ ինչ-որ բան է ստեղծում: Իմ նախորդ աշխատանքային գործունեության ընթացքում ես մի տեսակ սպառողի կարգավիճակում էի, վարդերն ինձ սպառողից վերածեցին ստեղծողի»,- բացատրում է Ցոլակն` ավելացնելով, որ հաջողված փոքր բիզնեսն ընդլայնելու առաջին ծրագիրն արդեն ավարտական փուլում է եւ առաջիկայում Գյումրին կունենա վարդերի մեծ ջերմոց:

5000 քմ-ի վրա կառուցվող նոր ջերմոցն իր ծնունդը կազդարարի հոկտեմբերի կեսերին: Փոքր ջերմոցում աճեցվող վարդերի՝ Ավալանժ, Ջումելիա, Բլեք, Դոլչե Վիտա, Չերրի տեսակներին կավելանան նորերը: «Ամբողջ ամառ ուրիշները ծովի ու եգիպտական բուրգերի տեսարաններով էին հիանում, մենք՝ օրական բարձրացող երկաթե կոնստրուկցիաների կամարներով»,- Ցոլակը ծիծաղում է: Ընդլայնվող բիզնեսում գործընկեր ունի` ի դեմս Արտյոմ Խաչատրյանի:

Զրուցակցիս համոզմամբ, ընկերային գործակցությամբ բիզնես չսկսելու հայկական մտածողությունը սին է եւ ժամանակավրեպ: Ցոլակի համար, եթե բիզնեսը հիմնելու հարցում որոշիչը ոսկեվազցի Սամվելի հետ ծանոթությունն էր, ապա բիզնեսն ընդլայնելու հարցում խթանող հանգամանքն ընկերոջ դիրքորոշումն էր: Զրուցակիցս կատակում է և ասում, որ սիրողական մակարդակից անցնում են պրոֆեսիոնալի, թեեւ պրոֆեսիոնալների մեջ էլ համարվում են «թեթեւ քաշային»:

«Այս տարի աճուրդով՝ 23 մլն դրամով, կարողացանք 2,3 հա տարածք ձեռք բերել քաղաքի սկզբնամասում: Աշխատանք արվել է դեռեւս տարածքի 1/5-րդի վրա: Եթե սա էլ հաջողենք, ապա ընդլայնվելու դեպքում տարածքի խնդիր չենք ունենա՝ միայն գումարային»,- ասում է զրուցակիցս: Փոքր ջերմոցը Ցոլակը հիմնել է սեփական միջոցներով: Մեծ ջերմոցի կառուցման համար ասում է, որ ներդրել են իր եւ գործընկերոջ ողջ խնայողությունները եւ ընդամենը ծախսած գումարի 30 տոկոսն են վարկ վերցրել: Բանկերի կողմից առաջարկվող բարձր տոկոսադրույքներն ու վճարման սկզբունքը հնարավորություն չեն տալիս շատ ավելի մեծ բեռի տակ մտնելու:

«Մենք հիմա վարկ ունենք, որ վերցրել ենք 10,5 տոկոսով: Ճիշտն ասած` ուզում էինք օգտվել գյուղատնտեսության համար հատկացվող լիզինգային ծրագրերից, ցածր տոկոսադրույքով հատկացվող ծրագրերից, բայց էստեղ մի պահանջ կա դրած, որ կարծում եմ շատ սխալ է: Իրենք վարկը որ տալիս են, դու անպայման ինչի վրա որ պիտի ծախսես գումարը՝ սարքավորում, անհրաժեշտ նյութեր, անպայման պիտի ներկրված լինի, նույն բանը դու տեղական արտադրողից չես կարող գնել,- բացատրում է Ցոլակը,-մեր կաթիլային ոռոգման համակարգը իսրայելական արտադրության է, համակարգիչը ներկրել ենք ՌԴ-ից, բրիկետների հումքն էլի ներկրված է: Ես նայել եմ, լիքը բաներ՝ որակով չզիջող, մենք կարող ենք տեղում ձեռք բերել, տեղի արտադրողից, բայց պահանջը վարկավորման ծրագրերի էն է, որ պիտի ներկրված լինի: Կարծում եմ կառավարությունը պետք է այս կետը փոխի՝ դա եւ տեղի արտադրությունը կխթանի, եւ բիզնես սկսողի վրա թանկ չի նստի»:

Սեպտեմբերի 19-ին Շիրակի մարզ այցելած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այցելել էր նաեւ Ցոլակ Չադրյանին պատկանող գործող փոքր ջերմոցային տնտեսություն եւ շինարարության փուլում գտնվող նոր ջերմոցի տարածք: Ցոլակի փոխանցմամբ, փոխվարչապետը խոստացել է աջակցել ընդլայնվող բիզնեսին. «Մենք ողջ աշխատանքը բարեհաջող ավարտելու համար 40 մլն դրամի կարիք ունենք: Փոխվարչապետը խոստացավ աջակցել վարկի տեսքով տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով եւ մեկ տարի միայն գումարի տոկոսները վճարելու պայմանով: Տեսնեք ինչպես կստացվի, մանավանդ որ մեզ վարկավորած բանկն էլ խոստացել է հետագայում տարեկան տոկոսադրույքը իջեցնել մինչեւ 6 տոկոս»:

Ցոլակն ասում է, որ իրենց նպատակը միայն վարդերի աճեցումը չի լինելու, մտադիր են զբաղվել նաեւ սելեկցիայով:

Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Մկրտչյան

Մեկնաբանություններ (2)

Վարդուհի
Բարև Ձեզ։խնդրում եմ կասեք աշխատատեղ ունեք?
Сусанна
Здравствуйте я хочу узнать работа есть у вас?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter