HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոտան համայնքը սեփական եկամուտներ չունի. համայնքի հողերը եկամուտ են ապահովում այլոց համար

Որոտանը Գորիսի տարածաշրջանի այն եզակի համայնքներից է, որի բյուջեում սեփական եկամուտներից մուտքեր չեն նախատեսված. պատճառն այն է, որ համայնքը ոչ մի թիզ հող չունի սեփականաշնորհված:

Համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը նշում է, որ 308 բնակիչ ունեցող գյուղը տարեկան 4 մլն 157.8 հազար դրամ պետական դոտացիա է ստանում, ինչը բավարարում է համայնքային իշխանության աշխատակազմի 4 անդամներին աշխատավարձ, սոցիալական հարկեր վճարելու համար:

«Վերջերս բյուջեի եկամտի ապահովման համար մի աղբյուր եմ «հայտնագործել»,- հումորով ասում է համայնքապետը,- հունվարի 1-ից սկսել ենք հաշվառել գյուղի անասունները, որոշել ենք յուրաքանչյուր գլխի հաշվով տարեկան մինչև 1000 դրամ գանձել»:

Համայնքի ղեկավարի խոսքով` տեղական բյուջեն համալրելու միջոցով համայնքային խնդիրները լուծելու համար գյուղը բավարար ռեսուրս ունի, եթե միայն «վերականգնվի արդարությունը»:

Բանն այն է, որ Գորիսի շրջանային խորհրդի 1978թ. ապրիլի 28-ի որոշումով` «Շինուհայրի անասնապահական տնտեսության Որոտան գետի աջ ափում գտնվող անօգտագործելի հողերից (որը գտնվում է Որոտանի վարչական տարածքում) 6 հա հատկացվել է շրջխորհրդի գործկոմի ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների բանվոր-ծառայողներին»:

Նույն որոշումով հանձնարարվում է. «Հատկացված հողերը ենթարկել հատակագծման, ստեղծել կոլեկտիվ այգեգործական ընկերություն, հաստատել կանոնադրությունը, Որոտանի հողամասերն ապահովել ոռոգման ջրով, ինչպես նաև տրանսպորտային ներերթուղի բացել»:

Տարիների ընթացքում այգեգործական ընկերություններ ստեղծելու նպատակով նման որոշումներով Որոտան բանավանի տարածքներից այլ հողատարածքներ ևս «օտարվեցին»: Արդյունքում համայնքին պատկանող մինչև 1403 հա հողատարածք մնաց, այսպես ասած՝ օդից կախված: Արդեն տասնամյակներ շարունակ դրանց մի մասը հիմնականում մշակում են Գորիս քաղաքի բնակիչները, մի մասն անմշակ է, ըստ համայնքապետի, անգամ հայտնի չեն «սեփականատերը»:

1990-ականներին Կառավարությունը որոշում էր ընդունել այգեգործական ընկերությունների հողատարածքներն անվարձահատույց օտարելու մասին, սակայն իրավական որևէ փաստաթղթով հիմնավորված չէ հողի օգտագործման նրանց իրավունքը` սեփականության կամ վարձակալության հիմունքներով: Արդյունքում, ըստ Որոտան գյուղական համայնքի ղեկավարի, 140,8 հա հողի օգտագործման դիմաց ոչ մի դրամ հարկ չի վճարվում, մինչդեռ հիմնականում փախստականներով բնակեցված գյուղում խնդիրներ շատ կան: 

«Անցյալ տարվանից սկսել եմ հայտարարությունների, առանձին մարդկանց հետ հանդիպումների միջոցով համոզել հողի սեփականատերերին, որպեսզի նրանք կադաստրում գրանցեն, հողի սեփականաշնորհման վկայական ձեռք բերեն: Ոմանք արդեն ավարտել են սեփականշնորհման գործընթացը, սակայն դժվարն այն է, որ հողատերերի մի մասը հանրապետությունում չէ, ոմանք էլ չեն մշակում ու հետաքրքրված չեն սեփականացնելու խնդրով: Այս դեպքում ստիպված կլինեմ դատական կարգով հարցին լուծում տալ»,- ասում է համայնքապետը՝ ավելացնելով, որ հստակ որոշել է «գործի գլխին կանգնել» ու ավարտին հասցնել:

Իսկ մինչ այդ տեղական իշխանությունը փորձում է տեղական խնդիրները լուծել պետբյուջեի միջոցներով: Նշում է, որ համայնքին մեծ աջակցություն է ցուցաբերում Որոտանի ՀԷԿ-ը, որը, ի դեպ, գտնվում է գյուղի տարածքում, սակայն հողի վարձակալության հարկը վճարում է Խոտ համայնքին:

Որոտանը, որպես բանավան, հիմնադրվել է 1960-ական թվականներին՝ «Տաթև» ՀԷԿ-ի կառուցման ժամանակ, սակայն տարիներ անց որոշում է կայացվել գետի մյուս կողմում գտնվող վարչական  տարածքը հատկացնել Խոտ համայնքին: Համայնքապետ Սուրեն Օհանջանյանն անարդար է համարում այդ որոշումը, քանի որ ՀԷԿ-ը «որևէ կապ չունի Խոտ գյուղի հետ»: Դրանով տեղական բյուջեի եկամուտներից է Որոտան համայնքը զրկվել, որի արդյունքում համայնքին մեծ դժվարությամբ է հաջողվում տարբեր ծրագրերի իրականացման համար ներդրումեր ապահովել:

Իրենք` որոտանցիները, նշում են, որ վերջին տարիներին իրենց ապրելակերպում որոշ դրական առաջընթաց է նկատվում, սակայն դրա համար «օրն ի բուն աշխատում են»:

Երեք երեխաների հայր Արթուր Ստեփանյանն ասում է, որ իրենց ընտանիքի եկամուտը, բացի սոցիալական նպաստից, համալրվում է վառելափայտի վաճառքից ստացվող գումարով:

«Կամ մոտակա անտառներից ցախ եմ հավաքում, կամ անտառտնտեսությունց թույլտվություն վերցնում, քիչ-քիչ կուտակում մեր բակում, մինչև առնող գտնվի: «Կլիենտները» նախընտրում են փայտը նրանից առնել, ով մեքենա ունի, որ տանի, նրանց դռանը թափի: Ես ավտո չունեմ, դրա համար դժվար եմ ծախում՝ չնայած էժան եմ տալիս: Էս տարի հազիվ 20 մետր փայտ եմ ծախել, դե, դեմն արդեն գարուն ա, էլ առնող չի լինի»,- ասում է Արթուրը: 

Գարնան գալն ամենաշատը կուրախացնի Ժորա Հակոբյանին, ով բերքի ժամանակ թթի, ընկույզի ծառերն է թափ տալիս ու դրա դիմաց բնամթերք ստանում:

Արցախի Չայլու գյուղից տեղահանված Սոկրատ Աղայանի ապրուստի միակ միջոցն իր թոշակն է ու էշը, որով օգնում է հարևաններին` ցախը կամ հավաքած բերքը տուն հասցնելուն:

«Սենց որ մնա, էլի Աստծուն փառք: Բայց լավ  կլիներ, որ էս ջահելների համար մի գործի տեղ բացվեր. գյուղում 50-ից ավել ջահել տղերք կան, ամբողջ օրը պարապությունից խնջույքներ են կազմակերպում, ոնց էլ կարում են դրա համար միջոց գտնել»,- դժգոհում է Սոկրատը:

Այն, որ պետական սահմանից ուղիղ գծով 150 մ հեռավորության վրա գտնվող Որոտանում բնակչությունը երիտասարդանում է, հաստատում է նաև համայնքապետը՝ հավելելով, որ մինչև վեց տարեկան 40-ից ավել երեխա կա գյուղում, և շուտով պետբյուջեի միջոցներով գյուղում մանկապարտեզ կկառուցեն: Արդեն ավարտվել է 56 աշակերտ ունեցող դպրոցի շենքի վերանորոգումը:

«Որ մեր հողերի հարցը լուծեն, կարողանանք հողի հարկով բյուջեն համալրել, տարբեր ծրագրերում կընդգրկվենք ու սեփական ներդրում կապահովենք: Մնացածը ժամանակի հարց ա: Մի քանի տարի առաջ գյուղում շատերի պատուհանների ապակիների փոխարեն «ցելոֆան» էր քաշած: Էս տարի էլ, որ բերքը լավ եղավ, եվրոպատուհաններին էլ լայեղ չեն անելու»,- կատակում է համայնքի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter