HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Նորդ Ավենյուն» գերշահո՞ւյթ է ստանում Հյուսիսային պողոտայի բնակիչների հաշվին. ո՞ւր է մոտ 400 մլն դրամի հաշվետվությունը

Ինժեներ Ռաֆայել Վեքիլյանը դժվարանում է վճարել Հյուսիսային պողոտա 6 շենքում գտնվող իր բնակարանի կոմունալ ծախսերը, այդ պատճառով ապրում է Գառնիում, իսկ բնակարանը ուզում է վարձով տալ: Նա ասում է, որ Հյուսիսային պողոտայի շենքում հայտնվել է պատահաբար: 2005թ. Կենտրոնական բանկն օտարել է Ռաֆայել Վեքիլյանի տունը, որը ԿԲ-ի բակում էր, և «երկար պատերազմից հետո» դրա դիմաց նրան բնակարան հատկացրել Հյուսիսային պողոտայում:

Ռաֆայել Վեքիլյանն ու նույն շենքի մեկ այլ բնակիչ՝ սփյուռքահայ Պեդրո Ծառուկյանը, ասում են, որ իրենց շենքում բնակիչները 1 խորանարդ մետր տաք ջրի համար վճարում են 3100 դրամ: Հյուսիսային պողոտայի հարևան շենքում 1 խորանարդ մետր ջուրն արժե 1500 դրամ, ամռանն այդ շենքում ջուրը տաքացվում է արևային համակարգով, և վճարը դառնում է 600 դրամ: Ընդ որում, Հյուսիսային պողոտա 6 շենքում տաք ջուրը 25-40 աստիճան է, ինչը համարվում է սառը ջուր. տաք ջրի ջերմաստիճանը պետք է լինի 50-ից ոչ պակաս: Արդյունքում շենքի բնակիչները 25-40 աստիճան տաքության ջրին սառը ջուր չեն խառնում, և ծախսերը մեծանում են:

Բնակիչների խոսքերով՝ իրենց շենքի կաթսայատան մատակարարած ջեռուցումը ևս կրկնակի թանկ է Հյուսիսային պողոտայի մյուս շենքերի ջեռուցումից: Հարևան շենքերում կաթսայատունը պատկանում է համատիրությանը՝ բնակիչներին, և ծառայությունների գները որոշվում են՝ ըստ կաթսայատան ծախսերի և աշխատողների աշխատավարձի: Իսկ Հյուսիսային պողոտա 6-ի կաթսայատունը պատկանում է «Նորդ Այլենդ» ՓԲԸ-ին, որը կաթսայատունը վարձակալությամբ հանձնել է «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ին: ՍՊԸ-ն էլ որոշում է տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման և սառնամատակարարման ծառայությունների գները:

Հյուսիսային պողոտա 6 շենքի կաթսայատունը

«Մենաշնորհը սպանում է Հայաստանը»,- ասում է Ռաֆայել Վեքիլյանը: Բնակիչները դիմել են հակամենաշնորհային մարմնին՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Հյուսիսային պողոտա 6 հասցեում գտնվող 8 հարկանի շենքը կառուցվել է 2005թ. «Նորդ Այլենդ» ՓԲԸ-ի կողմից, որի տնօրենը Գալինա Եդիգարյանն է: ՓԲԸ-ն շենքի բակում կառուցել է նաև շենքի մաս հանդիսացող տնտեսական հանգույց, որը գրանցել է իր անվամբ որպես առանձին միավոր՝ առանձնացված 610 ք.մ. մակերես ունեցող հողամասով:

Շենքի համատիրությունը դատի է տվել «Նորդ Այլենդին», նաև «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ին, որի տնօրեն Մարտին Եդիգարյանը Գալինա Եդիգարյանի ամուսնու եղբայրն է: Գործով պատասխանող են ճանաչվել նաև Երևանի քաղաքապետարանը և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը:

Հայցին չմիացած բնակիչներից է Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը, ով ապրում է նույն շենքում և դեմ էր, որ համատիրություն ձևավորվի: Սեպտեմբերի 16-ին՝ բնակիչների ժողովի ժամանակ, նա բնակիչներին փորձել է համոզել, որ խնդիր չէ, որ բակը բնակիչների սեփականությունը չէ: Երբ բնակիչները նրան ասել են՝ «մի վերածեք փայատերերի ժողովի», Խոսրով Հարությունյանը պատահաբար ասել է, որ ինքը «Նորդ Այլենդի» նախկին փայատեր է:

Հայցադիմումի մեջ, մասնավորապես, նշված է, որ կառուցապատող «Նորդ Այլենդ» ՓԲԸ-ն պարտավոր էր, ըստ շենքի գլխավոր հատակագծի՝ որպես մեկ գույքային միավոր՝ շենքի սպասարկման մակերեսներն ընդգրկել շենքի ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի մեջ, մինչդեռ որպես առանձին գույքային միավոր առանձնացրել է շենքի անբաժանելի մաս կազմող հողամասը և դրա վրա կառուցել իր համար գերշահույթներ ապահովող տնտեսական հանգույց, որը իր դիրքի շնորհիվ մենաշնորհային կարգավիճակ ունի:

Ձախից՝ Ռաֆայել Վեքիլյանը, Գագիկ Սաֆարյանը, Խաչատուր Օհանյանը

Հայցվոր կողմը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել շենքի բակի և բակում կառուցված կաթսայատան նկատմամբ «Նորդ Այլենդի» սեփականության իրավունքի պետական գրանցումը և բակն ու կաթսայատունը՝ իր բոլոր սարքավորումներով, ճանաչել շենքի սեփականատերերի սեփականություն:

«Նորդ Այլենդի» և «Նորդ Ավենյուի» ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Մինասյանը «Հետքին» ասաց, որ այս պահանջը ոչ միայն անհիմն է, այլև անհեթեթ: «Այստեղ դասական իրավիճակ է. ուրիշի ունեցվածքի վրա ոտնձգության նման մի բան է: Ինչի՞ պետք է իրենցը լինի: Ոչ նախնական պայմանագրում, ոչ հիմնական պայմանագրում այդպիսի բան նախատեսված չի եղել»,- ասում է պատասխանողի ներկայացուցիչը:

«…Հյուսիսային պողոտա 6 շենքը և տնտեսական հանգույցի շենքը ի սկզբանե հանդիսացել են իրարից անջատ քաղաքաշինական օբյեկտներ, այսինքն տնտեսական հանգույցի շենքը նախագծվել ու կառուցվել է որպես ինքնուրույն քաղաքաշինական օբյեկտ և ի սկզբանե Հյուսիսային պողոտա 6 շենքի անբաժանելի մասը չի կազմել և ներկայումս էլ այդպիսին չի հանդիսանում»,- գրել է Գևորգ Մինասյանը դատարանին ուղղված միջնորդության մեջ՝ հավելելով, որ ՀՀ-ն ճանաչել ու գրանցել է բակի և բակում կառուցված տնտեսական հանգույցի նկատմամբ «Նորդ Այլենդի» սեփականության իրավունքը:

Իսկ հայցվորի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Խաչատուր Օհանյանը հայցադիմումի մեջ նշել է, որ «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ն շենքին մատակարարում է տաք և սառը ջուր, ջեռուցում և այլ ծառայություններ շուկայականից էապես բարձր, անհիմն սակագներով, «որը 5 տարիների ընթացքում կազմել է շուրջ 300-400 մլն դրամ»:

Բնակիչներն էլ իրենց հերթին նշում են, որ 5 տարվա ընթացքում ոչ մի անգամ հաշվետվություն չեն տեսել և չգիտեն, թե ուր է գնացել իրենց վճարած 300-400 մլն դրամը:

««Նորդ Ավենյու» և «Նորդ Այլենդ» ընկերությունները տաք, սառը ջուր, ջեռուցման, սառնամատակարարման և մասամբ պահակային (ա/մեքենաների հսկման ու սահմանափակման) ծառայություններ են մատուցում շենքի սեփականատերերին մենաշնորհային, գերիշխող եղանակով: … Արդյունքում, Շենքի շինությունների սեփականատերերը պարբերաբար կորցրել են զգալի դրամական միջոցներ, իսկ «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ն՝ ստացել գերշահույթ»,- նշվում է հայցադիմումի մեջ:

Ձախից՝ դատավոր Էդիկ Ավետիսյանը, Գևորգ Մինասյանը, Հրանուշ
Ներսիսյանը

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Մինասյանը համոզված է, որ տվյալ դեպքում սակագների մասին խոսել չի կարելի, քանի որ «սակագինը» այն գինն է, որը հաստատված է որոշակի ընթացակարգով և պարտադիր է բոլորի համար:

«Գազի, ջրի և էլեկտրաէներգիայի սակագները նույնն են և չեն փոխվում: Այստեղ պարզապես սպասարկման համար նախատեսված գների մասին է խոսքը, որը շուկայական ձևավորում ունի: Բայց դա արդարացվա՞ծ է մարդկային տեսակետից, թե՞ արդարացված չէ՝ ես չեմ կարող ասել: Միայն կարող եմ իմ կազմակերպության տեսակետը ներկայացնել, որ առավել քան արդարացված է»,- ասում է Գևորգ Մինասյանը:

Հայցադիմումի մյուս պահանջն է «Նորդ Ավենյուին» պարտավորեցնել հայցվորին ներկայացնել տարիներ շարունակ շենքի կառավարման վերաբերյալ հաշվետվությունները՝ շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բյուջեն, տարեկան հաշվետվությունները, որտեղ պետք է բերվի դրանց հաշվեկշիռը, հավաքագրված վճարների չափը՝ ըստ շինության սեփականատերերի, կատարված ծախսերը՝ ըստ ուղղությունների:

Պատասխանողը դատարան է ներկայացրել հայցադիմումի նախնական պատասխանը, որում հայցվորին խնդրել է պարզաբանել, թե ինչ փաստական և իրավական հիմք ունի՝ «Նորդ Այլենդ» ՓԲԸ-ին գերիշխող դիրք ունեցող համարելու համար, ինչ են նշանակում «շենքի կառավարման վերաբերյալ հաշվետվությունը», «շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բյուջեն», «տարեկան հաշվետվությունները», ինչ իրավական ակտի ուժով էր «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ն պարտավոր ունենալ այդ տեղեկությունները և ներկայացնել հայցվորին:

Դատական նիստից հետո բնակիչները շենքի համատիրությունում
քննարկում են իրենց անելիքները

Հունվարի 18-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ առաջին դատական նիստը:

Հայցվորի փաստաբան Խաչատուր Օհանյանը միջնորդություն ներկայացրեց, որով դատարանին խնդրեց Երևանի քաղաքապետարանից պահանջել շենքի կառուցման և սպասարկման համար հողհատկացմանը և կառուցմանն առնչվող վարչական վարույթի բոլոր նյութերը, Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանումից պահանջել շենքի սպասարկման և կառուցման համար հողի և շենքի շինությունների գույքային բոլոր իրավունքների գրանցմանն առնչվող բոլոր նյութերը:

Հայցվորի համար նման փաստաթղթեր հայթայթելը անհնար է, քանի որ Երևանի քաղաքապետարանը և Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանումը մերժել են վերոնշյալ փաստաթղթերը ստանալու համատիրության դիմումը:

«Նորդ Ավենյուի» ու «Նորդ Ալյենդի» ներկայացուցիչ Գևորգ Մինասյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչ Հրանուշ Ներսիսյանը կարծում էին, որ միջնորդությունը պետք է մերժել, քանի որ միջնորդության մեջ նշված չէ, թե ինչ հանգամանքներ պետք է ապացուցվեն ակնկալվող մեծ ծավալի փաստաթղթերով: Գործի քննությունը դեռ չի էլ սկսվել, և դատարանը դեռևս չի պարզել ապացուցման ենթակա փաստերի շրջանակը: Հետևաբար, չի կարելի ասել՝ հայցվորի պահանջած փաստաթղթերը որևէ դերակատարում ունե՞ն այդ փաստերն ապացուցելու համար:

Դատարանը բավարարեց հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 13-ին:

Շենքի բնակիչները քաղաքապետարանի ներկայացուցչի՝ փաստաթղթերը տրամադրելու միջնորդությանը դեմ լինելը մեկնաբանեցին նրանով, որ քաղաքապետարանը չի ցանկանում իրենց տրամադրել իրենց վերաբերող փաստաթղթերը:

Հյուսիսային պողոտա 6-ի բնակիչները չեն ստացել իրենց խոստացվածը

«Նորդ Ավենյուն» շենքի տանիքում պետք է կառուցեր բնակիչների համար անվճար հանգստի գոտի, բայց չի կառուցել. այժմ տանիքը քանդված վիճակում է, և կաթում է: Շենքը չունի հրդեհի դեպքի համար նախատեսված ելքեր: Բնակիչ Աշոտ Ասլանյանն ասում է, որ եթե հրդեհ լինի, պետք է փախչի տանիք:

Ռաֆայել Վեքիլյանը նշում է, որ շենքի վերելակները վտանգավոր վիճակում են, մինչդեռ «Նորդ Այլենդը» պարտավորություն էր ստանձնել ֆիննական վերելակներ տեղադրել: Եթե որևէ մեկը հիվանդանա, սայլակն ու պատգարակը չեն մտնի վերելակի մեջ: Բացի դրանից՝ Ռաֆայել Վեքիլյանը չի տեսնում իր էլեկտրաէներգիայի հաշվիչի ցուցմունքը. ցուցմունքը գրում և իրեն տալիս են:

Ստորգետնյա ավտոհանգրվանի՝ «Նորդ Այլենդին» պատկանող մասը

Բնակիչներն ասում են, որ տարիներ շարունակ շենքի տանիքին եղել է «Նորդ Ավենյուի» տեղադրած արբանյակը, և իրենք նախկինում ստիպված են եղել օգտվել այդ թանկ ինտերնետից կամ իրենց ֆլեշ-մոդեմներից. էժան և արագ ինտերնետ բերելու հնարավորություն չեն ունեցել:

Համատիրության նախագահ Գագիկ Սաֆարյանը նշում է, որ եթե «Նորդ Այլենդի» տրամադրած հատուկ անցաթուղթն իր մոտ չլինի, ապա ստիպված կլինի վճարել ստորգետնյա ավտոհանգրվանում դեպի իրենց սեփականությունը հանդիսացող մաս գնալու համար: Ավտոհանգրվանի մի մասի սեփականատերը բնակիչներն են, մյուս մասինը՝ «Նորդ Այլենդը»:

«Մենք պահանջում ենք, որ մեր մուտքը ազատ թողնի: Մենք կարող է օրը 20 անգամ մտնենք»,- ասում է Գագիկ Սաֆարյանը: Ստորգետնյա ավտոկայանատեղիի համար բնակիչները երկար ժամանակ վճարել են ամսական 19 հազար դրամ: Համատիրության ստեղծվելուց հետո գինը իջել է 12 հազար դրամի:

Ռաֆայել Վեքիլյանը և մյուս բնակիչները ենթադրում են, որ մի օր «Նորդ Ավենյուն» կարող է իրենցից փող ուզել բակով անցնելու և տուն մտնելու համար, քանի որ բակն իրենցը չէ: «Նորդ Ավենյուն» բնակիչներին ասել է, որ բիլիարդանոց է կառուցելու բակում: Բնակիչները կարծում են, որ սա ասվել է իրենց վախեցնելու համար: Նրանք նշում են, որ դեկտեմբերի 21-ին «Նորդ Ավենյուի» տնօրեն Մարտին Եդիգարյանը մեկ ամբողջ օրով ջրազրկել է շենքը: Տնօրենն ասել է, որ պատճառը վթարն է, բայց բնակիչներին չի թույլատրել տեսնել, թե այդ ինչ վթար է:

«Շենքը բնակիչներին վաճառելիս ասել են մի բան, տվել են մի ուրիշ բան»,- ասում է Ռաֆայել Վեքիլյանը: Իսկ Աշոտ Ասլանյանը հավելում է, որ Հյուսիսային պողոտա 6 շենքում 1 քառ. մետրի համար վճարել է 1050 դոլար, մինչդեռ Տերյան փողոցի մոտակա շենքում այդ ժամանակ 1 քառ. մետրն արժեր 220 դոլար: Ինքը նախընտրել է Հյուսիսային պողոտայի շենքը, քանի որ նախնական պայմանագիրը ստորագրելու ժամանակ խոստացել են «շատ հոյակապ վիճակ»: Իսկ հիմնական պայմանագիրը ստորագրելու ժամանակ տեքստը փոխված է եղել:

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Մինասյանը հերքում է. «Ճիշտ չէ դա, և չէր կարող այդպես լինել: Եթե ասում են՝ մեզ խոստացել են, չեն տվել, էդ դեպքում սուբյեկտը հիմնական պայմանագիրը չի ստորագրի, էդ դեպքում կպահանջի այն, ինչ իրեն խոստացել են: 2006թ. բոլոր սեփականատերերը, որոնք ստորագրել են հիմնական պայմանագրերը, երկուստեք համաձայն են եղել: Ավելին, դրանից հետո ստանալով իրենց բնակարանները՝ մինչև այսօր ապրում են այդ բնակարաններում և հանկարծ հիմա հիշել են կամ հասկացել են, որ նախնական պայմանագրով խոստացվածը հիմնական պայմանագրով չի ապահովվել»:

Պեդրո Ծառուկյանն ու Աշոտ Ասլանյանը կարդում են շենքի բակի
հուշատախտակը, ըստ որի՝ պողոտան
կառուցվել է Ռ.Քոչարյանի
բարձր հովանավորությամբ:
Մինչ դատական նիստի օրը Գագիկ
Սաֆարյանը կարծում էր,
թե դա տապանաքար է, որի տակ թաղված է

տեղի հին բնակիչներից մեկը:

Սակայն Աշոտ Ասլանյանն ասում է, որ 8 ամիս շարունակ հրաժարվել է հիմնական պայմանագիրը ստորագրելուց: Բայց նախնական պայմանագիրը ստորագրելուց և բնակարանի գնման կանխավճարը մուծելուց հետո՝ շենքը կառուցվելու 3 տարվա ընթացքում, Երևանում բնակարանների գները կտրուկ բարձրացել են, և մարդկանց ձեռնտու չի եղել կանխավճարը հետ վերցնելը:

Իսկ Պեդրո Ծառուկյանը նախնական պայմանագիրը ստորագրելու ժամանակ արդեն վճարել էր բնակարանի գնի 80-90 %-ը: 8-9 ամիս հետո իրեն ներկայացվել է այլ պայմանագիր, բայց այդ նույն գումարով այլ շենքում բնակարան գնել այլևս հնարավոր չէր:

Այնուամենայնիվ, ոչ Պեդրո Ծառուկյանը, ոչ էլ Աշոտ Ասլանյանը չեն փոշմանել, որ տուն են գնել Հյուսիսային պողոտայում: «Հակառակը՝ շատ գոհ եմ, որ էսպիսի հարևաններ ունեմ»,- ասում է Աշոտը: Նրա խոսքերով՝ դատարանում պարտվելու դեպքում իրենք պայքարը կշարունակեն ցույցերի, այլ ակցիաների, նույնիսկ «տնտեսական բլոկը ֆիզիկապես փակելու» միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter