HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գոռ Հովհաննիսյանի ՍԴ որոշումները քննադատող գիտական հոդվածը մերժվել է. հեղինակը դրա մեջ միտում է տեսնում

Գոռ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ է, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի դոկտորանտ: Նա գիտական հոդված է գրել, որի վերնագիրն է «Հիմնական իրավունքների երրորդային գործողությունը»: Հոդվածն ուղարկել է տպագրության «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:

«Հոդվածը այն մասին է, թե արդյոք ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքները պիտի գործեն նաև քաղաքացիների միջև, պարտավորեցնո՞ւմ են արդյոք դրանք նաև քաղաքացիներին, թե՞ միայն պետությանը: Ես ասում եմ, որ մեզ մոտ ճիշտ չեն հասկանում Սահմանադրության 3-րդ հոդվածի երրորդ մասը, որը հենց արգելում է հիմնական իրավունքների գործողությունը քաղաքացիների միջև, այնինչ թե իրավական գրականության մեջ, թե ՍԴ որոշումներում, առանց որևէ հիմնավորման, ընդունվում է այդպիսի գործողությունը»,- ասում է Գոռ Հովհաննիսյանը:

Հոդվածը տրվել է գրախոսության իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիա Հակոբյանին: Նա դասավանդում է Կառավարման ակադեմիայում է: Ստորև ներկայացնում ենք հոդվածի վերաբերյալ կարծիքն ամբողջությամբ:

ԿԱՐԾԻՔ՝
Գ
.Հովհաննիսյանի «Հիմնական իրավունքների երրորդային գործողությունը» հոդվածի վերաբերյալ

Գ.Հովհաննիսյանի «Հիմնական իրավունքների երրորդային գործողությունը» վերտառությամբ հոդվածը նվիրված է հիմնական իրավունքների երրորդային գործողությանը, այն է՝ մասնավոր անձանց միջև հիմնական իրավունքների գործողության հարցը: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի տեսական վերլուծությամբ հեղինակը հիմնավորում է երրորդային գործողության անթույլատրելիությունը հայկական իրավունքում, քանի որ, հեղինակի պնդմամբ, միայն պետությունն է սահմանափակված հիմնական իրավունքներով: Վերոգրյալից հեղինակը եզրակացնում է, որ մասնավոր անձինք նույնիսկ բացառության կարգով հիմնական իրավունքների հասցեատեր լինել չեն կարող:

Հեղինակն առաջարկում է բավական համարձակ մեկնաբանություններ՝ ներկայացնելով նաև դրանք հիմնավորող փաստարկները: Սակայն, մեր կարծիքով, հոդվածում մեծ ուշադրություն է դարձված ՀՀ սահմանադրական դատարանի իրավական պրակտիկային, և հեղինակի մեկնաբանություններն ու վերլուծությունները, ըստ էության, ձևավորված են ՀՀ ՍԴ իրավական դիրքորոշումների շուրջ, իսկ ավելի հստակ՝ վերջիններիս դեմ:

Հեղինակը մանրամասնորեն անդրադարձ է կատարում ՀՀ ՍԴ դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակին, հանրային իրավունքի և մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց իրավական կարգավիճակին և նրանց՝ հիմնական իրավունքների կրող լինելու հնարավորությանը և վերլուծում է վերոհիշյալ հարցերի արտացոլումը ՀՀ ՍԴ իրավական պրակտիկայում:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ գտնում ենք, որ հոդվածի վերնագիրը և բովանդակությունը համահունչ չեն: Առաջարկում ենք հստակեցնել հոդվածի բովանդակությունը կամ այլ կերպ այն վերնագրել:

Լ.Հակոբյան
իրավ. գիտ. թեկնածու
22.12.11թ.

«Խնդիր չծագելու համար, իր առաջարկին հետևելով, հոդվածի վերնագիրը փոխեցի, նորից ուղարկեցի: Բայց հրաժարվեցին հոդվածը հրապարակել: Նրանք ուզում են, որ բովանդակությունը փոխվի»,- ասում է Գոռ Հովհաննիսյանը:

Լիլիա Հակոբյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց, որ ինքը տեղյակ չէ, որ հեղինակը վերնագիրը փոխել է: «Ես չգիտեմ, որ փոխել է, չգիտեմ՝ ով է մերժել և ինչու էր մերժել»,- ասաց Լ.Հակոբյանը:

Ակադեմիայի աշխատակից Աննա Ղուշչյանը տեղեկացրեց, որ հոդվածը մերժել է Կառավարման ակադեմիայի Իրավունքի և օրենսդրական գործընթացի ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանը:

Երբ հեռախոսազրույցի ժամանակ հարցրի, թե ինչու է մերժվել հոդվածը, Արմեն Եզեկյանն ասաց, որ այն «չի համապատասխանում գիտականությանը», գիտական ամսագրի պահանջներին:

Մինչդեռ Գոռ Հովհաննիսյանի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Արմեն Եզեկյանն ասել է, թե հոդվածը կարծես ուղղված է ՍԴ-ին քարկոծելուն, և հարց է տվել. «Ուրեմն 9 դատավորը բան չի՞ հասկանում»:

Իսկ ինչո՞ւ պիտի հեղինակը իր գրած գիտական հոդվածի բովանդակությունը փոխի:

«Ես վստահ եմ, որ չտպագրելու պատճառը ՍԴ որոշումների ու հայկական իրավական գրականության քննադատությունն է: Գրախոսության մեջ գրված է` հոդվածն ուղղված է ՍԴ որոշումների դեմ: ՍԴ տեղեկագրում նման մի հոդվածի տպագրումը դարձյալ մերժվել է՝ ՍԴ-ի որոշումներին ուղղված քննադատության պատճառով»,- հիշում է  Գոռ Հովհաննիսյանը:

Նա ՍԴ-ում աշխատում է 2006-ից մինչև հիմա: Այժմ արձակուրդում է: Գոռ Հովհաննիսյանը պնդում է, որ ՍԴ-ն ու իրավունքի պրոֆեսորները հոդվածում քննարկվող իրավական խնդրի մասին ոչինչ չգիտեն, որ նրանց համար դա լրիվ նորություն է, և որ հայկական ոչ մի աղբյուրում թեմայի վերաբերյալ ոչինչ չես գտնի:

Կառավարման ակադեմիայի գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ են նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը: Գլխավոր խմբագիրն է Արսեն Լոքյանը: Իսկ խմբագրական խորհրդի նախագահն է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Մեկնաբանություններ (3)

Գոռ Հովհաննիսյան
Վահագն ջան, էս անգամ շատ կարճ կգրեմ: 1. Նորից եմ ասում` որ դու չես հասկանում, ինձ համար հեչ զարմանալի չէ, որովհետև այս ամենը մինչ այժմ քո սովորածին չի համապատասխանում: Նույն կերպ ես էլ չէի հասկանում, երբ առաջին անգամ եկա Գերմանիայում սովորելու: Հետո սակայն հասկացա, որ 10 տարի ԵՊՀ-ում լրիվ իզուր ժամանակ եմ կորցրել ու ԻՍԿԱԿԱՆ իրավագիտությունից ՈՉԻՆՉ չեմ սովորել: Հիմա ուշադիր` ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ՑԱՆԿԱՑԱՑ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԻՐԱՎԱԲԱՆ ՈՒՍԱՆՈՂ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻՆ ԴԱՍ ԿՏԱ ՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼ ԿԿՏՐԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՂՈՏ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ: 2. Ոչ թե պետությունն է երաշխավորում քո սեփականության իրավունքը Սահմ. 31-րդ հոդվածով (Սահմ. 8-րդ հոդվածը սուբյեկտիվ իրավունք չէ և ենթակա չէ անհատական դիմումով ՍԴ-ում վիճարկման !!!), այլ ԼՐԻՎ ՀԱԿԱՌԱԿԸ, այդ նույն 31-րդ հոդվածը ՔԵԶ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ: Ժամանակն է, որ մեր հայ իրավաբաններն իսկական սահմանադրական իրավունք սովորեն ու հասկանան` ինչ բան է հիմնական իրավունքն ընդհանրապես: Հայակական իրավունքում թյուր պատկերացում կա հիմնական իրավունքների մասին: 3. Չհասկացա` որտեղից ենթադրեցիր, թե դատարան չեմ դիմելու: Իհարկե կդիմեմ, եթե արտադատական միջոցներն ինձ չօգնեն: Թեև վստահ եմ, որ հայկական դատարաններն էլ ոչնչով չեն օգնի, բայց ՄԻԵԴ տանող ճանապարհը նրանց միջով է անցնում: Եթե ֆեյսբուքում կաս, ընկերության հրավեր ուղարկիր ինձ, սիրով կհաստատեմ ;-)
Վահանգն
Իսկ ինչ վերաբերում է հոդվածդ չտպելու հարցին, կարող ես պարտավորեցման հայցով դիմել իրավասու մարմիններին, այդ թվում դատարան: Ինչի չես անում, եթե դա քեզ համար կարևոր է?:
Վահագն
Գոռ ջան, քեզ համար կարևորը տպագրելն է քո հոդվածը, ինչն արդեն առարկայացած է: Արդյոք պարտադիր է քո համար այն գիտական որևէ հանդեսում կարդալը, քննարկելը կամ լսելը: Իմ համար համենայն դեպս միևնույն է: Կարդացի հոդվածը. հետաքրքիր վերլուծումներ կան, մոտեցումներն էլ կարևոր են, բայց մի քանի բանում անհամաձայնությունների նշույլներ կան: Այն որ, Հայաստանում հանրային իրավաբանական անձին նվիրված առավել կոնկրետ կարգավորումներ չկան ու հոդվածումդ բարձրացված հարցը իրոք մտահոգիչ է, համաձայն եմ, բայց դա գաղտնի չի եղել, դրա մասին հնչեցվել են, համարյա թե նույն մոտեցումներն ու դիրքորոշումները մի քանի ամենատարբեր քննարկումներով եղել են, մասնավորապես Գերմանական GTZ-ի կողմից որոշակի օրենքների նախագծերի մշակման, կամ որևէ այլ թեմայի շուրք քննարկումներում: Ինչ վերաբերում է երրորդային գործողությանը իմ համար որոշակիորեն բաց են մնում մի քանի հարցադրումներ: Խախտել կարելի է ցանկացած բան, պայման, դրույթ, ու դա տեղի է ունենում ինչ որ մեկի հետ հարաբերվելիս ուղղակի կամ անուղղակի, կլինի այն պետություն, տեղական ինքնակառավարման մարմին, թե մասնավոր անձ: Այս պարագայում, այն մոտեցումը, որ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների երաշխավորը /հասցեատերը/ պետությունն է, հետևաբար միայն ինքն է, որ կարող է խախտել այն կամ ապահովել այն, չի տեղավորվում իմ գանգատուփում, որովհետև հասկանում եմ հետևյալ նեղ վիճակը: Ես համարյա թե միշտ քո անվանած անգրագիտությունը թույլ եմ տվել այն առումով, որ նշել եմ ցանկացած նյութաիրավական պահանջում այս կամ այն վերաբերելի հիմնական իրավունքի մասին, դրա կարգավորման ոլորտը, խախտման ձևաչափը, պաշտպանության հեռանկարը, մոտիվացիան ու հավանական ու ակնկալվող արդյունավետ ավարտը: Ինչպես է, որ կյանքից զրկումը չի համարվում կյանքի հիմնական իրավունքի ոտնձգություն մասնավոր անձի կողմից, հետևաբար և սահմանադրական նորմի խախտում: Կյանքի իրավունքի ապահովման հասցեատերը ոչ ոք բացի պետությունից, հանձինս իր իրավասու մարմինների, չի կարող լինել ... ? Արդյոք միայն պետությունն է այն պոզիտիվ պարտականությունը կրողը կամ դրա համար պատասխանատուն, որ իրավահարաբերության մասնակիցը անկայունացրել է այս կամ այն իրավահարաբերությունը: Միթե նա չէ, որ իր ակտիվ գործողությամբ կամ անգործությամբ թույլ է տալիս վարքագծի թույլատրելի կանոնից շեղում, որի որակումը ու նշահարումը սահմանադրական իրավանորմի ենթատեքստում պետք է աչքի առնի պետությունը` պաշտպանելիս?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter